HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեյվիդ Բոուի. «Չգիտեմ, թե ուր եմ գնում, բայց խոստանում եմ՝ ձանձրալի չի լինելու»

Նաիրա Հայրապետյան

«Նրա մահը կյանքից տարբեր չէր. արվեստի գործ էր,-  ասել է Թոնի Վիսկոնտին,- մեզ համար, որպես հրաժեշտի նվեր, նա ստեղծեց «Blackstar»-ը: Ես գիտեի, որ այս ամենը մեկ տարվա պատմություն ուներ ու, այնուամենայնիվ, պատրաստ չէի դրան»:

Նրան անվանում էին ռոքի քամելեոն: Շուրջ հինգ տասնամյակ կրելով այս անունը՝ Դեյվիդ Բոուին մնաց որպես ամենաինքնատիպ և եզակի ձայներից մեկն աշխարհում, իր երաժշտությամբ՝ համարձակ, նորարար և ինտելեկտուալ խորությամբ,  իր կերպարով՝ անսովոր, անկանխատեսելի և առեղծվածային: Նա ոչ միայն երգիչ էր, այլև նկարիչ, փայլուն դիզայներ, դերասան և պրոդյուսեր:   

Չգիտեմ, թե այստեղից դեպի ուր եմ գնում, բայց խոստանում եմ, որ այն ձանձրալի չի լինելու

Դեյվիդ Բոուի. «Heroes»… և արգելված ծափեր, որ հնչում էին Բեռլինյան պատի հակառակ կողմից

Դ. Բոուիի առաջին ալբոմը լույս տեսավ 1967 թ` «Դեվիդ Բոուի» խորագրով: Այն շատ բան չէր հուշում ապագա աստղի երաժշտական այն կերպարի մասին, որն ավելի ուշ պետք է նրան հայտնի ու խորհրդանշական դարձներ: Բայցևայնպես, առաջին մուտքն անգամ հասցրեց երաժշտական որոշ շրջանակների մոտ «մի տեսակ տարօրինակ» լինելու մասին ասել: Երկու տարի անց  թողարկվեց «Space Oddity»-ն, որը դարձավ Բոուիի առաջին հիթը: Նրան հաջորդող հիթային վերելքները, սակայն, տեղափոխվեցին 70-ականներ, որտեղ էլ Բոուին հիմնովին հաստատվեց՝ ազդարարելով բոլորովին նոր և ուրիշ աստղի հայտնությունն ու վերելքը: Հաջորդ՝ «Suffraged City» և «Five Years» սինգլները պիտի դառնային ունկնդիրների ամենասիրելի երգերը, իսկ «The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars» կամ առավելապես հայտնի կարճ տարբերակով «Ziggy Stardust»-ը ԱՄՆ-ում արդեն 1974թ. պիտի ոսկե ալբոմ ճանաչվեր.:

Զիգգի Սթարդասթ անունով հորինված ռոք կերպարը մշտապես ուղեկցելու էր Բոուիին՝ նույնացնելով գլեմ- ռոքի խորհրդանիշին իր հետ: Մասնագետների կարծիքով՝ Բոուիի այս գործը շրջադարձային եղավ 70-ականների ռոք երաժշտության մեջ: Նրա կենսագիր Դ. Բաքլիի նկարագրությամբ՝  «Վառ գույնի, տպավորիչ հագուստով, կարմրա-շիկավուն մազերով Բոուին մեկնարկեց իր Զիգգի Ստարդասթի բեմական շոուն «The Spiders from Mars» խմբի հետ (երաժիշտներ՝ Մ. Ռոնսոն, Թ. Բոլդեր և Մ. Վուդմենսի). Դա «Toby Jug» փաբում էր՝ Թոլուըրֆում, 1972 թվականին»: Շոուն չափազանց մեծ ճանաչում ունեցավ՝ Բոուիին փառքի դափնով պսակելով և ազդարարելով իր մուտքը դեպի աստղային աշխարհ: Երբ դրան հաջորդած վեց ամիսների ընթացքում նա համերգներով շրջում էր Մեծ Բրիտանիայում, արդեն Դեյվիդ Բոուի անունը կուլտային համատեղում էր ձեռք բերել Զիգգիի կերպարի հետ, քանի որ, ինչպես Բաքլին է նկարագրել, ռոքի նոր առաջնորդը «ինքնատիպ էր և գրեթե առավել կրետիվ, քան մինչ այդ եղած որևէ մեկը կամ այլ ուժ փոփ աշխարհում »:

Ես միշտ էլ ցանկացել եմ լինել ավելին, քան սովորական մարդն է

Այս փառահեղ հաջողության մեջ, սակայն, Բոուին կանգ չառավ միայն սեփական դեմքը պսպղացնելու ճանապարհին: Ստեղծագործական փայլուն գործունեությունը այս փուլում ուղեկցվում էր, այսպես ասած, հետնաբեմում ծավալվող աշխատանքներով: Զուգահեռաբար Բոուին աշխատում էր իր մի քանի ընկերների համար՝ նրանցից ոմանց օգնելով անգամ կրկին ոտքի կանգնել և հանրությանը ներկայանալ նախկին փայլով: Երգիչը նույն տարվա ընթացքում, որպես պրոդյուսեր, աշխատեց իր ամենասիրելի խմբերից մեկի՝ «Velvet Underground»-ի նախկին մենակատար Լու Ռիդի երաժշտական կարիերան վերակենդանացնելու ուղղությամբ, որի արդյունքը եղավ «Transformer» սոլո ալբոմը: Այս համագործակցությանը մասամբ արդեն անդրադարձել ենք «Perfect Day» երգին նվիրված նյութում:

Բոուին այս ալբոմում հանդես է եկել ոչ միայն որպես պրոդյուսեր, այլև բեք-վոկալ և երաժիշտ (ստեղնաշարային գործիքներ, ակուստիկ կիթառ): 1972թ. նա 60-ականներին հայտնի անգլիական «Mott the Hoople» խմբի համար գրեց և թողարկեց  «All the Young Dudes» երգը, որը համանուն ալբոմի հիթը դարձավ: 1973թ. շարունակելով համագործակցությունը հին ընկերների հետ՝ Բոուին նույն սկզբունքով աշխատեց Իգի Փոփի հետ՝ ստեղծելով  ամերիկյան «Iggy and the Stooges»-ի «Raw Power» ալբոմը: Լեգենդար Քըրթ Քոբեյնը մի առիթով նշել է, որ այն իր համար բոլոր ժամանակների ամենասիրելի ալբոմն է եղել: Իգի Փոփի հետ Բոուին հետագայում ևս համագործակցել է իր ստեղծագործական կյանքում շատ հայտնի բեռլինյան շրջանի ընթացքում:

«Կարծում եմ, որ ինձ համար, որպես արտիստի, պարզապես  իմ ստեղծածը արտահայտելը չէ միայն եղել էական, ես իրապես ուզում էի ավելին. Ինչ-որ կերպ իմ ներդրումն ունենալ այն մշակույթում, որում ես ապրում էի»,- ասել է Բոուին: 

1975թ. Դեյվիդ Բոուին թողարկեց իր իններորդ ստուդիական ալբոմը՝ «Young Americans» խորագրով, որը մեծ հաջողություններ ունեցավ ԱՄՆ-ում: Մինչ այդ նա հասցրել էր ամերիկյան ունկնդիրներին տպավորել իր ևս մեկ հայտնի աշխատանքով՝ «Diamond Dog»-ով, որտեղ ընդգրկված էր հանրահայտ հիթերից մեկը «Rebel Rebel»-ը:

«Young Americans» ալբոմում Բոուին կտրուկ փոփոխություն էր կատարել երաժշտական իր նախկին տրամադրության մեջ. այս անգամ նա ներկայանում էր սոուլի, ֆանքի և դիսկո ոճի խառնուրդում՝ անցյալում թողնելով գլեմ-ռոքը: Ջոն Լենոնի հետ համագործակցության արդյունքում ստեղծվեց նրա հանրահայտ «Fame»-ը, որը գլխավոր հորիզոնական նվաճեց ամերիկյան լավագույն սինգլների հիթ-շքերթում: 

Գերհագեցած այս երաժշտական-ստեղծագործական կյանքում փոփոխությունները տարբեր ուղղություններով էին: Այս արտիստը երբեք նույն տեղում երկար չի մնացել և նրա յուրաքանչյուր նոր երգ, նոր ալբոմ բոլորովին անսպասելի նոր քայլ էր իր երաժշտության տարածքում, նույնքան փոփոխական ու հետաքրքիր, որքան նրա բեմական կերպարները:  Բոուին նկարահանվում էր նաև ֆիլմերում, տարված էր թատերական էքսպերիմենտներով և … իհարկե, թմրանյութերով, որոնք ակնհայտորեն ազդում էին արդեն նրա և՛ աշխատանքի, և՛ մտածողության վրա: 1976թ. թողարկված «Station to Station» ալբոմն արդեն ակնարկում էր նրա անկայուն հոգեվիճակի մասին, և Բոուին որոշեց կանգ առնելու փորձ անել: Այս կանգառը ևս լի էր փորձություններով, բայց ծնունդ տվեց հրաշալի մի եռագրության, որտեղ արդեն մարդ-անկանխատեսելին առաջ է մղում մարդ-հերոսի գաղափարը: Ծնվեց բեռլինյան եռերգություն շարքը ՝«Low», «Heroes»  և «Lodger» անուններով:

««Heroes» -ը ինձ համար միշտ եղել է Բոուիի լավագույն գործերից մեկը,- գրել է Փիթեր Գեբրիելը,- հերոսություն՝ ի դեմս ճնշումների և հուսահատության»:

Այս ընթացքում նա աշխատեց լեգենդար երաժիշտների՝ Բրայան Էնոյի, կիթառահար Ռոբերտ Ֆրիփի, Իգի Փոփի և պրոդյուսեր Թոնի Վիսկոնտիի հետ, ով նրա երկարամյա պրոդյուսերը դարձավ: «Բեռլինն իր մի մեջ մի տարօրինակ ունակություն ունի՝ ստիպելու գրել միայն կարևոր բաների մասին,- ասել է Բոուին,- և ուրիշ ոչինչ դու չես կարողանում նկատել… իսկ արդյունքում ստեղծում ես ՝«Low»-ն »:

Մեկ այլ առիթով, անդրադառնալով այս շարքին, նա ասել է. «Դա իմ ստեղծած լավագույն գործերից մեկն է, հատկապես «Low»-ն: Այն սկիզբ էր, ինձ համար. հավանաբար, սկիզբ՝ կյանքին նոր հայացքով նայելու»:

Բոուին այս էտապում հասցրեց նաև երգեր գրել Իգի Փոփի «The Idiot» և «Last for Life» ալբոմների համար, ինչպես նաև աջակցել դրանց թողարկմանը:  «Դեյվիդի հետ մեր ընկերությունը իմ կյանքի լույսն էր,- ասել է Իգի Փոփը,- ես երբեք նրա նման փայլուն անձնավորության չեմ հանդիպել: Նա եղել և մնում է լավագույնը»:

« Ես երբևէ չեմ պնդել, թե երաժշտությունն իմ կյանքի միակ ուղեկիցն է, այլ բաներ էլ կան, որոնք ինձ հետաքրքրում են, օրինակ՝ թատրոնը»:

1980-ականների սկիզբն արդեն Բոուի կյանքում ապրում էր թատերական շնչով: 1980թ. նա խաղաց բրոդվեյյան «The Elephant Man» (Փիղ-մարդը) ներկայացման մեջ, որտեղ նա հանդես էր գալիս առանց բեմական դիմահարդարման և իր տպավորիչ խաղով հիացրեց անգամ քմահաճ քննադատներին: Մեկ տարվա ընթացքում Բոուին այս ներկայացման մեջ խաղաց ավելի քան 157 անգամ: Հաջորդ դերը նա մարմնավորեց «The Hunger» սարսափ ֆիլմում, որտեղ իր խաղընկերներն էին Կատրին Դընյովն ու Սյուզըն Սարանդոնը: Մինչև 1986թ. նա տարբեր դերերով հանդես եկավ մի քանի ֆիլմերում՝ կատակերգակից մինչև դիցաբանական գերբնական արարածների արքա, իսկ 1988թ. Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին չարչարանքները» ֆիլմում Բոուին Պիղատոսի կերպարում էր:

80-ականները սակայն հետ չմնացին նրա երաժշտական կերպավորումներից. այս ընթացքում Բոուին իր հիթային ձայնադարանը համալրեց «Ashes to Ashes», «Under Pressure» («Queen»-ի հետ դուետ), «Let’s Dance» (Սթիվ Ռեյ Վոոնի հետ համագործակցելով) հիթերով:

Դեյվիդ Բոուին նոր երաժշտական իմիջով իր երկրպագուներին կրկին անակնկալի բերեց 90-ականներին: Նրա ծայրահեղ տարբեր կերպարանափոխությունները երբեմն նույնիսկ անհասկանալի էին երաժշտասերներին, դրանք ամեն անգամ կտրուկ փոփոխությունն ընկալելու, տեղ-տեղ լարվելու ջանքներ էին ենթադրում: Մինչդեռ Բոուին մի առիթով ասել է. «Զարմանում եմ, թե մարդիկ ինչու են այդքան լուրջ մոտենում: Երբեմն նույնիսկ ես ինձ լուրջ չեմ վերաբերվում»:

«Դեյվիդը մեծագույն աստղ էր, և ինձ համար թանկարժեք գանձ էր նրա հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը,- գրում է Փոլ Մաքարթնին,- նրա երաժշտությունը մեծ դեր է խաղացել բրիտանական երաժշտության պատմության մեջ, և ես հպարտ եմ ինձ զգում, երբ մտածում եմ, որ նա մարդկանց վրա խորապես ազդել է նաև ողջ աշխարհում »:

Բազմաթիվ երգեր, համերգային հսկայածավալ նախագծեր, որոնց մեջ, ի դեպ, մեծ թիվ են կազմում բարեգործական ծրագրերը, շրջագայություններ, ալբոմներ, հավաքածուներ. Բոուիի ողջ ստեղծագործական կյանքը լի է եղել այս երևույթներով: Այս արտիստը, մեծ իմաստով, աշխատանքի, ստեղծագործելու, նոր գաղափարների մտաղացման բացառիկ օրինակ է… և կենսագրությանը ծանոթանալիս՝ այնպիսի տպավորություն ես ստանում, որ երբևէ ազատ վայրկյան իսկ թույլ տվել չի հենց այնպես թռչել իր կյանքում: 2000-ականները, սակայն, Բոուիի մոտ փոքր-ինչ այլ ընթացք ունեցան: Երգիչը առողջական խնդիրներ ուներ, որի պատճառով ժամանակավորապես հեռացավ հանրության տեսադաշտից: Նա ստիպված եղավ 2004թ. Գերմանիայում դադարեցնել «Reality Tour» համերգային համաշխարհային շրջագայությունը: Բոուին սրտի վիրահատության ենթարկվեց, և չնայած երկրպագուները գրեթե վստահ էին, որ շուտով, ապաքինվելուց հետո  երգիչը շարունակելու էր «Reality Tour»-ը, այն տեղի չունեցավ: Դրանից հետո նա մեկ անգամ համերգային կատարմամբ հանդես է եկել 2005թ., ապա 2006թ. փետրվարին մանկական մի բարեգործական ծրագրի ժամանակ և վերջինը՝ մայիսին, Դեյվիդ Գիլմըրի համերգին՝ որպես հատուկ հյուր: Բոուին այդ օրը երգեց «Arnold Layne» և «Comfortably Numb» փինքֆլոյդյան հանրահայտ երգերը, որով էլ համերգը փակվեց:

«Մի քանի անգամ ես նրան տեսա Լոնդոնում ելույթ ունենալիս, 60-ականների ժամանակ էր, դա հավերժ դրոշմված կմնա իմ հիշողության մեջ, մտքումս:- ասել է Բոուին Սիդ Բարեթի մասին,- Նա այնքան խարիզմատիկ էր և տարօրինակության հասնող ինքնատիպ երաժիշտ-հեղինակ… իմ մտածելակերպի վրա թողած նրա ազդեցությունը չափազանց մեծ է: Խորապես ցավում եմ, որ չհասցրեցի ճանաչել նրան»:

Դեյվիդ Բոուին երկարատև դադարից հետո  նորից «վերադարձավ»  2013թ.՝ «The Next Day»  ալբոմով, որը բրիտանական չարթերում 1-ին, ամերիկյանում՝ 2-րդ հորիզոնականները նվաճեց:  Այս ձայնագրությունը նա գաղտնի էր արել և դրա մասին հայտարարեց իր ծննդյան օրը՝ հունվարի 8-ին:

Վերև նայիր, ես դրախտում եմ

Բոուիի ազդեցությունը, հատկապես ռոք երաժշտության վրա, նրա արվեստը մեկնաբանողներն անգնահատելի են համարում: Ասում են, որ նա փոխել է ռոքի բնույթը՝ բազմաթիվ անգամ փոխելով նաև սեփական մոտեցումները երաժշտության հանդեպ: «Բոուին նորարար էր, բացառիկ արտիստ՝ այնպիսի մի աշխարհայացքով, որը կարողացավ փոխել հանրամատչելի երաժշտության դեմքը,- խոստովանել է ռոքի մեկ այլ լեգենդ՝ Ջիմի Փեյջը,- ես անչափ կկարոտեմ նրան»:

Իր կարիերայի ընթացքում վաճառված ձայնագրությունների թիվը հասել էր  140 միլիոնի: Մեծ Բրիտանիայում Բոուիի ինն ալբոմները պլատինե են ճանաչվել, 11 ալբոմ՝ ոսկե և 7-ը՝ արծաթե: Նույնիսկ անբուժելի հիվանդության հետ նա ապրում էր ստեղծագործելով , իսկ մահվանից երկու օր առաջ՝ դարձյալ ծննդյան օրը, հայտարարվեց նոր և վերջին ալբոմի մասին, որը կոչվում է «Blackstar»:

«Դա ավելին էր, քան ալբոմի թողարկում՝ նվիրված արտիստի 69-ամյակին,- գրում է «Hollywood Reporter»-ը,- դա աշխարհին ուղղված հրաժեշտի նշան էր, բոլոր նրանց, ում համար անհնարին էր լինել նրա կողքին այն պահին, երբ նա մահացավ Մանհեթընում: Բոուին գիտեր որ ժամն այդ մոտ էր»:

«Hollywood Reporter»-ը ուշադրություն է հրավիրում հետևյալ տողերին՝ 

«Look up here, I’m in heaven

 I’ve got scars that can’t be seen…»

Նայիր վեր, ես դրախտում եմ,

Ունեմ սպիներ, որ չեն երևում… 

Ալբոմում ընդգրկված « Lazarus» և «Blackstar» երգերը այս շաբաթվա ընթացքում բազմաթիվ դիտումներ ու մեկնաբանություններ են ունեցել:  Բոուին այստեղ ևս հավատարիմ է մնացել իր փիլիսոփայությանը. մռայլ պատկերներով ուղեկցվող չափազանց ճնշող երաժշտությունն իսկապես ծանր տպավորություն է թողնում՝ մահվան զգացողությամբ: Մահվան մահճին գամված Բոուին տեսահոլովակում տանջվում է, կեղեքվում վիրակապերից  ու իր վտանգավոր տեսքից, բայց նաև համառորեն պայքարում է, գրում է ինչ-որ բաներ, ինչը նշանակում է, որ նա ստեղծագործել է:  

Անդրադառնալով Բոուիի երաժշտական ընգրկունությանը՝  «New York Times»-ը գրում է, որ նրա երգերը «առաջին հերթին  աութսայդեր լինելու մասին էին, օտար, խորթ, էքսցենտրիկ լինելու, սեքսուալ արկածախնդիրների և  աստղանավորդների մասին: Նրա երաժշտությունը միշտ անկայուն խառնուրդ է եղել ռոքի, կաբարեի, ջազի և իր անվանած «պլաստիկ սոուլի», բայց այն լցված էր իսկական հոգով…»:

Նա վաստակել էր իր հանդեպ հարգանքն ու հիացմունքը երաժշտական տարբեր  ուղղություններից, որն ընդգրկում էր  նաև բալադը, փանքը, հիփ-հոփը, փոփը և նույնիսկ դասականը: Կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասը Բոուիի ստեղծագործություններից երկուսի հիման վրա սիմֆոնիա  է ստեղծել:

«Միակ բանը, որ ես երբևէ վերցրել եմ փառքից, եղել է ռեստորանում ավելի լավ սեղան զբաղեցնելը,- ասում էր Դեյվիդ Բոուին,- … իմ գործունեությամբ ես ցանկացել եմ ցույց տալ երաժշտության իսկական ուժը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter