HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ցույց` ոստիկանության շենքի մոտ

Մայիսի 15-ին Լեւոն Գուլյանի հարազատները ոստիկանության շենքի մոտ կազմակերպեցին բողոքի ակցիա: Նրանք վանկարկում էին «խուլիգաններ», «թուրքեր», «մարդասպաններ» եւ նմանօրինակ արտահայտություններ, իսկ ձեռքերին բռնել էին ցուցապաստառներ` «Վերջ ոստիկանության կամայականություններին», «Պահանջում ենք արդարադատություն», «Ոստիկանությո՞ւն, թե՞ սպանդանոց» գրառումներով:

Հավաքվածներին ոստիկանները թույլ չէին տալիս, որ մոտենան շենքի մուտքին: Անգամ փոքրիկ քաշքշուկ տեղի ունեցավ: Մի քանի տասնյակ ցուցարարների մեջ զգալի թիվ էին կազմում Գուլյանների հարեւանները: Նրանցից ոմանք նույն այդ ոստիկաններին պատմում էին զոհվածի արժանիքների մասին եւ արտասվում:

Ցուցարարները պահանջում էին հանդիպում անձամբ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ, որպեսզի նրան հանձնեին իրենց դիմում-բողոքը եւ ստանային առկախ մնացած հարցերի պատասխանները: Ոստիկանապետին ուղղված դիմումի մեջ, մասնավորապես, նշված էր. «Լեւոն Գուլյանին սպանել են այն շենքում, որտեղ ձեր գրասենյակն է... Ոստիկանության տարածած հաղորդագրությունը սուտ է, որի նպատակն է թաքցնել հանցագործությունը: Պահանջում ենք բացահայտել այն, ոչ թե դառնալ հանցագործությունը կոծկող պաշտոնյա»:

Ոստիկանության հերթապահ մասի վարչության պետ Նիկոլայ Մեքինյանը գնաց վերադասին զեկուցելու ցուցարարների պահանջը: Քիչ անց նա վերադարձավ եւ հայտնեց, որ Հ. Հարությունյանը զբաղված է: Ն. Մեքինյանը Լեւոնի հարազատներին առաջարկեց հանդիպել ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի հետ: Գուլյանները սկզբում մերժեցին, բայց հետո ընդունեցին առաջարկությունը, քանի որ Հ. Հարությունյանը մնաց անդրդվելի: Մինչ նրանք հանդիպման էին, ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սայաթ Շիրինյանը, իր խոսքերով` որպես բարի կամքի դրսեւորում, լրագրողներին ուղեկցեց դեպքի վայր:

Ոստիկանները ցույց տվեցին այն տեղը, ուր ընկել է Լեւոնը, եւ այն աշխատասենյակը, որտեղ, ըստ նրանց, Գուլյանի հետ զրուցել են: Սենյակի պատուհանին երեւում էին մատնահետքեր: Ոստիկանների ասելով` մատնահետքեր կան նաեւ պատուհանից քիչ ներքեւ գտնվող երկաթե խողովակի վրա: Փորձաքննությունը պետք է պարզի, թե դրանք ում են պատկանում: Հենց այդ պահին տարածքում աշխատում էին փորձագետներ:

Ս. Շիրինյանը տեղեկացրեց, որ ոստիկանապետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ Երեւան քաղաքի դատախազությունում դեպքի օրը` մայիսի 12-ին, հարուցվել է քրեական գործ:

Լեւոնի հարազատներին ընդունել էր ոչ միայն Ա. Մահտեսյանը, այլեւ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը:

Հանդիպմանը մասնակցել էր նաեւ «Համայնք եւ իրավունք» ՀԿ-ի նախագահ Սամվել Մկրտչյանը: Վերջինիս խոսքերով` փոխոստիկանապետերը խոստացել են, որ գործը կենթարկվի թափանցիկ քննության, եւ ովքեր էլ լինեն մեղավորները, անկախ զբաղեցրած դիրքից, միանշանակ կպատժվեն: «Ձեռք բերվեց նաեւ համաձայնություն, որ Գուլյանների ընտանիքը հնարավորություն կունենա իրենց մասնագետի միջոցով առանձին փորձաքննություն նշանակել: Այսինքն` հստակ կհիմնավորվի, թե մահն ինչից է վրա հասել,- ասաց Ս. Մկրտչյանը եւ հավելեց,-Լեւոնի հայրը հնարավորություն ունեցավ ուղիղ հարցադրումներ անել այն մարդկանց, ովքեր վերջին պահին զրուցել են որդու հետ: Ազգանունները եկեք չբացահայտենք, որովհետեւ քննության ընթացքին գուցե խանգարի»:

Նշենք նաեւ, որ Գուլյաններին վստահեցրել են, թե Հովհաննես Թամամյանն այս գործի հետ որեւէ կապ չունի: Մինչդեռ զոհվածի հարազատները պնդում են հակառակը:

«Նրանք ասում են, որ Թամամյան Հովիկը Լեւոնին չի բերել ոստիկանություն: Իսկ մենք ունենք վկաներ, ովքեր դա տեսել են: Նա է եղբորս ծեծել կամ սպանել»,- համոզված է Լեւոնի քույրը` Արմինե Գուլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter