HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Բաղդասարովը կմիանա՞ իր հին ընկերներին, որոնք դժգոհ են «բաց երկնքից»

Օրերս մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիայի» տեր Միխայիլ Բաղդասարովին պաշտոն է առաջարկվել վրացական «Georgian Airways» ընկերությունում: Այս մասին հենց ինքը՝ գործարարն էր հայտնել «Newmag» ամսագրին: Հետաքրքիր է, որ 2013-ի գարնանը, երբ արդեն հայտարարվել էր «Արմավիայի» թռիչքների դադարեցման ու սնանկացման գործընթաց սկսելու մասին, Բաղդասարովը հարցազրույցներից մեկում ավիաընկերության վերադարձի մասին հարցին պատասխանել էր.

-Այս կյանքում ոչինչ չի բացառվում, բացառվում է իմ վերադարձը, իսկ «Արմավիան» կարող է վերադառնալ։ Ես այլեւս չեմ ուզում ավիացիայով զբաղվել, դա անշնորհակալ գործ է, անգամ եթե պայմանները փոխեն։ Կարծում եմ՝ առանց ինձ էլ «յոլա» կգնան, իսկ ես ինձ ավելի հանգիստ բիզնես կգտնեմ։  

-Հուսանք` այստեղ։

-Ամեն ինչ կախված է բիզնեսից։ Հնարավոր է՝ այստեղ, հնարավոր է՝ արտերկրում։ Բայց, ամենայն հավանականությամբ, արտերկրում։ Այստեղ էլ ինչ-որ բան կմնա, բայց ոչ ավիացիան, իհարկե։ Գաղտնիք չէ, որ արտագաղթն ավելացել է, ինչու՞ ես չեմ կարող լինել այն արտագաղթողների թվում, որոնք հեռանում են։ Երկրորդ, ես այնպես չէ, որ գնում եմ, ուղղակի ուրիշ տեղ էլ եմ բիզնես անելու։

Այսինքն՝ Բաղդասարովը, չնայած վերոնշյալ հավաստիացմանը, հնարավոր է, այդուհանդերձ, վերադառնա ավիացիա, թեկուզ ոչ հայկական: Սակայն «Georgian Airways»-ի տնօրենի պաշտոնակատար Ռոբերտ Օգանեսյանը sputnikarmenia.ru-ին ասել է, թե այդ ինֆորմացիան սուտ է, մտացածին, ու նման բան չկա:

Շեշտենք, որ վրացական «Georgian Airways»-ի հետ Բաղդասարովը բավականին ամուր կապեր է ունեցել դեռ այն ժամանակ, երբ «Արմավիան» գործում էր: Ավելին՝ 2011-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաղդասարովը հայտնել էր, որ մտադիր է ձեռք բերել «Georgian Airways»-ը, սակայն հարցը դեռ քննարկումների փուլում է, եւ վերջնական որոշում չի կայացվել: «Արմավիայի» տերը գովել էր վրացական ընկերությանը՝ նշելով, որ այն ունի լավ համբավ ու աշխատում է բալանսավորված:  

Այս ընկերությունը հիմնադրվել է 1993-ին «Airzena» անվամբ՝ գործունեությունը սկսելով 1994-ից: 1999-ին վերջինս միավորվել է «Air Georgia»-ի հետ՝ ձեւավորելով «Airzena Georgian Airlines»-ը: Նույն տարում ավիաընկերությունը դարձել է Վրաստանի ազգային փոխադրող: 2004-ից վերանվանվել է «Georgian Airways»: Ներկայում այս մասնավոր ընկերությունն, ըստ aerotransport.org-ի, շահագործում է «Boeing» եւ «CRJ» տիպի 6 օդանավ: Բազավորվում է Թբիլիսիում, միջազգային ուղղությունների թվում է նաեւ Երեւանը:

«Արմավիայի» նախկին աշխատողները լավ գիտեն Թամազ Գաիաշվիլուն՝ «Georgian Airways»-ի տնօրենների խորհրդի նախագահին:

«The Georgian Times» պարբերականը 2012-ին կազմել էր ամենահարուստ վրացիների ցուցակը, որում Գաիաշվիլին 40 մլն դոլար ունեցվածքով կիսել էր 62-64-րդ հորիզոնականները գործարար Էլգուջա Բուբուտեիշվիլու եւ նախկին ֆուտբոլիստ, ներկայում Վրաստանի էներգետիկայի նախարար Կախաբեր Քալաձեի հետ:

Բաղդասարովի՝ «Արմավիան» ղեկավարելու շրջանում (2005-2013 թթ.) հայկական ու վրացական ազգային փոխադրողները սերտորեն համագործակցում էին: Մասնավորապես, 2007-2009 թթ. «Արմավիան» շահագործում էր իր առաջին «Boeing 737-300» տիպի օդանավը (4L-TGL), որը վարձակալված էր հենց «Georgian Airways»-ից: Անձնակազմն ու բորտ-ուղեկցորդներն էլ Վրաստանից էին:

«Արմավիայի» վրացական «Boeing»-ը՝ Մայնի Ֆրանկֆուրտում (23.06.2007)

2009-ին հայկական փոխադրողը վրացական գործընկերոջից վարձակալեց մեկ այլ ինքնաթիռ՝ «Canadair CRJ 200LR» (EK-20073), որից նախկինում նույնպես չէր կիրառել: Քանի որ «Արմավիան» շուտով նմանատիպ ինքնաթիռ գնեց, վրացական օդանավը վերադարձրեց «Georgian Airways»-ին:  

EK-20073-ը՝ Ցյուրիխում (06.08.2009)

Իր հերթին վրացական կողմը երկու անգամ փորձել է վարձակալել «Արմավիայի» ինքնաթիռները, սակայն գործարքը չի կայացել:

Ընդ որում՝ երկու դեպքում էլ «Georgian Airways»-ի ընտրությունը կանգ է առել օդանավերի վրա, որոնք «Արմավիայի» անկումից հետո մինչ օրս կանգնած են Երեւանում ու վաղուց չեն շահագործվում: Դրանցից մեկը EK-32008 համարով «Airbus 320-211»-ն է, որի սեփականատերը ներկայում «Յունիբանկն» է, իսկ դե յուրե շահագործողը՝ տեղական «Atlantis European Airways»-ը, որը սակայն սեփական թռիչքներ չի իրականացնում: Իսկ մյուսը՝ EK-20014 համարով եւ «Սերգեյ Մերգելյան» անունով «Canadair CRJ 200LR»-ը:

Հետաքրքիր է, որ անցյալ տարի «Georgian Airways»-ի այլեւս նախկին գլխավոր տնօրեն Իասե Զաուտաշվիլին բողոքել էր վրացական իշխանությունների գործելաոճից, որոնք «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում 2014-ին ռուսական 13 ընկերությունների թույլատրել էին կանոնավոր թռիչքներ իրականացնել Մոսկվայի ու Թբիլիսիի միջեւ, յուրաքանչյուրը՝ 14-ական չվերթ շաբաթվա կտրվածքով (2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո կանոնավոր օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ խզվել էր. 2011-ից ռուսական «Սիբիրն» ու «Georgian Airways»-ը ոչ կանոնավոր՝ չարտերային թռիչքներ էին իրականացնում, որոնք ուղեկցվում էին բարդություններով): Վրացական փոխադրողը 2014-ի վերջում, ի նշան բողոքի, ժամանակավոր դադարեցրել էր դեպի Մոսկվա չվերթների իրականացումը՝ սպառնալով մյուս ուղղությունների առկախմամբ եւս: Սակայն շատ չանցած ընկերությունը վերսկսել էր թռիչքները, քանի որ երկրի ավիաիշխանությունները համաձայնել էին պարիտետ սահմանել վրացական ու ռուսական փոխադրողների թռիչքների քանակի հանդեպ: «Georgian Airways»-ը, ի թիվս այլ պահանջների, ցանկացել էր վերականգնել ազգային փոխադրողի կարգավիճակը, սակայն իշխանությունները չէին ընդառաջել:

Փաստորեն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում Արեւմուտքի քարոզած «բաց երկնքից» առաջին հերթին օգտվում են ռուսական փոխադրողները, որոնք մեծ ռեսուրսների շնորհիվ անմիջապես կլանում են շուկան՝ դրանից աստիճանաբար դուրս մղելով տվյալ երկրի փոխադրողներին:

Գլխավոր լուսանկարում՝ Մ. Բաղդասարով, Թ. Գաիաշվիլի

Մեկնաբանություններ (1)

Allen M. Oliver
Have you contact information for Tmaz Gaishvili? I was a vendor to Air Zena and I would like to reestablish contact.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter