HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Ոստիկանությունում սպանել են եղբորս»

Համոզված է Լիլիթ Գուլյանը, որի եղբորը` Լեւոնին, երեք օր ընդմիջումներով ոստիկանությունում եւ դատախազությունում հարցաքննելուց հետո հարազատներին հայտնել են, որ նա փախուստի ժամանակ զոհվել է:

Մայիսի 9-ին, ժամը 22-ի սահմաններում «Երեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի եւ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփան Վարդանյանի դիակը: Ընդունարանի հերթապահ բուժքրոջ վկայության համաձայն` նրա դին երկու երիտասարդներ քարշ տալով բերել են հիվանդանոց եւ, առանց որեւէ բացատրության, անմիջապես հեռացել: Միաժամանակ Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Մանանդյան փողոցում` «Բոլերո» շոգեբաղնիքի դիմաց, լսվել են կրակոցներ: Ավելի ուշ պարզվել է, որ Ս. Վարդանյանի վրա կրակել են հենց այդտեղ: Նույն օրը գիշերը ժամը 3-ին շոգեբաղնիքի դիմացի մայթին գտնվող «Պանդոկ» ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանին ոստիկանները տարել են Շենգավիթի ոստիկանության բաժին:

«Միջադեպը որ եղել է, եղբայրս աղմուկի վրա ռեստորանից դուրս է եկել: Երեւի ինչ-որ մեկը տեսել է նրան ու պատմել ոստիկաններին: Սրանք էլ եղբորս տարել են քաղմաս: Բայց ոչ մի թուղթ չեն ներկայացրել, թե քեզ տանում ենք իբրեւ վկա հարցաքննության,- պատմում է Լ. Գուլյանի քույրը` Լիլիթը:- Շենգավիթի ոստիկանության քրեական բաժնի պետ Հովիկ Սողոմոնյանը եղբորս ծեծել է` ստիպելով, որ նա անուններ տա: Առավոտյան տեղափոխել են Գլխավոր դատախազություն, իսկ երեկոյան բաց թողել: Բայց ցուցում են տվել, որ առավոտյան ներկայանա Շենգավիթի ոստիկանություն»:

ԱԺ ընտրությունների օրը` մայիսի 12-ի առավոտյան, Լեւոնը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Ժամը 11-ին նրան 2 ժամով բաց են թողել, որ մասնակցի ընտրություններին: Լեւոնը հասցրել է նաեւ մտնել տուն, հագուստը փոխել եւ ժամը 13:00-ին նորից գնացել է ոստիկանություն:

«Հետո մենք իմացանք, որ ոմն Հովհաննես Թամամյան (Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ- Ա. Դ.) եկել է ոստիկանություն, եղբորս անձամբ մեքենայով տարել է Ներքին գործերի նախարարություն: Թե ինչի՞ հիման վրա է տարել, ի՞նչ իրավունքով, չգիտենք: Ոչ մի թուղթ, «սանկցիա» չի եղել, որ նրան պետք է տեղափոխեին այնտեղ: Այդ ամբողջ ընթացքում նրանք նույնիսկ եղբորս անձնագիրը չեն վերցրել»,- ասում է Լիլիթը:

Ժամը 17:00-ի սահմաններում, Լեւոնի բացակայությունից անհանգստացած, հարազատները զանգել են ոստիկանություն եւ իմացել, որ նա մահացել է: Դատաբժշկական փորձաքննությունը Լեւոնի մարմնի վրա հայտնաբերել է բռնության հետքեր. ոտքերի տակ կապտուկներ, ողերը` կոտրված, իսկ գլուխը ջարդված է եղել:

Մայիսի 12-ին Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, թե « Ս. Վարդանյանի սպանության կապակցությամբ տեղեկություններ ստանալու նպատակով մայիսի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում Լեւոն Գուլյանը հրավիրվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Հարցազրույցի ընթացքում նա վարչության աշխատակցից ջուր է խնդրել եւ, օգտվելով վերջինիս բացակայությունից, փորձել է պատուհանից դիմել փախուստի, սակայն սայթաքելով վայր է ընկել 2-րդ հարկից եւ ստացած վնասվածքներից տեղում մահացել»:

«Մենք վստահ ենք, որ նրան ոստիկանությունում սպանել են ու գլխի վրա պատուհանից գցել ցած: Այնքան բարձրից են գցել, որ մազերը մտել են ասֆալտի մեջ: Սկզբում ասում էին, թե 4-րդ հարկից է ընկել: Հետո դարձրին 2-րդ հարկ: Բայց պատուհանի դիմացը երկար «նավես» կա: Ու որ ուզենաս էլ, չես կարող այդ հեռավորությունից ցատկել եւ ընկնել գետնին,- նշում է Լիլիթը եւ շարունակում,- հետո եղբայրս 2 անչափահաս երեխաներ ունի, կյանքասեր տղա էր. ինչո՞ւ պետք է նման բան աներ կամ ո՞ւր պետք է փախչեր, երբ ամբողջ տարածքը շրջափակված է»:

«Լեւոնին մայիսի 12-ին բաց էին թողել, որպեսզի կարողանար մասնակցել քվեարկությանը, ինչից հետո նա վերադարձել էր: Այն հանգամանքը, որ Գուլյանն ինքն էր եկել, մեղմ ասած, կասկածելի է դարձնում փախուստի փորձի վերաբերյալ պնդումները: Կամ էլ Գուլյանը ստիպված է եղել փախչել ծեծի եւ դաժան վերաբերմունքի պատճառով»,- համոզված է տուժածի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը:

Լեւոնի քույրը պատմում է, որ իբրեւ վկա հարցաքննության են ենթարկվել նաեւ «Պանդոկի» բարմեն Հայկ Մելքումյանը եւ մատուցող Մարինե Գրիգորյանը. «Ոստիկանությունում Հայկին էլ են ահավոր ծեծել. նա դա չի թաքցնում: Իսկ մատուցողը երբ ջուր է խնդրել, նրան ասել են` գնա զուգարանից խմի: Այդ ո՞նց եղավ, որ եղբայրս ջուր ուզեց ու նրանք գնացին կողքի սենյակից ջուր բերելու: Կամ ինչո՞ւ դեպքից հետո միանգամից մեզ չեն հայտնել»,- հարցնում է Լիլիթը:

«Բարմենը պատմել է, որ իրեն սպառնացել են, թե ասա ինչ պետք է, թե չէ քեզ կտանք «Թամամի» ( Հովհաննես Թամամյան - Ա. Դ.) ձեռքը: Իսկ երբ մեր մատուցողուհուն նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում տարել են հարցաքննության, ասել են, որ պետք է հենց Թամամյանը հարցաքննի: Զանգել են Թամամյանին, բայց նա չի ընդունել: Հավանաբար այդ ժամանակ նա եղբորս է քննել: Որոշ ժամանակ անց Մարինեին շատ շտապ շենքից հանել են դուրս եւ ասել, թե «դու գնա, մեզ այլեւս պետք չես»: Ուղղակի իրեն շուտ «լիկվիդացրել» են, որ ինքը ինչ-որ բան չտեսնի»,- վստահ է Լիլիթը:

Լեւոն Գուլյանի հարազատները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին` հուսալով, որ վերջինիս կողմից կարժանանան ընդունելության: Իսկ վաղը նրանք պատրաստվում են Ոստիկանության շենքի մոտ կազմակերպել ցույց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter