HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

365 օրում «ՎիվաՍել»-ից յուրացվել է 500 միլիոն դրամի լիցքավորման քարտ

Կապանի 37-ամյա բնակիչ, երեք մանկահասակ երեխաների հայր Աշոտ Կույումջյանը մեկ տարի երկու ամիս գտնվում է կալանքի տակ: Մինչև ձերբակալվելն աշխատել է  «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում («ՎիվաՍել») որպես ընկերության Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու:

Աշոտ Կույումջյանը մեղադրվում է 2010-2014 թվականներին 755 մլն դրամի լիցքավորման քարտ յուրացնելու մեջ: Ի դեպ, ըստ մեղադրանքի, 755 մլն-ից 500 միլիոնը յուրացվել է 2013-14-ին, այսինքն՝ մեկ տարում: Ստացվում է, որ 365 օրվա մեջ օրական պետք է յուրացվեր մոտ 1մլն 369.000 դրամի լիցքավորման քարտ: Այսինքն, մեկ տարվա ընթացքում պետք է օրական յուրացվեր շուրջ 1000 լիցքավորման քարտ:

Սա վերջին տարիներին Հայաստանում արձանագրված ամենախոշոր յուրացման մեղադրանքով գործն է: Սակայն, Աշոտ Կույումջյանը պնդում է, որ չի կատարել այն արարքը, որը վերագրել են իրեն: Գործը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում է: Ըստ մեղադրանքի՝ նրան սատարել է Սարգիս Արշակյանը, որը նույնպես ամբաստանյալի աթոռին է: Դատավոր Մեսրոպ Մակյանն անցել է դատաքննության փուլ, ու տուժող կողմ հանդիսացող «Ղ-Տելեկոմի» միջնորդությունը բավարարելով՝ անցկացնելու է դռնփակ նիստեր: Հիմնավորումը առևտրային գաղտնիքն է:   

Կույումջյանի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը, սակայն, կարծում են, որ դռնփակ դատաքննության ընթացքում հանրությունը, լրագրողները չեն կարող կատարել հանրային վերահսկողի իրենց դերը:

Դեռ քրեական գործ չհարուցված՝ անձին բերման են ենթարկել

«Հետքը» զրուցեց Աշոտ Կույումջյանի մոր՝ Ռուզաննա Սաֆարյանի հետ, որը պատմեց, որ որդուն ձերբակալել են 2014թ. նոյեմբերի 22-ին Բագրատաշենի մաքսակետից Հայաստան վերադառնալիս: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ այդ ժամանակ դեռ քրեական գործ հարուցված չի եղել: Այն հարուցվել է մեկ օր անց:

Աշոտ Կույումջյանը հանդիպել է Ռալֆ Յիրիկյանին

Աշոտ Կույումջյանի մայրը պատմեց, որ երբ տղան 2014-ի հոկտեմբերին խնդիրներ է նկատել իր պահեստի մնացորդում, գնացել ու անձամբ հանդիպել է «Ղ-Տելեկոմ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, բայց տնօրենը հորդորել է նրան գնալ ու շարունակել աշխատել: Սակայն, մեկ ամիս անց Աշոտ Կույումջյանին ձերբակալել են, ապա՝ կալանավորել:

«Ես ապշած եմ, դա ֆանտաստիկ բան է: Ուրեմն մարդ պիտի մի տարվա մեջ օրական 1000 լիցքավորման քարտ վաճառեր»,- ասաց տիկին Ռուզաննան: Մայրը տարակուսած է, որ որդին մշտապես պատվոգրեր է ունեցել ղեկավարությունից որպես բարեխիղճ աշխատակից և հանկարծ մեկ օրում նրան դարձրել են մեղադրյալ:   

«Հեսա էդ հարիֆի վզին փաթաթելու են»

Փաստաբան Կարեն Մեժլումյանն ասաց, որ դատարանի որոշմամբ արված գաղտնալսումներ կան, որոնք անգամ հրապարակվել են դատարանում: Փաստաբանի խոսքով՝ բջջային խոշոր ընկերության վարչության պետ, պետի տեղակալ խոսում են, թե «հեսա էդ հարիֆի վզին փաթաթելու են, խեղճի կինն էլ հղի ա, հեսա գնալու ա, նստի, անուն-ազգանուններ են ասում, թե ով ումից է գումար ստանալու»:

Տիկին Ռուզաննան ասում է, որ այդ գաղտնալսումները բավական են, որ Աշոտին բաց թողնեն: Սակայն, դրանք որևէ հետևանք չեն ունեցել, պարզապես մի քանի աշխատակից ազատվել է աշխատանքից: Ըստ Ռուզաննա Սաֆարյանի տվյալների՝ աշխատանքից ազատվել է նաև Ինգա Մալխասյանը, որը, ըստ տիկին Սաֆարյանի, հանդիսացել է Ռալֆ Յիրիկյանի աջ ձեռքը: Ի դեպ, նրան ևս գաղտնալսել են:

Կույումջյանի մայրը նամակ է գրել Ռալֆ Յիրիկյանին, որպեսզի իրեն ընդունի: «Ինձ չընդունեց, պատասխանեց նամակով՝ ասելով, որ եթե բան ունեք հայտնելու, որը կարող է օգնել Ձեր տղային, դիմեք քննչական: Եվ նամակը ուղարկել էր քննիչին: Մի քանի օրից քննիչը զանգահարեց ինձ, հրավիրում էր ինձ Երևան, որ Յիրիկյանին ասելիքս իրեն հայտնեմ»,- պատմեց Ռուզաննա Սաֆարյանը:  

Կալանքը մնում է անփոփոխ, թեպետ խնամքին 3 երեխա կա

Փաստաբանները միջնորդել են դատարանին, որ Աշոտ Կույումջյանի կալանքը փոփոխվի գրավով, սակայն դատավորը մերժել է միջնորդությունը: Ըստ Ինեսսա Պետրոսյանի՝ շաբլոն ձևակերպմամբ: Առաջին ատյանի դատարանի որոշումները ուժի մեջ են թողել Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները:

«Կինը հղի էր, երբ տղայիս ձերբակալեցին, շուտով պիտի ծննդաբերեր 3-րդ երեխային, դեկտեմբերին փոքրիկը դարձավ 1 տարեկան: Միջնեկ երեխան գիտի, թե հայրը արտասահմանում աշխատում է, միայն մեծը գիտի, թե որտեղ է հայրը: Սկզբում տեսակցություններ չկային, հետո թույլատրեցին: Մեծ սթրես էր մեզ համար: Այս ընթացքում մահացավ ամուսինս՝ Աշոտի հայրը»,-ասաց կալանքի տակ գտնվող Կույումջյանի մայրը:

Չորս տարի որևէ մնացորդ չի երևացել

Փաստաբանները ներկայացրեցին այն մեխանիզմը, որը աշխատում է բջջային օպերատորի քարտեր ստանալիս և դրանք վաճառքից հետո ակտիվացնելիս: Ըստ այդմ՝ եթե պատասխանատուն ստանում է քարտերը, պահեստ է ներմուծում, վաճառքով զբաղվում է այլ բաժին: Երբ ակտիվանում է քարտը, համակարգում դա երևում է: Կա նաև վիրտուալ պահեստ, որտեղ մոտ 500 աշխատակից կարող է մուտք ունենալ, 30 անձ վերահսկում է էլեկտրոնային պահեստը:

Ըստ գործի՝ Աշոտ Կույումջյանը ստորագրել է բեռնագրերը, բայց, իր վկայությամբ, չի ստացել լիցքավորման քարտերը: Գործով պարզված չէ նաև, թե ու՞մ է վաճառել դրանք, ինչպե՞ս, հնարավո՞ր է, արդյոք, օրական 1000 քարտ իրացնել և այլն: Ինեսսա Պետրոսյանը շեշտեց մի հանգամանք, որ յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը պատասխանատուները հաշվետվություն են ուղարկում իրենց պահեստի մնացորդի մասին: «Ամբողջ խնդիրն այն է, որ մնացորդ չի եղել 4 տարի: Եվ միայն 2014-ի հոկտեմբերի 4-ին ինքը՝ Աշոտ Կույումջյանը, պատահական տեսել է, որ ահռելի չափի մնացորդ է երևում: Գնացել ու հայտնել է Ռալֆ Յիրիկյանին, որ խնդիր կա: Յիրիկյանն ասել է, թե գնա աշխատի, կստուգենք: Դրանից մեկ ամիս հետո հաղորդում է տվել հանցագործության մասին»,-ընդգծեց փաստաբանը:

Կարեն Մեժլումյանի կարծիքով՝ առաջին բանը, որ պետք է պահանջեր քննիչը, 4 տարիների Ռ-025 հաշվետվություններն էին, որոնք ցույց կտային մնացորդները: «Քննիչը մերժում էր այդ միջնորդությունը՝ ասելով, որ այդ միջնորդությամբ Կույումջյանին քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակ է հետապնդվում: Բողոքել ենք դատախազին, մերժվել է, ընկերությունն էլ չտրամադրեց»,- նշեց Կարեն Մեժլումյանը: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: 

Գլխավոր լուսանկարում՝ փաստաբաններ Կարեն Մեժլումյանը եւ Ինեսսա Պետրոսյանը 

Մեկնաբանություններ (6)

ՀԱՅ
Անհասկանալի նաեւ Վիվասելի անտրամաբանական քաղաքականությունը՝ ռոումինգ Արցախում, երբ այն Հայաստան է, ու այդքան բարձր ռոումինգի սակագինը, երբ բանակում գտնվողի համար եւ նրա աղքատ ընտանիքի համար դա մեծ գումար է: Եթե մեր բջջային օպերատորները կարող են չկիրառել ռոումինգ՝ Քյարքիում, Սոֆուլույում եւ Վերին Ոսկեպարում, ապա ինչու են կիրառում Ղարաբաղում, ինչո՞ւ են գներն այդքան բարձր եւ ինչքանո՞վ է բարոյական դրանց իջեցումը միայն պատերազմի օրերին, ու այդ գերշահույթով հովանավորել հարուստ ԱՅԲ եւ նմանատիպ կառույցներ: Այսօր ԱՐՑԱԽՆ ու ԶԻՆՎՈՐՆ են ամենակարեւրը:
Նառա
Կույումջյանը օգտվեց մարզպետի ու որոշ ԱԱԾ-ական իր բարեկամների դիրքից ու լավ լափեց, իրեն հասնում է պատիժը, լկտիացել էր շատ մինի օլիգարխը, աչքերն էլ գլխից էին դուրս գալիս, դուբայներում ֆռֆռում էր, հո աշխատավարձով չէր ֆռֆռում?
Malkhasyan
Հստակ երևում է, որ 1 հոգին չէր կարող նմամ հանցագործություն անել, ուղակի շատ հնաչավորա է, որ ռուսները մոտիտորինգ են կատարել, այս մարդում հայերեն ասաց բագաժեն տվել:
vivien
Viva-Cell-ին հատուկ գործողություն: Չհոգնեցին մարդկանց արյունը խմելուց: Մեկ ամիս առաջ չգիտեմ ինչպես իմ հեռախոսից զանգ էր եղել արտասահման և 9700 դրամի հաշիվ էր եկել: Երբ փորձեցինք գրասենյակի աշխատակիցներից պարզել թե ինչպես է դա հնարավոր,նրանցից մեկն ասաց,որ Նիդեռլանդներ ենք զանգել, մյուսն ասաց ՝ ԱՄՆ: Սակայն երբ խնդրեցի նրանց այդ համարով զանգահարել , չկարողացան,քանի որ նման համար գոյություն չուներ, մի նիշ պակաս էր: Եթե ես նախօրոք իմ զանգերը վերծանած չլինեի ինձ չէին հավատա: Դիմում գրեցի և բնականաբար իմ դիմումը մերժվեց: Ենպես որ մարդկանց խաբելն ու գլխներին սաիքելը հատուկ է Վիվասելին:Ռալֆն ել սուրբ չէ:
Nara
լավ էլ լափել , լավ էլ թալանել է, մի քանի տարվա մեջ լավ էլ հարստացել է, աշատանքի է ընդունել 2000 դոլարով, փոքրիկ օլիգարխ էր իրեն երևակայում, կարճ ժամանակում դարձավ մի քանի անշարժ գույքի տեր, թանկանոց մեքենայի տեր ու ֆռֆռում էր Եվրոպանեորւմ, ով ինչ փրթի, այն էլ կխրթի, թող անմեղ չձևանան, լավ ապրելուց չէր ասում տղա տենց չեն աշխատում, հիմա մեղավորներ են փնտրում
Garik
Ռալֆ Յիրիկյան. բարերար, ազգանվեր հայ, ու իր ղեկավարած կառույցում՝ տարիներով անհեթեթ խախտումներ...անհավատալի է թվում...բայց մի բան փաստ է, որ միայնակ դա հնարավոր չէր, իսկ ուր են խմբի մնացյալ անդամները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter