HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վրացական ներդրումները մտնում են Հայաստան

Հայաստանում վրացական կապիտալով ընկերություն ստեղծելու մասին լուրերը շրջում էին դեռ անցյալ տարեվերջից: Հայ ավիատորների շրջանում խոսում էին, որ վրացական «Georgian Airways»-ը (նախկին «Airzena») պատրաստվում է մտնել մեր շուկա: Դրա համար երկու ճանապարհ կար. կամ այդ ընկերությունը (դրա սեփականատերերը) ՀՀ-ում պիտի նոր ավիաընկերություն հիմներ, կամ պիտի հենց «Georgian Airways»-ը Հայաստանից այլ երկրներ թռչելու իրավունք ունենար, ինչն այլ կերպ կոչվում է 5-րդ ազատության իրավունք:

Առայժմ մենք Վրաստանի հետ չունենք փոխադարձ տրամադրվող այդ իրավունքը: Երկու երկրների միջեւ ներկայում գործում է 2008-ին ստորագրված միջկառավարական համաձայնագիրը օդային հաղորդակցությունների մասին, որով սահմանվում է հետեւյալը. «Երթեւեկության 5-րդ ազատության իրավունքի իրագործումը ենթակա է պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հատուկ համաձայնությանը»:

«Georgian Airways»-ը գնացել է մյուս ճանապարհով. ինչպես հունվարի 20-ին հայտնել է վրացական «Կոմերսանտ» պարբերականը, Թամազ Գաիաշվիլին եւ Ռոբերտ Օգանեսյանը նոր ավիաընկերություն են հիմնել Հայաստանում: Գաիաշվիլին «Georgian Airways»-ի նախկին հիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահն է: Նրա ու «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի սերտ հարաբերությունների մասին գրել ենք: Հավանական է, որ Բաղդասարովի՝ «Georgian Airways»-ում պաշտոն ստանձնելու առաջարկի մասին լուրերը հենց այս նորաստեղծ ընկերության հետ կապ ունեն, այլ ոչ թե վրացականի: Վրաստանի մեր գործընկերների միջոցով այդ երկրի հանրային ռեգիստրից ստացել ենք «Georgian Airways» ՍՊԸ-ի պաշտոնական տվյալները հունվարի 15-ի դրությամբ: Ընկերության գլխավոր տնօրենը ներկա պահին Գիվի Դավիթաշվիլին է, իսկ նրա առաջին տեղակալը՝ Ռոբերտ Օգանեսյանը: Վրացական ավիափոխադրողի 80 տոկոսի փայատերը Դավիթ Գաիաշվիլին է, իսկ մնացած 20 տոկոսը պատկանում է «Georgian Air Service» ՍՊԸ-ին:

ՀՀ-ում ստեղծված ընկերությունը կոչվում է «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ: Հիմնադրվել է 2015-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանի եւ Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Օգանեսյանի կողմից: Վերջինս նաեւ «Արմենիայի» տնօրենն է: Ավիաընկերությունը գրանցված է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ճառագայթային փողոցում: Կանոնադրական կապիտալը 200.000 դրամ է: Աշոտ Թորոսյանը Գյումրու գրանցում ունի, իսկ Օգանեսյանը՝ Թբիլիսիի: Հունվարի 15-ին նորաստեղծ ընկերության հիմնադիրների կազմում ավելացել է թբիլիսցի Թամազ Գաիաշվիլին: Այսինքն՝ սա միանշանակ վրացական կապիտալով ընկերություն է:

Ընթերցողը գուցե հարցնի, թե այդ դեպքում ինչու է ՍՊԸ-ի 51 տոկոսը պատկանում հայաստանցի Աշոտ Թորոսյանին: Բացատրենք. «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով՝ մեր երկրում օդանավ շահագործողի վկայական կարող են ստանալ այն իրավաբանական անձինք, որոնց բաժնեմասերի առնվազն 51 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ քաղաքացիներին կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց: Իսկ օդանավ շահագործողի վկայականը (ՕՇՎ), որը տրամադրում է քաղավիացիայի գլխավոր վարչությունը, այն հիմնարար փաստաթուղթն է, առանց որի ընկերությունը չի կարող ստանալ օդային փոխադրումներ իրականացնելու հավաստագիր, որն իր հերթին տալիս է էկոնոմիկայի նախարարությունը: Այսինքն՝ պահպանվել է օրենքի դրույթը:

ՀՀ ՔԱԳՎ-ի կայքի օդանավ շահագործողների բաժնում «Արմենիայի» անունն առայժմ չկա, ինչից կարելի է հետեւություն անել, որ այն դեռ վկայական չի ստացել:

«Կոմերսանտի» տեղեկացմամբ՝ «Արմենիան» շահագործելու է «Georgian Airways»-ի ինքնաթիռները: Իր հերթին sputnikarmenia-ն, հղում անելով Ռ. Օգանեսյանին, նշել է, որ ընկերությունում աշխատելու է 350 հոգի, որոնցից մի քանիսը կլինեն վրացական օպերատորի աշխատակիցներ: Այնինչ «Կոմերսանտը» գրել էր, թե անձնակազմի մեծ մասը հենց «Georgian Airways»-ից է լինելու: «Այս պահին դեռ ընտրում ենք աշխատակիցներին, տեխնիկական որոշ հարցեր ենք լուծում՝ թռիչքներ իրականացնելու արտոնագիր ստանալու համար։ Աշխատակիցներին ընտրելու առանցքային պահանջն այն է, որ նրանք համապատասխանեն եվրոպական չափանիշներին»,- ասել է նորաստեղծ ավիաընկերության հայ տնօրենը:

Հարց է ծագում. ինչու՞ է վրացիներին հետաքրքրել հայկական ավիաշուկան: Բանն այն է, որ «Georgian Airways»-ը 2014-ից խնդիրների առաջ է կանգնել իր երկրում, ինչի մասին գրել ենք նախորդ հրապարակման մեջ: Վրացական իշխանությունները 2014-ին ռուսական 13 ավիաօպերատորի դեպի Թբիլիսի թռչելու թույլտվություն էին տվել, ինչի արդյունքում սկսել էր առաջին հերթին տուժել «Georgian Airways»-ը: Վերջինս 2011-2014 թթ. ռուսական «Սիբիրի» հետ չարտերային թռիչքներով իրար էր կապում 2008-ի օգոստոսին պատերազմած երկու երկրները: Երբ ռուսական հզոր ընկերությունները սկսել էին գրավել, մասնավորապես, Մոսկվա-Թբիլիսի ուղեգիծը, Թամազ Գաիաշվիլին 2014-ի վերջին ու նախորդ տարվա սկզբին սպառնացել էր ընդհանրապես դադարեցնել այդ չվերթի շահագործումը: Չնայած «Georgian Airways»-ը կարողացել էր հասնել նրան, որ թռիչքների քանակի պարիտետ սահմանվի, ՌԴ ավիաիշխանությունները հետո խնդրել էին ավելացնել օրական հաճախականությունների թիվը, ինչը կրկին զայրացրել էր Գաիաշվիլուն, ով ասել էր, որ ռուսների կողմից դեպի Թբիլիսի օրական 6 չվերթ իրականացնելու ցանկությունն անհասկանալի է:

Վրացական «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ «Georgian Airways»-ը դադարեցրել է թռիչքները դեպի Վիեննա, Փարիզ, Ամստերդամ, Սամարա, փոխարենը թռչում է Մոսկվա ու Թել Ավիվ: Այդուհանդերձ, ընկերության կայքում հիմա էլ կարելի է Վիեննայի ու Ամստերդամի տոմսեր ամրագրել:

Վրացական օպերատորի նախկին գլխավոր տնօրեն Իասե Զաուտաշվիլին «Կոմերսանտին» ասել է, թե չի բացառվում ընկերության կողմից վրացական շուկան լքելը, քանզի վտանգ կա, որ ռուսական փոխադրողներն ամբողջությամբ կգրավեն այն: Հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում դեպի Հայաստան «շարժը»: Մյուս կողմից՝ Զաուտաշվիլին խոսել է հայկական ավիացիայում կոռուպցիայի ու նույն ռուսների, մասնավորապես, «Աէրոֆլոտի» ու նրա դուստր ընկերությունների առկայության մասին, որոնց հետ մրցակցությանը չեն դիմացել «Էյր Արմենիան» ու «Արմավիան»:

Ռոբերտ Օգանեսյանը sputnikarmenia-ին ասել է, որ ընկերությունն իր առաջին չվերթն իրականացնելու է «Boeing 737-700 NG» ինքնաթիռով, սակայն ուղղությունը դեռ հայտնի չէ: Ըստ aerotransport.org-ի՝ այս պահին «Georgian Airways»-ը 2 հատ «Boeing 737-700 NG» ունի, 1 հատ «Boeing 737-500», ինչպես նաեւ «Bombardier» ընկերության 1-ական «CRJ 100LR», «CRJ 200LR» եւ «Challenger 850»: Բացի դրանից՝ պլանավորված է «Embraer» ընկերության 1 հատ «ERJ-170»-ի ձեռքբերում:

Նշենք նաեւ, որ «Ավիակոմպանիա Արմենիայի» գրանցումը այս ժամանակահատվածում պատահական չէ: Ամառային աերոնավիգացիոն սեզոնը բացվում է մարտի վերջին, իսկ կառավարության սահմանած կարգի համաձայն՝ կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնելու հայտը պիտի էկոնոմիկայի նախարարությանը ներկայացվի օդուղիների շահագործումն սկսելուց նվազագույնը 20 օր եւ առավելագույնը 30 օր առաջ, այսինքն՝ ամենաշուտը փետրվարին: Իսկ մինչ այդ, ինչպես նշեցինք, ընկերությունը դեռ պետք է օդանավ շահագործողի վկայական ստանա:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter