HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Եթե Ընտրական օրենսգիրքը ներկայացնի միայն ՀՀԿ-ն....

Փետրվարի 1-ին մեկնարկեց 5-րդ գումարման ԱԺ 9-րդ նստաշրջանը, որի հիմնական անելիքը Ընտական նոր օրենսգրքի ընդունումն է: Ըստ նոր Սահմանադրության՝ ԱԺ-ն պարտավոր է սահմանադրական օրենքի կարգավիճակ ստացած Ընտրական օրենսգիրքն ընդունել մինչև 2016թ. հունիս: Այս ժամկետը պայմանավորված է 2017թ. գարնանը սպասվող ԱԺ հերթական ընտրություններին նախապատրաստվելու և դրա համար բավարար ժամանակահատված ապահովելու պայմանով: Թե կոնկրետ երբ պաշտոնապես ԱԺ կներկայացվի Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, դեռևս պարզ չէ: Չի բացառվում, որ այն շրջանառության մեջ դրվի նստաշրջանի եթե ոչ առաջին, ապա արդեն հաջորդ քառօրյային:

Մեկ բան, սակայն, արդեն պարզ է: Օրեր առաջ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի մշակման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկել են Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը,Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ինքը՝ Հրայր Թովմասյանը:

Թե ո՞վ է ստեղծել և պետական ո՞ր ինստիտուտի շրջանակներում է գործելու աշխատանքային այս խումբը, ինչո՞ւ է որոշվել խմբի հատկապես այս կազմը, իրավական ի՞նչ հիմքով է այն ստեղծվել, ընդհանրապես հայտնի չէ: Խնդիրն այն է, որ Ընտրական օրենսգիրքը Սահմանադրություն չէ, որի մշակման և ընդունման նախաձեռնությունը պատկանի ՀՀ նախագահին կամ ԱԺ-ին: Օրենսգրքի նախագիծ ներկայացնելու իրավունք ունի ոչ միայն Կառավարությունը, այլև ԱԺ խմբակցություններն ու առանձին պատգամավորները: Սա նշանակում է, որ Աժ-ում կարող է շրջանառության մեջ դրվել ոչ թե մեկ նախագիծ՝ ներկայացված վերոնշյալ խմբի կողմից, այլ միաժամանակ մի քանի: Հետևաբար, պետք է ենթադրել, որ խմբի ստեղծումը կամ Կառավարության նախաձեռնությունն է, կամ ՀՀԿ-ի՝ իբրև քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի, և որ քաղաքական որոշում կա՝ բացառապես այդ խմբի ներկայացրած նախագիծն ընդունել խորհրդարանում այս նստաշրջանի ընթացքում: Փաստորեն, որոշվել է կիրառել նույն մոտեցումը, ինչ Սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման ժամանակ էր, այսինքն՝ հիմնական աշխատանքը վերապահել, ըստ էության, նոմենկլատուրային, կոնյունկտուրային սկզբունքով ստեղծված մասնագիտական խմբի:

Այս առումով խոսուն է երկու հանգամանք: Նախ՝ խմբի երեք անդամներից երկուսը՝ Հրայր Թովմասյանը և Դավիթ Հարությունյանը, ընդգրկված են եղել նաև Սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման մասնագիտական հանձնաժողովում: Երկրորդ՝ Ընտրական օրենսգրքի մշակումը վերապահվել է բացառապես իշխանությանը, ավելի կոնկետ՝ ՀՀԿ-ն ներկայացնող իրավաբաններին: Եվ այն փաստը, որ իշխանությունից դուրս որևէ այլ անձ կամ մասնագետ խմբում չի ընդգրկվել, ընդգծում է վերջինիս կուսակցական-նոմենկլատուրային բնույթը:

Սրանում հակաիրավական որևէ բան չկա. մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն օգտագործում է իր ունեցած ռեսուրսը, և այդպես կվարվեր ցանկացած կուսակցություն: Խնդիրը այս մոտեցման հանրային-քաղաքական նպատակահարմարությունն է:

Բանն այն է, որ ընդունվելիք նոր օրենսգրքի հիման վրա ոչ թե սոսկ նոր խորհրդարան է ձևավորվելու, այլև՝ նոր կառավարման համակարգ և դրա պայմաններում՝ նոր իշխանություն: Այս իմաստով Ընտրական օրենսգրքի մշակման և ընդունման լեգիտիմության ապահովումը դառնում է անկյունաքարային: Ահա թե ինչու է Հրայր Թովմասյանն ընդգծում. «Այն (Ընտրական օրենսգիրքը-հեղ.) վստահություն պետք է ներշնչի ընտրական պրոցեսների մասնակիցների շրջանում, որ ընտրողի քվեն լիարժեքորեն մինչև վերջ հաշվարկվի: Գլխավոր խնդիրը ընտրական պրոցեսներում վստահության ապահովումն է, օրենսգիրքը պետք է դա անի»:

Սակայն, լեգիտիմության ապահովումը սկսվում է բոլորի համար ընդունելի Ընտրական օրենսգրքի ընդունումից և առաջին հերթին՝ մշակման պրոցեսում հանրային-քաղաքական ոչ մարգինալ շրջանակների հնարավորինս լայն ներգրավմամբ: Որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր քաղաքական կոնսենսուսի եղանակով մշակել այնպիսի օրենսգիրք, որը վստահություն կներշնչի կայանալիք ընտրությունների պատշաճ կազմակերպման և ընտրախախտումների ու կեղծարարության մեխանիզմները նվազագույնի հասցնելու առումով: Մնացած բոլոր դեպքերում, հատկապես իշխանության նկատմամբ հանրային ապատիայի և տոտալ անվստահության պայմաններում, ներկայացվելիք ցանկացած նախագիծ ընկալվելու է որպես իշխանության վերարտադրության, ոմանց գնահատականով՝ նույնիսկ ուզուրպացման գործիք: Ընտրական օրենսգրքի մշակման համար աշխատանքային խումը նոմենկլատուրային-կուսակցական սկզբունքով ստեղծելը վտանգավոր է նրանով, որ ի սկզբանե չի սպասարկում ընտրությունների լեգիտիմության ապահովման թե՛ ներքին և թե՛ արտաքին ակնկալիքները:

Թե ինչ նշանակություն ունի սա ընդհանուր պրոցեսի վստահելիության առումով, ցույց է տալիս Սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման հանձնաժողովի օրինակը: Դրա հիմնական խնդիրը դարձավ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու՝ իշխանության «պատվերի» կատարումը և այդ քաղաքական որոշման պատճառների իրավական փաթեթավորման ապահովումը: Դժվար է ասել՝ եթե այդ հանձնաժողովում ընդգրկված լինեին նաև հասարակական-քաղաքական այլ շրջանակներ ներկայացնող, իշխանական կոնյունկտուրայից դուրս գործող անկախ մասնագետներ, արդյոք հնարավոր կդառնա՞ր խորհրդարանական կառավարման մոդելին անցնելն ապահովող սահմանադրական փոփոխությունների նախագծի ներկայացումը: Նման հանձնաժողովներում կամ խմբերում այլընտրանքային շրջանակների ներգրավվածությունն առաջին հերթին անհրաժեշտ է նախաձեռնող կողմի՝ տվյալ դեպքում իշխանության մոտիվացիայի, հետապնդած իրական նպատակների հարցում թափանցիկություն ապահովելու համար: Դրա բացակայությունը օբյեկտիվորեն կասկածի տակ է դնում հանրային վստահության վրա խարսխված ընտրական համակարգ ունենալու մասին իշխանության հայտարարությունների լրջությունն ու անկեղծությունը:

Մինչդեռ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի գնահատականները ցույց տվեցին, որ հենց այս գործոնն է լինելու ձևավորվելիք ապագա իշխանությունը Արևմուտքի կողմից լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ ճանաչելու հիմքում: Ավելին, սահմանադրական հանրաքվեի աղաղակող խախտումների վրա վերջիններս աչք փակեցին՝ ըստ էության միայն այն պայմանով, որ հենց կոնսենսուսային Ընտրական օրենսգիրք ընդունվի՝ հաշվի առնելով նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները: ԱՄՆ դեսպանատունը նույնիսկ հանդես եկավ այդ պայմանը չկատարելու դեպքում իշխանության իրավասու ներկայացուցիչների նկատմամբ սանկցիաներ կիրառելու սպառնալիքներով:

Եթե այս ամենով հադներձ՝ իշխանությունը գնում է հին, փորձված ճանապարհով, նշանակում է՝ ապավինում է մի կողմից հանրության հարմարվողականությանը և քաղաքական դիմադրության բացակայությանը, մյուս կողմից՝ միջազգային կառույցների աչքերը կապելու՝ իրեն արդարացրած մեթոդներին: Փորձը ցույց է տալիս, որ բավական է նախագիծը հրապարակել, մի քանի ֆորումներում դրա շուրջ բանավեճերի մասնակցել, այսինքն՝ հանրային լսումների ապահովման իմիտացիա ստեղծել, մի քանի անգամ այն ուղարկել Վենետիկի հանձնաժողովին, գուցե այս դեպքում նաև՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, և կարելի է հագիստ անել այն, ինչ ընտրությունների ժամանակ արվում է միշտ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter