HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեգենդար ալբոմներ, որոնք ձևավորել են պատերազմն ու խաղաղությունը

Նաիրա Հայրապետյան

1983թ. փետրվարին լույս տեսավ իռլանդական հայտնի «U2» ռոք խմբի երրորդ ստուդիական ալբոմը՝ «War» -ը: Այն խմբի ամենահայտնի գործերից է և, միևնույն ժամանակ, մասնագետների կողմից համարվում է առաջինը (խմբի կարիերայում), որը բացահայտ քաղաքական ասելիք ուներ: Ալբոմի խորագիրը, ինչպես նաև նրանում ներգրավված այնպիսի երգեր, ինչպիսիք էին «Sunday Bloody Sanday» -ն ու «New Year’s Day»-ը, արտահայտում էին «U2» -ի` աշխարհի հանդեպ այդ ժամանակաշրջանում ունեցած ընկալումները: «1982թ լեյտմոտիվը ասես պատերազմը լիներ»,- ասում է Բոնոն:

«War» -ը առավել լայն լսարաններում մեծ ճանաչում ապահովեց խմբին, կոմերցիոն հսկայական հաջողություններ ունեցավ, սակայն ունկնդիրներն այն գնահատեցին ոչ միայն երաժշտական տեսանկյունից: Այս ալբոմը աչքի էր ընկնում նաև շապիկի ձևավորմամբ, որն ասես առաջին ուղեցույցն էր սպասվող տրամադրությանն ու փիլիսոփայությանը: Շապիկին պատկերված դեմքն արդեն ծանոթ էր «U2» -ի երկրպագուներին: Նրան հանդիպել էին խմբի դեբյուտային՝ «Boy» ալբոմի նկարում. ուրեմն «U2»-ն այս անգամ որոշել էր անհրաժեշտ պատկերը հեռուներում չորոնել, բացի այդ, ուրիշ ո՞վ կամ ի՞նչը կարող է իրականությունը ավելի լավ ցույց տալ, քան մանկան աչքերը: Բոնոյի մանկության ընկերներից մեկի կրտսեր եղբոր՝ Փիթեր Ռոենի նախկին խաղաղ դեմքից այս անգամ լույսի փոխարեն սարսափ և ագրեսիա էր տարածվում: Հատկապես նրա աչքերում խտացված էր պատերազմի էությունը: Գեղեցիկ, բարի դեմքով երեխան ասես կռվարար մեկն էր, իսկ մեկ այլ երևակայությամբ՝ աշխարհի դաժանության դեմ ըմբոստացած մարդուկ, որի հայացքից միայն կարելի է զգաստանալ ու ամաչել: Պատերազմը խորհրդանշող այս նկարը ևս սև-սպիտակի մեջ էր կյանքը պատկերել:

Թեև քննադատներից շատերն առանձնապես չտպավորվեցին ալբոմի շապիկով, այնուամենայնիվ, երաժշտասերների մի մեծ բանակ այն հետագայում ներգրավեց բոլոր ժամանակների լավագույն շապիկների կազմում: Նրանցից շատերի կարծիքով՝ պատերազմ-երեխայի նկարն ասես ուղիղ  փոխանցում էր այն ամենը, ինչ ամփոփված էր ալբոմում:

«War» -ը «U2» -ին կոմերցիոն մեծ հաջողություններ բերեց և խմբի առաջին թիվ մեկ ալբոմը դարձավ բրիտանական հորիզոնականներում՝ գլխավոր շարքից դուրս մղելով անգամ Մայքլ Ջեքսոնի «Thriller»-ը: 2012թ. «Rolling Stone» ամսագիրն իր լավագույն 500 ալբոմների ցանկում նրան հատկացրել է 223-րդ տեղը: «Խաղաղասիրությունը խաչակրաց արշավանքի փոխած» բնորոշմամբ «War» ալբոմը  նաև խմբի առաջին աշխատանքն էր, որը բրիտանական երաժշտական միջավայրում «ոսկե» կարգավիճակ ձեռք բերեց: Ի դեպ, երբ ալբոմը լույս տեսավ Ճապոնիայում, ձայնասկավառակից բացի, նրանում հավելյալ մի գրքույկ ևս ընդգրկվեց՝ կոմիքսային պատկերներով:

«Մենք թափառում էին ողջ քաղաքով մեկ՝ մեր պատկերացրած շենքը գտնելու: Ես մի գաղափարի վրա էի կենտրոնացել՝ բազմաբնակարան շենքով, որտեղ մարդիկ շարժման մեջ պիտի լինեին տվյալ պահին: Ալբոմի բնօրինակում պատկերվեց առանց պատուհանների մի շենք, որի վրա առանձին թևիկների նման թղթե տարբեր կտորներ կային: Դրանք բացելով՝ պատուհանի փոխարեն կարող էիր գտնել տեղեկություններ՝ ալբոմի խորագիրը, թրեքի կամ տևողության մասին տվյալներ», - ասում է դիզայներ Փիթեր Քորիսթընը: Խոսքը լեգենդար «Led Zeppelin» խմբի «Physical Graffity»` թվով 6-րդ ստուդիական ալբոմի ձևավորման մասին էր (1975թ.): Այն համարվում է բոլոր ժամանակների լավագույն շապիկներից մեկը:

«Գրեմի»-ի հնգակի մրցանակակիր այս դիզայները հայտնի է մի շարք երաժիշտների և ռոք խմբերի հետ ունեցած իր համագործակցությամբ և դրանց արդյունքում՝ նշանավոր ձևավորումներով: Նրանց թվում են՝ Ջորջ Բենսընը, Չիք Կորեան, Միք Ջագերը, Թոմ Ուեյթսը, Ռոդ Ստյուարտը, «Procol Harum», «Led Zeppelin», «Jethro Tull», «The Rolling Stones» խմբերը և ուրիշներ:

Նյույորքյան թաղամասերից մեկում գտնված մոխրագույն այդ շենքը մինչ օրս կա, ավելին, այս ալբոմի շնորհիվ հասցրել է երևալ նաև ֆիլմերում, ամսագրերի շապիկներին, տարբեր արվեստագետների կոլաժներում և այլն: Մտահղացումը գլուխ բերելու և պահանջվող ձևավորումն իրականացնելու համար գործի անցավ ևս մեկ հայտնի դիզայներ՝ Մայք Դուդը:

 «Physical Graffity»-ի համար ընտրված լուսանկարը, սակայն, չափերի խնդիր ուներ և որպեսզի այն համապատասխաներ ձայնասկավառակի կազմի ձևաչափին, դիզայները ստիպված եղավ շենքից մեկ հարկ «ապամոնտաժել»: Արդյունքում հինգհարկանի կառույցը դարձավ չորսհարկանի: Սիմետրիկ, հետաքրքիր դետալներով, առանց որևէ արգելքների քառակուսի պատկերի մեջ տեղավորվող այդ շենքն այսօր դժվար թե նույն նպատակին ծառայեր առանձ ֆոտոշոփի միջամտության: «Այսօր արդեն չէինք կարողանալու օգտագործել այն,- ասում է Քորիսթընը,- քանի որ նրա առջևի մեծ ծառն արդեն կփակեր կադրը»:  

Սա խմբի ամենասիրված և ամենահեղինակավոր ալբոմն է: Թեև երաժշտասերները, իբրև հետաքրքիր գործ, նրանում արժևորում են նաև շապիկի ձևավորումը, այնուամենայնիվ «Physical Graffity»-ի հաջողությունը կայանում էր առավելապես բովանդակության մեջ: Սա «Led Zeppelin»-ի ամենահաջողակ աշխատանքներից մեկն էր, որը 16 անգամ պլատինե հռչակվեց և առաջին հորիզոնականում էր և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ ԱՄՆ-ում միաժամանակ: «Բոլոր ժամանակների լավագույն ալբոմ»-ների ամենատարբեր՝ ոճային, ժանրային, թվային դասակարգումներում մշտապես ներգրավված է եղել այն:  Կոմերցիոն և քննադատների արձագանքներում լուրջ հաղթարշավ ապրած այս կրկնակի ալբոմը միայն ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 8 մլն օրինակով: Ընդգրկելով գրեթե յոթ տարվա ընթացքում ստեղծված հին ու նոր գործեր՝ այն միմյանցից ծայրահեղ տարբեր ոճերի և ռիթմերի հավաքածու էր՝ երբեմն նրանց միախառնումից ստացված նոր երաժշտական հայտնությամբ: Այս առումով «Kashmir»-ը կարծես ողջ ալբոմի նկարագիրը արտացոլող ստեղծագործությունն էր՝ ծանր ռոքի,  բլյուզի, աֆրոարաբական և հնդկական էթնիկ երաժշտության ազդեցությամբ, դասական նվագախմբային գործիքավորմամբ:

1975թ. մարտին, ալբոմի թողարկումից մոտ մեկ ամիս անց, երաժշտական աշխարհում հայտնի «Billboard» ամսագիրը, անդրադառնալով «Physical Graffity»-ին, այն անվանում է մի շարք երաժշտական ոճերի հանճարեղ համաձուլվածք՝ մաքուր ռոքից մինչև բլյուզ, ակուստիկ ֆոլք և նվագախմբային հնչյուններ: Ալբոմի հայտնի գործերից են նաև ՝ «Sick Again», «In My Time of Dying», «Trampled Under Foot», «Ten Years Gone», «Black Country Woman» և այլ երգեր, որոնք հետագայում խմբի համերգների անբաժանելի և պարտադիր կատարումների շարքում էին: Լեգենդար Ռոբերտ Փլանթը «Physical Graffity»-ին բնորոշել է որպես մի ալբոմ, որը կարողացել է ներկայացնել խմբին իր  ամենաստեղծագործական և ամենախոսուն, արտահայտիչ հնարավորությունների մեջ: Փլանթը մի առիթով նաև խոստովանել է, որ սա զեփըլինյան շրջանից իր ամենասիրելի ալբոմն է:  

«Physical Graffity»-ին 2005թ. ներառվել է Ռոբերտ Դիմերիի հայտնի «1001 ալբոմ, որոնք անհրաժեշտ է լսել մինչև մեռնելը» գրքում: 1955թ-ից մինչև 2005թ. ընկած ժամանակահատվածում ստեղծված համաշխարհային փառքի և ճանաչման արժանացած գործերի մեջ սա «Led Zeppelin»-ի միակ ալբոմը չէր, ոչ էլ ամենաաչքի ընկնողը. նրանից առաջ կար մեկը, որը վիզուալ առանձնահատկությամբ դեռ «Physical Graffity»-ից երկու տարի առաջ հասցրել էր բազմաթիվ քննարկումների, սուր քննադատությունների, ընդհուպ մինչև արգելված վաճառքի առջև կանգնել…

«Houses of the Holy» լեգենդար ալբոմին և «Hipgnosis» ընկերության ամենահայտնի ու նշանավոր ձևավորումներին դեռ կանդրադառնանք: Աշխարհում ամենահետաքրքիր և տպավորիչ ձևավորմամբ  շապիկների շարքը «Ռետրո Ակումբ»-ում շարունակելի է…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter