HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեռնելուց գոնե իրար հետ լինենք»,- ասում է կիսաքանդ հանրակացարանի բնակչուհին

Մարինե Մարտիրոսյան, Նարեկ Ալեքսանյան

16-ամյա Անյայի կապույտ աչքերում ուրվագծվում են նուրբ կարմիր գծեր, երբ սկսում ենք խոսել երազանքներից: «Ամենամեծ երազանքս երևի էն կլինի, որ էստեղից դուրս գամ»,- սա ասելուց հետո ձեռքերով փակում է դեմքն ու արագորեն դուրս գալիս պատշգամբ: Հայրը՝ Բորիս Բաբայանը, նայում է աղջկա հետևից ու հարցնում, թե «աղջիկս, ինչի՞ ես լաց լինում»: Պատասխանն այդպես էլ չի հնչում:

Վառարանի տաքությունը տարածվել է հանրակացարանի սենյակում: Մենք գտնվում ենք Լեռնագոգի «Լոս Անջելեսում»: Այդպես են հանրակացարանի բնակիչներն անվանում իրենց շենքի տեղը: Այն քարերով լցված ձորով բաժանվում է բնակելի ավանից: Եվ երբ ինչ-որ բան են ուզում պատմել գյուղի մասին, շեշտում են՝ ավանում ապրողները:

Ապրում են «աշխարհից կտրված» մի տեղում, որտեղ ամռանն իրենց հիշում են օձերը, կարիճներն ու մորմերը, իսկ ձմռանը՝ աղվեսները, գայլերն ու անօթևան շները: «Լոս Անջելեսում» երկու շենք կա՝ նախկին ուսումնարանի և ուսանողական հանրակացարանի ներկա շենքը: Ուսումնարանը խորհրդային տարիներից չի գործում, փոխարենը՝ փոշոտ ապակիներին ինչ-որ մեկը գրել է. «Ես սիրում եմ իմ երկիրը»: Դրա անմիջապես հարևանությամբ էլ կիսաքանդ հանրակացարանն է՝ երկար, սառը, քանդված միջանցքներով:

«Որ գնում եմ հյուր, չեմ ուզում տուն գամ»

Ներկայում հանրակացարանում բնակվում է 7 ընտանիք: Նրանցից երեքի հետ մենք հանդիպեցինք:

 

Բնակիչներն ասում են, որ ամենաշատը վախենում են քամիներից: Շենքի պատերն օրեցօր քանդվում են, վերջին քամիները տանիքը «թռցրել են», երկու մասնաշենքերի միջև ճաքն ավելի է ընդգծվում: «Գիտեք, երկրի վիճակն ինչքան վատացավ, էնքան մենք էլ վատացանք»,- ասում է 37-ամյա Աննա Գրիգորյանը:

Նույնիսկ թեթև քամուց շենքն սկսում է օրորվել: «Քամու ժամանակ հավաքվում ենք մի տեղ վախից, որ մեռնելուց գոնե իրար հետ լինենք»,- ասում է Աննան: Ուժեղ քամիներից ավանը վնաս էր կրել, հեռուստատեսություններից եկել-նկարել էին, բայց, զրուցակիցս հատուկ ընդգծում է, «մի հատ մեր կողմը չթեքվեցին»: Հիշում է, թե ուժեղ քամիներից մեկի ժամանակ Էլադայենց տնից (Աննան Բորիսի ու Էլադայի ընտանիքի հարևանուհին է) ոնց վազեց տուն, որ հեռուստացույցի ալեհավաքը քամին չտանի, հետո մտել էր անկողին ու սկսել ուժեղ լացել:

Առանց պատուհանների շենքում սովորել են ապրել, հետո ավելացնում են, թե հաշտվել են վախով ապրելուն: «Ոչ մի կոմոնուալ-բան չկա շենքի մեջ: Ոչ ջուրն է նորմալ գալիս, մեկ գալիս, մեկ չի գալիս: Լեռնագոգի հարս եմ եղել, բաժանվելուց հետո էստեղ եմ եկել, ապրում եմ»,- նշում է Աննան:

Շենքը բաղնիք չունի, զուգարանը բակում է, վերջին քամու ժամանակ զուգարանի տանիքն է պոկվել: Լվացքի, ամանները լվանալու, լողանալու ջուրը բերում են բակի միակ ծորակից: Ամսվա վերջում վճարում են ըստ ընտանիքում եղած շնչի, մեկ շունչը՝ 100 դրամ: Իսկ խմելու ջուրը գնում են գյուղ եկող մեքենայից: 10 լիտր ջրին 75 դրամ են տալիս: Մեքենան Լեռնագոգ է գալիս 4-5 օրը մեկ:

«Որ գնում եմ հյուր, տեսնում եմ իրենց հարմարությունները, չեմ ուզում, որ տուն գամ, հավատացեք: Էստեղ հաց ես ուտում, էդ նույն տեղում լողանում ես»,- նկատում է Աննան: Քիչ անց հարցնում է Անյային, թե արդյոք պահել է աղվեսի հետ նկարը: Օրեր առաջ տուն գալու ճանապարհին Անյան աղվեսի էր հանդիպել ու, ինչպես ասում է, «բավական տեղ քայլեցինք երկուսով»:

Աղջկա մայրը՝ Էլադա Բաբայանը, երկրորդ կարգի հաշմանդամ է: Ամսական 30.000 դրամ հաշմանդամության թոշակ է ստանում: Հայրը՝ Բորիսը, արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան, որտեղ խոստացել են աշխատավարձն ուղարկել: Դեռ չեն ուղարկել: Անյան այս ամբողջ ընթացքում մեր զրույցը լսում է գլուխը կախ: Ընտանիքում երկու երեխա կա՝ Անյան ու նրա 18-ամյա եղբայրը, ով սովորում է Արմավիրի քոլեջում: Ամուսիններով քչախոս են, մտածում են, որ իրենց վիճակից բողոքելուց բան չի փոխվի: Անյան գերազանց առաջադիմությամբ է սովորում դպրոցում, բայց բուհ ընդունվելու հնարավորություն չունի: Ասում է՝ ստիպված է քոլեջ ընդունվել:

Տիկին Էլադան մեր զրույցի ընթացքում սուրճ է պատրաստում: Զրույցը տաք վառարանի պես սկսում է թեժանալ:

Լեռնագոգ. աշխատաշուկա

Բաբայանները Հայաստան են եկել 1988 թ.-ին Բաքվից: Բաղրամյան գյուղում տուն էին ստացել, բայց մերժեցին: «Օձերի, կարիճների բերան, հարմար չէր, չգնացինք, ապրելու տեղ չէր»,- ասում է տիկին Էլադան: Ամուսինն ավելացնում է, որ երբ փախստականների կոմիտեում հայտնել էին, որ հրաժարվում են տնակից, ասել էին, թե կփոշմանես: Մինչ այսօր տուն ստանալու հերթի մեջ են:

Գյուղի բնակիչների մեծ մասը աշխատանք է փնտրում Ռուսաստանում: Ասում են, որ հողը քարքարոտ է, հողագործություն համար ոչ պիտանի, անասնապահությամբ էլ դժվար է զբաղվել այս կողմերում: Բերքահավաքի ժամանակ լեռնագոգցիների մի մասը հարևան գյուղերում է գտնում աշխատանք՝ օրավարձով բերք է հավաքում: Լեռնագոգն աշխատաշուկայի է նման: Իմ այս ձևակերպման հետ համաձայնում է Բորիս Բաբայանը:

Գյուղում միակ գործարանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ալրաղացն է: Զրուցակիցներիս խոսքով՝ այնտեղ էլ դժվարությամբ են աշխատանք տալիս գյուղացիներին:

Մինչդեռ խորհրդային տարիներին այստեղ, ինչպես Աննան է նշում, երեք խոզաբուծարան կար: «Մայրս խոզաբուծարանում էր աշխատում, օպերատոր էր, վատ չէր գյուղի վիճակը»,-ասում է նա:

Դավիթը, երգը, կոստյումը

Աննան մի զավակ ունի՝ 18-ամյա Դավիթը: Նրա մասին խոսելիս ցրվում են բոլոր դժվարությունները, դեմքին ժպիտ է հայտնվում, հետո արագ սահում: Դավիթը սովորում է Արմավիրի արվեստի քոլեջի երրորդ կուրսում: Երգեցողությամբ է զբաղվում արդեն 7 տարի: Արմավիր գնալու համար ուսանողները ոտքով հասնում են Դալարիկ, որտեղից էլ պատահական մեքենաներով՝ Արմավիր: Երբեմն ուշանում են դասից, հետո, ըստ Աննայի, այդ ուշացման դիմաց պիտի գումար վճարեն. «Պատկերացնո՞ւմ եք՝ մեր գյուղից Դալարիկ ինչ հեռավորություն է» (հանրակացարանից մինչև հարևան Դալարիկ գյուղի երկաթուղային կայարան ավելի քան 4 կմ է, շուրջ մեկ ժամվա քայլելու ճանապարհ- հեղ.):

Դավիթին 11 տարեկանում Նյու Յորք համերգների էին տարել: Մայրը պատմում է, որ երբ այդ ժամանակ հարցրել էին Դավիթին, թե վերջին անգամ նոր հագուստ երբ է հագել, երեխան դժվարացել է պատասխանել. չէր հիշում: Մայրը աչքերը հառում է սեղանին, հուզվում է:

Դավիթի պատվոգրերը, մրցանակ-մեդալներն է ցույց տալիս: Մի քանի տարի է՝ տղան փառատոների չի կարողանում մասնակցել, որովհետև, մոր խոսքով, կոստյում չի կարող առնել: Փառատոներից մեկի ժամանակ վերնաշապիկով հանդես եկող տղային կազմակերպիչները խնդրել էին պիջակ հագցնել: «Հնարավորություն չունեի էդ ժամանակ, որ կոստյում առնեի: Որ տեսա ուրիշ էրեխու հագից կոստյումը հանեցին, իմ էրեխուն հագցրեցին, աչքերս լցվեցին, ասացի՝ վսյո, էլ փառատոների չի մասնակցելու երեխաս, մինչև ես կարողանամ կոստյում առնեմ»,- ասում է մայրը:

Երկար միջանցքում Դավիթի հետ խոսում ենք իր ապագայից: Թեթև բաճկոնով է, քամին ներսուդուրս է անում ապակիներ չունեցող պատուհաններով: Ըստ նրա՝ երգեցողությունը ժառանգական է՝ պապը երգում էր, մայրը երգում է, հիմա էլ՝ ինքը: Շուտով բանակ կգնա, ասում է, կգա, կաշխատի, տուն կառնի: «Ուշքս-միտքս մամաս է լինելու, որ էստեղ իրեն մենակ եմ թողնում»,- մեզ «ավան» ուղեկցելու ճանապարհին ասում է Դավիթը:

Հանրակացարանի բակում հավաքվում են բնակիչները: Դրսում ավելի տաք է, քան ներսում: Ծորակը ցելոֆանով փակել են, որ չսառչի: Շենքի բնակիչները գյուղապետից դժգոհություն չունեն, ասում են՝ ինչով կարողանում է, օգնում է, գյուղապետարանն էլ այդքան միջոց չունի, որ շենքը նորոգի: Պաշտոնյաններին առաջարկում են գոնե մի օր գան իրենց շենքում ապրեն: «Ուշադրությունից դուրս ենք, էդ է մարդուն ջղայնացնում»,- ասում է Աննան:

Ձյունն այդքան չի անհանգստացնում հանրակացարանի բնակիչներին: Նմանապես՝ անձրևը, որի ջուրը լցվում է ներս, աստիճաններով հոսում: Ասում են՝ կարևորը քամի չլինի, թե չէ, Աստված չանի, մի օր շենքն էլ չի լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter