HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպան. «Հանգիստ թողեք Ազատ գետը, Համաշխարհային բանկի հետ մի լավ օրինակ ցույց տվեք»

Սառա Պետրոսյան

«Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկն (ՊՀ) այսօր, ժամը 11-ին «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի գրասենյակում հանրային քննարկում էր կազմակերպել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» նախագծի վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակված հայտարարության համաձայն` քննարկմանը մասնակցելու էին հրավիրվում ազդակիր 14 համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաեւ բոլոր շահագրգիռ կողմերը:

«Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի աշխատակիցները, սակայն, քննարկումը սկսել էին առնվազն մեկ ժամ շուտ՝ չսպասելով «բոլոր շահագրգիռ կողմերին»: Նախորդ օրն արդեն տեղեկանալով, որ քննարկման մասին հայտնի է դարձել լրագրողներին ու բնապահպաններին` նրանք որոշել էին խախտել հայտարարության մեջ նշված պայմանները: Երեկ տարածվեց, որ քննարկումը տեղափոխվելու է այլ վայր, բայց ԾԻԳ-ից հերքեցին լուրը:

Քանի որ նրանց մտադրության մասին լրագրողներին հայտնի էր դարձել, որոշել էին ժամը տեղափոխել` 10:40 րոպեին քննարկումն արդեն ավարտված էր: Կազմակերպիչները հարցազրույց տվեցին քննարկումը նկարահանող միակ լրատվամիջոցի` Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» թղթակցին եւ պատրաստվում էին հեռանալ: Դահլիճում ներկա էին Արտաշատի տարածաշրջանի շահառու համայնքների բնակիչներ եւ գառնեցիներ, որոնց այնտեղ էին բերել համայնքապետերը` նախապես իրենց տրված հրահանգով: Թե ինչպիսի ընթացք է ունեցել «պլենումի նիստը», բոլորս կարող ենք տեղեկանալ «Առաջին լրատվականի» այսօրվա լուրերի թողարկումից:

Նրանք, ովքեր շահագրգիռ էին իրական քննարկում լսելու, ներկայացել էին հայտարարված ժամին: Կազմակերպիչները նրանց պահանջով հարկադրված եղան սկսել քննարկումը եւ լսել հարցադրումները: Մեր հարցին, թե Քաղցրաշենի ծրագրի հանրային բոլոր քննարկումները մինչ այդ իրականացվել են Գառնիում եւ Արտաշատի տարածաշրջանի 13 շահառու համայնքների համար` Արտաշատ քաղաքում, ինչո՞ւ է որոշվել այս անգամ նրանց հավաքել Երեւանում, ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը պատասխանեց. «Հարցը, բացի շահառու համայնքներից, հետաքրքրում է ընդհանուր հանրությանը եւ նպատակը նրանց մասնակցելու հնարավորություն տալն էր»: Մեր երկրորդ հարցին ի պատասխան` այդ դեպքում ինչո՞ւ են հայտարարված ժամից ավելի քան մեկ ժամ շուտ սկսել քննարկումը եւ չեն սպասել «այս հարցով հետաքրքրվածներին», նա ասաց, որ կարող են նորից քննարկել:

Մարտիրոս Նալբանդյանը

Քննարկմանը, բացի շահագրգիռ համայնքների բնակիչներից, մասնակցում էին «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղացիական նախաձեռնության անդամները, բազմաթիվ լրատվամիջոցներ: Նրանք ժամը փոխելու մասին հարկ չէին համարել տեղեկացնել անգամ Համաշխարհային բանկի ներկայացուցչին, որը մյուսների նման քննարկմանը մասնակցելու էր ներկայացել հայտարարության մեջ նշված ժամին:

Ինչեւէ, քննարկումը վերսկսվեց, դահլիճը լքածների մի մասը վերադարձավ եւ մասնակցեց քննարկմանը: ԾԻԳ-ի ներկայացուցիչները նոր բան չունեին ավելացնելու մինչ այդ ասվածին եւ այս անգամ էլ կրկնեցին այն, ինչ գրված է ծրագրում: Չնայած նրան, որ բազմաթիվ նման քննարկումներ են եղել, որոնց ժամանակ մի քանի տասնյակ հարցադրումներ են հնչել` պատասխաններ ստանալու ակնկալիքով: 

«Ազատի կիրճում բնության 4 հուշարձան կա եւ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրն արդյոք չի՞ վնասում դրանց. հարցն այս անգամ էլ հնչեցրեց «Համահայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը: Մ. Նալբանդյանը հայտնեց, որ այդ հուշարձանների տեղադիրքերը հստակեցված չեն, եւ Կառավարությունը դա պատրաստվում է անել 2019-21թթ. (նշենք, որ ԾԻԳ-ը Քաղրաշենի ծրագիրն արդեն սկսված է համարում- Ս.Պ.):

Լ. Գալստյանը թվարկեց «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի հակաբնապահպանական կողմերը եւ տնտեսական արդյունավետության երաշխիքներ չտվող բոլոր հարցադրումները: «Մենք համոզված ենք, որ չեք կարող ապահովել ծրագրի իրագործումը, միայն ջրառատ տարիներին, երբ ջրի 70% ապահովվածություն կլինի, այդ ժամանակ կկարողանաք, մյուս տարինեին, երբ ջրառատ չի լինի, ինքնահոս համակարգը չի գործի: Նայեք, թե Ազատի ջրամբարը վերջին 10 տարիներին քանի անգամ է լցվել: Եթե մենք ջրամբարը չենք կարողանում լցնել, ո՞նց ենք ջուր վերցնում Քաղցրաշենի ինքնահոս ոռոգումն ապահովելու համար: ՀԲ-ից ձեր վերցրած 10 մլն դոլարի վարկը լցնելու եք ջուրը»,- հայտնեց նա:

Նա քննարկման նախաձեռնողներին առաջարկեց ծրագիրը նախագծում ներկայացված եղանակով իրականացնելու համար նվազագույնը 3 տարի ջրաբանական ուսումնասիրություն իրականացնել Ազատ գետում: Ի պատասխան՝ ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետը նշեց, որ իրենք հիմք են ընդունում Հայհիդրոմետի չափումները: «Հայհիդրոմետի վերջին 20 տարվա չափագրումներն ինձ համար արժանահավատ չեն: Մենք 80 փոքր հէկ ենք ուսումնասիրել, որոնք կառուցվել են Հայհիդրոմետի տվյալների հիման վրա: Փոքր հէկերի 95%-ի տվյալները չեն համընկնում իրականության հետ, նշված գետերում ջրաքանակը ներկայացվածից 50%-ով քիչ է»,- հայտնեց բնապահպանը:

Վերջինս նշեց, որ ջրաբաններն այլ կարծիք ունեն Ազատ գետի իրական ջրաքանակի եւ այս ծրագրի արդյունավետության մասին: Քանի որ գետում պահանջված ջրաքանակը չկա, ոչ մի երաշխիք չի կարող լինել ծրագրի արդյունավետության մասին: Մի տարի ջուր կլինի` ծրագիրը կաշխատի, 4 տարի չի լինի` չի աշխատի: Ուրեմն ստիպված եք լինելու գետի ջրի էկոլոգիական թողքը չապահովելով՝ ոռոգում իրականացնել, կամ էլ` դուրս գա, որ անիմաստ ծախս էր դա: Ավելացրեց, որ տնտեսական եւ ջրաբանական ճիշտ գնահատում պետք է տալ հարցին` կարո՞ղ ենք Ազատ գետից ջուր վերցնել, թե` ոչ: «Մենք կարծում ենք, որ չենք կարող, որպեսզի այդ հարցի պատասխանն ունենանք, ուրեմն պետք է ճշտենք, թե իրականում ոռոգման համար որքան ջուր են վերցնում Գողթ եւ Գառնի համայնքները, «Երեւան ջուրը» եւ դրանից հետո հաշվարկ իրականացնենք` այս ծրագիրը կենսունա՞կ է, թե` ոչ: Կրկնում եմ առաջարկս` ուրիշ եղանակ գտեք, հանգիստ թողեք Ազատ գետը, այնտեղ չեք կարող ոռոգման համակարգ ապահովել»,- ասաց Լեւոն Գալստյանը:

Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը

«Ջրաքանակի հետ կապված ձեր մտահոգությունները կիսում եմ, հնարավոր է, որ ջրի դեֆիցիտ լինի»,- բնապահպանի հետ համաձայնեց Մ. Նալբանդյանը: Նա հայտնեց, որ մեկ տարվա կտրվածքով իրականացրել են ջրաչափում, ջրի դեֆիցիտ գրանցվել է օգոստոս ամսին, բայց բոլորին հայտնի է, որ 2015թ.-ն աննախադեպ երաշտային տարի էր եւ բավարար ջրաքանակ չկար: Այդ պատճառով էլ որոշվել է լրացուցիչ ծրագիր իրականացնել շահառու գյուղերում` ներքին ցանցի վերականգնում, կաթիլային համակարգի տեղադրում եւ քիչ հզորությամբ ապահովել ջրաքանակի դեֆիցիտը:

Ծրագրի անարդյունավետությունը հիմնավորող բազմաթիվ փաստարկներից հետո «Համահայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչը ԾԻԳ-ի աշխատակիցներին փոխանցեց գառնեցիների առաջարկը. «Գառնիի բնակիչներն առաջարկում են, եւ մենք էլ ենք միանում այդ առաջարկին` Համաշխարհային բանկի հետ մի լավ օրինակ ցույց տվեք` վերանորոգեք 50 տարվա վաղեմության պոմպակայանները, արեւային էլեկտրակայան կառուցեք կողքը, Ազատի ջրամբարն էլ լցրեք ջրով ու օգտագործեք»:

Նշենք, որ Կառավարությունը մինչ օրս շրջանցել է հիշյալ ծրագրի վերաբերյալ բոլոր հարցադրումները եւ դրանց մասնագիտական հիմնավորումներ գտնելու փոխարեն «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ ծրագրի» վերաբերյալ հանրության բացասական կարծիքը ձգտում է փոխել տարբեր խարդավանքների դիմելով:  Մեկ անգամ Գառնի գյուղի ոռոգման ջուրը փակեցին եւ լցրին Ազատ գետը՝ իրենց ցանկալի ջրաքանակն արձանագրելու համար, քանի որ ջրաչափումները սպասված արդյունքը չապահովեցին: Մեկ ուրիշ անգամ հանրային լսում կազմակերպեցին եւ Կոտայքի մարզպետի հրահանգով Գառնի գործուղված մարզպետարանի աշխատակիցները որոշեցին ուսուցիչներին հավաքել մի սրահում եւ հարկադրաբար հավանության արժանացնել ծրագիրը, որը դարձյալ նրանց չհաջողվեց: Այսօր երրորդ անգամ փորձ արվեց գաղտագողի հանրային քննարկում անցկացնել՝ համայնքապետերին հրահանգելով ապահովել իրենց համայնքի բնակիչների ներկայությունն ու համաձայնությունը:

լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

կարճամիտ մարդուն
Սուտ ու շատ խոսելով, սեփական պոչը վկա բերելով, ամեն հիմար շատ խելոք է համարում իրեն: Սին փայլն ու շահը դնելով մեջտեղ, նրանք ավերում են երկիրը, վաճառում սեփական մորը: Կտրում պտղատու ծառը, վառում ուրիշի տունը՝ ինձ համար տաք լինի ասելով: Սակայն գալիս է ժամանակը, ջարդվում է մի օր տակի աթոռը, նախկին շողոքորթը թքում է վրան, զավակներն անգամ երես են թեքում, ամենը նզովում ու հալածում են նրան .... Այսպես է ահա կարճամիտ մարդու բանը!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter