Շաբաթ, 22 սեպտեմբերի

Օդային փոխադրումները բոլոր ցուցանիշներով 2015-ին անկում են գրանցել (ինֆոգրաֆիկա)



2015 թվականը Հայաստանի ավիացիայի համար յուրահատուկ է նրանով, որ անկախությունից ի վեր առաջին անգամ այդպես էլ ոչ մի տեղական ավիաընկերություն չկատարեց սեփական ուղեւորափոխադրում: Չկար հայկական որեւէ ընկերություն, որն ունենար թռչելու թույլտվություն: Ըստ էության, 2015-ը կմնա պատմության մեջ հենց այս տխուր փաստով:

2013-ի հոկտեմբերի 23-ին կառավարության ընդունած «ՀՀ-ում մրցունակ եւ կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագրով», որն ավելի հայտնի է «բաց երկնքի» ծրագիր անունով, առաջիկա 3-4 տարիների ընթացքում ակնկալվում էր.

1)  0,3-0,4 մլրդ դոլարի չափով լրացուցիչ ՀՆԱ-ի ապահովում,
2)  18.000-23.000 նոր աշխատատեղերի ստեղծում հիմնականում օդագնացության եւ զբոսաշրջության ոլորտներում,
3)  20-25 տոկոսով ուղեւորափոխադրումների քանակի աճ,
4)  տոմսերի միջին գների մոտ 10 տոկոս նվազում, ընդ որում, որոշակի ուղղություններով պիտի լիներ առավել մեծ նվազում՝ պայմանավորված աճող մրցակցությամբ:

Այս հոդվածում կխոսենք միայն ուղեւորափոխադրումների մասին, որոնք անմիջական կապ եւ ազդեցություն ունեն մյուս ցուցանիշների հետ եւ դրանց ձեւավորման վրա: Ստորեւ ներկայացվող թվերը պարբերաբար հրապարակում է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը:

Այսպես՝ 2013-ին, երբ Հայաստանում դեռ գործում էին «Արմավիան» (մինչեւ մարտ ամիսը ներառյալ) եւ «Էյր Արմենիան» (հոկտեմբերից), «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ժամանող-մեկնողների ընդհանուր թիվը կազմել է 1.691.710 մարդ, առաքված ու ներմուծված բեռների ընդհանուր քաշը եղել է 10.361 տոննա, իրականացվել է 8.721 թռիչք-վայրէջք: 2014-ին այս ցուցանիշները հիմնականում բարելավվել են: Ժամանող-մեկնողները եղել են 2.045.058 հոգի, այսինքն՝ դրական տարբերությունը կազմել է 353.348 մարդ, բեռնափոխադրման ծավալը եղել է 10.345 տ, ինչը 16 տ-ով պակաս է եղել 2013-ի ցուցանիշից, սակայն կատարվել է 10.409 թռիչք-վայրէջք՝ 1688-ով ավել, քան 2013-ին: Հիշեցնենք, որ «Էյր Արմենիան» իր թռիչքային գործունեությունը (մարդատար) կարողացավ շարունակել մինչեւ 2014-ի հոկտեմբեր, այսինքն՝ մեկ տարի:

Փաստորեն, 2014-ին «Զվարթնոցում» միայն բեռնափոխադրման ծավալներն են շատ փոքր չափով նվազել, ինչը տոկոսային առումով կազմում է 0,15 տոկոս: 2014-ին նախորդ տարվա համեմատ ուղեւորափոխադրումն աճել է 17,3, իսկ թռիչք-վայրէջք ցուցանիշը՝ 16,2 տոկոսով:

«Շիրակ» միջազգային օդանավակայանում, որն իր ցուցանիշներով մի քանի անգամ զիջում է «Զվարթնոցին», ավելի բարեհաջող տարի է եղել 2013-ը: Այդուհանդերձ, «Շիրակի» մասնաբաժինն այնքան փոքր է ընդհանուր հաշվեկշռում, որ 2014-ը միասնական տվյալներով, միեւնույնն է, գերազանցում է 2013-ին: Այսպես՝ 2014-ին նախորդ տարվա համեմատ Հայաստանում օդային ուղեւորափոխադրումներն աճել են 15,6 տոկոսով, բեռնափոխադրումները նվազել 0,19 տոկոսով, իսկ թռիչք-վայրէջքները աճել 15,3 տոկոսով:

Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվել 2015-ին: «Զվարթնոցում» բոլոր ցուցանիշներով անկում է գրանցվել, իսկ «Շիրակում»՝ աճ: Սակայն ընդհանուր տվյալների մեջ կրկին իրենց ծանրակշիռ հետքն են թողել մայր օդանավակայանի բացասական թվերը: Անցած տարի օդային ճանապարհով ժամանող-մեկնողները եղել են 1.918.995 հոգի՝ 7,9 տոկոսով պակաս, քան 2014-ին: Բեռնափոխադրման ծավալները կազմել են 10.174 տոննա, ինչը 1,65 տոկոսով պակաս է նախանցյալ տարվա ցուցանիշից: Իսկ թռիչք-վայրէջքները եղել են 9.164 հատ՝ 13,2 տոկոսով պակաս 2014-ի տվյալից:

Ստորեւ ներկայացնում ենք ուղեւորների, բեռների ու թռիչք-վայրէջքների միասնական տվյալները վերջին 3 տարիներին:

Փաստորեն, երեք հիմնական արտադրական ցուցանիշներով («Զվարթնոց»+«Շիրակ») 2015-ին միջինը 7,6 տոկոս անկում է գրանցվել: Եվ սա՝ «բաց երկնքի» քաղաքականություն հայտարարելուց 2 տարի անց:

Ահա նաեւ «Զվարթնոցի» 2014-2015 թթ. համեմատական կորերը:

Ամռան ամիսներին նկատվող աճը պայմանավորված է տուրիստական սեզոնով, իսկ դեկտեմբերի համեմատական վերելքը՝ մասնավորապես, արտագնա աշխատանքից վերադարձողների հոսքով:

Եթե իրավիճակն այսպես շարունակվի՝ հայկական շուկան մնա արտասահմանյան ընկերությունների (հատկապես ռուսական) հույսին, որոնք ցանկացած պահի, իրենց կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն շահերից ելնելով, կարող են չվերթներ դադարեցնել, ու որ շատ էական է՝ գին թելադրել, վերը նշված բացասական ցուցանիշները շատ ավելի խոսուն կլինեն 2016-ի վերջին:     


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ