HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շրջակա միջավայրը չաղտոտելու հորդորներ պարունակող վահանակների տեղադրման առաջարկ՝ Ախուրյան համայնքում

Ախուրյան համայնքի 2016թ. բյուջեի հանրային քննարկումը, համեմատած Գյումրու բյուջեի հանրային քննարկման հետ, մարդաշատ էր: Ախուրյանում մասնակիցների մեծ թիվը պայմանավորված էր համայնքի ենթակայության տակ գործող ՀՈԱԿ-ների աշխատակիցների մասնակցությամբ՝ տնօրենների գլխավորությամբ, բնակիչների շահագրգռվածությունն այստեղ եւս նվազագույն էր: Ավագանու 11 անդամներից քննարկմանը մասնակցում էին 9-ը: Համայնքների ֆինանսիստների միավորման ֆինանսական կառավարման փորձագետ Վահրամ Շահբազյանն եւս ներկա էր Ախուրյանում հունվարի 20-ին կազմակերպված համայնքային բյուջեի հանրային քննարկմանը:

Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը ներկաներին հակիրճ նեկայացրեց 2015թ-ի ընթացքում կատարված աշխատանքները՝ նշելով, որ համայնքը տարին փակել է բյուջեի 102 տոկոս կատարողականով: «Հետքը» մասնակցել էր համայնքապետի տարեվերջին հրավիրած մամլո ասուլիսին եւ անդրադարձել համայնքում իրականացված ծրագրերին, որոնց մի մասի շարունակությունն անկնկալվում է այս տարի:

Ինչպես նշեց բանախոսը, բյուջեի մոտ 70 տոկոսը հիմնականում ուղղվում է համայնքային ենթակայության տակ գործող կազմակերպություների աշխատակիցների աշխատավարձերին եւ տվյալ կառույցների պահպանման ծախսերին: Ծրագրերի իրականացման համար առանձնացվող գումարները մեծ չեն, եւ համայնքապետարանը գերադասում է մասնակցել ներդրումային ծրագրերի:

«29 մլն դրամն 2016թ.  ուղղվելու է ճանապարհաշինությանը, կրթության ոլորտին հատկացվել է 9 մլն դրամ, 2  մլն դրամ նախատեսված է բակային խաղերի տեղադրման համար, 5 մլն դրամը բյուջեում առանձնացված է սոցիալական աջակցության համար, 12 մլն դրամ 3 բազմահարկ շենքի կտուրների նորոգման համար, 24 մլն 783 հազար դրամ պահուստային ֆոնդ ունենք, որի հաշվին կարող ենք մասնակցել ներդրումային ծրագրերին, անգամ եթե պահանջվի մինչեւ 30 տոկոս ներդրում: Կարեւորը, որ վերջին տարիներին պարտքեր չենք կուտակում, չունենք աշխատավարձի պարտք»,-նշեց Արծրուն Իգիթյանը:

 akhuryan.am կայքում տեղադրվելու է այս տարվա բյուջեի ծրագիրը, որպեսզի բնակիչները կարողանան ծանոթանալ եւ անել իրենց առաջարկները՝ հավաստիացրեց Արծրուն Իգիթյանը: Քննարկման մասնակիցներից առաջարկով հանդես եկան ընդամենը երեք հոգի: Ախուրյանի ավագանու անդամ Արա Մուշեղյանին նախ հետաքրքրեց, թե բյուջեում որքան գումար է նախատեսված էկոհամակարգի բարելավմանն ուղղված ծրագերի համար: Գումարի չափը մեծ չէր՝ ընդամենը 600 հազար դրամ, որը համայնքապետի խոսքով հիմնականում նախատեսված է ծառատունկ եւ ծառերի սանիտարական էտ իրականացնելու համար:

Ավագանու անդամն առաջարկեց մեծացնել բյուջեն եւ մտածել Ախուրյանից Նոր Ախուրյան տանող ճանապարհի երկարությամբ անտառաշերտ ստեղծելու մասին: Արծրուն Իգիթյանի համոզմամբ ծախսատար եւ աշխատատար այդ գործընթացն բյուջեից շատ ավելի մեծ գումարներ է պահանջելու, բացի դրանից իրենք դեռ չունեն ռեսուրսներ տնկիների հետագա խնամքի ու պահպանման համար:

«Ժամանակին այդ հատվածում 10 հազար շիվ տնկեցինք, բայց ընդամենը մի տասնյակի չափ պահպանվեց, որովհետեւ մարդիկ անխնամ վերաբերվեցին, անասունները կերան կամ ուղղակի կպչողականություն չապահովվեց: Հիմա ճիշտն ասած ավելի հրատապ խնդիրներ կան, ասենք փողոցաշինությունը եւ առավել հակված ենք գումարներն ուղղել այդտեղ»:

Արվեստի դպրոցի ուսուցչուհիներից մեկն առաջարկեց թիվ 1 դպրոց, գրադարան եւ Արվեստի դպրոց տանող ճանապարհին գիշերային լուսավորության 2-3 կետ ավելացնել: Գրադարանի տնօրենը պարզվեց ոչ թե առաջարկ, այլ խնդրանք ուներ, որ վերաբերում էր գրադարանի հին պատուհանները նորով փոխարինելուն: Առաջարկություններ հնչեցին Ախուրյանի գլխավոր ճանապարհին տեղադրված աղբամանները տեղափոխել առավել մեկուսի վայր, վերականգնել Ջրաշինարարների փողոցի սկզբնամասում գտնվող հանգստի գոտին, փողոցներում տեղադրել շրջակա միջավայրը չաղտոտելու հորդորներ պարունակող վահանակներ: Հնչած բոլոր առաջարկները գրառվեցին՝ առաջիկա ավագանու նիստում քննարկելու համար:

Համայնքի ղեկավարը նկատեց, որ աղբահանություն առավել էֆեկտիվ դարձնելու նպատակով մտադիր են երկրորդ աղբահան մեքենան ձեռք բերել եւ իրականացնել որոշ թաղամասերում շրջիկ աղբահանություն: Մինչեւ տարվա վերջ, ի ուրախություն ախուրյանցիների, լուծում կստանա նաեւ 104 անօթեւան ընտանիքներին  բնակարանով ապահովելու խնդիրը: «Բյուջեում գումարն արդեն հաստատել են՝ 790 մլն դրամ, երեք կիսակառույց շենքերն ընդունելու եմ համայնքի հաշվեկշիռ, որ մարզպետարանը կարողանա շինկազմակերպության մրցույթ հայտարարի, դե իսկ էն  33 ընտանիքին էլ կտրամադրվի սերտիֆիկատ»,-տեղեկացրեց Արծրուն Իգիթյանը:

Համայնքների ֆինանսիստների միավորման ֆինանսական կառավարման փորձագետ Վահրամ Շահբազյանը վերջում ամփոփեց քննարկումն ու հայտնեց իր տպավորությունները: Վերջինս անդրադառնալով համայնքի բյուջեում եղած խնայողություններին՝ նշեց, որ  51 մլն դրամը դա լուրջ թիվ է, օրինակ Ազատանում կարողացել են խնայել 20 մլն դրամ, իսկ Մարալիկում խոսք չի կարող լինել անգամ մեկ լումա հետ գցելու մասին: Պարոն Շահբազյանին դուր էին եկել հնչած առաջարկություններից մի քանիսը եւ նա հույս հայտնեց, որ դրանց մի մասն այս տարի համայնքը կիրականացնի: Վահարամ Շահբազյանը նշեց, որ իրենք փոքր դրամաշնորհներով իրականացվող ծրագրերի ամենամյա մրցույթ են հայտարարում, այնպես որ ախուրյանցի ակտիվ բնակիչները համայնքապետարանի հետ համատեղ կարող են իրականություն դարձնել առաջարկված նախագծերը:

Հ.Գ.-Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի նշած պաշտոնական կայքն ուսումնասիրելիս չգտանք այս տարվա բյուջեի նախագիծը: «Համայնքի բյուջե» վերտառության տակ վերջին թարմացումն արված էր 2012թ.-ին, այսինքն կայքում բացակայում են վերջին երեք տարվա բյուջեների նախագծերը: Ինչ վերաբերում է այս տարվա հունվարին կայանալիք հանրային քննարկմանը, ապա կայքում անցած տարվա դեկտեմբերին ընդամենը բնակիչներին ուղղված համագործակության հրավեր կա տեղադրված, որով իրազեկվում է բյուջեի հանրային քննարկման մասին՝ առանց կոնկրետ օր նշելու: Համայնքի պաշտոնական կայքում ավագանու նիստերի եւ որոշումների վերաբերյալ թարմացումները սահմանափակվում են 2014թ-ի հունվարի 1-ով: Բայց սա արդեն բոլորովին այլ ուսումնասիրության թեմա է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter