HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտավորյալ բեռնաթափո՞ւմ են Արծվանիկի պոչամբարը, թե՞ անտեսում տեխնիկական խնդիրները (տեսանյութ)

Վթա՞ր է, թե՞ դիտավորյալ բեռնաթափում. կապանցի բնապահպանն այսպես է ձևակերպում այսօր Նորաշենիկ գետ թափված աղտոտված պարզվածքի դեպքը:

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն այսօր ահազանգ էր ստացել, որ Արծվանիկի պոչամբարի պարզվածքը, որ լցվում է Նորաշենիկ գետ, աղտոտված է, գետի գույնը խիստ փոխվել է, շրջակայքում էլ «անտանելի հոտ է» տարածվել:

Ահազանգ ստանալուց հետո Փարսադանյանը գնացել է այնտեղ, որտեղ պարզվածքը լցվում է գետը, լուսանկարներ և նկարահանում է կատարել:

Բնապահպանն ասում է, որ խնդիրը ոչ թե պարզվածքի՝ Նորաշենիկ գետ լցվելն է, այլ այն, որ պարզվածքը թույլատրելի սահմանային կոնցենտրացիան չպետք է գերազանցի: Մինչդեռ, ըստ նրա, այսօր տեսանելի էր հենց դա:

«Նման վթարներ հաճախակի են լինում, և արդեն իսկ կասկածելի է՝ արդյո՞ք դիտավորյալ բեռնաթափում են Արծվանիկի պոչամբարը, թե՞ պարզապես անտեսում են տեխնիկական խնդիրները: Փաստերը արձանագրելով՝ հստակ կարող ենք ասել, որ ընկերության ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ղեկավարությունը լուրջ չի վերաբերվում բնապահպանական խնդիրներին»,- ասում է նա:

Բնապահպանը կատարվածի մասին հայտնել է Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչության պետ Լևոն Պետրոսյանին: Վերջինս չի առարկել, որ անզեն աչքով տեսանելի է պարզվածքի գույնը: Ա. Փարսադանյանը նշում է, որ այս դեպքում արդեն տեսչության գործառույթն է՝ նմուշարկում անել և լաբորատոր փորձաքննության ենթարկել, ապա, արտահոսքի ծավալները հաշվի առնելով, հաշվարկել շրջակա միջավայրին հասցված վնասը:

Բնապահպանը խոսել է նաև ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնի պետ Մարտուն Հարությունյանի հետ: Թե՛ տեսչությունը, թե՛ ԶՊՄԿ-ն դեպքը մեկնաբանում են որպես քամու և տեխնիկական գործունեության հետևանք: «Բայց թերահավատորեն եմ վերաբերվում, քանի որ սա, մեղմ ասած, առաջին դեպքը չէ, և տեսչությունը պարտավոր է բոլոր դեպքերում արձանագրել վթարը, հաշվարկել շրջակա միջավայրին հասցված վնասը և նշանակել տուգանք»,- ասում է «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահը:

Վերջինս լուսանկարել է նաև Նորաշենիկին հարակից այն տեղանքը (տես լուսանկարներում), որը նախատեսված է վթարի դեպքում ԶՊՄԿ-ի պոչատարի բեռնաթափման համար, որպեսզի պոչանքներն այլ տեղ չթափվեն: Փարսադանյանն ասում է, որ տեղանքում հավաքված պոչանքն անհրաժեշտ է տեղափոխել Արծվանիկի պոչամբար, այնինչ ներկայում այդտեղ մետրից ավելի հաստությամբ պոչեր են կուտակվել:

Դեպքի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանից: Վերջինս նշեց, որ ինքը «բյուլետենի» մեջ է և չի կարող պատասխանել մեր հարցերին: Ավելի ուշ տեղեկացանք, որ վերջերս Լ. Պետրոսյանը սրտի վիրահատություն է տարել:

Բաժնի պետն, ըստ Ա. Փարսադանյանի, խոստացել է, որ տեսչությունը կանի օրենքով սահմանված իր պարտականությունները:

ԶՊՄԿ-ի բնապահպանական բաժնի պետ Մարտուն Հարությունյանն էլ ասաց, որ ինքն իրավասու չէ պատասխանել մեր հարցերին, և խորհուրդ տվեց դիմել տնօրինությանը:

Բնապահպան Արմեն Փարսադանյանը դեռևս նախկինում բազմիցս ահազանգել է Նորաշենիկ գետ թափվող աղտոտված պարզանքի համար: 2013-ի սեպտեմբերի 20-25-ին Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը գետ թափելու համար լաբորատոր փորձաքննություն էր անցկացվել: Հիշյալ տեսչության աշխատակիցն այն ժամանակ առանձնացրել էր միայն 24-25-ին կատարված նմուշառման արդյունքները: Ըստ այդմ՝ սեպտեմբերի 24-ին արտահոսքը տևել է 4 ժամ 40 րոպե, իսկ սեպտեմբերի 25-ին` 3 ժամ: Երկու օրերին թույլատրելի սահմանային կոնցենտրացիան գերազանցվել է 24 անգամ: Արդյունքում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին»ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` սահմանված դրույքաչափերի վճարում է սահմանվել: Մեր հարցին, թե արդյունքում ինչքան պետք է վճարի կոմբինատը, բաժնի աշխատակիցն ասել էր, որ վճարն իրենք չեն հաշվարկել, բայց «1 միլիոնի կարգի կլինի»:

«Եթե տնտեսվարողը նման ծավալով շրջակա միջավայրին վնաս է հասցնում, և հասցված վնասի գումարը կազմում է ընդամենը 1 միլիոն դրամ, դա ծիծաղելի է, քանի որ արտահոսքը տևել է 5 օր»,- դեռևս այն ժամանակ մեզ հետ զրույցում ասել էր «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը:

Առաջիկայում բնապահպանը դիմելու է բնապահպանության նախարարին ԶՊՄԿ-ում ստուգումներ կատարելու համար: Պատճառը ընկերությունում պարբերաբար տեղի ունեցող վթարներն են, որոնք պետք է կանխել: «Նախարարին ուղղված նամակում կներառվի նաև այս դեպքով շրջակա միջավայրին հասցված վնասի և տուժանքի չափի մասին հարցումը»,- նշեց կապանցի բնապահպանը:

Մեկնաբանություններ (1)

Լևոն
Արմեն ջան ըստ իս միշտ էլ այդ վիճակն է և գետերի աղտոտումն ընդհանրապես չի դադարում։ Պետք չի դա կապել միայն վթարների հետ, իրենց պետք է, որ հնարավորինս արագ Արծվանիկից պօչանքաջրերը դուրս գան, իսկ թե ինչ քիմիական կազմ, ծանր ու վտանգավոր մետաղներ կան դրանց մեջ՝ ոչ մեկին չի հետաքրքրում։ Լրիվ գերմանական չափանիշներով աշխատող ընկերություն է Քրոնիմետը՝ բրավո։ Սա էլ մեր արած տեսանյութը 2015-ի սեպտեմբերին՝ https://www.youtube.com/watch?v=xzjpf2M1TSs

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter