HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի փլուզման վտանգները

Սարո Սարոյան, քաղաքական մեկնաբան

Ադրբեջանում տարին սկսվեց սոցիալ-տնտեսական մեծ լարվածության պայմաններում։ 2015 թվականին աշխարհում նավթի շարունակական գնանկումը հսկայական վնասներ էր բերել Ադրբեջանին: Ադրբեջանի տնտեսությունը, որում նավթամթերքի արտահանման արդյունքում ստացվող եկամուտները բյուջեի մուտքերի գերակշիռ տոկոսն են կազմում, չէր կարող չարձագանքել այդ փոփոխություններին։ Ուստի, ալիեւյան վարչակարգը խնդիրը փորձեց լուծել ազգային արժույթի լողացող կուրսի քաղաքականությանn անցնելու միջոցով, որը հնարավորություն կտար արժութային պահուստները զերծ պահել հետագա կորուստներից (2015թ․ ընթացքում Ադրբեջանի Կենտրոնական բանկի պահուստները 13․7 միլիարդ դոլարից շարունակաբար նվազել էին եւ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել 5 միլիարդ դոլար)։

Սակայն, ադրբեջանական մանաթի կտրուկ արժեզրկումը եւ դրա հետեւանքով ապրանքատեսակների ու ծառայությունների թանկացումը բնակչության շրջանում սոցիալական ընդվզման պատճառ դարձան: Հունվարի երկրորդ տասնօրյակում այդ ալիքը տարածվեց երկրի հյուսիսում, հարավում, ինչպես նաեւ ԼՂՀ հետ սահմանային Ֆիզուլու եւ Աղջաբեդի շրջաններում։ Ստեղծված կացությունում պաշտոնական Բաքուն հարկ համարեց բարձրացված ալիքը սառեցնել՝ դիմելով ներքին զորքերի ակտիվ ներգրավմանը, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական տարբեր միջոցառումներ իրականացնելով։

Խռովությունները ուժով ճնշելուց բացի, հանրային դժգոհությունները մեղմելու համար ձեռնարկվեցին սոցիալ-տնտեսական որոշակի քայլեր: Պետության ղեկավարի` նախագահ Ալիեւի կողմից հրամանագրեր ստորագրվեցին առանձին կատեգորիայի անձանց, պաշտոնյաների թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու մասին։ Միաժամանակ, պետությունը որդեգրեց պետական ծախսերի կրճատման, կառավարության կառուցվածքի օպտիմալացման, առանձին ծրագրերի սառեցման կամ հրաժարման կուրս։ Որոշվեց մի շարք երկրներում փակել դեսպանատները, հյուպատոսությունները, առեւտրային գրասենյակները կամ հրաժարվել նոր դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու նախկին ծրագրերից, ինչպես նաեւ կառավարության կազմում միաձուլել մի քանի նախարարություններ ու պետական կոմիտեներ։ Արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու համար ծրագրվեց առաջիկայում սեփականաշնորհել պետական առանձին ձեռնարկություններ։ Ներկայացված եւ նաեւ այլ քայլերով Ադրբեջանը նպատակ ունի դուրս գալ ոչ սովորական ներկայիս իրավիճակից։

Ադրբեջանը զինադադարի կնքումից հետո արդեն քսան տարի երբեք այնքան խրված չի եղել բազմաբնույթ խնդիրների լաբիրինթոսում, ինչպես հիմա։ Ընդ որում` խնդիրները լուրջ են նաեւ արտաքին ճակատում։ Արեւմուտքի հետ լարված հարաբերությունները, Իրանի ապաշրջափակումն ու տարածաշրջանում նոր դիրքեր գրավելու հավակնությունները, Հայաստանի հետ լոկալ, սահմանափակ պատերազմի ռազմավարության անարդյունավետությունը, ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի հայտնվելը մերձավորարեւելյան ճահճում եւ քրդական ազատագրական պայքարի դեմն առնելու անկարողությունն ուղղակի ազդեցություն են թողնում Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների վրա։

Շատ վերլուծաբաններ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը համեմատում են քաոսի հետ եւ խոսում երկրի ամբողջականությանը սպառնացող վտանգների մասին։ Իհարկե, հաշվի առնելով Ադրբեջանում վերջին շաբաթների սոցիալ-տնտեսական վայրիվերումները, կարելի է ընդունել, որ ալիեւյան վարչակարգը ստացել է լուրջ հարված, որն էլ էականորեն սասանել է ադրբեջանական հանրության շրջանում նրա դիրքերը։ Սակայն, այսօր դեռեւս վաղ է խոսել այնպիսի զարգացումների մասին, որոնք այդ երկիրը կտանեն փլուզման։

Այնուամենայնիվ, կարեւոր է նախապես ծրագրավորել այն հնարավոր հիմնական զարգացումները, որոնք կարող են տեղ գտնել Ադրբեջանում հետագայում։ Հենց այս տեսանկյունից ուշադրության է արժանի մեր հանրության շրջանում տարածված այն պնդումը, որ Ադրբեջանի քաղաքական համակարգի կամ ամբողջ պետության փլուզումը նոր հեռանկարներ կարող են բացել Հայաստանի համար։ Սա բավական համարձակ ենթադրություն է եւ, կախված դեպքերի հնարավոր զարգացումներից, կարող է բոլորովին անհիմն պնդում դառնալ։

Ներկայիս Ադրբեջանը տիպիկ արեւելյան բռնապետություն է` ավտորիտար կառավարմամբ մի երկիր, որտեղ ընդդիմությունը եւ ընդդիմախոսությունը ընդհանրապես ոչնչացված են: Պետության մեջ ներքաղաքական կյանքն ընթանում է նախագահ Ալիեւի եւ նրա ընտանիքի շուրջ տեղի ունեցող գործընթացների շնորհիվ, իսկ երբեմն էլ` այս կամ այն օլիգարխի, պաշտոնյայի, իրավապաշտպանի ակտիվության ու հանրային հնչեղություն ստացած առանձին պատահարների: Միացյալ Ադրբեջանի գոյության միակ երաշխիքը Ալիեւյան կլանն է` պետության մեջ իր հյուսած քաղաքական ու տնտեսական հարաբերությունների «սարդոստայնով»: Իսկ երկրի միակ համախմբող գաղափարը` «Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունն» ու արտաքին թշնամու դեմ պայքարն է: Երկրում չկան այնպիսի քաղաքական ինստիտուտներ, խմբավորումներ, որոնք այլ դեպքերում կկարողանան իրենց շուրջը համախմբել ամբողջ ազգաբնակչությանը:

Ալիեւյան կլանի համախմբող դերի հետ միասին երկրում կան կենտրոնախույս կամ բաժանարար որոշակի գործոններ: Չնայած թույլ արտահայտված ազգային ինքնագիտակցությանը, բայց երկրի հարավում եւ հյուսիսում ապրում են այլ ազգություններ` թալիշներ, լեզգիներ, ավարներ, թաթեր եւ այլն: Բնակչության շրջանում աշխարհիկ պետության սկզբունքների ու կենսաձեւի հետ մեկտեղ թափ է հավաքում իսլամի հետեւորդների բանակը: Վերջինս իր հերթին երկփեղկված է․ առկա է շիա մեծամասնություն եւ սուննի փոքրամասնություն: Նաեւ մեծ է սոցիալական շերտավորումը, իսկ երկրի շրջանները տնտեսապես անհամաչափ են զարգացած:

Այս գործոնները հենց այն նշանակությունն ունեն, որ ստիպում են մտածել Ադրբեջանում երբեւէ հնարավոր լիակատար քաոսի եւ դրա հաղթահարմանն ուղղված մեզ համար ոչ ցանկալի զարգացումների մասին: Այսօր նշմարելի են երեք հիմնական մարտահրավերներ, որոնք ապագայում կարող են լրջագույն վտանգ ներկայացնել Հայաստանի անվտանգությանը:

Առաջինը իսլամական ծայրահեղականությունն է: Ադրբեջանում երբեւէ հնարավոր խժդժությունները հանրության մեջ կարող են լիակատար արմատավորել ծայրահեղական իսլամական գաղափարախոսությունը: Վերջինս կրոնական հողի վրա ղարաբաղյան պատերազմի վերսկսման լուրջ լիցք է պարունակում: Այդ դեպքում մեր երկիրը ստիպված կլինի ռազմուժի միջոցով դիմագրավել արտաքին սպառնալիքներին:

Երկրորդը` Ադրբեջանում հնարավոր քաղաքական վակուումի ներբեռնումն է ռուսական ռազմաքաղաքական ուժերի կողմից: Դեպքերի նման զարգացումը կբերի Հայաստանի պետական շահերի նսեմացմանը, Կովկասում Հայաստանի դերի կտրուկ նվազմանը: Քաղաքական զարգացումները կընթանան 1920թ. արդեն մեկ անգամ ծեծված ճանապարհով եւ ի վերջո կարող են հանգեցնել հայոց պետականության կորստին: Ռուսաստանից գտնվելով լիակատար կախման մեջ` Հայաստանը այդուհետ ստիպված կլինի ոչ միայն «դե-ֆակտո», այլ արդեն «դե-յուրե» իր ամբողջ տարածքը կամ դրա մի մասը ծառայեցնել Ռուսաստանի շահերի սպասարկմանը` Հարավային Կովկասում նրա ուղղակի ներկայության ամրապնդման ու ամրագրման համար: Ամեն ինչ կախված կլինի Հարավային Կովկասում թուրքական տարրի ախորժակը բավարարելու, Իրանին հակազդելու, վրացիներին շահագրգռելու հարցերում ի հայտ եկող զարգացումներից: Ադրբեջանում Ռուսաստանի լիակատար ներկայության ապահովումը եւ Հայաստանի ավանդական ռուսամետ կեցվածքը կփոքրացնի նաեւ Արեւմուտքի շահագրգռությունը` պաշտպանելու համար Հայաստանի պետականությունը հնարավոր կործանումից:

Երրորդը` Ադրբեջանում հնարավոր քաղաքական վակուումի ներբեռնումն է իրանական ռազմաքաղաքական ուժերի կողմից: Սա նույնպես կտրուկ կնվազեցնի Հայաստանի դերը տարածաշրջանում: Ադրբեջանի` իրանական ազդեցության գոտում հայտնվելը կուղեկցվի թուրքական տարրի «ապաքաղաքականացմամբ», որով այդ երկիրը կդադարի լինել թուրքական աշխարհի կապող օղակը Կասպից ծովի ավազանում: Հարավային Կովկաս մուտք գործած Իրանի համար Հայաստանի նշանակությունը կսահմանափակվի Ադրբեջանի նկատմամբ մահակի դեր կատարելու եւ այդ երկիրը Իրանին առավել կապելու գործառույթով: Նման պայմաններում ի վերջո Ադրբեջանը ստիպված կլինի դառնալ Իրանի ռազմավարական դաշնակիցը եւ ռազմական համագործակցություն հաստատել նրա հետ` դրա դիմաց ստանալով որոշակի դիրքեր հայերի դեմ պայքարում: Թուրքական աշխարհի համար «սեպ» լինելու Հայաստանի նշանակությունը գրեթե կվերանա եւ արտաքին աշխարհի համար նրա դերը կտրուկ կընկնի:

Իհարկե, հնարավոր զարգացումները սահմանափակված չեն միայն վերը ներկայացված մեզ համար անցանկալի դեպքերի շղթայով: Սակայն, երբ խոսքը թշնամական երկրի քաղաքական համակարգի կամ ամբողջ պետության փլուզման հնարավոր ռիսկերի մասին է, ապա պետք է պատրաստ լինել, որ դրա արդյունքում կարող են ի հայտ գալ Հայաստանի անվտանգությանը վերաբերող այնպիսի մարտահրավերներ, որոնք լրջագույն խնդիրներ կդառնան մեր պետականության համար:

Ալիեւյան կլանի ստեղծած քաղաքական ու տնտեսական համակարգը` երկրի նավթագազային պաշարները մսխելու, նավթադոլարները մեծամասամբ անարդյունավետ ծախսելու, Բաքվի քաղաքական էլիտային ցոփ կյանքին հարմարեցնելու, շրջաններում սոցիալական մեծ բեւեռացվածություն ստեղծելու, անմրցունակ միագիծ տնտեսություն կառուցելու, ու դրա հետ մեկտեղ արտաքին աշխարհում իր երկրի սուբյեկտայնությունը պահելու բազում օրինակներ է մեզ ցուցանել: Նշված բոլոր պարագաները ծառայել են Հայաստանի պետական շահերին: Հատկապես պետական նշանակալից սուբյեկտ լինելու, բայց դրա հետ մեկտեղ աշխարհում հակաժողովրդավարական, խանական երկիր կառուցելու, իր երկրում սոցիալական անարդարությունն ու տգիտությունը խորացնելու վառ արտահայտված հակադրությունը նպաստել են, որ արտաքին աշխարհը Հայաստանին նույնպես որոշակի սուբյեկտայնություն հաղորդի` դիմագրավելու համար Ադրբեջանի ինքնուրույն քայլերին:

Աշխարհում երկրների զարգացումն ու արտաքին ծավալումը մշտապես կախված է եղել նրան շրջապատող արտաքին մարտահրավերներից, ծառացած խնդիրների լրջությունից եւ դրանք լուծելու ցանկությունից: Ադրբեջան պետությունն իր քսանամյա կենսագործունեության համար պարտական է արտաքին թշնամուն` Հայաստանին: Ինչպես Իսրայելը չի կարող կյանք ունենալ առանց արաբական աշխարհի հետ հակադրության, ինչպես Հնդկաստանն ու Պակիստանը միջուկային զենքի կրողներ չէին դառնա` եթե չգտնվեին պատերազմի մեջ, ինչպես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ն չի կարող ծավալվել աշխարհում առանց մի նոր «չարիքի առանցքի»` համաշխարհային ահաբեկչության, ինչպես եւրոպական երկրներին հնարավոր չի լինի համախմբել, եթե չցուցանվի Իսլամական աշխարհից դեպի Եւրոպա արտագաղթի խնդիրը (օրինակները բազում են), այնպես էլ Հայոց բանակը, որպես կայացած պետական ինստիտուտ չէր լինի, եթե չլիներ Ալիեւյան ներկայիս Ադրբեջանը: 1920թ. թուրքական եւ բոլշեւիկյան բանակների սրընթաց ռազմարշավի ժամանակ հայկական բանակի չկռվելու փաստն ու մեր պետականության կործանումը թշնամու կերպարի շուրջ տարբեր մանիպուլյացիաների հետեւանքն էր: Այսօր Ալիեւյան Ադրբեջանը մեր պետականության գոյության ու բանակի հզորության երաշխիքն է: Ադրբեջանում քաղաքական համակարգի ինչպիսի փոփոխություն էլ լինի, Ադրբեջան պետությունը ինչպիսի տեսք, ծավալ, կառուցվածք ունենա թուրքական տարրի դոմինանտությունը այդ երկրում բխում է մեր երկրի շահերից:

Միջազգային քաղաքականության մեջ երբեք էլ նորություն չի եղել, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության պատմաքաղաքական ու մշակութային հիմքերը  բոլորովին կապված չեն պատմական Ատրպատական երկրի ու նրա թողած ժառանգության հետ, չնայած որ Ադրբեջան պետությունն իր անունը արհեստականորեն ձեռք է բերել հենց Ատրպատականից: Սակայն քչերին է հայտնի, որ ներկայիս Ադրբեջանը քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի կառուցման իր ավանդույթներով պարտական է պետական մի կազմավորման, որը հազարավոր տարիներ գոյություն է ունեցել Կուր գետի ձախ ափին: Խոսքը Շիրվանի մասին է, որի մշակութային ու սոցիալական ժառանգության հիմքի վրա էլ կայացել է ներկայիս Ադրբեջան պետությունը: Ուստի պետք է նկատել, որ Ղարաբաղյան հակամարտությունն ինչ-որ առումով Շիրվանշահերի ու Առանշահիկների՝ Մուղանի դաշտի համար մղած պայքարի ժամանակակից արձագանքն է հիշեցնում:

Արեւելքի առավել հին քաղաքական մշակույթում Իրանի կայացման համար Թուրանի գոյությունն ու վերջինիս դեմ հարատեւ պայքարը անհրաժեշտ պայման է դիտարկվել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե-ֆակտո ներկայիս սուբյեկտայնությունը պայմանավորված է Ադրբեջանի պետության գոյությամբ: Ինչպես Շիրվանշահերի ու Առանշահիկների պայքարի պատմական փորձն է ցույց տալիս՝ ժամանակակից Արցախի (Առանի) ու Ադրբեջանի (Շիրվանի) խնդիրը կարող է ձեւակերպվել միայն Կուր գետի հովտի շուրջ պատմական պահանջներով ու քաղաքական ազդեցություններով` վերաբերող Դաշտային Ղարաբաղին, Գանձակին, Թալիշստանին, բայց ոչ երբեք այնպիսի հակապետական բանաձեւի կիրառմանը, որում խոսվում է ժամանակակից Շիրվանի, որպես պետական կազմավորման լիակատար փլուզման մասին: Դա արդեն հակաքաղաքական մոտեցում է եւ Հայոց պետական շահերն արհամարհելու, դրանք կեղծ ազգասիրությանն ու հայրենասիրությանը ծառայեցնելու դրսեւորում:

Ժամանակն է մտածել հարեւանի թուլության խորացման, բայց ոչ` հարեւանի մահվան մասին: Սոցիումում մեկուսի գոյություն չի լինում, նախկին հարեւանների տեղը գրավում են նորերը: Իսկ արտաքին քաղաքականության մեջ նոր հարեւանությունը երբեմն առավել դաժան կեցություն է պարտադրում:

Մեկնաբանություններ (1)

աշոտ
հայաստանին որպես պանթյուրքիզմի սեպ ոչ ոք չի դիտարկում, վկա ապրիլը. դրա փոխարեն ձեզանից ավելի լավ միջոց գիտեն..սիրաշահել ադրբեջանին եվ ավելի քաղաքակիրթ ձեվով հակադրվել պանթյուրքիզմին..իսկ մեր խաչմերուկ ու սեպ հայաստանը բոլոր կոնտեքստներից դուրս է..իսկ ինչ մնում է ադրբեջանը քանդելուն ապա մեծ սխալ եք անում..էսօր եվրոպան ու ամերիկան նրանց ընդունում են որպես շատ ավելի լուրջ պետություն քան հայաստանը...էնպես որ հարկավոր է խելքի գալ եվ անել այն ինչը որ հնարավոր է..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter