HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտ» ՓԲԸ-ն չի մեկնաբանում կրճատումների մասին լուրերը

Միջազգային շուկայում պղնձի գների  անկման հետևանքով «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող  մոտ 1300 աշխատողներ  ունեցող «Թեղուտ»  ՓԲԸ-ն   հնարավոր է կրճատի 500 աշխատողի։ Կրճատումներ են սկսվել Ալավերդու պղնձաձուլական  գործարանում: Հունվարի 14-ից  պղնձաձուլական  գործարանի  կյանքի համար վտանգավոր միջավայրում աշխատող բանվորների 6-ժամյա աշխատանքային օրվա փոխարեն գործարանի  տնօրինությունը  սահմանել է  8-ժամյա աշխատանքային օր։ «Շաբաթվա ընթացքում  25 ժամ ավել ենք աշխատելու, բայց չգիտենք  դրա համար վարձատրվելու ենք, թե ոչ»,- հայտնեց գործարանի  բանվորներից  մեկը: «Թեղուտ» ՓԲԸ-ի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի ճգնաժամային  վիճակի մասին հունվարի 18-ին փորձեցինք տեղեկություևններ  ստանալ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ  Վալերի Մեջլումյանից։ «Միջազգային շուկայում  պղնձի գների  անկման պայմաններում մեր արտադրությունը շարունակվում է , բայց  մեզ համար գոյատևման  ժամանակներ են»,-  հեռախոսով հայտնեց  Վալերի Մեջլումյանը: Վերջինս բանվորների աշխատանքային ժամերն ավելացնելու և մեր մյուս հարցերին չպատասխանեց։

Աշխատողների կրճատումների մասին լուրերը «Թեղուտ» ՓԲԸ-ն չի մեկնաբանում, իսկ  մարդիկ  ամեն օր աշխատանքի են գնում իրենց աշխատանքը կորցնելու տագնապով. «Ցանկացած շաբաթ, ցանկացած օր լսում ենք, որ ընկերությունում կրճատումներ կան:  Մարդը գնում է աշխատանքի ու մտածում, որ էսօր իրեն կհայտնեն, որ կրճատման ցուցակի մեջ է:  Լսում ենք նաև հիմնարկի ղեկավարությունից, որ կան կրճատումներ: Գուցե կոնկրետացնեք՝ այդ մարդիկ  իրենց տեղում աշխատելու են, թե՝ ոչ»,- հունվարի 14-ին  Թեղուտում  կայացած շահառու համայնքերի բնակիչների հետ հանդիպմանը «Թեղուտ» ՓԲԸ-ի  պատասխանատու աշխատողներին հարցրեց Թեղուտի  ավագանու անդամ Ավետ Ավետյանը: «Ընկերության ղեկավարության կողմից արվում է ամեն ինչ, որ անգամ մեկ  հաստիքը պահպանվի, սկսած` ընկերության նախագահից:  Էդ մարդիկ   պաշտոնական տեղեկատվություն չեն կարող տալ, էսօր էդ հաստիքը կոնկրետ կլինի, թե չի լինի»,-  բացատրեց «Վալլեքս» խմբի  ընկերությունների  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի  բաժնի պետ  Թագուհի Կարապետյանը:  Ճգնաժամի հետևանքով «Թեղուտ» ՓԲԸ-ն չի կարողանում իրականացնել նաև շահառու համայնքների նկատմամբ իր պարտավորությունները:  

«Այդ  խնդիրների շուրջ  ընկերության ղեկավարների հետ մի քանի անգամ բանակցություններ ենք վարել, բայց սայլը տեղից չի շարժվել: Խոսքս  Շնողի Անանի թալա կոչվող թաղամասի  կամուրջի վերականգնման մասին է:  Հիմա հարցադրումը փոխում եմ, կամ ձեր պոչանքաջրերը մի լցրեք  Շնող գետը և կամուրջը մի սարքեք, կամ էդ կամուրջը՝ առանձնապես  մեծ ներդրումներ չի պահանջում, վերականգնեք, որ գյուղի դպրոցահասակ  երեխաները և  կանայք  կարողանան երթևեկել կամրջով»,- շահառուների հետ վերջին հանդիպմանը ասել է Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը։ «Թեղուտ» ՓԲԸ-ի կայուն զարգացման  վարչության պետի տեղակալ, սոցիալական օժանդակության ծառայության պետ Արտուշ Բոշյանը  գյուղապետին պատասխանեց, որ կամուրջը վերանորոգել  հնարավոր չէ, պետք է նորը կառուցել: «Ընկերության տնօրինության կողմից հանձնարարական է տրված նոր կամուրջ կառուցելու համար կազմել նախագծային փաստաթղթեր, սակայն կամրջի կառուցման ֆինանսավորում դեռ չի կատարվել»,- բացատրեց  Ա. Բոշյանը:  

Նոյեմբերի 8-ին մենք  Շնող գետի ափին  հանդիպեցինք Անանի թալա թաղամասի  բնակիչների հետ: Գետով հոսում էին պոչանքաջրեր. «Էս հլա բաբաթ ա, հենց բաց են անում, սկի վենձ ավտոն չի անց կենում ստեղով: Գիշերը, առավոտը շատ շուտ  քանի արթնակն են  գցում  պոչանքները բաց են թողնում: Երեխաներս  էս ճանապարհով են գնում դպրոց»,- հայտնեց   թաղամասի բնակիչ Ջիվան Բոշյանը:

Անդրադառնալով պոչամբարից Շնող գետ թափվող պոչանքաջրերին՝  Ա. Բոշյանը հայտնեց, թե «Թեղուտ»  ՓԲԸ-ի պոչամբարը  աշխատում է  ջրի շրջանառու համակարգով և Շնող գետը  պոչանքներ չեն թափվում:

«Հմի էս եկող ջուրը իրենց  ավազի  լվացման ջուրն է , խվոստ դեռ քիչ ա, բայց որ պոչանքաջրերը բաց են թողնում  ավտոյի մեջն էլ ա խվոստ լցվում։ Ջուրը հենց վարարում է  դպրոցահասակ երեխաները էդ  կամուրջով  չեն կարողանում անցնել»,- դժգոհեց թաղամասի բնակիչ Կամո Մարգարյանը: Բնակիչները Շնող գետի ափերին և գետի մեջ գտնվող քարերիՆ մեզ ցույց տվեցին գետ ուղղված  պոչանքների հետքերը: Բնակիչները նաև պատմեցին, որ  Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո, արդեն մեկ տարի է  գյուղի այգիները Շնող  գետի ջրով չեն ոռոգվում։ Անանի թալա թաղամասում Շնողի 10 ընտանիքներ են ապրում:  «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարի պոչանքաջրերը Շնող գետը թափվելու պատճառով այս ընտանիքները զրկվել են  գյուղի հետ կապող իրենց ճանապարհից: Հովիկ Սահակյանը  հայտնեց նաեւ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն  օրենքով սահմանված տուրքերը, հարկերը  վարձավճարները ժամանակին համայնքի բյուջե չի վճարում։ «Պարբերաբար  տանում եք ամսվա ամենավերջին օրը վճարում: Շատ հաճախ  մինչև  փոխանցած գումարը գնում բանկում պտտվում է և գալիս է մեր հաշվին  նստում,  ընկնում է հաջորդ ամիս:  Մենք էլ բյուջեի կատարման մասով ձախողումներ ենք ունենում»,-բացատրեց  գյուղապետը:  

Մեկնաբանություններ (2)

Սամվել
Ձեռնարկության համար,և առհասարակ հանքարդյունաբերողների համար,դժվարին ժամանակներ են,որոնք պայմանավորված են համաշխարհային շուկայում խորացոխ ճգնաժամային երևույթներով,ինչպես նաև գլոբալ աշխարհաքաղաքական հակասություններով:Կարծում եմ արդարացի չէ մոռանալ այն ամենը ինչ ձեռնարկությունը արել է նախորդ տարիներին նույն Շնող,Թեղուտ,Ալավերդի և Լոռու մարզի շատ այլ համայնքների համար նույնիսկ մինչև ձեռնարկության շահագործումը,վարկային միջոցների հաշվին և առաջին իսկ դժվարությունների պահին երես թեքել և ,,կացնավորի,, կեցվածք ընդունելը մեղմ ասած ճիշտ չէ:Հասկանում եմ,որ այս ամենը չի թեթևացնում այն մարդկանց վիճակը,ովքեր անխուսափելիորեն կորցնելու են աշխատանքը առանց այլընտրանքի հնարավորություն ունենալու:Այսօր ,,Վալլեքսը,, ունի մեր բարոյական աջակցության կարիքը,,և ի վերջո դժվարությունները անվերջ չեն,լավ օրեր նորից գալու են ու հենց հիմա է պետք մի քիչ տղամարդավարի պահել:Ցավոք,այսօր ձեռնարկությունը ջրի երեսին պահելու խնդիր է դրված:Վերջապես Մեջլումյանը միակ պատասխանատուն չէ և մեր պահանջները կարելի է ուղղել նաև այն համայնքների ղեկավարներին`երբ Մեջլումյանի ներդրումներով բացված աշխատատեղերի մասին հպարտանալով հաշվետվություններ էիք տալիս,կամ հպարտանում որ մարզի արդյունաբերական արտադրանքի 85 տոկոսը ,,Վալլեքսն,, է տալիս ձեր արածը որն էր:Դե հիմա էլ ձեզ տեսնենք,մտացեք,չարչարվեք,ելքեր գտեք:Մի խոսքով,եկեք նամուսի մասին չմոռանանք:
Աստղիկ
ՀԱՐԳԵԼԻ ԼԱՐԻՍԱ ՋԻՎԱՆ ԲՈՇՅԱՆԻ ԵՐԵԽԱՆՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԱՎԱՐՏԵԼ ԵՆ ԴԽ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter