Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Վանդալիզմ, որի հովանավորն այս անգամ Համաշխարհային բանկն է



Համաշխարհային բանկը աշխարհին հավաստիացնում է, որ ծրագրերը ֆինանսավորելու նախապայմանը էկոլոգիական եւ սոցիալական ազդեցության գնահատման արդյունքներն են: «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը խողովակաշարով հասցնել Քաղցրաշեն գյուղ, ֆինանսավորում է Համաշխարհային բանկը (ՀԲ): Բանկի պահանջը կատարելու համար, «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկի (ՊՀ) երկու աշխատակիցներն ամիսը մեկ անգամ հանդիպում են թիրախ համայնքի՝ Գառնիի բնակչության եւ Արարատի մարզի շահառու համարվող 13 գյուղերի բնակչության հետ:

Ասելիք չունեն, կրկնում են այն, ինչ գրված է «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի` շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվության մեջ: Գառնեցիներն այն չեն ընդունել եւ մի շարք հակափաստարկներով հիմնավորել են այդ ծրագրի հակաբնապահպանական եւ հակասոցիալական ազդեցությունները Գառնիի եւ գառնեցիների համար: Ավելին, ներկայացրել են առաջարկներ, որոնք հնարավորություն կտան ծրագիրն իրականացնել՝ խուսափելով կանխատեսվող բացասական հետեւանքներից:

Ակնկալվում էր, որ հաջորդ հանդիպումների ժամանակ կքննարկվեն արված առաջարկները, եւ դրանց տրվող մասնագիտական գնահատականները հնարավորություն կտան կամ՝ շարունակելու քննարկումը ծրագրի շուրջ, կամ՝ մոռանալ այն: Սակայն, արդեն երկրորդ տարին է, քննարկմանը ներկայանում են «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի երկու աշխատակիցները, կրկնում են անգիր արած 2-3 նախադասությունները ու հեռանում են բնակչության նախատինքին արժանանալով: Վերջին հերթապահ հանդիպումը գառնեցիները կանխեցին՝ փակելով գյուղ մտնող ճանապարհը:

Կառավարության «անտեղյակները» գառնեցիների պահանջները շրջանցելու այլ տարբերակ մտածեցին՝ պլանային հաջորդ «քննարկումը» ծրագրի շահառու համայնքների եւ Գառնիի համայնքապետի հետ անցկացրին Երեւանում: Գուցեեւ լավ էր բոլորին մի տեղում հավաքելը, որովհետեւ հնարավորություն ունեցանք լսելու, թե ինչ են խոստանում այն համայնքներին, որոնց համար Կառավարությունը որոշել է «մի լավ բան անել»՝ ոռոգման ջուր տալ: Նարեկ համայնքի ղեկավարը ձեռքի երկու էջանոց ցուցակը լրագրողների քթի տակ թափահարելով հայտարարում էր, որ գյուղացիների հողատարածքները չորանում են, որովհետեւ գառնեցիները թույլ չեն տալիս Ազատ գետից ջուր վերցնել: Շահառու համայնքների ղեկավարներն անգամ չգիտեին, թե Գառնիում ինչին են դեմ:

Ավելի քան պարզ էր, որ շահառու համարվող 13 համայնքներում նույնպես այդ քննարկումները ձեւական են եղել: Մարդիկ մոլորության մեջ են եւ չգիտեն, որ Ազատ գետի ակունքը հեքիաթի վիշապն է փակել եւ ոչ թե գառնեցիները: Իրենք բավարար չափով ոռոգման ջուր չունեն, որովհետեւ գետի ջուրն է քչացել: Արտաշատի տարածաշրջանի գյուղերը ոռոգման նպատակով մշտապես օգտագործել են Ազատի ջուրը եւ շարունակում են օգտագործել այն: Հիմա էլ ջուրն անխափան լցվում է Ազատի ջրամբար եւ այնտեղից պոմպակայաններով մղվում է այդ գյուղերը: Որքան ջուր է լցվում ջրամբարում, այնքան էլ օգտագործում են:

Այս տարի, ինչպես ԾԻԳ-ի աշխատակիցները հայտնեցին՝ հղում կատարելով Հայհիդրոմետին, սակավաջուր տարի է եղել, եւ Ազատի ջրամբարն ընդամենը 48 %-ով է լցվել: Հետեւաբար, գյուղերում ջրի դեֆիցիտ պետք է առաջանար: Եվ ոչ միայն այս տարի, նախորդ 2-3 տարիներն էլ են սակավաջուր եղել:

Գառնեցիները դեմ են ծրագրի իրագործմանը ոչ թե նրա համար, որ չեն ցանկանում այդ ջուրը տրվի Արտաշատի համայնքներին, այլ դեմ են ջուրը վերցնելու այն մեխանիզմին, որն առաջարկում է Կառավարությունը:

Կառավարությունը «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկից 10 մլն դոլարի վարկ վերցնելը հիմնավորել է նրանով, որ էլեկտրաէներգիան թանկ է եւ, որպեսզի Կառավարությունը ոռոգման համար պետբյուջեից հոսանքին հատկացվող սուբսիդավորումը նվազեցնի՝ անհրաժեշտ է մեխանիկական եղանակից անցում կատարել ինքնահոսի: Սա չի նշանակում, որ գյուղացիներին ջուրն ավելի էժան է տրվելու, ինչպես նրանք են կարծում:

Գառնեցիները հիմնավորում են, որ գետում բավարար ջուր չկա, որը հնարավորություն կտա ինքնահոս եղանակով գետից ջուր վերցնել: Վերցնելու դեպքում ամբողջությամբ ցամաքելու է Ազատ գետը: Բոլորի համար հստակ է, եւ ոչ ոք չի թաքցնում, որ ինքնահոս համակարգը կառուցելուց հետո հնարավոր է տասնյակ տարիներ այն չօգտագործվի, որովհետեւ ոչ ոք կանխատեսում չունի սակավաջուր տարիների ավարտի մասին: Խոստովանում են, որ պոմպակայանները պետք է պահպանվեն, որովհետեւ սակավաջուր տարիներին դարձյալ ջուրը պոմպերով է մղվելու: Ուստի, գառնեցիները եւ բնապահպաններն առաջարկում են՝

1· հիմնել արեւային էլեկտրակայաններ եւ Ազատի ջրամբարից ջուրը մղելու համար օգտագործել այդ կայանների արտադրած էներգիան,

2· փոխել 50 տարվա վաղեմության պոմպակայանները եւ դրանք արդիականացնել նոր տեխնոլոգիաներին եւ առկա ջրաքանակին համապատասխան պոմպերով, որոնք քիչ հոսանք են ծախսում,

3· կառուցել այդ տարածքում նոր ջրամբարներ (սա մասնագետների առաջարկն է), որոնք հնարավորություն կտան ամբարել Արաքս գետը լցվող ջրերը եւ դրանք օգտագործել ոռոգման համար:

Ի պատասխան այս առաջարկների, տեսարան ապահովելու համար, Արտաշատի տարածաշրջանի համայնքներից Երեւան էին բերել մի խումբ կանանց, որոնք աղաղակում էին, թե գառնեցիներն իրենց խմելու ջուր չեն ցանկանում տալ:

Հանրային քննարկումները նրա համար են, որպեսզի հանրության առաջարկները քննարկվեն, հիմնավորումները ներկայացնեն մասնագետները: Այն բոլոր հարցերը, որոնք կասկածի տակ են դնում ծրագրի արդյունավետությունը պետք է հերքվեն կամ հաստատվեն մասնագիտական հաշվարկներով եւ հիմնավորումներով: Եթե համառորեն անտեսում են բոլոր առաջարկները եւ պնդում, որ ջուրը վերցնելու միակ տարբերակը խողովակներով տասնյակ կիլոմետրերով Նարեկ եւ Քաղցրաշեն հասցնելն է, կնշանակի, ճիշտ են այն պնդումները, որ հնարավորությունն օգտագործում են հէկեր կառուցելու համար:

Գետում բավարար քանակի ջուր չլինելու հիմնավորումներին ԾԻԳ-ը մի պատասխան ունի՝ որոշել են շահառու գյուղերում կաթիլային համակարգ կառուցել: Ամեն ինչից անկախ, կաթիլային համակարգ ներդնելն անհրաժեշտություն է օր օրի նվազող ջրային պաշարների ժամանակներում, որպեսզի խնայողաբար օգտագործվեն ե՛ւ ջրային, ե՛ւ նյութական ռեսուրսները: Սակայն դա չի նշանակում, որ պետք է շրջանցել վերը թվարկված առաջարկները:

Հանրապետությունում կառուցված մի քանի հարյուր հէկերի բնությանը պատճառած վնասներն անչափելի են եւ, ինչպես պարզվեց, սակավաջուր տարիներին դրանք նույնպես հոսանք չեն արտադրել: Ամեն տարի էլեկտրաէներգիան թանկացրել են, որովհետեւ հոսանքը ՋԷԿ-երից են գնել: Ուրեմն, սակավաջուր տարիներին հէկերը նույնպես պիտանի չեն, իսկ ինչո՞ւ գոնե մեկ անգամ, հանրապետության ամենաարեւշատ վայրում՝ Արտաշատում, չկառուցել արեւային էլեկտրակայան եւ չփորձել դրա արդյունավետությունը: Ինչո՞ւ չկառուցել հողմակայաններ՝ բնությունն անվերջ փորձությունների չենթակելու համար:

Խոսքն այս անգամ նույնիսկ կանաչը ոչնչացնելուն չի վերաբերվում· ոչնչացվում է համաշխարհային մշակույթի մաս կազմող պատմամշակութային արժեքը՝ Ազատի կիրճը, որի մի հատվածը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ազատի կիրճը եւ Գառնի արգելոցը մեկ ամբողջություն են, որպես զբոսաշրջավայր, եւ այս ծրագիրը նախագծողներն անտեսել են Գառնիի առանձնակի կարեւորությունը մեր երկրի զբոսաշրջության զարգացման գործում:

Կառավարությունը մի կողմից՝ Ազատի կիրճն զբոսաշրջային ակտիվ գոտու վերածելու ծրագրեր է մշակում, միաժամանակ, Ազատ գետի ջրի նվազագույն պաշարները ցանկանում է խողովակաշարով հասցնել Արտաշատի տարածաշրջան՝ ոռոգելու համար:

Անցյալ տարի Վարդավառին զարհուրելի տեսարանի ականատես եղա· հեթանոսական ծիսակարգի մասնակիցները լցվել էին գետը՝ զովանալու համար: Տաճարի բարձունքից միայն սեւ կետեր էին երեւում՝ մարդկանց գլուխները, որովհետեւ գետում ջուր չկար: Եվ դա հենց այն վայրում, որտեղից ցանկանում են խողովակներով ջուր վերցնել:

Ազատի կիրճում բնության 4 հուշարձան է հաշվառված, եւ հայտնի չէ, թե դրանցից որը որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում, որովհետեւ դրանք կադաստրային անձնագիր չունեն: ԾԻԳ-ի բնապահպանության պատասխատու Մ. Նալբանդյանն ասում է, որ նշված հուշարձանների, օրինակ՝ Բազալտե երգեհոնի տեղադիրքերը հստակեցված չեն, եւ Կառավարությունը դա պատրաստվում է անել 2019-21 թթ.: Սակայն պնդում է, որ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը դրանց չի վնասում:

Վերջին 20 տարիներին գառնեցիների սոցիալական վիճակի բարելավումն ուղղակիորեն պայմանավորվել է զբոսաշրջությամբ: Ստեղծվել են զբոսաշրջությունն սպասարկող ծառայություններ, առանց որոնց անհնար է զբոսաշրջության զարգացումը: ԾԻԳ-ի աշխատակիցն ունակ չէ գնահատելու այս ծրագրի սոցիալական ազդեցության իրական ծավալները: Սոցիալական ազդեցության հետ կապված անհամաձայնություններին նա ամեն անգամ մի պատասխան ունի՝ կիրճում հողատարածքներ ունեցողները կփոխհատուցվեն: Իհարկե, փոխհատուցվելու են, եթե նրանց հողատարածքներն ընկնում են ծրագրի իրականացման գոտում, բայց Գառնիի բնակչության, նաեւ այս հարցով մտահոգ հանրության ընդվզումը դրան չի վերաբերում:

Գառնի այցելողների աշխարհագրությունն ամենախոսուն փաստարկն է այն մասին, որ Գառնին միայն գառնեցիները չէ, Գառնին նույնիսկ միայն հայաստանցիներինը չէ: Սակայն, «զորավորների» դրամ վաստակելու ծրագրերի առջեւ երբեմնի թագավորանիստի նշանակությունն այնքան է փոքրանում, որ մի քանի հարյուր կիլովատ էլեկտրաէներգիայի համար տրվող դրամն ավելի է արժեւորվում:

Գառնին սովորական բնակավայր չէ եւ նրա առանձնահատկությունը հենց այդ մշակութային արժեքներն են՝ Գառնի արգելոցում գտնվող պատմամշակութային արժեքները՝ տաճարը, Արքունի բաղնիքը, հեթանոսական շրջանի հազվագյուտ այլ հուշարձաններ, նաեւ՝ իրար միահյուսված հեթանոսական ու քրիստոնեական ծիսակարգերը, որոնք մեր մշակույթի մի մասն են կազմում:

Վերջին տարիներին Գառնին պարբերաբար փորձությունների է ենթարկվում· երկու տարի առաջ «Գառնի» արգելոցի տարածքում փորձ արվեց սրճարան կառուցել՝ նսեմացնելով նրա վեհությունը, որը դժվարությամբ կանխվեց: Սակայն «Գառնի» արգելոցը նույնպես մինչեւ հիմա կադաստրային անձնագիր չունի, որովհետեւ նրանք դեռեւս չեն հրաժարվել իրենց հրեշավոր ծրագրից: Վանդալիստները կիսով չափ ավերեցին Բազալտե երգեհոնը (Քարերի սիմֆոնիա), մշակույթի նախարարի ձեռքով ոչնչացվեց 11-րդ դարի կամուրջը: Հերթում Ազատի կիրճի վերջին հմայքն է՝ ցամաքեցվում է Ազատ գետը:

Ինչո՞ւ է Համաշխարհային բանկը ֆինանսավորում մի ծրագիր, որն ուղղակիորեն նպատակաուղղված է բնության ոչնչացմանը: Մեր երկրում աղքատությունը կրճատելուն աջակցող կազմակերպությունն ինչո՞ւ է ֆինանսավորում մի ծրագիր, որը բացասաբար է անդրադառնալու Գառնիի ողջ բնակչության սոցիալական վիճակի վրա, բացասաբար է անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա, որովհետեւ տուրիզմն առայժմ միակ կայուն եկամուտ ապահովող ոլորտն է նաեւ երկրի տնտեսության համար:

Գառնին այսքան ծանր ժամանակներ մեկ էլ ապրել է 17-րդ դարասկզբին, երբ Շահ Աբասն ասպատակում էր Հայաստանը, այդ թվում նաեւ՝ Գառնին: Հայ պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է. «Շահը հայոց վայելչատես աշխարհը ավերակ ու անմարդաբնակ դարձրեց… անապատ եղավ մեր վայելուչ ու քաղցր երկիրը…»:

Համաշխարհային բանկն իր քաղաքականությամբ այսօր փոխարինում է Շահ Աբասին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ