HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«365 wines». փոքր թիմով՝ մեծ գործեր

25-ամյա գինեգործ Գոռ Ավետիսյանի հետ կանգնած ենք 10-տոննանոց խաղողի խմորման պահամանի մոտ: Գոռն ասում է՝ գինին կենդանի օրգանիզմ է, անընդհատ ուշադրություն է պահանջում, եթե թողնես գինին ինքն իրեն ապրի, այն կնեղանա քեզնից, կհիվանդանա: Իսկ եթե գինին հիվանդանում է, ապա բուժումն անհնար է:

Արդեն 8 ամիս է՝ Գոռը «ԷԴՎԱԳ Գրուպ» ՍՊԸ-ի (հայտնի է «365 wines» ապրանքանիշով) գինեգործն է: Ավարտել է Հայաստանի ագրարային համալսարանի գինեգործության բաժինը: Ասում է՝ գինեգործը նա է, ով գինու լեզուն հասկանում է: Գինու վրա կարող են ազդել նույնիսկ մեր խոսակցությունները:

«Եթե սպիտակ գինի կամ շամպայն կարողանում ես պատրաստել, ուրեմն, ասում են, կարող ես մնացած գինիներն էլ պատրաստել: Սպիտակ գինին պիտի թեթև, երիտասարդ լինի, սպիտակը բարդ է, օքսիդացումից, օդի հետ շփումից վախենում է»,- պահամանների կողքով անցնելիս ասում է նա: Գոռի համար ամենահետաքրքիրը գինու խմորումն է: «Համ տնեցիներն են ինձ կարոտում, համ էլ գինուն էդ ժամանակ ես սկսում դաստիարակել»,- ժպտում է երիտասարդ գինեգործը:

Ընկերությունը սեփական այգիներ չունի, խաղողը ձեռք է բերում Վայոց ձորից և Արարատյան դաշտավայրից: Չնայած դրան, գինեգործը ամիսներով հետևում է խաղողի հասունացմանը մինչև այն հավաքելը, թե, օրինակ, քանի անգամ են ջրել, ինչ պարարտանյութով են մշակել և այլն: Իսկ նախքան խաղողը հավաքելն այն նմուշարկում է անցնում գործարանի օգնական դարձած լաբորատորիայում: Համենայն դեպս, լաբորատորիան այդպես է կոչում դրա պատասախանատու Մարինե Սահակյանը: Եթե խաղողը համապատասխանում է իրենց չափանիշներին, և ամենակարևորը՝ առողջ է, այդ դեպքում գնում են բերքը:

Լաբորատորիայում ուսումնասիրվում է նաև գինու պատրաստաման ողջ ընթացքը: «Գինին կենդանի օրգանիզմ է, անընդհատ խնդիրներ է առաջադրում, որոնք պետք է լուծես»,- նշում է Մարինեն:

Գինեգործության 10-ամյա «ընտանիքը»

«365 գինիների» արտադրությունն սկսվել է 2006-ին «ԷԴՎԱԳ Գրուպ»-ի կողմից: Հիմնադիր-նախագահը մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Գևորգյանն է: Մինչ գինու արտադրությունը նա զբաղվում էր շշերի արտադրությամբ: Ընկերության փոխտնօրեն Ալեքսանդր Ֆրունջյանը (գլխավոր լուսանկարում), ով մեզ ուղեկցում էր գործարանի տարածքում, ցույց է տալիս շշերի արտադրության տեղը: Այստեղ ժամանակին ծիրանի, նռան տեսքով շշեր էին պատրաստում: Հիմա գործընթացը կանգնած է, ընկերությունը շշերը գնում է:

Փոխտնօրենը մատնացույց անում Ռուսաստանից ներկրած շշերը: Ասում է՝ ավելի շահավետ է ձեռք բերել ՌԴ-ից, քան Հայաստանից, թեև Հայաստանում նույնպես գնում են շշեր:

Ալեքսանդր Ֆրունջյանը 6 ամիս է՝ աշխատում է ընկերությունում: Նախկինում աշխատել է բանկային համակարգում, վերջին 10 տարիներին՝ ձկնաբուծական, սնկի արտադրություններում: Նրա խոսքով՝ հայերը ոչ ձուկ ուտող են, ոչ էլ սունկ, իսկ գինի ավելի շատ են սկսել խմել վերջին տարիներին:

«365 գինիների» արտադրանքը լայնորեն ներկայացված է խանութներում: «Որոշ ընկերներ ունեմ այլ գործարանից, որոնց թվում էր, թե մեզ մոտ մեծ թիմ է աշխատում, համեստորեն ձեն չեմ հանում, իսկ մեզ մոտ մատակարարումից ընդամենը երկու մարդ է աշխատում՝ մի մենեջեր ու մի առաքիչ ունենք: Բայց որ նայում ես, տարածված է, թվում է՝ մեծ գործարան է»,- ասում է նա:

2006-ին արտադրվել է բնական նռան գինին՝ նռան տեսքով շշով: Այն դարձել է ընկերության ապրանքանիշը: Եվ նռան հատիկների թվով ընկերությունն իր ապրանքանիշն անվանել է 365:

Այսօր ընկերությունն արտադրում է խաղողի գինիներ, մրգային գինիներ, թնդեցված գինիներ, մրգային օղի, կոկտեյլներ: «365»-ի թիմի փոխանցմամբ՝ առաջինն են Հայաստանում, որ արտադրում են թնդեցված գինի՝ պինո: Գինու տեսականու մեջ հատկապես շեշտում են երկու նորությունները՝ թառամեցված ու սառցե գինիները: Թառամեցված գինու դեպքում խաղողը կախում են չորացման նպատակով, որից էլ ստանում են գինին: Տեխնոլոգիան կոչվում է ամառոնե ռեզերվ: Սառցե գինու դեպքում խաղողը թողնում են ձյան տակ որոշակի ժամանակ:

Երկու տեխնոգոլիաներով գինի ստանալն աշխատատար է, ինչն, ըստ Ալեքսանդր Ֆրունջյանի, Հայաստանում չեն նախընտրում: Նրա ասելով՝ Հայաստանում արտադրությամբ զբաղվելը հերոսություն է: Դժվարությունները քիչ չեն, բայց իրենք դեռևս դիմակայում են: «365»-ի գինիներն արտահանվում են Հունաստան, Լիբանան, Իսրայել, Չինաստան, Ռուսաստան, մերձբալթյան երկրներ:

Այժմ գործարանն ունի 25 աշխատակից, կիսաավտոմատացված համակարգեր: Շշերի ներկատան ճանապարհին երբ հետաքրքրվում եմ, թե արդյոք ներկելու սարքեր կան, գինեգործ Գոռն ասում է՝ «մեզ մոտ սարքը մարդն է»:

Ներկատանն աշխատող Նարինե Հովհաննիսյանը հատ-հատ ներկում է նռան, ծիրանի, մոշի, սերկևիլի տեսք ունեցող շշերը: Սննդային ներկերով օրական մոտ 850 շիշ է ներկվում: Դրանք գլխավորապես բերվում են Ռուստաստանից, սակայն իսպանական և ֆրանսիական արտադրության են: Հարցնում եմ՝ դժվար չէ՞ օրական 850 շիշ ներկել, ժպտում է, թե դժվար բան չկա, երբ սիրում ես գործդ: «Եթե մենք սիրով չաշխատենք, գինին խմելուց կզգաք»,- ասում է նա:

Նույնը պնդում է նռան փոքրիկ շշերի խցանները զմռսող Նունե Մուրադյանը, որը փոքր ջեռոցին զմուռսն է տաքացնում: Մի քանի րոպե զրուցում ենք: Ցույց է տալիս կարծր կտորներով զմուռսը, որ նույնպես հիմնականում Ռուսաստանից են բերում: Մի ժամանակ Հայաստանից էին գնում, բայց այն որակապես զիջում է Ռուսաստանից ներկրածին:

Գործարանի տարածքում շրջում ենք: Երբեմն հեռվից փորձում եմ որսալ աշխատողների տրամադրությունը: Գինեգործ Գոռը, որ մեզ ուղեկցում է դեպի արկղերի, գինու պահեստ, ասում է. «Էստեղ բոլորս մի ընտանիքի պես ենք: Եթե այդպես չլինի, գինին ամեն ինչ զգում է, նույնիսկ երբ կանգնած ես լինում պահամանի մոտ ու զրուցում ես»:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

hayk
This is one of the worst wines in Armenia. I do not understand how they survive making such a bad wine.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter