HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռնագոգի երեք ապագա զինվորները շոր ու կոշիկ չունենալու պատճառով շատ ժամանակ դպրոց չեն գնացել

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի կիսաքանդ հանրակացարանի բակ ենք հասնում: Շենքը, կարծես, օրեր առաջ ռմբակոծված լինի. պատերի մի մասը փլված, տանիքը ճոճվող, շենքի՝ ջղաձգված մկանի պես ճաքը, որ բաժանարար գծի պես է: Միակ բանը, որ հուշում է այդտեղ մարդկանց ներկայության մասին, երրորդ հարկի պատշգամբի լվացքն է:

Երրորդ հարկում միայն մի ընտանիք է բնակվում: Մնացած սենյակների ոչ դռները կան, ոչ պատուհանները, իսկ մեջը՝ լիքը աղբ ու կեղտ: «Զարմանո՞ւմ եք, որ ստեղ մարդ ա ապրում»,- անթարթ, երբեմն սառը մեզ նայելով՝ ասում է երեք երեխաների մայրը: Չեմ պատասխանում, իսկ նա ավելի կոպիտ է սկսում խոսել՝ կոշտ շեշտադրումներով: Մեզ ներս է հրավիրում: Մեզ հետ են նաև շենքի երիտասարդ երկու հարևանները: Նույնիսկ նրանց ներկայությունը չի մեղմում նրա հեգնանքը, այդ պահին թվացող անպատասխան զայրույթը:

Նոր է եկել փոստից, հոսանքի գումարն էր գնացել վճարելու: Փողը մայրն էր տվել, սակայն 2.000 դրամ էլ պարտք է մնացել: Նորվարդը մեզ ուղեկցում է հյուրասենյակ, ինչպես ինքն է ասում՝ այսպես ասած հյուրասենյակ: Երկու տարուց ավելի է՝ այստեղ են բնակվում: Մինչ այդ առանց վարձի ապրել են գյուղի սեփական տներից մեկում, հետո տանտերը վաճառել է, իրենք դրսում են մնացել: Գյուղապետին խնդրել են, որ հանրակացարանում գոնե մի սենյակ տրամադրի: «Դրսից ապրելուց լավ է»,- ասում է Նորվարդը, հետո թե՝ «եթե կարելի է ասել, որ իրենք ապրում են»:

Մոտ 10 րոպե է անցել մեր զրույցից: Ես փորձում եմ հարցեր քիչ տալ, Նորվարդը կարճ է պատասխանում ու աչքերը չի հեռացնում դեմքիցս: Սպասքապահարանում թեյի 6 կանաչ բաժակ է դրել իրար կողքի: Դրանք պահարանի միակ իրերն են: Ցելոֆանապատ ու վառարանի ծխից սևացած պատուհանները նոսրացնում են սենյակի լույսը: 6-ամյա Էրիկը, էմալապատ ամանով ճաշը վերցրած, կանգնում է սենյակի մուտքի մոտ, նայում է մեզ: Էմալը քայքայվել է: Եղբայրը՝ 8-ամյա Արգիշտը, լավաշի մեծ-մեծ կտորներ պոկելով՝ հեռուստացույց է նայում: Մյուս եղբայրը՝ 10-ամյա Տիգրանը, մահճակալին նստած, ձեռքերը կզակին հենած՝ լսում է մոր խոսքերը:

Նորվարդին խնդրում եմ պատշգամբ դուրս գալ, այնտեղ խոսել, որպեսզի երեխաները չլսեն մեր զրույցը: Մայրը հրաժարավում է ու կոշտ ավելացնում՝ «ես թաքցնելու բան չունեմ, իրենք ամեն ինչ գիտեն»:

Նորվարդին կյանքի դժվարությունները կոփել են, արտաքուստ սառը մարդ են դարձրել, բայց ներսից փխրուն է, նրբազգաց: Ու սպասում եմ, թե մեր զրույցի որ կետում է արտահայտվելու այդ նրբազգացությունը: «Ի՞նչ, մտածում եք՝ ես ուժեղ եմ, որովհետև դիմանում եմ էս պայմանների՞ն»: «Ոչ միայն էս պայմաններին»,- ավելացնում եմ : Դրանից հետո, կարծես, մեր զրույցը հունի մեջ է ընկնում: Նորվարդի կասկածամտությունը քիչ-քիչ անէանում է:

«Աստծուց օր փախցնելով՝ ապրում ենք»

Նորվարդ Ղազարյանը 32 տարեկան է: Լեռնագոգում է ծնվել, այդտեղ էլ ամուսնացել է: Ամուսինը՝ Մարտիրոսը, 8 ամիս առաջ մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Կինն ասում է, որ մինչև գնալը ծանր վիրատահություն է տարել, ատամնաշարի խնդիրներ կային, դրանից էլ գլխացավերն են շատացել: Այնտեղ տոմսի գումար էլ չի կարողանում աշխատի, որ վերադառնա: Իսկ Նորվարդն ասում է՝ ինքն էլ չունի գումար, որ ամուսնու տոմսի փողն ուղարկի:

Նորվարդը վարսահարդար է, սակայն հիմա չի աշխատում: Երեք տղաները, նրա ասելով, անհանգիստ բնավորություն ունեն, կիսաքանդ շինությունում մենակ թողնելը վտանգավոր է, վտանգը թափառում է շենքում: Եթե երեխաներին պահող լինի, սիրով կաշխատի, գործ անելուց չի դժգոհում: Ընտանիքի եկամուտը երեխաների 35.000 նպաստն է, որն ամսվա վերջում ստանում են ու պարտքով վերցրած սննդի դիմաց տալիս խանութին:

Հարևան սենյակը, որտեղ երկտեղանոց մահճակալ կա, և՛ բաղնիքն է, և՛ ննջարանը, և՛ խոհանոցը: Շենքում ոչ բաղնիք կա, ոչ էլ զուգարան:

Փայտե վառարանը հազար խնդիր է լուծում տանը: Ասում է՝ ճաշը «պեչկային» է պատրաստում, լողանալու ջուրը, լվացքի ջուրը «պեչկային» է տաքացնում:

«Վառելիք ենք հավաքում երեխաների հետ, յոլա ենք գնում, մինչև էս անտիկվար ձմեռը դուրս գա: Ամեն ինչ էլ վառում ենք՝ տոլ էլ ենք վառում, ցան էլ ենք վառում, ցախ էլ ենք վառում, տո շոր էլ ենք վառում, կոշիկ էլ ենք վառում, բացի մարդուց, ամեն ինչ էլ վառում ենք»,- ասում է Նորվարդը: Երեխաներն, ըստ նրա, շատ հարցերում են օգնում: Բակի ծորակից ջուր են բերում լվացքի, լողանալու համար, իսկ խմելու ջուրը, ինչպես գյուղի մյուս բնակիչները, ընտանիքը ևս գնում է:

Երեխաները պարբերաբար բացակայել են դասերից հագուստ, կոշիկ չունենալու պատճառով: Հարևաններից մեկը մեզ հետ զրույցում ասաց, թե Նորվարդը նույնիսկ մտածում էր երեխաներին գիշերօթիկ դպրոց տանելու մասին: Երեքն էլ լավ են սովորում դպրոցում: Արգիշտն ասում է՝ ամենալավն ինքն է սովորում: Մյուսները առարկում են, թե մենք ենք ամենալավը սովորում: Նորվարդի դեմքին առաջին անգամ ժպիտ է հայտնվում:

Տիգրանն ու Էրիկն ուզում են ոստիկան դառնալ, Արգիշտը թե՝ «ես էլ բոքսիստ» եմ դառնալու: Ժպտում ենք:

Քամիների ժամանակ շենքը ճոճվում է, վախենում են: Երեխաներն ասում են, թե իրենք արդեն սովորել են դրան: «Էստեղ ապրելու տեղ չի, ուղղակի մենք ապրում ենք էստեղ, որ դուրսը չքնենք: Աստծուց օր ենք փախցնում, ապրում էստեղ»,- ասում է Նորվարդը:

Նորվարդին հիմնականում օգնում են հարազատները. պահածոներ են տալիս, երեխաներին՝ հագուստ: «Ըսպես է, եթե էդ օգնությունն էլ չլինի, չգիտեմ՝ ի՞նչ կլինի մեր վիճակը»,- պատշգամբից ներքև նայելով՝ նշում է 32-ամյա կինը: Ինձ ասում է՝ «դու տեսնում ես իմ պայմանները, էլ ի՞նչ ասեմ»: Չեմ պատասխանում նրան: «Հույսս ամեն ինչից կտրել եմ»,- ավելացնում է:

Միայն այդ ժամանակ եմ հասկանում Նորվարդի կոշտ խոսելաձևը: Եթե կան մարդիկ, որ կլացեն, բեմադրություն կսարքեն իրենց պայմանները, ապա Նորվարդը չոր է և ուղիղ. «Ներկայացնելու ոչ մի բան չունեմ, ամեն ինչ տեսնում եք»:

Շենքն անօթևան կենդանիների, հիմնականում շների կացարան է դարձել: Հաշտ են ապրում: Ձմռանը հաճախ աղվես, գայլ է հասնում շենքի մոտ, ամռանը օձեր, կարիճներ, մորմեր են լինում:

«Երեք ապագա զինվոր եմ պահում, ու տեսնո՞ւմ եք՝ ինչ պայմաններում են ապրում… Ապրել, եթե կարելի է էդպես ասել, հազիվ յոլա գնալ է»,- ասում է Նորվարդն՝ այս անգամ չնայելով դեմքիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter