HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմենակ Կյուրեղյան. «Պատասխանը իմ առջև են տալու»

Երկու օր է, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող, օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված 32-ամյա ծրագրավորող Հայկ Կյուրեղյանը չոր հացադուլ է հայտարարել՝ հրաժարվելով նաև ջրից: Մինչ այդ Կյուրեղյանը հունվարի 15-ից  հացադուլ էր հայտարարել ի զորակցություն «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի, ով հունվարի 14-ին հացադուլ էր հայտարարել, ապա մի քանի օր անց դադարեցրել բողոքի ծայրահեղ միջոցը:

«Հետքի» հետ զրույցում Հայկ Կյուրեղյանի հայրը հայտնեց, որ երեկ է տեսակցել որդուն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տեսակցությունների սրահում. «Հազիվ էր խոսում, զգացվում էր, որ ճնշումը ցածր է, տեսա, որ վատ վիճակում է, երկար չզրուցեցի»,- ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Հարցին, թե ինչ պահանջ ունի Հայկ Կյուրեղյանը հացադուլը, այն էլ ջրադուլով շարունակելու համար, Արմենակ Կյուրեղյանը պատասխանեց.  «Հայկը հասկացավ, որ 26 օրվա հացադուլից հետո դեկտեմբերին իրեն մենախուց էին տվել ու խոստացել, որ պատիժն էլ այդպես կկրի, քանի որ սահմանադրությունը մարսելու խնդիր կար: Իսկ հիմա մի նեղ խցում 5 կալանավոր են բերել իր մոտ:  Այդ մարդկանց դեմ ոչինչ չունի: Բայց դա արվել է այն նպատակով, որ ճնշումներ լինեն»,- շեշտում է Արմենակ Կյուրեղյանը: Նրա կարծիքով, իշխանությունը փորձում է երկու երիտասարդներին՝ Հայկին ու Գևորգին, ճնշելով ոչնչացնելով վախեցնել մնացածների աչքը:

Արմենակ Կյուրեղյանն ընդգծեց, որ որդու հետ կապված ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխանության վրա: «Պատասխանը իմ առջև են տալու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Կյուրեղյանը անցյալ տարվա նոյեմբերի 17-ից հացադուլ էր հայտարարել իր առողջական խնդիրների պատճառով և դադարեցրել այն 26 օր անց: Այդ ժամանակ բավարարվել էր Հայկ Կյուրեղյանի պահանջը մենախցում գտնվելու, քանի որ ծխախոտի ծխի պատճառով, բազմաթիվ կալանավորների մեջ փակ տարածքում գտնվելով՝ ձեռք էր բերել ալերգիա:

Սակայն ինչպես  մեզ տեղեկացրեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, Հայկ Կյուրեղյանի խցային պայմանների մասով իրենց նախկին պայմանավորվածությունը ստիպված են եղել վերանայել կալանավորների թվի փոփոխությունների հետ կապված: Ըստ ՔԿՎ-ի պաշտոնյայի մեկնաբանության, դա է պատճառը, որ Հայկ Կյուրեղյանն այսօր մենակ չէ խցում: Ըսկ Արմենակ Կյուրեղյանի, տպավորություն է, թե որդու խցի հարցը նախագահի մակարդակով է լուծվում:

Բացի այդ, այսօր Կյուրեղյանի հայրն այսօր հրատապ հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայաստանում Հայկը և մնացած քաղաքական կալանավորները գտնվում են գերության մեջ: Գերության մեջ մի իշխանության ձեռքերում, որը ունի թուրքական, ադրբեջանական բարքեր, որը ամեն ինչ անում է սեփական ժողովրդին բարոյազուրկ, անկամ, անգիտակից ստրուկների ամբոխի վերածելու համար: Վերջին օրերին հատկապես Հայկ Կյուրեղյանի և Գևորգ Սաֆարյանի՝ գերության մեջ նրանց կյանքը ծայրահեղ ծանր դարձնելով, այս իշխանություները փորձում են ահաբեկել յուրաքանչյուր ազատ միտք ունեցող և հանուն հայրենիքի, պետւթյան և արժանապատվության ընդվզող քաղաքացուն: Իշխանություները իրավիճակը մոտեցնում է մի կետի, որը այլևս դառնում է բացարձակ անհանդուրժելի: Այս իրավիճակում, ոչ միայն Հայկի և Գևորգի, այլ նաև «իշխանության ներկայացուցիչների» կյանքը և առողջությունն է վտանգի ենթակա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter