HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժիշկները չեն նկատել երեխայի հոդախախտ եղած արմունկը

Դիանա Ղազարյան

2011-ի հունիսին վեցամյա Հայկ Մանասյանը կոտրեց ձախ ձեռքի ճաճանչոսկրը: Ծնողները տղային տարան «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մայրը՝ Աննա Ղազարյանը, պատմում է, որ վնասվածքաբան Հայկ Բդեյանը միայն նախաբազուկն է ռենտգեն արել: Արդյունքում՝ չի նկատել հոդախախտ եղած արմունկը:

«Բժշկին ասացի՝ արմունկը այտուցված է: Պատասխանեց, թե՝ ոչինչ, կանցնի, գիպսը կհանենք, կիջնի: Երեխայի արմունկը չէին նկարել, չէին տեսել, որ արմունկը հոդախախտ է եղած: Նարկոզով միայն ոսկորն ուղղեցին, գիպս դրեցին»,- պատմում է Աննան:

Երեք օր հետո բժիշկները կրկին կանչել են՝ պարզելու՝ արդյոք ոսկորը ուղիղ է միացած: Կրկին մասնակի ռենտգեն են արել և չեն նկատել հոդախախտ արմունկը: Երկրորդ ռենտգենից հետո բժիշկներն ասել են, որ ամեն ինչ նորմալ է: Մայրն ասում է՝ եթե ամբողջական նկարած լինեին, կնկատեին խնդիրը:

25 օր անց գիպսը քանդվել է, և մայրը տանը այն հանել է ու նկատել՝ արմունկի այտուցվածությունը չի անցել: Այդ մասին տեղեկացրել է բժշկին, ով էլ մերսումներ է նշանակել: Ծնողները մեկ այլ բժշկի խորհուրդը լսելու և հետագա բուժման համար դիմել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Տեղի վնասվածքաբանը (անունը չի հիշում) առանց ռենտգեն անելու, միայն նայելով՝ կրկին մերսումներ է նշանակել: Տասնօրյա մերսումներից հետո այտուցը չի իջել:

Դրանից հետո ծնողները դիմել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Վնասվածքաբան-օրթոպեդներ Կարեն Քոլոյանն ու Արա Անթառանյանը ամբողջական ռենտգեն են արել Հայկի թևը: Շաքարյանը հորդորել է վիրահատությամբ հոդը տեղը դնել, բայց և տեղեկացրել՝ դրանից հետո թևն ամբողջությամբ կբացվի և կիսատ կփակվի: Ծնողներն այդ տեսակ վիրահատության չեն համաձայնել:

Այժմ Հայկը թևը ամբողջական բացում, բայց թեք է ծալում: «Երբ ուզում եմ ձեռքս ուսիս տանեմ, այն թեքվում է դեպի վիզս»,- ասում է Հայկը:

Աննան ասում է, որ բժիշկների անփութության պատճառով երեխան հինգ տարի է ձեռքի հետ կապված խնդիրներ ունի:

«Երեխայի ձեռքն այդպես էլ մնալու է: Ոսկորն արդեն կարճացել է: Միգուցե կարող են երկաթ դնել, ոսկորը երկարացնել, բայց դրա միջոցը չունենք»,- ասում է մայրը:

Թևը ուղիղ պահելու դեպքում արմունկի դուրս ընկած հոդը պարզ նկատվում է: Բժիշկները տղային հակացուցել են ֆիզիկական աշխատանք կատարել, ծանրություն վերցնել, ֆիզիկական կուլտուրայի դասերին մասնակցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter