HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սերմացուների համար գյուղացիների պարտքը հարյուրավոր միլիոնների է հասնում

Նրանց հետ կնքված պայմանագրով ռիսկեր չեն նախատեսվել

Վայոց ձորի մարզին պետական աջակցության ծրագրով հատկացված սերմացուների գումարների հավաքագրման ցուցանիշը մարզպետարանին չի գոհացրել: 2015թ. տարեվերջի մարզխորհրդի նիստում արձանագրվել է, որ գարնանացան գարու, առվույտի, եգիպտացորենի, կորնգանի եւ աշնանացան ցորենի սերմացուների դիմաց հողօգտագործողների պարտքը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին կազմում է 5 մլն 679,000 դրամ: Հողօգտագործողներից գումարը գանձելու համար որոշվել է դիմել դատարան:

Հունվարի 26-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Խնձորուտի գյուղապետարանի հայցադիմումը «Հովբար» ՍՊԸ-ի տնօրենի դեմ` ստացած գարու եւ կորնգանի սերմացուի չվճարված գումարների բռնագանձման պահանջի մասին: Վայոց ձորի մարզպետարանը տեղեկացնում է, որ Խնձորուտ համայնքի 2015թ. գարնանացան սերմացուի պարտքը կազմում է 1 մլն 747,000 դրամ:

2014թ. Վայոց ձորի մարզին հատկացված աշնանացան ցորենի սերմացուի պարտքը կազմել է 3 մլն 872,000 դրամ, որից 3 մլն 424,000 դրամը պետք է վճարեն Հերհերի բնակիչները: Վայոց ձորի մարզպետարանի տվյալներով` համայնքին հատկացվել էր 21,400 կգ աշնանացան ցորենի սերմացու, պայմանով, որ մինչեւ 2015թ. նոյեմբերը համայնքի շահառուները պետք է կատարեն վճարումը, սակայն այդ օրվա դրությամբ ոչ մի դրամ չէին վճարել:

Հերհեր համայնքի ղեկավար Անդրանիկ Աբրահամյանն ասաց, որ այս տարվա հունվար ամսից բնակչությունը սկսել է վճարել եւ մոտ 2 մլն դրամ արդեն հավաքել են: Նա հայտնեց, որ իրենց մոտ աշնանացանը ցրտահարվել էր, իսկ գարնանացանը` կարկտահարվել, մարդիկ սպասված բերքը չեն հավաքել: «Բայց դա չի նշանակում, որ գումարները չպետք է վճարեն»,- ավելացրեց համայնքի ղեկավարը:

Սերմացուների համար գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին Վայոց ձորի մարզի հողօգտագործողների ունեցած պարտքը մյուս մարզերի համեմատությամբ ամենաքիչն է: Սակայն, առայժմ միայն Վայոց ձորի մարզպետարանն է գործնականում հավաստում, որ անհանգստացած է չվճարումների համար:

Ցորենի սերմնաբուծության եւ սերմարտադրության զարգացման ծրագիրը հանրապետությունում իրականացվում է 2010 թվականից: Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության նախարարությունը ներկրել եւ տեղական սերմարտադրողներից գնել է աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուներ, որոնք հատկացրել են հողօգտագործողներին՝ հաջորդ տարի 1:2 փոխհարաբերությամբ վերադարձնելու պայմանով: Վերադարձված սերմացուն տրամադրվում է մարզպետարաններին` մինչեւ 3 հեկտար հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին հատկացնելու համար: Յուրաքանչյուրին հատկացվում է 300 կգ ցորենի սերմացու, 1 կգ-ը` 160 դրամով:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը նշում է, որ շահառուների համար ծրագիրն արտոնյալ պայմաններով է իրականացվում: Սերմացուն տրամադրվում է եւ մեկ տարվա ընթացքում, բերքը հավաքելուց հետո են ակնկալում վճարումները, վճարումներն ուշացնելու համար տույժ ու տուգանքներ չեն կիրառում, բայց գումարների հավաքագրումը դարձյալ ժամկետների մեջ չի կատարվում: «Ներկայումս բոլոր մարզերը պարտք ունեն: Պարտքերը կուտակվել են 2012թ.-ից սկսած»,- հայտնեց պրն Գալստյանը:

Ծրագրից օգտվել են հանրապետության բոլոր մարզերը, առավելապես` Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերը:

2012թ. տրամադրված սերմացուի դիմաց մարզերի ընդհանուր պարտքը կազմում է 40 մլն դրամ,

2013 թ. տրամադրված սերմացուի դիմաց` 69-70 մլն դրամ,

2014 թ. տրամադրված սերմացուի դիմաց` 191 մլն դրամ:

Ամենաշատ պարտքեր կուտակել են Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի եւ Արմավիրի մարզերը: Գեղարքունիքի մարզի միայն 2014 թ. ցորենի սերմացուի պարտքը կազմում է 102 մլն դրամ: Չնայած պարտքերը սկսել են կուտակվել 2012թ.-ից, սակայն նշված մարզերում դեռեւս դատարանների միջոցով գանձումներ չեն կատարվել: Լոռու եւ Գեղարքունքի մարզպետներին ուղղված մեր հարցին, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկում գումարները գանձելու համար, արդեն 15 օր է պատասխան չի տրվում:

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հետ պայմանագրային կողմը մարզպետարաններն են, վերջիններիս հետ` համայնքապետարանները: Հողօգտագործողների հետ պայմանագիրը կնքել է համայնքապետարանը, եւ նա է հանդես գալիս որպես ծրագրի երաշխավոր: Համայնքի ղեկավարը պետք է ապահովի գումարների հավաքագրումը:

Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ շահառուների միջեւ կնքված պայմանագրով ռիսկեր չեն նախատեսվել (force majeure): «Ծրագրի իրականացման առաջին տարիներին force majeure կիրառում էինք, բայց հետո տեսանք, որ դեռ ամպերը չէին գոռացել` գյուղացիները սկսում էին աղմկել, որ բերքը փչացավ: Մենք նախապես մարզերում հանդիպումների ժամանակ հայտարարում ենք պայմանները. ով ցանկանում է` թող ընդգրկվի ծրագրում»,- հայտնեց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը:

Գյուղնախարարի տեղակալը հայտնեց, որ սկզբում ծրագիրն իրականացրել են պետական բյուջեից հատկացված գումարով, սակայն 2014թ.-ից այն իրականացվում է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին շահառուների փոխանցած գումարներով: «Առանց հավաքագրումների մենք կձախողենք ծրագիրը, որովհետեւ 2014թ.-ից ծրագիրն իրականացվում է ՊՈԱԿ-ի հաշվեհամարին փոխանցված գումարներով»,- նշեց զրուցակիցս:

Ս· Գալստյանը նշում է, որ Կառավարությունը տրամադրված սերմացուի գումարները զիջում է այն դեպքում, երբ բնական աղետների հետեւանքով ցանքսը ոչնչացվում է: Նման դեպքերով 2013 եւ 2014թթ.-ին զիջել են Լոռու եւ Շիրակի մարզի գյուղացիների գումարները: «Այս տարի աղետներ չեն գրանցվել, առանձին դիմումներ չենք ստացել պարտքը զիջելու վերաբերյալ, իսկ եթե դիմումներ լինում են՝ պատասխանում ենք, որ մարզպետարանների հետ պետք է քննարկել այդ հարցը»,- ասում է պրն Գալստյանը:

Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Չինարի գյուղում ադրբեջանցիները գնդակոծել էին Կարմիր խաչի մեքենան եւ հունձի պատրաստվող կոմբայնը: Չինարիի ու Մովսեսի տասնյակ հեկտար ցորենի արտեր չեն հնձվել:

Տավուշի մարզխորհրդի 2015թ. դեկտեմբերի 15-ի նիստում նույնպես քննարկվել է տրամադրված սերմացուի գումարները հավաքագրելու հարցը, սակայն փոխհատուցումների հարցին չեն անդրադարձել: Այդ օրվա հաշվարկով մարզի հողօգտագործողների 2012թ. պարտքը կազմում է 5 մլն 112,500 դրամ, իսկ 2013թ. պարտքը՝ 21 մլն 430,400 դրամ:

2014թ. աշնանը մարզի 40 համայնքներին տրամադրվել է 457 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու` մինչեւ 2015թ. հոկտեմբերի 10-ը 73 մլն 120000 դրամ հավաքագրելու պայմանով: Ներկայումս պարտքը կազմում է 40 մլն 045,000 դրամ:

Շիրակի մարզխորհրդի նիստում նույնպես է արձանագրել են, որ համայնքները լրջորեն թերացել են առաջին վերարտադրության ցորենի սերմացուի գումարները հավաքագրելու հարցում՝ սկսած 2012-ից մինչեւ 2015-ը: Միայն Ախուրյան համայնքի 2014-2015թթ. պարտքը կազմում է 13 524 000 դրամ, Իսահակյան համայնքինը՝ 7 208 000 մլն դրամ: Նշված համայնքների պարտքն ամենամեծն է թվարկված մեկ տասնյակ համայնքների կուտակած պարտքերի համեմատությամբ:

Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը հայտնեց, որ Ախուրյանում այս տարի կարկտահարություն եղել է, բայց գյուղացիները չվճարումը դրանով չեն պատճառաբանում: Քանի որ նախորդ տարիներին՝ 2013-14թթ., Կառավարությունը կարկտահարված համայնքների գումարները զիջել է, հիմա չեն վճարում՝ ասելով, որ գումար չունեն: Սակայն, գումարը վճարելու համար իրենք ժամանակացույց են կազմել:

Իսահակյան համայնքի ղեկավար Արտավազդ Արսենյանը չվճարման համար նույն պատճառաբանությունն է ներկայացնում: «Քանի որ 2014-2015թթ. 31 համայնքի ունեցած պարտքի 30%-ը զիջել են, դրա համար էլ գյուղացիները մտածում են, որ հնարավոր է էլի զիջեն»,- ասաց համայնքի ղեկավարը: Նա տեղեկացրեց, որ արդեն 2 մլն դրամ հավաքագրվել է նշված գումարից:

Գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանն ասում է, որ այս ծրագրի շնորհիվ հանրապետությունում ցորենի ինքնաբավությունը 2010թ. կազմել է 31-32%, իսկ 2015-ին արդեն 52% ինքնաբավություն են ապահովել: Սերմացուների գնման գործընթացի ժամանակ Ռուսաստանից բերված սերմացուով թարմացրել են սերմերի որակը: «Էլիտար սերմացուն արդեն Ռուսաստանից չենք ներմուծում եւ սերմնաբուծությունը զարգացնում ենք հանրապետությունում: Այդ մասով մենք պարտքեր չունենք, ընդհակառակը` շահառուները վերադարձնում են պայմանավորված չափը, եւ մենք, դրանից բացի, գնում ենք նրանց արտադրած ցորենը: Սակայն, որոշ դեպքերում, համայնքների ղեկավարների անպատասխանատվության պատճառով ծրագիրը կարող է ձախողվել»,- նշեց գյուղատնտեսության նախարարի տեղակալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter