HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթեւի համայնքապետը հավակնում է խոշորացված 8 համայնքների ղեկավարի պաշտոնին

Խոշորացման հանրաքվեի արդյունքներով միավորված Սյունիքի մարզի 8 համայնքները՝ Հալիձոր, Տանձատափ, Քաշունի, Շինուհայր, Խոտ, Հարժիս, Տաթեւ, Սվարանց, փետրվարի 14-ին կընտրեն «Տաթեւ» անվանմամբ համայնքի ղեկավարին: «Տաթեւ» համայնքի ղեկավարի համար առաջադրվել է երեք թեկնածու` անկուսակցականներ Իգոր Աբրահամյանը, Վարշամ Բագրատյանը եւ ՀՀԿ անդամ, նախին Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:

Մրցակիցների ցանկում չեն Խոտ, Հալիձոր, Շինուհայր համայնքների նախկին ղեկավարները, որոնց անունները մինչեւ այժմ շրջանառվում էին որպես ամենահավանական թեկնածուներ:

Այն փաստարկները, որ Շինուհայրը ոչ միայն միավորված համայնքի նստավայր է դարձել, այլեւ ամենամեծ թվով ընտրողներն ունի, ըստ Շինուհայրի համայնքապետ Սմբատ Երեմյանի, բավարար պայման չէին, որ իր թեկնածությունն առաջադրեր: «Որոշում եմ կայացրել եւ վերջ, պատճառներն անձնական են»,- նշում է նա: Ս· Երեմյանը հայտնեց, որ ինքը միայն մեկ ձայն ունի քվեարկելու համար եւ չի պատրաստվում առաջադրված թեկնածուներից որեւէ մեկի օգտին քարոզչություն անել: Նաեւ բացառում է, որ կարող է ընդգրկվել ձեւավորված համայնքային իշխանության կազմում:

Հալիձորի համայնքի նախկին ղեկավար Մարատ Գերասիմյանը չի մեկնաբանում չառաջադրվելու մասին իր որոշումը: Ինչպես նաեւ նշում է, որ չի կարող գնահատել թեկնածուների հնարավորությունները, ասելով, թե քարոզչությունը դեռեւս չի սկսվել` «Ժամանակը ցույց կտա»:

Խոտի համայնքապետ Մարտիրոս Գրիգորյանը չի թաքցնում, որ չառաջադրվելու որոշմանը նպաստել են նաեւ արտաքին ազդակները, ասելով, թե` «դե էդպես ստացվեց»: Նրա խոսքով՝ դեռեւս վաղ է խոսել ընտրություններից հետո Տաթեւ համայնքի ներկայացուցչի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին, քանի որ, ըստ նրա, հնարավոր են նոր անակնկալներ:

Համայնքի ղեկավարի համար իր թեկնածությունն առաջադրելը, Տաթեւ համայնքի նախկին ղեկավարի ասելով՝ պայմանավորված է Հանրապետական կուսակցության որոշումով: «Գուցե դժվար է թվում միաժամանակ 8 համայնք կառավարելը, բայց ես քաջատեղյակ եմ միավորված համայնքների բոլոր խնդիրներին եւ համոզված եմ, որ կկարողանամ դրանց լուծման համար հնարավորություններ գտնել»,- ասում է Մուրադ Սիմոնյանը: Իր կարծիքով, արդյոք, ինքն ամենաարժանավո՞ր թեկնածուն էր հավակնորդների ցանկում, մեր հարցին նա պատասխանում է· «Ամեն դեպքում որոշումը Հանրապետականն է կայացրել»: Նրա ասելով՝ էական չէ, կաջակցե՞ն իրեն նախկին գործընկերներն ընտրությունների ընթացքում, թե՞ ոչ, որովհետեւ պատրաստվում է օրենքով սահմանված ժամկետներում քարոզարշավ իրականացնել բոլոր 8 համայնքներում:

Ընտրողների հետ հանդիպումներ է նախատեսում նաեւ Տաթեւ համայնքի ղեկավարի մյուս թեկնածուն` Շինուհայր գյուղի բնակիչ Վարշամ Բագրատյանը, որը 1999 թվականին առաջադրվել էր որպես Շինուհայր համայնքի ղեկավարի թեկնածու եւ պարտություն կրել 28 ձայնով: «Թիթիզ չեմ, որ շտաբ բացեմ, բուկլետ-բան տպեմ, իմ ընկերներով հավաքվում ենք մեր տանը, եւ արդեն հաշվարկել եմ, թե որքան է ծախսվելու հանդիպումների, ճանապարհածախսի, մի կտոր հաց ուտելու համար»,- ասում է նա: Թեկնածուի կարծիքով՝ ինքը պակաս հնարավորություններ չունի, քան մյուս թեկնածուները, ուստի որեւէ պարագայում իր թեկնածությունը չի հանի: «Եթե գիտենամ, որ ընդամենը մեկ ձայն ունեմ, միեւնույնն է, ընտրապայքարը շարունակելու եմ»,- նշում է Վարշամը:

Մյուս թեկնածուն` Իգոր Աբրահամյանը, նախկինում զիվորական է եղել: Նա ասում է, որ առաջադրվել է համագյուղացիների խնդրանքով, բայց ընտրական գործընթացը ցույց կտա, կշարունակի՞ ընտրապայքարը, թե` ոչ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter