HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գնում եմ ընտրությունների, զանգել են ասել շուտ արի, 15 հազար դրամ փող տեն տալ»

Երեկ՝ հունվարի 24-ին, վաղ առավոտյան, ժամը 9-ի սահմաններում գյուղապետի ընտրությունների համար Մղարթ մեկնելիս՝ ճանապարհի Մղարթի  խաչմերուկում առատ  ձյան տակ կանգնած էր մի տղամարդ: Տաքսու վարորդին խնդրեցի վերցնել ճամփորդին՝մեզ հետ Մղարթ տանելու համար: Ողևորը մղարթցի Արթուր Բաբաջանյանն էր, գյուղ էր   շտապում գյուղապետ ընտրելու համար: Նկատեցի, որ Արթուրն չափից դուրս միամիտ լոռեցիներից է։

«Հա, գնում եմ ընտրությունների, զանգել են ասել շուտ արի, 15 հազար դրամ փող տեն տալ: Դպրոցի կշտին, փոստի վարիչն էդտեղ ա: Էսօր ընտրելու վախտն ա: Հենայ, սաղ թոփելած են դպրոցի կշտին: Ինձ ասել են կգնաս փոստի վարիչ Վարդուհին փողը կտա»,-մատով դեպի հեռվում երևացող Մղարթի դպրոցի շենքը ցույց տալով՝ ասաց  Արթուրը:  Ինձ հետաքրքրեց  փողը վերցնելուց  հետո Արթուրը  գիտի՞ իր անելիքը։ «Պասպորտս տալ տեմ, պեչատիլ տեն, հետս մարդ տի մտնիլ, տենալտեն, որ ես ընտրեցի ու դուրս եկա»,- ասաց զվարճալի զրուցակիցս:

Մղարթի 32/62 ընտրատեղամասը տեղավորված էր գյուղի հանրակրթական դպրոցի շենքում: Երբ տաքսին կանգնեց դպրոցի մոտ, Արթուրը հրաժեշտ տվեց մեզ. «Այ, դուք ապրեք, ես Ձեզանի շատ շնորհակալ եմ»,- ասաց  նա:  «Հիմա գնում ես 15 հազար դրամը վերցնես, էլի»,-  հարցրի ավտոմեքենայից իջնող Արթուրին: «Բա, թողամ ուրիշը վեր ունի՞։ Որ ուրիշը փողը վեր ունի, ինձ որդիան կհասնի: Ամեն մարդ իրեն ընտրությունն ունի, ես Երվանդի մորը՝ Արմինեին եմ ընտրելու»,- պատասխանեց  Արթուրը և շտապեց տուն՝ անձնագիրը վերցնելու: Մղարթի փոստի դուռը փակ էր: Փոստը տեղավորված էր երկհարկանի բնակելի շենքի 1-ին հարկում: Թե դպրոցի շրջակայքի որ բնակարանից էր Արթուր Բաբաջանյանը վերցնելու իրեն խոստացած  15 հազար  դրամը, տեղացող առատ ձյան պատճառով մեզ չհաջողվեց պարզել: Սպասում էի Արթուրի  ընտրատեղամաս գալուն: Սակայն նրան ընտրության էին բերել մի քանի րոպեով տեղամասից իմ բացակայելու ընթացքում: Տեղամասային հանձնաժողովի նախագահ Գեղեցիկ Մամաջանյանն ասաց, որ Արթուրին տեղամաս է ուղեկցել և հանձնաժողովի թույլտվությամբ քվեախցիկում նրա փոխարեն ընտրել է մղարթցի Գարիկը: Քվեախցիկում մոր օգնությամբ ընտրեց  նաև  Արթուրի քույրը՝ Լուսո Բաբաջանյանը:  Հանձնաժողովի նախագահն ասաց, որ Լուսոն տառերը չգիտի: Լուսոն էլ մեզ բացատրեց, որ 8 տարի դասի է գնացել. «Տառերը գիտեմ, բայց ես չեմ կարողանում ընտրեմ: Էդ ընտրությունի ձևը չեմ կարում: Եթե  թեկնածուի ազգանունն էլ ասում են, ես չեմ կարողանում ընտրել»,-բացատրեց  Լուսոն:  

Ընդհանրապես ընտրություններին գյուղի տարեցները ընտրատեղամաս էին մտնում նույն երիտասարդների ուղեկցությամբ, ովքեր էլ քվեախցիկում ընտրում էին նրանց փոխարեն: Որոշ տարեցներ  պատճառաբանում էին, թե իրենց ակնոցները մոռացել են, սակայն ակնոց առաջարկելիս  հրաժարվում էին օգտվել դրանցից:

 Երեկ Մղարթում գյուղապետի  ընտրությունը կայացավ  թեկնածու, նախկին գյուղապետի այրի Արմինե Մամաջանյանի դիրքային մեծ առավելությամբ: Նրա մրցակից  Հրաչյա  Սուքիասյանը օրվա ընտրական խաղում չկար:  ՀՀ ընտրական օրենսգրքի 143 հոդվածի  6-րդ կետով  համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե ընտրական օրենսգրքով  թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով  թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից: Ընտրական օրենսգրքի 143 հոդվածը պատճառ էր հանդիսացել Հրաչյա Սուքիասյանի  գյուղապետի ձևական թեկնածու  առաջադրվելու համար: Այդ մասին խոսում էին նաև ընտրատեղամաս եկած ընտրողների մեծ մասը: Մարզպետի հովանավորությունը վայելող գյուղապետի թեկնածու Արմինե Մամաջանյանն էլ ընտրության օրվա իր գործողություններում հեռուն էր գնացել:  Նա  ընտրատեղամասում Հրաչյա Սուքիասյանի վստահված անձ էր նշանակել եղբորը՝ Սոսո Մամաջանյանին և Բաբկեն Մոսինյանին:

Հրաչյա Սարգսյան Սոսո Մամաջանյան

Ընտրատեղամասի տարածքում Սոսո Մամաջանյանն ուղղորդում էր ընտրողներին, քրոջը՝ Արմինե Մամաջանյանին ընտրելու համար:  Օրվա կեսին ընտրելու նպատակով  ընտրատեղամաս  եկած  Հրաչյա  Սուքիասյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ովքեր են տեղամասային հանձնաժողով ներկայացել որպես իր վստահված անձ. «Չգիտեմ: Ես անձամբ հանձնաժողով վստահված անձ չեմ ուղարկել»,- ասաց նա: «Ինչու քվեաթերթիկում չկա բոլորին դեմ եմ տողը: Ես ինչ որ պետք է արել եմ, բայց նաև ման եմ եկել  այդ տողին»,- հարցրեց ընտրող  Էլիչկա Մոսինյանը:  Վերջինս նույնպես պնդեց, որ Հ. Սուքիասյանը գյուղապետի ձևական թեկնածու է:  Օրվա վերջում  իր ընտանիքով ընտրատեղամաս եկավ  նաև գյուղապետի թեկնածու Արմինե  Մամաջանյանը: Ընտրելու պահին, երբ փորձում էինք  լուսանկարել թեկնածուին, նրա սկեսուրը գոռաց. «Դենը տար ապառատդ»:  Արմինե Մամաջանյանն էլ մեջքով շրջվեց դեպի ինձ և այդ դիրքով էլ հեռացավ ընտրատեղամասից:  Ընտրելու համար ընտրատեղամաս եկած փոստի վարիչ Վարդուհին էլ  ասաց, որ փող բաժանելու մասին հաղորդած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Վարսիկ Պապյանը գյուղամիջում մեզ հետ զրուցելիս լավատես չէր Մղարթի ապագայի նկատմամբ։ «Մինչև հիմա ինչ եղել է, նույնը կլինի, կարող է ավելի վատ էլ լինի: Եղունգ ունենք գլուխներուս քորենք:  Գյուղապետարանում ով ուզում է նստած լինի, ինձ համար տարբերություն չկա:  Գյուղում թեկնածուներ շատ կան, բայց դե ով կարա ասի, իրենց ձեռքին ա, ով ոնց ցանկանում է , անում է»,- ասաց Վարսիկը: «Մեր գյուղը հոգսառատ է, ջուր չկա, հատկապես: Ամբողջ տարին ձեռքով ջուր ենք կրում, կուզենանք, որ ամենաառաջինը մեր գյուղը ջրով ապահովված լինի, որ կանայք ընդհանրապես ջուր չկրեն, իրենց տանը ջուրը լինի: Վատ բան չեմ ասում: Եկել եմ Արմինե Մամաջանյանին ընտրել և  հույսով եմ, որ քաղաքի պես ջուր կունենանք»,-ասաց մի երիտասարդ կին։ Նա սակայն, հրաժարվեց հայտնել իր անունը: Ժամը 20:00-ին փակվեց  ընտրատեղամասը: Հանձնաժողովը  արձանագրեց, որ Մղարթի 358 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 217 ընտրողներ:  Հրաչյա  Սուքիասյանի օգտին  քվեարկել են 8 ընտրողներ: Արմինե Մամաջանյանին կողմ էին քվեարկել 174 ընտրողներ:  Ընտրության 35 քվեաթերթիկներ հանձնաժողովի կողմից   ճանաչվեց անվավեր:  Դրանցից  34 քվեաթերթիկներում ընտրողներ խաչ էին քաշել երկու թեկնածուների  վրա: Ընտրության արդյունքերով  Մղարթի գյուղապետ ընտրվեց Արմինե Մամաջանյանը:  

Մեկնաբանություններ (3)

Անահիտ
Էս հոդվածում համարյա ամեն ինչ սխալ էր,սկսած ընտրատեղամասի անունից վերջացրած Սոս Մամաջանյանի անունից
Լարիսա Փարեմուզյան
Լոռու մարզի Մղարթ գյուղի ընտրատեղամասը մտնում է թիվ 32 ընտրատարածքի մեջ: Մղարթի ընտրատեղամասի դռան վրա համայնքապետի ընտրության օրը, հունվարի 24-ին փակցված էր < Ընտրական տեղամաս 32/62>, որն էլ մենք լուսանկարել ենք: Մղարթի համայնքապետի ընտրության քվեարկության արդյունքների մասին հանձնաժողովի նախագահ Գեղեցիկ Մամաջանյանի ստորագրությամբ մեզ տրված արձանագրության օրինակի մեջ ընտրատարածքի թիվը նշված է ՝ 31/01: Քաջատեղյակ լինելով , որ Մղարթի ընտրատեղամասը մտնում է ոչ թե թիվ 31, այլ 32 ընտրատարածքի մեջ, մենք հոդվածի մեջ օգտագործել ենք հունվարի 24-ին ընտրատեղամասի դռան վրա փակցված 32/62 թիվը: Այստեղ որևէ անճշտության համար Ձեր հարցեր պետք է ուղղեք տեղամասային հանձնաժողովի նախագահին: Ինչ վերաբերում է Սոս կամ Սոսո անվանը կարծում ենք դա էական ազդեցություն չի թողնում հոդվածում նշված փաստի վրա:
Մեհրաբ
Գրածը լավն ա, բայց պարզ չելավ էտ տղի փողը տվել են թե չէ: Լավ կլի փող տալը օրենքով աշկարա անեն, ով շատ տա ընտրվի: Գեղերի վրա թող փորձեն ու կամանց վերէվ գնան, համ ժաղովրթին օգութ կլի համ էլ կլաուզը կպրծնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter