HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հաշմանդամներիս երրորդ սորտի մարդ են համարում»

«Սովետի ժամանակ էր՝ 1989-ին: Իշխանությունները որ զորքը բերին-լցրեցին, սկսվեց ջոկատների կազմակերպումը, հետո դրանք կամաց-կամաց մեծացան, դարձան բանակ: ՀՀՇ-ն էր, «Արաբոն», ՀԱԲ-ը (Հայոց ազգային բանակ): Ես կամավոր գրվեցի եւ ընդգրկվեցի ՀԱԲ-ի մեջ»,- հիշում է ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը:

Շահումյանից ու Մատաղիսից մինչեւ Ջաբրայիլ հասած զինվորը պատմում է, թե ինչպես էին գրավում հերթական տարածքը եւ հետ քաշվում՝ նոր ուղղությամբ գրոհելու համար. այդպես մինչեւ 94-ի հրադադարը:

Հարցին, թե գո՞հ է, որ մասնակցել է պատերազմին, պատասխանում է. «Իհարկե, գոհ եմ: Ես տեսել եմ էնտեղի ժողովրդի ապրուստն ու ապրելակերպը, տեսել եմ, թե ոնց են էնտեղից փախել: Գիտես, պատմելը քիչ ա, պիտի տեսնես, թե ինչ ապրումների մեջ էին մարդիկ: 92-ին որ Շահումյանը ընկավ, տեսնեիր, թե ոնց էին մարդիկ փախնում Նորագյուղ: Նորագյուղի դպրոցը մեր բազան էր, բայց ժողովրդին ըտեղ տեղավորեցինք... Կռվի ժամանակ որ հետ ես նայում, զարզանդում ես, ասում ես՝ մի՞թե ես եմ անցել էդ դիակների միջով... Անցնում ես պայթյունների տակով, մի քանի օր սոված մնում... Նոր եկածների համար շատ դժվար էր, բայց կռվածներն արդեն սովոր էին: Օրինակ՝ պանիկայի մեջ ընկնող նորեկներին փորձում էինք հետ բերել, դուխ տալ: Բոլորս իրար հասնող էինք, իմ ու քոնը չկար, լրիվ հավասարություն էր»:

Բանակցային գործընթացում զիջումների չգնալու կոչերը նախկին մարտիկը յուրովի է մեկնաբանում. «Զիջում պիտի չլինի, բայց էդ դեպքում էլ էդ տարածքները պիտի պահվե՞ն: Ահռելի մեծ տարածքներ ենք վերցրել: Ովքեր ասում են՝ հետ չենք տալու, պիտի գործով ապացուցեն: Եթե գործ չկա, մենակ խոսակցություն ա, վաղ թե ուշ Հայաստանի կեսն էլ կտաս»:

Իսկ եթե հանկարծ պատերազմը վերսկսվե՞ց...

«Օրինակ՝ ասում ենք, որ չենք գնալու, բա հետո՞... Թողնենք, որ գան, մեր դուռը հասնե՞ն: Շատ բան կա, որ չենք ասում, բայց անում ենք»,- պատասխանում է զրուցակիցս:

46-ը վերջերս բոլորած Խաչիկը ցույց է տալիս կզակի, բազուկների եւ ոտքերի վրայի սպիները, որոնց տակ ականի բեկորներ են. «Ղոչազում եմ ծանր վիրավորվել, ականի պայթյունից: 7-8 բեկոր են հանել, բայց չգիտեմ, թե քանի հատ էլ կա մարմնիս մեջ՝ գլխիս, իրանիս, ոտքերիս: Դրանք չեն կարող հանել, որովհետեւ եթե ձեռք տան, ավելի վատ կլինի: Նաեւ գնդակներից եմ թեթեւ վիրավորվել՝ թեւից ու ոտքից, կանտուզիա եմ ստացել»:

Իշխանությունները առաջին կարգի հաշմանդամ դարձած մարդուն մոռացության են մատնել, վերջինիս համոզմամբ՝ իր կարծիքը երկրի ղեկավարների համար կարեւոր չէ. «Ես փոքր մարդ եմ, որ ասեմ իրենք լավն են, թե վատը: Իրենք, եթե ձեռք ա տալիս, հիշում են կռվածներիս՝ կենդանիներին ու զոհվածներին: Բայց մենք առիթից առիթ հավաքվում ու կարոտով հիշում ենք մեր ընկերներին: Մինչդեռ կենդանի մնացածներն էլ առողջական ու նյութական խնդիրներ ունեն... Էլի որոշ չափով «Մալաթիա» ջոկատի հրամանատարներն են օգնում իրենց մարտական ընկերներին, այնինչ այդ ամենը պետությունը պիտի աներ, ոչ թե կռված տղեն կռվածին օգներ: Չէ՞ որ էդ ամբողջն արվել է հայության համար: Էն ժամանակ ասում էին՝ տղերք ջան, գնացեք, ձեր ցավը տանենք, մենք ձեր մեջքին կանգնած ենք, բայց ստացվեց՝ գնա մեռիր, արի սիրեմ...»:

Խաչատրյանները չորս երեխա ունեն, որոնցից երկուսն անչափահաս են: Ապրելու միջոցը «Մալաթիա» ջոկատի եւ ՀԱԲ-ի տրամադրած օգնություններն են, «Փարոսի» նպաստն ու հաշմանդամության թոշակը, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացվող դրամական օգնությունը, որը տրվում է զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների անչափահաս երեխաների համար:

Սուրբ Զատիկը Խաչատրյանները տոնել են «Մալաթիա» ջոկատի հատկացրած մթերքով: Իսկ օրվա հացի համար ստիպված են պարտք անել:

«Եթե առաջին կարգի հաշմանդամ ես, ասում են, թե ոչ մի տեղ չես կարող աշխատել, երրորդ սորտի մարդ են համարում... Ես աշխատանքի սեր ունեմ, ցանկություն ունեմ, օրինակ՝ գիշերները կարող եմ պահակություն անել. վերցնող չկա: Բացահայտ չեն վիրավորում, բայց հոգումդ վատ ես զգում՝ խի՞, պիտանի չե՞մ,- վրդովված ասում է նախկին զինվոր Խաչիկը:- Պատերազմի ժամանակ՝ քո ցավը տանեմ, հարց չկա, սարի պես քո հետեւը կանգնած ենք, իսկ հենց ընկնում ես... Որ վիրավորվել ենք, աշխատելու, մի քիչ լավ ապրելու իրավունք չունե՞նք: Գոնե մեզ որպես կամավորների, հայության համար պաշտպան կանգնածների հարգեն...»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter