HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի առևտուրն աշխարհի հետ. ինչ է փոխվել 2015-ին. մաս 2

Մաս 1

Հայաստանը կսկսի շատ ավելի քիչ ապրանքներ ներմուծել, եթե զարգացնի տեղական արտադրությունը։ Ներմուծվածը փոխարինել տեղականով. ներմուծման ծավալների կրճատման համար այսպիսի բանաձև են առաջարկում մի շարք տնտեսագետներ։

Հայաստանն այն երկրների շարքում է, որն ավելի շատ ներմուծում է, քան արտահանում։ Ընդ որում՝ արտաքին շրջանառության հաշվեկշռի բացասական սալդոն բավականին մեծ է։ Ինչպես արդեն նշել ենք, 2015 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 1 մլրդ 486,9 մլն դոլարի ապրանք։ Իսկ ներմուծման ընդհանուր ծավալը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, կազմել է  3 մլրդ 254 մլն դոլար (նախորդ տարվա համեմատ նվազել է 26,5%-ով)։ Բացասական սալդոն կազմել է 1 մլրդ 767 մլն դոլար։ Այսինքն՝ Հայաստանը նախորդ տարի կրկնակիից էլ շատ ներմուծել է, քան արտահանել։ Սա վկայում է հայաստանյան տնտեսության, առավելապես՝ արտադրության թույլ վիճակի մասին։

Տեսնենք, թե որ երկրից ինչ ծավալի ներմուծում է կատարում Հայաստանը։  Եթե փորձենք 2015 թվականի տվյալների հիման վրա կազմել այն երկրների տասնյակը, որոնցից գնված ապրանքների ծավալներըը Հայաստանի ներմուծման ցուցանիշում ամենամեծն են, կստանանք հետևյալ պատկերը.

Ինչպես տեսնում ենք, այս ցանկում առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին։ Այս երկրից կատարված ներմուծման ծավալները 2014-ի համեմատ նվազել են 15,6%-ով, Ֆրանսիայից՝ 18,4%-ով, Գերմանիայից՝ 28,7%-ով, Իտալիայից՝ 17,4%-ով, ԱՄՆ-ից՝ 18,5%-ով, Իրանից՝ 3,9%-ով, Թուրքիայից՝ 41%-ով, Չինաստանից՝ 24,2%-ով, Վրաստանից՝  7,1%-ով, Ուկրաինայից՝ 38,2%-ով։ Այսինքն՝ նշված բոլոր երկրներից դեպի Հայաստան արտահանումը կրճատվել է։

Ի դեպ, այս երկրների շարքում Վրաստանը միակն է, որի հետ Հայաստանի առևտրի հաշվեկշիռը դրական է։ Նախորդ տարի այս երկիր արտահանել ենք 116 մլն դոլարի ապրանք, ներմուծել՝ 67մլն դոլարի։

Ներմուծման ծավալների կրճատումը առաջին հայացքից գոհացուցիչ փաստ է թվում։ Սակայն այդ ցուցանիշները չեն կարող գոհացնել, քանի դեռ մեր երկիրը երկու անգամ ավելի շատ է ներմուծում, քան արտահանում։ Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ կրճատվել է, օրինակ, մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների ներմուծումը, կարող ենք նշել, որ դա տեղի է ունեցել այդ ապրանքների ապահանջարկի նվազման արդյունքում։ Իսկ պահանջարկը նվազել է, քանի որ մարդիկ գնողունակության լուրջ խնդիրներ ունեն, հատկապես այն ապրանքների հարցում, որոնք կապված չեն սննդի հետ։  Իսկ որոշ ապրանքների դեպքում էլ, գուցե, իսկապես տեղաշարժ կա, և դրանց ներմուծումը փոխարինվել է տեղական արտադրման ապրանքներով։ Օրինակ՝ կաշվի հումքից պատրաստված իրերը, փայտյա ու թղթե իրերը և այլն։

Ինչ է ներմուծում Հայաստանը

Տրամաբանական է, որ ներմուծվող ապրանքատեսականին ավելի լայն է, քան արտահանվողը։ Այս դեպքում կենտրոնացվածություն չկա։ Ստորև ներկայացնում ենք ներմուծված այն ապրանքները, որոնց ծավալը գերազանցել է 100 մլն դոլարը։

Այս և 100 մլն դոլարի շեմը չգերազանցած գրեթե բոլոր ապրանքների ներմուծման ծավալները 2014-ի համեմատ նվազել են։ Բացառություն է «սարքեր և ապարատներ» ապրանքաբաժինը, որի ներմուծման ծավալը 14,4%-ով աճել  է ու կազմել մոտ 83 մլն դոլար։

Այսպիսով, Հայաստանն աշխարհին մեծամասամբ առաջարկում է հանքահումք, թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներ, քարեր ու պատրաստի սնունդ, բայց նաև մեծ ծավալներով գնում է այդ ապրանքներից։  Դրան էլ գումարած՝ բազմաթիվ այլ ապրանքներ՝ նորից մեծ ծավալներով։ Հատկանշական է, որ այդ ապրանքների մեծ մասը տնտեսության արդյունավետ կառավարման դեպքում Հայաստանում արտադրվելու մեծ պոտենցիալ ունեն (կամ ունեին), օրինակ՝  քիմիայի և դրան կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը։

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց (ԵԱՏՄ) մեկ տարի անց Հայաստանը նվազեցրել է դեպի այդ կառույցի անդամ երկրներ կատարվող արտահանման ծավալները։ Այդ մասին անդարադարձել ենք Մաս 1-ում։ Իսկ ինչ վերաբերում է ներմուծմանը, ըստ վիճակագրության, նախորդ տարի 2014-ի համեմատ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կրճատվել է 15,5%-ով, Ղազախստանից՝ 47,4%-ով։ Իսկ Բելառուսից Հայաստան ներմուծումն աճել է 8,9%-ով։

Ընդհանուր առմամբ, ԱՊՀ երկրներից ներմուծումը կրճատվել է 18,5%-ով, իսկ ԵՄ երկրներից՝ 31,3%-ով։

Եվ վերջում, կարծում ենք, հետաքրքիր կլինի նաև իմանալ, թե վերջին հինգ տարում ինչպես են փոխվել Հայաստանի արտահանման և ներմուծման ծավալները.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter