HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են մենախուց

«Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են առանձին խուց: «Համենայն դեպս գոնե այդպես էր մինչև այսօր ժամը 12-ը, երբ տեսա նրան»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Կալանքի ավելի քան 20 օրվա մեջ Գևորգ Սաֆարյանի խուցը մի քանի անգամ փոխել են: Քրեակատարողական վարչությունից դա մեկնաբանում են կալանավորների թվի փոփոխությամբ: Այնինչ, ըստ փաստաբանի, անբնական է նման հաճախակի տեղափոխությունը:

Երեկ իր պաշտպանյալին հանդիպելուց հետո Տիգրան Հայրապետյանը հանդիպել է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ պետին ու ներկայացրել իրավիճակը: Ապա դարձյալ «Նուբարաշեն» է գնացել այսօր առավոտյան և տեղեկացել, որ երեկ իր հեռանալուց հետո Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են մենախուց: 

«Գևորգը հասարակական գործիչ է, ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի, և պետք է նրան տեղավորեն հատուկ պահպանվող տարածքում, որտեղ դատարկ տեղեր կան, բայց հիմա իրեն չեն տեղափոխում: Դա ապահովվել է կալանքի առաջին օրերին, հետո սկսվել են այդ ամբողջ տեղափոխությունները, որը անբնական երևույթ է»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:  

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի խոշտանգման հետ կապված մանրամասները կհրապարակվեն երկուշաբթի օրը:     

«Հետքը» զրուցեց նաև ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանի հետ, ով նշեց, որ երեկ երեկոյան իրենց այցելության պահին Գևորգ Սաֆարյանն արդեն մենակ էր պահվում ու բարձրացնում էր իր անվտանգության, 6-րդ բլոկ տեղափոխվելու հարցը:

Այսօր տարածած հաղորդագրության մեջ դիտորդական խումբը մտահոգություն է հայտնել իր կողմից արձանագրած իրավիճակի կապակցությամբ՝ հրատապ հաշվետվություն ուղարկելով ԱՆ։

Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են քրեակատարողական ծառայությունում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք օրվա ընթացքում։

Դիտորդական խումբը ԱՆ մեկնաբանությունը ստանալուն պես կհրապարակի հրատապ հաշվետվության և մեկնաբանության բովանդակությունները։

Հաղորդագրության մեջ նշված է, որ խումբը երկու օր առաջ՝ հունվարի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դարձյալ առանձնազրույց էր ունեցել Գևորգ Սաֆարյանի հետ: Արձանագրած խնդիրների վերաբերյալ հայտնել էր իր մտահոգությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակազմին, արդարադատության նախարարությանը և Քրեակատարողական վարչությանը։

Հայկ Կյուրեղյանը

Դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան 22:00-ի սահմաններում հանդիպել են նաև Հայկ Կյուրեղյանի հետ: «Նա պահվում էր առանձին մասնաշենքում, հացադուլի և ջրադուլի մեջ էր, հյուծվածություն կար: 6 հոգու քնելու տեղ կար խցում, ներսում Հայկ Կյուրեղյանից բացի ևս 4 հոգի կար, որոնք ևս հացադուլի մեջ էին: Կյուրեղյանը բարձրացնում էր իրեն մենախուց տեղափոխելու հարցը, խցակիցներից չէր բողոքում, բայց ամեն դեպքում ասում էր, որ իրեն առավել ապահով ու հանգիստ կզգա, երբ մենակ լինի»,- նշեց Դիտորդական խմբի ղեկավարը՝ ընդգծելով, որ խնդիրների մասին տեղյակ են պահել ԱՆ ու ՔԿՎ ղեկավարությանը:  

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter