HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ավետիսյանների հարազատների բողոքի երթը չկայացավ

Գյումրիում մեկ տարի առաջ դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները հունվարի18-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կայանալիք դատական նիստը բոյկոտելու կոչեր էին հնչեցնում: Նրանք հունվարի 15-ին լրատվամիջոցների միջոցով տեղեկատվություն էին տարածել, որ մտադիր են բողոքի երթ կազմակերպել դեպի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ հանդիպում պահանջել դատարանի նախագահի հետ: Ավետիսյանների հարազատները հույս ունեին, որ գյումրեցիները կմիանան բողոքի երթին, սակայն այսօր Գյումրու քաղաքապետարանի մերձակա տարածքում նրանց միացել էին միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը, դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչու են իրենց բողոքի ակցիան կազմակերպում ոչ աշխատանքային օրով, եթե ցանկություն կա հանդիպելու Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանին եւ պահանջել, որ դատական նիստերը չանցկացվեն ռազմաբազայի տարածքում. «Դե մենք ըսել էինք, օր դժգոհ ենք, կմտածենք, օր ինքը կուգա մեզի հետ հանդիպման»: 

Երեւանից Գյումրի հասած փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո Ավետիսյանների հարազատները հայտարարեցին, որ մտափոխվել են եւ չեն բոյկոտելու հունվարի 18-ի դատական նիստը, ինչի մասին նախօրոք հայտարարել էին: Իրավաբանները տուժողների իրավահաջորդներին բացատրեցին, որ առանց իրենց մասնակցության էլ դատական նիստը կկայանա եւ արդյունքում տուժող կողմը ոչինչ չի շահի:

«Մենք ուղղակի կուզենք, օր մեղադրանքը պաշտպանի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, բացի դրանից դատական նիստերը լավ կլինի, որ կայացվի մեր առաջին ատյանի դատարանում, որ իմ լսելով մեծ, հարմարավետ դահլիճ ունի:- նշեց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ջուլիետա Ջալալյանը,- Բացի դրանից ընդհանրապես չենք հասկնա Պերմյակովի խոսքը, քթի տակ ինչ որ բաներ կմրթմրթա, որը չենք լսե: Հույս ունենք, որ մեր փաստաբանների միջնորդությունը դատը ռազմաբազայի տարածքում չանցկացնելու վերաբերյալ հունվարի 18-ի դատական նիստում դատավորը կբավարարի»:

Այն, որ Գյումրու հրապարակում այդպես էլ մարդիկ չհավաքվեցին, մի փոքր թեւաթափ արեց Ավետիսյանների հարազատներին: Ըստ նրանց՝ մարդիկ վախեցած են մեկ տարի առաջ կայացած բողոքի ակցիաներից հետո կատարված ձերբակալություններից, իսկ ռազմաբազայի տարածքում ընթացող դատական նիստերն էլ իրենց հերթին, վայրի ընտրության առումով Գյումրու բնակիչներին զրկում են դրանց մասնակցելու հնարավորությունից: Ռիտա Պետրոսյանը հայտարարեց, որ ամեն ինչ արվում է ռուսական կողմին գոհացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter