HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի առևտուրն աշխարհի հետ. ինչ է փոխվել 2015-ին. մաս 1

2015 թվականին Հայաստանն աշխարհի հետ իրականացրել է ավելի քան 4,7 մլրդ դոլարի առևտուր։ 2014-ի համեմատ այն կրճատվել է 20,6%-ով։ Դրամային արտահայտմամբ 2015-ի առևտրի ցուցանիշը կազմում է մոտ 2 տրլն 265,6 մլրդ ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Ու՞մ հետ ի՞նչ առևտուր է արել Հայաստանը, և ի՞նչ պատկեր ունենք Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) պաշտոնապես միանալուց մեկ տարի անց։

Արտահանումը 3,9%-ով նվազել է

2015 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 1 մլրդ 486,9 մլն դոլարի ապրանք՝ 3,9%-ով քիչ, քան 2014-ին։  Ընդհանուր առմամբ, դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները կրճատվել են 25,6% -ով, իսկ դեպի ԵՄ երկրներ՝ 5,2%-ով։

Հայաստանից արտահանվող ապրանքները հիմնականում «հանգրվանում» են մի քանի երկրներում։ Ստորև գտնվող ինֆոգրաֆիկայով ներկայացնում ենք, թե որ երկիրն ինչ տեսակարար կշիռ ունի այդ մասով։ Այսինքն՝ առանձնացրել ենք հայկական ապրանքներ ներմուծող հիմնական երկրներն՝ ըստ տեսակարար կշռի։

Այս ցանկից անդրադառնանք առաջին հնգյակին։ Այսպիսով, հայկական ապրանքների առաջին հինգ խոշոր գնորդներն են Ռուսաստանը, Գերմանիան, Չինաստանը, Իրաքը, Վրաստանը։ Կարծում ենք, ճիշտ կլինի այս ցանկում ավելացնել նաև Կանադայի անունը, քանի որ Վրաստանի և Կանադայի ցուցանիշների տարբերությունները չնչին են։

Վատ է, բայց՝ փաստ, որ առաջին երեք խոշոր գնորդների մասով 2015-ին անկում ենք արձանագրել, իսկ Իրաքի և Վրաստանի դեպքում աճ ունենք։

 

Արտահանման ծավալների անկում՝  ԵԱՏՄ շուկան գրավելու խոստումների ֆոնին

Երբ Հայաստանը պաշտոնապես միացավ ԵԱՏՄ-ին, հայ տնտեսվարողների մի մասի մոտ հույսեր արթնացան, թե իրենց ապրանքներն արդեն կայուն տեղ են գրավելու ռուսական շուկայում։ Խոսքն արտահանողների մասին է։ Իշխանությունները բազմիցս խոսատացան ու հույս տվեցին, որ ԵԱՏՄ շուկայում հայկական ապրանքների պահանջարկն աճելու է։ Հիմա տեսնենք, թե պաշտոնապես ինչ ցուցանիշներ ունենք այդ խոստումների ֆոնին։

Պարզվում է՝ Հայաստանի նախորդ տարվա պաշտոնական ցուցանիշները հեռու են իշխանությունների խոստումներից։ Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը ոչ միայն չի աճել, այլև նվազել է։ Ռուսաստանը, որ այս կառույցում, կարելի է ասել, թելադրողի դերում է, ինչպես տեսանք, կրճատել է հայկական ապրանքների ներմուծումը և դա նույնիսկ այն դեպքում, երբ ԵՄ պատժամիջոցներից հետո հրաժարվել է եվրոպական մի շարք ապրանքներից։ Նույնիսկ այդ դեպքում հայկական ապրանքների պահանջարկը չի աճել։ Հանուն արդարության նշենք, որ այստեղ, իհարկե, մեծ դեր ունեցավ նաև ռուսական ռուբլու դիրքերի թուլացումը։ Նավթի գնանկման պատճառով Ռուսաստանը զգալիորեն տուժեց, քանի որ այս երկրի եկամուտների մեծ մասը գոյանում են նավթի ու գազի վաճառքից։ Հենց սա էլ մատնանշում են մեր իշխանությունները։

Սակայն իրականում նավթի գնանկումից, ըստ տրամաբանության, Հայաստանը պետք է որոշակիորեն շահեր։ Սպասվում էր, որ բենզինի գինը կնվազի, դա էլ կհանգեցնի մի շարք ապրանքատեսակների գնանկմանը։ Բայց այդ սպասելիքներն էլ չարդարացան։

Արդյունքում, 2015-ին Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն ունի հետևյալ պատկերը.

Այսինքն՝ Հայաստանից դեպի Բելառուս արտահանումը մեկ տարում կրճատվել է 39,6%-ով, իսկ դեպի Ղազախստան՝ 30,1%-ով։

2015 թվականի օգոստոսին Ղրղզստանը ևս պաշտոնապես դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Բայց այս երկրի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն այնքան փոքր ծավալներ ունի, որ պաշտոնական վիճակագրությունն այն առանձին չի ֆիքսում։

ԵԱՏՄ երկրներից ներմուծման ծավալներին կանդրադառնանք հաջորդ հոդվածում։

 Հայաստանից արտահանումը շարունակում է կենտրոնացված մնալ

Հայաստանը արտահանման միջոցով արտարժույթ է ստանում և դրանով մարում արտաքին պետական պարտքը։ Արտահանման նվազման հետևանքով կրճատվում է արտարժույթի, մասնավորապես՝ ԱՄՆ դոլարի ներհոսքը, որն էլ նպաստում է դրամի արժեզրկմանը: Դա մեծ հարված է արտահանող տնտեսվարողների եկամտին։

Հայաստանի արտահանման մյուս բացասական կողմը, որը ոչ պակաս անհանգստացնող է, կենտրոնացվածությունն է։ Արտահանումը շարունակում է կենտրոնացված մնալ մի քանի ապրանքախմբի շրջանակում։

2015 թվականին Հայաստանից արտահանման ցուցանիշի առյուծի բաժինը պատկանում է թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներին ու քարերին, հանքահումքային արտադրանքին և պատրաստի սննդին։

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի Հայաստանից արտահանվել է  462,4 մլն դոլարի հանքահումքային արտադրանք, իսկ «կաշվի հումք, կաշի, մորթի և դրանցից պատրաստված իրեր» խմբի արտանման ծավալը կազմել է ընդամենը 6,4 մլն դոլար, իսկ մանածագործական իրերը՝ 82 մլն դոլար։

2015-ին հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը 2014-ի համեմատ 19,9%-ով աճել է։ Պատրաստի սննդի արտահանման ընդհանուր արժեքը կազմել է 308 մլն դոլար (նվազումը՝ 8,9%), թանկարժեք և կիսաթանկարժեք քարերինն ու դրանցից պատրաստված իրերինը՝ 206 մլն դոլար (նվազումը՝ 10,6%), ոչ թանկարժեք մետաղներինը և դրանցից պատրաստված իրերինը՝  229,6 մլն դոլար (նվազումը՝ 24,1%):

Արտահանման  կենտրոնացվածությունը նախևառաջ նշանակում է, որ հայկական արտադրության ապրանքների գերակշիռ մասը դրսում թույլ մրցակցային դիրքերում է։ Այդ կենտրոնացվածության պատճառով Հայաստանը միշտ «անակնկալների» առաջ է կանգնում։ Երբ համաշխարհային շուկայում նշված ապրանքների գները նվազում են, Հայաստանը զգալի գումարներ է կորցնում։ Եվ այդ կորուստը չի կարողանում լրացնել այլ ապրանքներից ստացված եկամուտներով, քանի որ դրանցից քիչ քանակությամբ է արտահանվում։ Վառ օրինակը վերջին շրջանում պղինձն է, որի  գնանկումից Հայաստանը միայն տուժում է, քանի որ մեծ քանակությամբ պղինձ է արտահանում։

Այսպիով, 2015 թվականին Հայաստանի տնտեսությունն արտահանման ոլորտում անկում է գրանցել։

Իսկ ներմուծման արդյունքներին և ընդհանուր պատկերին կանդրադառնանք հաջորդ հոդվածով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter