HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առանց մարդու նկարն արժեք չունի»

Նկարիչ Գարիկ Կարապետյանի գործերը ցուցասրահ մտնելիս հնարավոր չէ միանգամից չնկատել: Միագույն կտավի շարժումները կլանում են քեզ, քո մեջ ներսուզվելու հնարավորություն տալիս: Գարիկը տարվա կեսը տարբեր երկրներ է գնում, հաճախ Ֆրանսիա, ցուցահանդեսներ ունենում, սակայն ստեղծագործելու վայրը մնում է Թալինը:

-Այստեղ այդ լքված, չհղված վիճակներն ինձ դուր են գալիս աշխատելու համար: Ավելի հանգիստ, ավելի ազատ ես քեզ զգում: Այստեղ ոչ ոք չի հետաքրքրվում արվեստագետով: Դա ինչ-որ առումով վատ է, բայց փորձում եմ նայել դրան որպես հնարավորության, որ կարելի է օգտագործել: Եթե անտարբեր են, եթե արվեստը երկրորդական, երրորդական նշանակություն ունի մեր երկրի համար, այդ առումով ավելի ազատ կարող ես լինել այստեղ: Տեսեք, սովետական տարիներին արվեստագետներն անընդհատ առաջին պլանում էին, և անընդհատ խանգարում էին նրանց: Իհարկե,այդ հետաքրքրությունը գուցե լավ է արվեստագետների համար, բայց չի հետաքրքրում ինձ, որովհետև արվեստը քեզ կարևորելու կամ գնահատելու համար չէ: Այն շատ ավելի խորը շերտեր ունի՝ կապված մարդու գոյության արդարացման հետ: Արվեստագետին ուղղված գովաբանություններն ընդհանրապես կապ չունեն արվեստի հետ: Ամայի տարածքն ինձ շատ հետաքրքրում է: Ապրում եմ Երևանից դուրս, մի տեղ, որը կտրված է:

-Քաղաքը չի՞ հետաքրքրում քեզ:

-Ես սիրում եմ գյուղ, որ կտրված է ամեն ինչից կամ մեծ քաղաքն իր բոլոր ատրիբուտներով: Մեջտեղը, որ չգիտես՝ գյո՞ւղ է, թե՞ քաղաք, չի հետաքրքրում ինձ, որովհետև քեզ հույս ես տալիս, թե ապրում ես քաղաքում, բայց իրականում այն բնակավայր է:

-Երևանը բնակավա՞յր է:

-Գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց կարծում եմ, ցավոք սրտի, այն քաղաքը չէ, որ փորձում ենք ցույց տալ կամ խոսել դրա մասին: Մեջտեղում ինչ-որ անհասկանալի վիճակում է: Եթե 60-ական թվականներին քաղաքը ձևավորվում էր, ինտելիգենցիան կար, որ կարևոր ատրիբուտ էր քաղաքի համար, ուներ համապատասխան մշակութային կենտրոններ, ապրում էր քաղաքային ռիթմով, անկախության ժամանակներում ամեն ինչ կորցրեցինք: Հիմա այն դարձել է ինչ-որ բնակավայր, որտեղ ապրում է Հայաստանի գրեթե կեսը: Եվ դա, իմիջիայլոց, շատ վատ է: Հայաստանում այնքան հետաքրքիր տեղեր կան, որտեղ մարդիկ չեն ապրում:

 -Եթե արվեստագետը դրսում ցուցադրվելու հարթակ չունենա, քո նշած ամայի տարածքում ապրելն ինչքանո՞վ է խանգարում նրան:

-Արվեստագետ բառն էլ է շատ վարկաբեկված, խոսքը վերաբերում է մարդուն, որովհետև եթե արվեստով ուզում ես ինչ-որ բան անել կամ, ինչպես նշեցի, քո գոյությունն արդարացնել, այստեղ խնդիր, պատասխանատվություն ունես՝ որպես մարդկային էակ: Արվեստը մի ճանապարհ է, որն այդ հնարավորությունը տալիս է մեզ: Արվեստագետը պետք է ամեն ինչի պատրաստ լինի, որովհետև սա աշխատանք չէ, որ կրթություն ես ստացել, պրոֆեսիոնալ ես, ուրեմն, պետք է լավ ապրես: Հակառակը՝ այդ առումով մեր ստեղծած կյանքին ճիշտ հակառակ պատկերն է: Եվ շատ դեպքերում ինքնաբերաբար հակադրվում ես այդ ամենին, որովհետև սուտ բարոյական արժեքները, որոնք ստեղծել ենք, պետք է փլուզվեն արվեստագետի կողմից:

-Այդ կեղծիքը ո՞նց է դրսևորվում:

-Հիմա նոր արժեքային համակարգեր են ստեղծում, հորինում են, թե ոնց պետք է ապրել, ընտանիքը ոնց պետք է լինի, չգիտեմ, ոնց պետք է խոսել իրար հետ և այլն: Դրանով փորձում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որ հնարավորինս չխանգարենք իրար: Այն հիմնվում է սուտ արժեքների վրա: Եվ այդ համակարգում մարդը կորցնում է մարդ լինելու որակները: Սխալվելու մեջ էլ վեհ բան կա: Կարող ես սխալվել, հետո ընդունել այն, զղջալ: Դրանք մարդկային որակներ են: Կան, չէ՞, մարդիկ, որոնք երբեք չեն սխալվում, միշտ ճիշտ են: Նրանք շատ վտանգավոր տեսակներ են: «Ես ամեն ինչ գիտեմ». նման բաներից պետք է ազատվել: Կյանքը դրա համար չէ, որ ապացուցենք, որ մենք ամենալավն ենք, ուղղակի պետք է փորձենք ճիշտ ապրել, սիրել, օգնել իրար:

Քո ամեն արարք ազդում է մեծ տարածության վրա: Եթե մի բան անում ես, պետք է հասկանաս, որ անում ես ոչ քեզ, այլ մարդու համար: Մարդիկ, իրոք, կարող են ազդել իրար ճակատագրերի վրա: Մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մեզ թվում է: Մինչդեռ մենք մեր փոքր միկրոաշխարհի մեջ ուզում ենք լինել երջանիկ: Դա հնարավոր չէ:

-Մի առիթով ասել էիր, որ արվեստը հայելի չէ, որ ցույց է տալիս իրականությունը: Արվեստը մուրճ է, որ կոփում է իրականությունը (մեր զրույցի ընթացքում նշում է, որ դրանք ոչ թե իր, այլ Մարքսի խոսքերն են- հեղ.): Այսինքն՝ կողքից դիտող պիտի չլինե՞ս, ազդես փոփոխությունների՞ն :

-Դրա համար էի ասում, որ քո ամեն մի արարք կարող է ազդել մյուսների վրա: Պետք է անես ոչ թե քո, այլ մարդկային էակի շահերից: Այսօր ապրում ենք՝ մի մասը՝ մոլորված, մի մասը՝ իրեն հաջողակ համարելով, մի մասը՝ տխուր: Այս խառնաշփոթի մեջ պետք է փորձել ստեղծել ճիշտ մթնոլորտ քո միջոցով: Գուցե դա օրինակ կծառայի մարդկանց:

Այդ առումով, իհարկե, արվեստը հայելի չէ, որ փորձես ցույց տալ իրականությունը: Ինչքան փորձում ես արվեստով բացահայտել աշխարհը, այնքան պատասխանատվությունը մեծանում է: Կտավի վրա քո ամեն գույնի, ամեն գծի մասին ավելի շատ ես սկսում մտածել, որովհետև հենց այնպես չի կարելի նկարել, գրել, խոսել: Այդ պատասխանատվության մթնոլորտը կարող է հանգեցնել ամենամեծ չարիքների:

Մեծ նկարիչներ կան, որոնց երազել ես տեսնել, և մի օր առիթ է լինում հանդիպել նրանց, զգում ես, որ կա մի բան, որի մասին երբեք չի գրվել ու չի խոսվել: Կարևոր է իմանալ, թե այդ մարդիկ ինչպես են ապրել: Շատ հաճախ մենք առանձացնում ենք նրանց ստեղծած արվեստը ապրած կյանքից: Դրանք միասին են լինում: Եթե ստեղծում ես արվեստի հանճարեղ գործ, որի հետևում որպես մարդ չես կանգնել ու չես վերցրել այդ պատասխանատվությունը, ուրեմն, այդ գործը պատահական է ստեղծվել կամ դու խաբեբայի մեկն ես, վարպետորեն մի բան ես արել, որով մարդիկ որոշ ժամանակ կհետաքրքրվեն, հետո կանցնի դա: Պատմությունը բազմաթիվ օրինակներ է ցույց տվել: Հետևաբար, քո ապրած կյանքով պատասխանատվություն ես կրում դրա համար:

Կարող է կտավի վրա քիչ բան լինի նկարված, օրինակ Մարկ Ռոտկոյի գործը նայելիս ընդամենը երկու գույն ես տեսնում: Շատ մարդկանց մոտ տպավորություն կարող է ստեղծվել, որ հեշտ է անել դա: Այո, պետք է շատ հեշտ լինի, որովհետև հենց դրա մեջ է արժեքը, համարյա ոչինչ չես անում, որովհետև ամբողջ ծանրությունը թողնում ես քեզ վրա: Եթե դու կտավի վրա շատ բաներ ես անում, որպեսզի դրա հետևում թաքնվես, չերևաս, ավելի հեշտ է, իսկ եթե ամեն ինչ պարզ, թափանցիկ ես թողնում, ամբողջ ծանրությունն ընկնում է քեզ վրա: Դրա համար քո արածն ավելի արժեքավոր է, որպեսզի ազդի մարդկանց վրա, քան այն մեծ ինֆորմացիան, շատ գույները, որոնց հետևում կարող ես թաքնվել: Կարևորը նկարը չէ, առանց մարդու նկարն արժեք չունի: Եվ արվեստում չպիտի շատ մեծ բաներ ուզես, պետք են պարզ բաներ:

-Դու ի՞նչ ես ուզում:

(Ծիծաղում է- հեղ.): Ես ուզում եմ մարդ մնալ: Արվեստը դառնում է բարոյականություն քեզ համար, այլ ոչ թե էսթետիկա, թե դու՝ որպես մարդ, ի՞նչ հնարավորությունների ես տիրապետում և ի՞նչ պատասխանատվություն ես կրում: Այն հակառակ է աշխատանքին, կարիերային, քաղաքականությանը: Եվ այդ մարդ մնալու մեջ էլ հարցեր են առաջանում, թե ոնց կարող ես քո վիճակը ճիշտ ապրել: Արվեստը չի թողնում մոտենալ կեղծ բաներին: Կեղծիքն ավելի շուտ ես զգում: Դրա համար արվեստագետների միջավայր, բոհեմ… սուտ բաներ են: Ոնց որ կուսակցություններ լինեն: Կամ միավորվում ես, որ ի՞նչ անես, ո՞ւմ դեմ ես միավորվում: Դրանք վերածվում են ոհմակների: Ումի՞ց ես փախչում, ինչի՞ համար: Երիտասարդ ժամանակ գուցե օգնում է քո նման մարդկանց հանդիպել, խոսել, վերլուծել, տեղեկություն ստանալ, փոխանցել,սակայն այն հետո անցնում է:

-Բայց դու նկարիչների միջազգային միության անդամ ես: Ո՞նց ստացվեց:

-Հա, դա վաղուց է եղել, բայց դրանք երկրորդական բաներ են, իսկապես, անարժեք են: Փորձել եմ լինել այդպիսի միավորումների մեջ, հետո հասկացա, որ անարժեք բաներ են: Ոչ թե վատ եմ տրամադրվում դրանց հանդեպ, այլ անօգուտ են:

-Իսկ ինչո՞ւ են ստեղծվում միավորումները:

-Ստեղծվում են, որ մարդիկ իրեն ուժեղ զգան, որ իրենց խոսքն արժեք ունենա: Եթե 10 հոգի են մի բանն ասում, հաշվի են նստում նրանց հետ, իսկ մի հոգու ասածի հետ հաշվի չեն նստում: Դրանք քաղաքական նեթատեքստ ունեն, արվեստի հարցում խնդիրներ չեն լուծում: Հակառակ արժեքները, որոնք, արվեստի մեջ լինելով, գտնում ես քեզ համար, քաղաքական դաշտ գնալով, փչացնում ես:

-Մեծ հաշվով, փոխվե՞լ է մարդկային աշխարհը:

-Չի փոխվել ու չի էլ փոխվի: Ժամանակ հասկացությունը, որ հորինել ենք, ինձ համար վաղուց անցել է: Ամեն ինչ ավարտվել է, ոչինչ չի ստեղծվում, մենք իներցիայով ապրում ենք: Փոխվում է, բնականաբար, ապրելակերպը, այն ամենը, ինչ կապված է նյութի հետ: Մարդը շատ առումներով իր ինտելեկտը փոխանցել է տեխնիկային: Այսինքն՝ դու չես մտածում, քո փոխարեն տեխնիկան է մտածում: Մարդն իր բնույթը չի փոխում:

-Քո նշած ամայի տարածքում ի՞նչն է քեզ վախեցնում, կա՞ն բաներ, որոնք ընդվզում են առաջացնում:

-Ինձ մի բան է միշտ անհագստացրել. եթե հնարավոր է «ա» կետից «բ» կետ ուղիղ ճանապարհով գնալ, ինչո՞ւ ենք ոլորապտույտ ու երկար ճանապարհով գնում, ինչո՞ւ ենք դժբախտացնում մեր կյանքը: Դա ափսոսանք է առաջացնում: Այդ մազոխիստական մոտեցումն ինձ շատ ցավ է պատճառում:

-Ո՞րն է մարդու խնդիրը բոլոր ժամանակներում:

-«Ո՞նց ապրի». այդ խնդիրը միշտ կա: Երբ այդ հիմնական հարցից չսկսես ընդարձակվել, այդ հիմնական հարցը չտաս քեզ, դրանից դուրս կարող ես հորինել բաներ, որոնցով սկսում ես ապրել՝ հեռանալով հիմնական հարցից: Այդ դեպքում քեզ թվում է, թե ապրելու ինչ-որ ճանպարահ ես գտել, բայց դա ճիշտ ճանապարհը չէ: Եվ զարմանքը, և վախը, և հետաքրքրությունը, այդ վիճակների մեջ մնալն է կարևոր: Ինչո՞ւ են ասում երեխա վիճակի մեջ մնալ, որովհետև երբ զարմանում են, իսկապես են զարմանում, երբ վախենում են, իսկապես վախենում կամ չեն վախենում... Այսինքն՝ այդ մաքուր վիճակները պահելն է, որոնք մեզ հետ գալիս են ծնվելուց: Այդ նախնական ապրումները շատ կարևոր են, որտեղից թելը պիտի չկտրվի: Եվ եթե այդպես ես նայում, ժամանակակից կյանքն ավելի լավ ես զգում, ավելի ամբողջական ես տեսնում: Նախնական ապրումներդ չես թողնում հանգչեն, թեժ ես պահում: Դրանք են ամենակարևորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter