HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում նախատեսվում է 4-5 նոր հյուրանոց բացել այս տարի

4 նոր հյուրանոց` 2015-ին 

2016 թվականին  Հայաստանում  նախատեսվում է շահագործման հանձնել 4-5 հյուրանոցային տնտեսության օբյեկտ: Այս մասին «Հետքը» տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունից։ 

2015-ին Հայաստանի հյուրանոցային տնտեսությունը համալրվեց 4 հյուրանոցով՝  «Օպերա Սյուիթ»-ը (Opera Suite) ՝ Երևանում, «Հայաթ» խմբի «Հայաթ Փլեյս»  (Hyatt Place) ցանցի հյուրանոցը՝ Ջերմուկում,   «Դաբլթրի բայ Հիլթըն»-ը (DoubleTree by Hilton Yerevan)՝ Երևանում և  «Գայանե»-ն (Gayane)՝ Հաղպատում։ Իսկ 2014-ին  8 նոր հյուրանոց էր բացվել, 1-ն էլ՝ վերաբացվել։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտները պահանջարկ ունեն։ Ներդրողներ էլ, ինչպես երևում է, գտնվում են։ Պատճառն այն է, որ հետագայում ակնկալիքներն արդարացվում են, քանի որ այս ոլորտում գործող բիզնեսների եկամտաբերությունը բարձր է։ Հայաստանում առկա հյուրանոցային տնտեսության օբյեկտները շահագործման են հանձնվում մասնավոր անձանց կամ  կազմակերպությունների կողմից: 

Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է հյուրանոցային  տնտեսության 337 օբյեկտ։ Դրանից   122-ը՝ 36%-ը, Երևանում  է, իսկ 215-ը՝ 64%-ը,  մարզերում։  «Հյուրանոցային տնտեսության մեջ ներառվում են հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, պանսիոնները, հանգստյան կամ մասնագիտացված տները, զբոսաշրջային բնակատեղիները (hostel) և ճամբարները։ Այդ օբյեկտները միասին ապահովում են 10 հազ. 182 համար և 20 հազ. 235 ննջատեղ»,- տեղեկանում ենք Զբոսաշրջության վարչությունից։ 

Համեմատության համար նշենք, որ 2000 թվականին, որը պայմանականորեն համարում ենք Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության վիճակագրության համար ստարտային տարի, Հայաստանում գործում էին 3-4 հյուրանոց`  բոլորը Երևան քաղաքում: Այդ ժամանակ զբոսաշրջային տներ, որպես այդպիսիք, չեն եղել: 

Բացի նշված օբյեկտներից,   Հայաստանում (հիմնականում՝ մարզերում և գյուղական համայնքներում)   գործում է ավելի քան 200 զբոսաշրջային տուն (B&B): 

Այսօր   Ծաղկաձորում գործում է 37 հյուրանոց, Դիլիջանում՝15,  Աղվերանում՝ 9, Ջերմուկում՝17, Սևանում՝42: 

Հայաստան ժամանած միջազգային զբոսաշրջիկների  միայն 12-17%-ն է հանգրվանել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում 

Չնայած պահանջարկին և հյուրանոցների թվի աճին՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը շարունակում է օգտվել ոչ թե հյուրանոցային օբյեկտներից, այլ՝ հանգրվանում է հարազատ-բարեկամների տանը, կամ անհատների կողմից վարձով տրվող բնակարաններում։ Ի դեպ, այդ բնակարանները սովորաբար օրավարձով են տրվում, և տան տերը մեկ շաբաթում զբոսշրջիկից կարող է ավելի շատ գումար ստանալ, քան եթե բնակարանը ամսավարձով տրամադրի որևէ հայաստանաբնակի։ Նաև նկատենք, որ Հայաստան ժամանող միջազգային զբոսաշրջիկների մի մասը հենց հայեր են, որոնք ապրում են արտասահմանում։ 

Ազգային վիճակագրական ծառայության ամենաթարմ տվյալներով՝  2015-ի երրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել ավելի քան 443 հազ. զբոսաշրջիկ։ Հետաքրքիր է, որ նշված զբոսարջիկներից միայն 55,4 հազարն է հանգրվանել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, այսինքն՝ ընդհանուր ժամանածների 12,5%-ը (2015-ի առաջին կիսամյակում՝ մոտ 12%-ը, երկրորդում՝ ավելի քան  17%-ը, իսկ 2014-ի առաջին եռամսյակում՝ մոտ  10%-ը, երկրորդում՝ մոտ 20%-ը, երրորդում՝ մոտ 11%-ը)։  Իսկ մնացածը տեղավորվել են հարազատ-բարեկամների տանը կամ վարձակալած տներում։ Նշված ժամանակահատվածում Հայաստանի հյուրանոցներից 57-ն են ընդունել միջազգային զբոսաշրջիկներ։ ԱՎԾ-ից նաև տեղեկանում ենք, որ ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների՝ 2015-ի երրորդ եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 19,2%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 28,8%-ը` ԵՄ երկրներին և 52%-ը` այլ երկրներին: 

Փաստացի, Հայաստանի հյուրանոցներից օգտվող զբոսաշրջիկների գերակշռող մասը ներքին զբոսաշրջիկներն են (ՀՀ ռեզիդենտներ): «Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության` ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն` որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպա- տակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելած վայրում»,- բացատրում է ԱՎԾ-ն:  2015թ. հունվար-սեպտեմբերին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 781 հազ. 714 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 0,4%-ով: Նրանցից  69,2%-ը հյուրանոցներում հանգստացել է,  17,6%-ը գործնական նպատներով է հանգրվանել, 7,8 %-ը՝ բուժման և 5,4%-ն՝ այլ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter