HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ապօրինի կառուցված տների սեփականաշնորհումը Գյումրիում միտված է հստակեցնելու իրապես բնակարանի կարիք ունեցողների թիվը

«Գյումրին առանց տնակների» ծրագիրը, որն իրականացնում է Գյումրու քաղաքապետարանը, միտված է հստակեցնելու ցուցակներում առկա անօթեւանների եւ իրապես բնակարանի կարիք ունեցողների թիվը: Գաղտնիք չէ, որ երկրաշարժից մի քանի տարի անց, տնակային տնտեսություններում բնակվող ընտանիքների մի մասը սեփական միջոցներով քարաշեն տներ կառուցեց՝ միաժամանակ չհրաժարվելով տնակների հասցեականությունից:

Համայնքային գույքի հաշվառման եւ կառավարման բաժնի պետ Արտյոմ Դավթյանի փոխանցմամբ, նույնիսկ տնակներն ապամոնտաժելուց հետո տնակային հասցեավորում ունեցող ընտանիքների հետ կապված խնդիրները չեն ավարտվում, քանի որ կառույցները սեփականաշնորհված չեն եւ համարվում են ապօրինի կառույցներ: Տնակային հասցեավորման պատճառով այս ընտանիքներն իրենց դիրքերը պահպանում էին նաեւ անօթեւանների հերթացուցակներում:

Մինչեւ 2001 թ-ը ապօրինի կառուցված շինությունների սեփականաշնորհման վերաբերյալ կառավարության համապատասխան որոշման կիրառման շնորհիվ անցած երկու ամիսների ընթացքում, Գյումրիում եւս 20 ընտանիք դարձավ սեփականատեր: Քարե կառույցների անվարձահատույց սեփականաշնորհման որոշումները 10 ընտանիքի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանձնեց այս տարվա հունվարի 14-ին, եւս 10 ընտանիք նման որոշում էր ստացել անցած տարվա նոյեմբերի 18-ին:

Գյումրու բնակիչ Կորյուն Հարությունյանն, ով սեփական տան անվարձահատույց սեփականաշնորհման որոշումը ստացավ հունվարի 14-ին, նշեց, որ երկար տարիներ սպասել է նման հնարավորության: Տունը կառուցել է 1996թ-ին՝ տնակի փոխարեն, սակայն չի կարողացել սեփականաշնորհել, քանի որ չի ունեցել քաղաքաշինական որեւէ կառույցի թույլտվություն: «Գազը, լույսը, ջուրը դոմիկի հասցեով կվճարեինք, լիքը պրոբլեմներ կունենայինք հասցեի հետ կապված, հըմի սաղ հունի մեջ ընկավ»,- նշեց Կորյուն Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter