HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օսկար Բենթըն. Բենսընհըրսթի թախծի երգիչը

Նաիրա Հայրապետյան

1981թ. թողարկվեց Օսկար Բենթընի «Bensonhurst Blues» ալբոմը, որտեղ ընդգրկված համանուն երգը դառնալու էր նրա լավագույն հիթն ու մինչ այդ՝ երկու տասնյակից ավել գործունեության գագաթնակետը: «EMI Records»-ի կողմից թողարկված այս սինգլը, իրականում որպես երգ իր երկրորդ կյանքն էր ապրում, իսկ այս անգամ առիթը նրա՝ «Pour la Peau d’un Flic» ֆիլմի սաունդթրեքում ընդգրկված լինելն էր: Ֆիլմը նկարահանվել էր 1979թ., գլխավոր դերում և ռեժիսոր՝ Ալեն Դելոն: Հենց նա էլ ընտրել էր սաունդթրեքը: Արդյունքում ֆիլմը առիթ դարձավ այս երգի հանրահռչակմանը, քանի որ «Bensonhurst Blues»-ը միանգամից հիթ դարձավ եվրոպական տարբեր երկրներում և քաղաքներում, շատ ու շատ երաժշտական լսարաններում՝ աննկատության ստվերից դուրս բերելով երաժշտին և նրա տարիների գործունեությունը: Ֆրանսիա, Հոլանդիա, Ռումինիա, Բուլղարիա, Իսրայելից մինչև Մարոկո ու անգամ Ճապոնիա. ահա այսպիսի աշխարհագրական նկարագրով մի հանգրվան, որին հաջորդում էր երգչի ու նրա այլ ստեղծագործությունների վերաբերյալ հարցերի տարափը: Ապա հաջորդեցին հայտնի այլ երգիչների կողմից նոր մեկնաբանությունները, ի դեպ, տարբեր լեզուներով և ժամանակային այնպիսի ընդմիջումներով, որոնք իրականում փաստում են երգի հանդեպ հանրության վերաբերմունքը՝ երգ բոլոր ժամանակների համար:

«Bensonhurst Blues»-ի պատմությունը, սակայն, գալիս էր դեռևս 70-ականների սկզբից: Այն վստահաբար կարելի է համարել Բենթընի և՛դափնեպսակը, և՛ արգելող ամուր պատնեշը, որը մինչ օրս ճանաչմանը զուգահեռ ստվերում է նրա մի շարք գեղեցիկ կատարումներ:

Հոլանդացի երաժիշտ և երգահան Օսկար Բենթընը երաժշտական աշխարհ էր մուտք գործել դեռևս 1960-ականներից, սակայն առավել նկատելի դարձավ, երբ 1967թ. հոլանդական Հարլեմ քաղաքում հիմնեց «Oscar Benton Blues Band»-ը: Խմբի երաժիշտներից ոմանք, այդ թվում նաև ինքը, հանդես էին գալիս անգլո-ամերիկյան կեղծանուններով՝ Ֆերդինանտ վան Էյֆ՝ Օսկար Բենթըն (կիթառ, վոկալ), Փիթեր վան Քաութերն՝ Հենք Հոուքինս (բասիստ), Հերման Սովերեյն՝ Թանի Լենթ (հարվածային գործիքներ): Ավելի ուշ խմբին միացան նաև Հան վան Դամը (դաշնամուր, վոկալ և ստեղնաշարային) և Ջերարդ վան Դորնը (բաս):

Ակտիվորեն մասնակցելով տեղական երաժշտական փառատոններին՝ մեկ տարի անց, հատկապես ջազային և բլյուզի միջավայրում, «Oscar Benton Blues Band»-ն արդեն սպասված և ճանաչված խումբ էր: Նույն՝ 1968թ. խումբը թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ « Fell So Good» անվամբ: 1969թ. հոլանդական հայտնի փառատոնում՝ «Loosdrechtse Jazz festival»-ում ելույթ ունենալուց հետո, խումբը որոշեց թողարկել ևս մեկ ալբոմ՝ «The Blues is Gonna Wreck My Life»-ը, որին հաջողվեց հայտնվել բրիտանական երաժշտական հորիզոնականներում:  «Oscar Benton Blues Band»-ը մի քանի տարի շարունակ ամենահայտնի ու պահանջված խումբն էր մնում Հոլանդիայում և հարևան երկրներում: Խմբի երրորդ և վերջին՝ «Benton '71» ալբոմը լույս տեսավ 1971թ.:

Իսկ հետո «Oscar Benton Blues Band»-ը լուծարվեց: Մի քանի տարի անց՝ 1974թ-ից,  երաժիշտների կազմի փոփոխությամբ սկսեց հանդես գալ նոր անունով՝ «Blue Eyed Baby»: Ինքը՝ Օսկար Բենթընը կրկին անվանափոխվեց՝ այս անգամ որպես Բիլի Բոյ Բիշոփ: Նոր խումբը միայն մեկ՝ համանուն խորագրով ալբոմ ունեցավ (բլյուզային տրամադրությամբ) և ոչ այնքան հաջող  գործունեություն, որն ի վերջո տարավ կրկին լուծարման: Այս ընթացքում նոր հավաքածուներ և առանձին սինգլներ լույս տեսան, սակայն առանց հատկանշական առավելության, իսկ Բենթընի ջանքերը՝ ուղղված էստրադային- փոփ երգիչ դառնալուն, առանձնապես հաջողությամբ չպսակվեցին:

Օսկար Բենթընի անհատական կարիերան կարելի է սկսված համարել 1980-ականներից: Այս տասնամյակի ամենասկզբում երգչի ստեղծագործական կյանքը նշանավորվեց  «Bensonhurst Blues»-ով՝ ալբոմի և սինգլի թողարկմամբ: Հենց այս կատարումն էլ նրան բլյուզի աշխարհում պատվավոր տեղ և համաշխարհային ճանաչում ապահովեց:  Եվ չնայած երգի հեղինակն ու առաջին կատարողը  ծնունդով ամերիկացի երգիչ-երգահան, պրոդյուսեր Արտի Կափլանն էր, այնուամենայնիվ, «Bensonhurst Blues»-ը հայտնի դարձավ և մինչ օրս ճանաչվում է առավելապես Բենթընի կատարմամբ: Շատերը երգչին ճանաչում են միմիայն այս կատարմամբ, իսկ երգը՝ անպայման այս թավշե ձայնով: Մինչդեռ  քչերը գիտեն, որ «Bensonhurst Blues»-ը 1972թ. է առաջին անգամ ձայնագրվել և թողարկվել: Ա. Կափլանի կատարմամբ այս երգը թողարկվեց նրա և համահեղինակ Ա. Կորնֆելդի «Confessions Of A Male Chauvinist Pig» ալբոմի կազմում: Չնայած այն առանձին սինգլով ևս լույս տեսավ, բայց այդպես էլ մեծ իմաստով չդարձավ այն, ինչ վերապահված էր նրան տարիներ հետո: Ի դեպ, դա սկզբնական շրջանում չհաջողվեց նաև իր «դափնեկրին». Օ. Բենթընը «Bensonhurst Blues»-ն առաջին անգամ կատարել է 1973թ. և միայն 8 տարի անց, շնորհիվ Ալեն Դելոնի, որպես սաունդթրեք այն բոլորովին այլ՝ շրջադարձային կյանք ունեցավ:

Հիթային իր հաղթական շրջագայությունից հետո 1987թ. երգիչը որոշեց վերականգնել «Oscar Benton Blues Band»-ը: Նույն թվականին «EMI»-ի առաջարկությամբ խումբը ձայնագրում է նոր ալբոմ և սկսում համերգային շրջագայությունները:  Մի քանի տարի շարունակ փայլուն գործունեությամբ, հեղինակավոր մի շարք փառատոների մասնակցությամբ «Oscar Benton Blues Band»-ը վայելում էր հանրության ջերմ ընդունելությունն ու կոմերցիոն մեծ հաջողություններ: «EMI»-գործընկերը, որը ձայնագրման շուկայում ամենահեղինակավոր ընկերություններից մեկն է, որոշում է վերահրապարակել նաև խմբի հին ալբոմները: «Oscar Benton Blues Band»-ը իր նոր վերամիավորմամբ գործեց մինչև 1993թ-ը:

2004թ. Ադրիանո Չելենտանոն ևս կատարեց այս երգը՝ իտալերենով՝ «Vengo del Jazz»: Այս տարբերակը թողարկվեց  «C’ é Sempre un Motivo» ալբոմի կազմում:  Հաջողված քավըրների մեջ առանձնանում է ռումինացի հայտնի երգչուհի Մարգարետա Պիզլարուի կատարումը՝ ռումիներեն՝ «Spuneam că nu-mi pasă (Bui bui bui)» տարբերակով: Հետագայում Պատրիցիա Կասը ներկայացրեց նաև «Kabaret» անունով ֆրանսերեն տարբերակը: Բայց դրանցից ոչ մեկը, չնայած կատարման յուրահատկության, այդպես էլ չհավասարվեցին, նույնիսկ չշեղեցին բենթընյան «Bensonhurst Blues»-ի հզորությունը: Այս տարբերակը 1999թ. օգտագործվեց նաև ֆրանսիական «La bûche» ֆիլմում:

2011թ. երգիչը թողարկեց նոր ձայնասկավառակ, որ կոչվում էր «Oscar Benton is Still Alive»:

Օսկար Բենթոնին այսօր աշխարհում շատ-շատերը, երաժշտասերների գերակշռող մասը ճանաչում և սիրում է, ուստի՝ գնահատում է միայն «Bensonhurst Blues»-ով, որն իրականում ինչ-որ տեղ անարդար մոտեցում է այս երաժշտի ստեղծագործական կյանքին: Մասնագետները նրան առանձնացնում են հատկապես «պոետիկ վոկալիստ» բնորոշմամբ, որի շնորհիվ  նաև շատ անգամ համեմատում են Ժորժ Բրասանսի,  Էնրիկո Մասիասի, Շարլ Ազնավուրի հետ: Խռպոտ և հզոր, երբեմն պոռթկացող գեղեցկությամբ այս ձայնը, այս հայտնի ու անհայտ բլյուզմենը արժանի է բացահայտվելու, գնահատվելու և երաժշտությամբ ապրող մարդկանց շրջանում ճանաչվելու իր այլ երգերով ու կատարումներով ևս: Ահա այդ շարքից մի քանիսը.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter