HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մեկուսացնում են այլախոհներին

Մայիսի 7-ի գիշերը՝ ժամը 23.30-ի սահմաններում, ԱԱԾ-ի աշխատակիցները տուն մտնելիս ձերբակալել են ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հիմնադիր անդամ Ալեքսանդր Արզումանյանին:

Իսկ մայիսի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատ.՝ Վազգեն Լալայան) բավարարել է ԱԱԾ-ի՝ Ա. Արզումանյանին երկու ամսով կալանելու վերաբերյալ միջնորդությունը: Այժմ Արզումանյանը գտնվում է Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում («ԿԳԲ-ի պադվալ»):

ԱԱԾ-ն Ա. Արզումանյանին մեղադրում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ ապօրինի ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի եկամուտները օրինակացնելու մեջ:

Դեռեւս մայիսի 5-ին ԱԱԾ-ն խուզարկել էր Արզումանյանի, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի եւ գրող Արտյոմ Խաչատրյանի բնակարանները: Ըստ ԱԱԾ-ի՝ այս երեք անձինք կապ ունեն ֆինանսական զեղծարարությունների պատճառով հետախուզման մեջ գտնվող գործարար, ՌԴ քաղաքացի Լեւոն Մարկոսի հետ:

Խաչատրյանը ապրիլի 12-13-ը եղել է Մոսկվայում, ուր եւ հանդիպել է Մարկոսին: Իսկ Արզումանյանը եւ Շիրխանյանը Մոսկվայում են եղել ապրիլի 24-26-ը եւ, ըստ ԱԱԾ-ի, նույնպես հանդիպել են Մարկոսին ու կազմակերպել 180.000 ԱՄՆ դոլարի տեղափոխումը Երեւան: Ըստ ԱԱԾ-ի՝ փաստացի Արզումանյանի եւ Շիրխանյանի համար նախատեսված այդ գումարը Երեւանի «Կոնվերս» բանկում մաս-մաս ստացել են 9 անձինք:

ԱԱԾ-ի համոզմամբ՝ Լեւոն Մարկոսը ՀՀ նախընտրական շրջանում ունի որոշ նպատակներ, որոնք, փաստորեն, 180.000 ԱՄՆ դոլարով պետք է իբր թե իրագործեր Արզումանյանի եւ նրա համակիրների «Քաղաքացիական անհնազանդությունը»:

Սա շատ նման է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի դեմ հարուցված քրեական գործի սցենարին: Հիշեցնենք, որ 2006-ի դեկտեմբերից ԱԱԾ-ն կալանքի տակ է պահում վերջիններիս` մեղադրելով բռնի իշխանափոխության կոչերի համար: Վեց ամիս շարունակ ԱԱԾ-ն ծամծմում է գործը առանց որեւէ տեղաշարժի՝ ապացուցելով, որ պարզապես «վերեւների» քաղաքական պատվերն է կատարում: Իսկ պատվիրողներն, ամենայն հավանականությամբ, կարգադրել են նախընտրական եւ հետընտրական թեժ շրջանում չեզոքացնել Սեֆիլյանին ու Մալխասյանին, հիմա էլ՝ Արզումանյանին, քանի որ առաջինները հայտարարել էին ընտրակեղծիքների դեմ վճռական ու անզիջում պայքարի մասին, իսկ երրորդն էլ դրամական միջոցներ ուներ:

Արտերկրից դրամական օգնություն ստացած Վահան Շիրխանյանը, ում տնից ԱԱԾ-ականներն առգրավել են 28.000 ԱՄՆ դոլար, ասում է, որ Ա. Արզումանյանի հետ մեկ ինքնաթիռով Մոսկվա մեկնելն ու վերադառնալը զուգադիպություն է:

«Գնալուց ինքնաթիռի մեջ ինքն էլ է եղել, հետ գալուց էլ ենք միասին եղել: Համարում են, որ ուրեմն մենք միասին ենք գնացել: Ինչ-որ փողերի, թվերի մասին են գրում, ես չգիտեմ, թե այդ ինչ մարդկանց մասին է խոսքը, ու քանի որ հարմար կերպարներ են երկուսն էլ` Շիրխանյան, Արզումանյան, ասում են` ահա վերջապես գտել ենք մարդկանց, ովքեր ուզում են մեր դեմ պայքարել եւ պայքարի համար փողեր են բերել: Իրենք պատկերացնում են, որ կարող է այդ գումարը մենք վերցնեինք ու հեղաշրջում անեինք: Աթոռից զրկվելու վախն այնքան մեծ է, որ ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնում»,- «Ա1+»-ին ասել է Վահան Շիրխանյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ ինքն աղջկա հարսանիքի եւ «Հայաստանի շանհայյան ակումբ» ՀԿ-ի ստեղծման համար Մոսկվայի ընկերներից (եւ ոչ թե Լեւոն Մարկոսից) ստացել է գումար, որն այստեղ ընդունել են իր չորս հարազատները:

Իսկ Արզումանյանը, ով, ի տարբերություն Շիրխանյանի, հրաժարվում է ԱԱԾ-ին ցուցմունք տալ, հայտարարել է, որ Մոսկվայում է եղել ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի թաղման կապակցությամբ եւ Լեւոն Մարկոսին չի հանդիպել:

«Հետքի» խմբագրությունը մայիսի 9-ին նամակ է ստացել Ա. Արզումանյանի մոսկվացի ընկեր Սաշիկ Աղազարյանից: Նամակում ասված է. «Ծայրահեղ զարմանքով եւ անհանգստությամբ իմացա իմ ընկերոջ՝ Ալեքսանդր Արզումանյանի հանդեպ ՀՀ իշխանությունների անօրինական գործողությունների մասին: Գտնվելով Մոսկվայում՝ Արզումանյան Ալեքսանդրն ինձ դիմեց ֆինանսական օգնության խնդրանքով: Հաշվի առնելով մեր վաղեմի մտերիմ հարաբերությունները , ինչպես նաեւ անցյալում նրա մեծ օգնությունը՝ ես անհրաժեշտ համարեցի նրան օգնել: Եվ ես դա չեմ թաքցնում: Բավական ծիծաղելի եւ երեխայական են թվում ՀՀ իշխանությունների մեղադրանքներն այն միանգամայն մաքուր փողերի լվացման մեջ, որոնք ես տվել եմ իմ ընկերոջը: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Սակայն սրանից հետո չեմ կարող մի կողմ քաշվել: Ամոթալի է այն, ինչ տեղի է ունենում իմ պատմական Հայրենիքում: ՀՀ իշխանություններին կոչ եմ անում վերադարձնել Արզումանյանից վերցված փողերը եւ անհապաղ դադարեցնել մտացածին պատճառներով իմ ընկերոջ հետապնդումը»:

ԱԱԾ-ի մեղադրանքին անդրադառնալով՝ առանձնացնենք մի քանի կետ:

Անվտանգության մարմինը Մոսկվայից ուղարկված գումարները համարում է Լեւոն Մարկոսինը եւ «կասկածելի ծագում ունեցող»: Ենթադրենք, թե նա ունի ապացույցներ ու վկայություններ այդ մասին, բայց արդյո՞ք Ալեքսանդր Արզումանյանն էլ է այդ մասին իմացել եւ, փաստորեն, գիտակցաբար որոշել է հետախուզվող գործարարի տրամադրած կեղտոտ փողերը լվանալ (դրանք իբր թե օգտագործելով նախընտրական ինչ-ինչ նպատակների համար) Հայաստանի պես փոքր երկրում, ուր գրեթե ոչինչ չի վրիպում զգուշավոր իշխանությունների ու նրանց ստորադասների աչքից: ՀՀ իշխանություններն այսպիսի անհեթեթությունը թերեւս որպես իրականություն են ուզում տեսնել եւ այդպիսին էլ ցույց տալ հասարակությանը:

ԱԱԾ-ի աշխատաոճը կարելի է բնութագրել որպես ոչ պրոֆեսիոնալ եւ նույնիսկ ծիծաղելի: Այդ ինչպե՞ս է լինում, որ ԱԱԾ-ն հայտարարում է Արզումանյանի ու Շիրխանյանի՝ Մարկոսի հետ ունեցած կապի, նրանց հանդիպման ու ինչ-որ համաձայնության մասին, սակայն այդ նույն ԱԱԾ-ն չի կարողանում, ՌԴ համապատասխան մարմինների հետ համագործակցելով, ՀՀ տեղափոխել 2005-ից հետախուզվող «անորսալի» Մարկոսին, ով, ինչպես հայտնի է, Հայաստանում բազմաթիվ ընկերներ ու ծանոթներ ունի, եւ այդ մասին ԱԱԾ-ն, անշուշտ, գիտի:

ԱԱԾ-ն թերեւս գիտի նաեւ, որ Մարկոսը այդ ծանոթներին գումարներ է փոխանցում: Իսկ պետական այս մարմինը արդյոք չի՞ կարծում, որ դրանք էլ են «կասկածելի ծագում ունեցող» գումարներ: Հետեւաբար, ինչու՞ է ձերբակալվել միայն Ալեքսանդր Արզումանյանը: Իսկ Վահան Շիրխանյա՞նը: Չէ՞ որ ԱԱԾ-ն հայտարարել է, թե իբր նա էլ է Մարկոսից գումար ստացել: Պարզապես Արզումանյանը խուզարկություններից հետո, ի տարբերություն մյուսների, կտրականապես հրաժարվեց վկայություններ տալ՝ ասելով. « Որեւէ հարցի հրաժարվում եմ պատասխանել, որովհետեւ մեղադրական նոտաներ են հնչում հարցադրումների մեջ: Եթե կա մեղադրանք, ապա ինձ պետք է մեղադրանք առաջադրել եւ ընտրել խափանման միջոց, եթե չկա, ես վկայություն չեմ տալիս»: ԱԱԾ-ն էլ, փաստորեն, պատասխանեց այս հայտարարությանը՝ կալանելով անհնազանդ Արզումանյանին:

Մի դիտարկում եւս: ՀՀ իշխանություններն ընդհանրապես հիվանդագին են վերաբերվում նրան, որ ընդդիմադիր կողմնորոշում ունեցող քաղաքացիները որպես անհատներ այլոց պես կարող են ֆինանսական օգնություն ստանալ արտերկրից: « Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը սարսափում են, որ հանկարծ Հայաստան կարող են մտնել ֆինանսական միջոցներ, որոնցով իրենց դեմ պայքար մղվի: Իրենց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում վերահսկողության տակ լինի անգամ վերջին կոպեկը»,- ասում է Վահան Շիրխանյանը:

Եվ այսպես՝ Ալեքսանդր Արզումանյանի դեմ քրեական գործ հարուցած ԱԱԾ-ն պետք է ապացուցի, որ նախ՝ Արզումանյանին եւ Շիրխանյանին Լեւոն Մարկոսը փող է ուղարկել, երկրորդ՝ դրանք եղել են կեղտոտ փողեր, երրորդ՝ Արզումանյանը եւ Շիրխանյանն իմացել են, որ դրանք կեղտոտ փողեր են, չորրորդ՝ նախատեսված է եղել գումարն օգտագործել քաղաքական ինչ-որ նպատակներով:

Այնուամենայինիվ, մեծ է հավանականությունը, որ այս գործի հետագա ընթացքն էլ էապես չի տարբերվի Սեֆիլյանի եւ Մալխասյանի գործի ներկայիս «լճացած» վիճակից, ինչն իշխանությունների կարգադրությամբ թերեւս կշարունակվի այնքան, քանի դեռ չեն մարի ընտրական կրքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter