HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան և աշխարհ. ինչպես են փոփոխվել գները

2015  թվականին նախորդ տարվա համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 3,7%-ով. ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) ներկայացրել է «Սպառողական գների ինդեքսը (գները) Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի հունվար-դեկտեմբերին» հրապարակումը։ Սա նշանակում է, որ   մեկ տարում հայաստանցու կյանքը 3,7%-ով թանկացել է։

Վիճծառայությունը սպառողական գների վերլուծությունը ներկայացնում է  սպառողական գների ինդեքսի զամբյուղում ներառված 470 ապրանք-ծառայությունների գների հիման վրա (այդ զաբյուղին կանդրադառնանք առանձին հոդվածով)։

Այսպիսով, ըստ տվյալների՝ 2015-ին Հայաստանում պարենային ապրանքները թանկացել են  3%-ով, ոչ պարենայինները՝ 5,6%-ով, իսկ  ծառայությունների սակագները՝ 3%-ով։  

ԱՎԾ-ն ներկայացնում  է նաև սպառողական գների ինդեքսն՝ ըստ հանրապետության   11 քաղաքների, ներառյալ՝ Երևանը։ Պարզվում է, որ 2015-ին, նախորդ տարվա համեմատ, սպառողական գների ամենամեծ աճն արձանագրվել է Գավառում՝ 4,8% աճ, որին հաջորդում են Իջևանը (4,6%), Արտաշատը՝ (4,4%), Գյումրին (4,1%), Վաղարշապատը (3,9%),  Աշտարակը,  (3,8%), Կապանն (3,8%) ու Վանաձորը (3,8%), Երևանը (3,6%), Հրազդանը (3,1%), իսկ ամենացածր գնաճն արձանագրվել է Եղեգնաձորում (2,8%):

Այս ամենից, հարկ ենք համարում առանձնացնել պարենային ապրանքների գները՝ հաշվի առնելով, որ գնողունակության ցածր պայմաններում մարդիկ հաճախ առաջին հերթին պարենային ապրանքներն են գնում, հետո նոր գումար տրամադրում ոչ պարենայիններին։ Մասնավորապես, հացամթերքը մեկ տարում թանկացել է 6,2%-ով, մսամթերքը՝ 3,1%-ով, կաթնամթերքը՝ 5%-ով,  միրգը՝ 4,3%-ով, շաքարավազը՝ 1,8%-ով, սուրճը, թեյն ու կակաոն՝ 12,5%-ով, հրուշակեղենը՝ 14,7%-ով, ոչ ոգելիչ խմիչքը՝ 3,8%-ով,  ոգելից խմիչքը՝ 1,1%-ով, ծխախոտն էլ՝ 1,6%-ով։ Իսկ ձկնամթերքն էժանացել է 10,5%-ով, ձուն՝ 5,6%-ով, կենդանական և բուսական յուղը՝ 1,5%-ով, բանջարեղենը՝ 5,4%-ով։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում վաճառվող սննդամթերքի մեծ մասը ներկրվում է։ Հետևաբար, պարզ տրամաբանություն է՝ երբ աշխարհում սննդամթերի գները նվազում են, դա պետք է ազդի հայաստանյան գների վրա։ Բայց այս տրամաբանությունը Հայաստանում հաճախ չի գործում։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ, անգլ. FAO)  հունվար սկզբին հրապարակեց «Պարենի համաշխարհային գների ինդեքսը» զեկույցը, որից պարզ է դառնում,  որ աշխարհում առատ պահուստները և տնտեսական դանդաղ աճի տեմպերը շարունակում են  նպաստել պարենի համաշխարհային գնանկմանը։   ՊԿԳ-ի զեկույցը փաստում է, որ 2015-ին պարենային հիմնական ապրանքատեսակների գները 2014-ի համեմատ նվազել են 19,1%-ով, քանի որ համաշխարհային տնտեսության աճի դանդաղումը  նաև ազդել է մետաղների և էներգետիկիրների գնանկմանը։

Մասնավորապես, 2015-ին նախորդ տարվա համեմատ բուսական յուղի համաշխարհային միջին գները նվազել են 19%-ով, շաքարավազինը՝ 21%-ով, հացատիկինը՝ 15,4%-ով, կաթնամթերքինը՝ 28,5%-ով, մսամթերքինը՝ 15,1%-ով։

Ինֆոգրաֆիկան՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության

Հայաստանում սպառվող բուսական յուղի և շաքարավազի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, ներկրվում է  դրսից։ Քիչ չէ նաև կաթնամթերքի և մսամթերքի ներկրումը։ Դա ենթադրում է, որ  այս ապրանքների գների համաշխարհային  անկումը պետք է ազդեր նաև հայաստանյան գների անկմանը, սակայն, ինչպես տեսնում ենք, պատկերը բոլորովին հակառակն է։  

Չնայած, որ ներկրողները կնշեն, թե դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումն ազդել է գների բարձրացման վրա, սակայն դա չի արդարացնում իրավիճակը։ Նախ ապրանքների մեծ մասը ներկրվում է ՌԴ-ից, իսկ հայկական դրամը ռուսական ռուբլու համեմատ արժևորվել։ Եվ երկրորդ գործոնը, որը նշում են մասնագետները, եթե փորձենք պարզ բացատրել, հետևյալն է՝ ռուբլու նկատմամբ դրամի  արժևորումն ու համաշխարհային գների անկումը պետք է որ լրացնեին դրամի նկատմամբ դոլարի արժեզրկման հետևանքով առաջացած բացը։ Պատճառները կարող են ավելի շատ լինել, բայց սրանք հիմնական քննարկվողներն են։

Իսկ ինչու՞ Հայաստանում ներկրվող պարենի գները չեն նվազում։ Գլխավոր պատճառն ակնհայտ է՝ մոնոպոլիաներ, մրցակցության բացակայություն։ Տտնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊՀ), որի գործառույթը այս և այլ շուկաներին հետևելն ու մրցակցության կանոններ թելադրելն է, մեղմ ասած, ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել այս շուկաներն ու բոլորիս էլ հասկանալի պատճառներով՝ լռում է։ Արդյունքում ստացվում է այն, ինչ գրել ենք հոդվածի սկզբում՝ հայաստանցու կյանքը մեկ տարում 3,7%-ով թանկացել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter