HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մալաթիայի կանաչապատման պայմանագրերը կնքվում են քաղաքապետի տեղակալի որդու ընկերության հետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի 24-ամյա որդին՝ Էդմոնդ Օհանյանը, «Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ-ի միակ բաժնետերն է: Վերջին մի քանի տարիների ընթացքում քաղաքապետարանը «Կանաչապատ Մալաթիա»-ի հետ կլորիկ գումարով պայմանագրեր է կնքում: Վերջինս դրա դիմաց պարտավորվում է կանաչապատել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: 2016թ. աշխատանքների համար Էդմոնդ Օհանյանի ընկերության հետ կնքված պայմանագրի գինը կազմում է 202 մլն 500 հազար դրամ:

Դավիթ Օհանյան

Երևանի կանաչապատման, կանաչ տարածքների խնամքի ու պահպանման համար ամեն տարի քաղաքային բյուջեից զգալի միջոցներ են ծախսվում: Այդ գումարների մի մասը  բաժին է հասնում քաղաքապետարանի պաշտոնյաներին, նրանց ազգականներին, մյուս մասն «անուղղակի» շրջանառվում է քաղաքապետարանում, անցնում նույն պաշտոնյաների ձեռքի տակով, քանի որ համայնքի հիմնադրած ընկերություններն են իրականացնում աշխատանքները:

2015թ. դեկտեմբերի 23-ին «Վարդավառ զբոսայգի», «Դավթաշենի Կանաչապատում» «Քանաքեռ–Զեյթուն Բարեկարգում», «Նուբարաշեն», «Նոր Նորք կանաչապատում» և «Կենտրոն-Կանաապատում» ՓԲԸ-ների, ինչպես նաև «Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ-ի հետ շրջանակային ընթացակարգի արդյունքում Երևանի քաղաքապետարանը կնքել է պայմանագրեր: Նշված ընկերությունները պետք է կանաչապատեն ու պահպանեն վարչական շրջանների կանաչ տարածքները: Աշխատանքների կատարման ավարտը սահմանվել է մինչև 2016թ. դեկտեմբերի 25-ը:

Պայմանագրերի համաձայն՝ Կենտրոն  վարչական շրջանի կանաչապատ տարածքների խնամքի և պահպանման  աշխատանքների արժեքը կազմում է 300 մլն դրամ, Էրեբունիինը՝ մոտ 110 մլն, Նոր Նորքինը՝ 150 մլն դրամ, Դավթաշենինը՝ 73 մլն 450 հազար, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի կանաչապատումն ու խնամքն արժե 97 մլն դրամ, Նուբարաշենինը՝ մոտ 19 մլն դրամ, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանինը՝ 202 մլն 500 հազար դրամ:

Ստացվել է այնպես, որ քաղաքապետի տեղակալի որդուն «բաժին» հասած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին կանաչապատման նպատակով հատկացվող գումարները վերջին տարիներին գրեթե չեն փոփոխվում: 202 մլն 500 հազար դրամ է եղել նաև 2015թ. քաղաքի բյուջեով: «Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ-ի հետ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել նաև 2014թ. աշխատանքների իրականացման համար: Այս դեպքում պայմանագրի գինը փոքր-ինչ պակաս է եղել՝ մոտ 185 մլն դրամ:

2014-ին «Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող ընդհանուր տարածքը կազմել է 53 հա, որից` սիզամարգ՝ 13,6 հա, ծաղկային տարածք՝ 0,42 հա, ծառ՝ 11 968 հատ, թուփ՝ 29 000 հատ:

Նշենք, որ մայրաքաղաքի 2015թ. բյուջեով կանաչապատման համար հատկացվել էր 1 մլրդ 663 մլն 636 հազար դրամ, իսկ սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման համար՝ 312 մլն 200 հազար դրամ:

2016թ. բյուջեով առաջարկվում էր կանաչ տարածքների հիմնման և պահպանման համար հատկացնել 1 մլրդ 631 մլն դրամ, որից 1 մլրդ 571 մլն դրամը՝ կանաչ տարածքների պահպանման, ծառերի էտման, նյութերի ձեռքբերման, ոռոգման ջրի համար, 30 մլն դրամը՝ տնկիների ձեռքբերման, իսկ 40 մլն դրամը՝ քաղաքի սեփականությունը հանդիսացող տնկարանի պահպանման համար: Իսկ սիզամարգերի և ծաղկապատման համար այս տարի նախատեսվել է մոտ 312 մլն դրամ:

Մեկնաբանություններ (2)

Նունե
Շնորհակալություն Անդրանիկ Մարգարյանին, որ Պարոն Տարոնի նման ազնվնագույն կերպար լույս աշխարհ բերեց:
Նախանձ ու չար քաղաքացի
ԳեԴինը մտնեք ձեր թալանած ու լափած փողով, գեԴինը մտնեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter