HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հայաստանի բարձրագույն կրթության պահանջարկն արտերկրում նվազել է

Ամեն տարի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում օտարերկրացի ուսանողներ: Նրանց թիվը Հայաստանի բարձրագույն կրթության պահանջված լինելու ցուցիչն է արտերկրում: Սակայն ինչպես ցույց է տալիս վերջին տարիների վիճակագրությունը, օտարերկրացիների դիմելիությունը ՀՀ բուհեր նվազել է:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ամեն տարի հրապարկում է վիճակագրություն բարձրագույն կրթության վիճակի վերաբերյալ: Հրապարակած վերջին տվյալների համաձայն` Հայաստանի բուհեր ընդունվող օտարերկրացիների թիվը նվազել է` սկսած 2012թ.-ից:

Ներկայացված տվյալներում «օտարերկրյա ուսանող» նշանակում է Հայաստանի քաղաքացիություն չունեցող: ԱՎԾ-ի սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժնի աշխատակից Նելլի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դասակարգումն ընդգրկում է նաև սփյուռքահայ այն ուսանողներին, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն:

Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում 2014-2015թթ. ուսումնական տարում սովորել է 1378 օտարերկրացի ուսանող: Այս մասին «Հետքին» տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը:

Հայաստանի բուհերը օտարերկրացիներից հիմնականում հետաքրքրում են Հնդկաստանի և Իրանի քաղաքացիներին: ԿԳՆ տրամադրած տվյալներով` Հայաստանի բուհերում 2014-2015 ուսումնական տարում սովորել է Հնդկաստանի 782 քաղաքացի: Երկրորդ տեղում Իրանի Իսլամական Հանրապետությունն է` 423 ուսանողով:

ԱՎԾ-ի վիճակագրությունից երևում է, որ վերջին տարիներին օտարերկրացիների` ՀՀ բուհեր դիմելության ընդհանուր  թիվը նվազել է հատկապես Իրանի և Հնդկաստանի ուսանողների թվի նվազման պատճառով: Առայժմ հրապարկվել են տվյալներ մինչև 2014թ.-ը:

Կրթության և գիտության նախարարության տրամադրած տվյալներով` այլ երկրներից հիմնականում Հայաստան են գալիս բժշկական կրթություն ստանալու նպատակով: Օտարերկրացի ուսանողների` Հայաստանում նախընտրած բուհերի առաջին հնգյակում են` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալասարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական կոնսերվատորիան:

Այս տվյալներում ներառված չեն սփյուռքահայ ուսանողները, որոնց համար ԿԳՆ-ն առանձին վիճակագրություն է վարում:

Համաձայն նախարարության տրամադրած տվյալների` 2014-2015 ուսումնական տարում Հայաստանի պետական բուհերում սովորել է 2050, ոչ պետական բուհերում` 767, միջազգային բուհերում` 889, իսկ քոլեջներում` 520 սփյուռքահայ ուսանող: Գերակշռում են Վրաստանի քաղաքացիություն ունեցող հայ ուսանողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter