HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ տնտեսությունը 2015թ. և ԵՏՄ ազդեցությունը դրա վրա

Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործընկեր փորձագետ

 Ներածություն

ՀՀ-ը վերջին տարիների ընթացքում միջազգային քաղաքական և տնտեսական վարիվերումների համատեքստում ձգտում է պահպանել որոշակի հավասարակշռված կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս ապահովել ինտեգրման հնարավորությունները և համագործակցությունը տնտեսական տարբեր միավորումների հետ: Այդ առումով լրացուցիչ քաղաքական և տնտեսական ազդեցությունները բացառելու նպատակով ՀՀ-ը 2013թ. սեպտեմբերի 3-ին հայտարարեց «Մաքսային միությանը» միանալու պատրաստակամության մասին` միաժամանակ հայտնելով ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության և դեռևս տարիներ առաջ մեկնարկած գործընթացները շարունակելու ցանկություն:

ՀՀ-ի տնտեսական վիճակի մասին

2015թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) հունվար-նոյեմբեր ամիսների հատվածում կազմել է 102.9%: ՏԱՑ-ի աճին նպաստել են ՀՀ-ի բոլոր հիմնական ոլորտները, բացառությամբ՝ շինարարության և առևտրի շրջանառության, որոնց ցուցանիշները նվազել են` համապատասխանաբար 3.1% և 7.1%-ով: Բնականաբար, ճիշտ է եզրակացնել, որ առևտրի ցուցանիշի նվազումը պայմանավորված է 4 հիմնական գործոններով՝

  1. Բնակչության թվաքանակի նվազումը միգրացիայի պատճառով:
  2. Բնակչության գնողունակության անկումը՝ պայմանավորված արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 37.2%-ով: Ընդ որում, ՌԴ-ից ստացված տրանսֆերտների ծավալը նույն ժամանակահատվածում նվազել է 43.4%-ով:
  3. Բնակչության աղքատության՝ դեռևս պահպանվող բարձր մակարդակով, որը պաշտոնական տվյալներով կազմում է 30%, իսկ որոշ վերլուծաբանների տվյալներով` այն համայնքային քաղաքներում գտնվում է մոտ 60% մակարդակի վրա:
  4. ՓՄՁ և Միկրո ձեռնարկությունների համար անհավասար մրցակցության պայմաններով, որի արդյունքում դադարում են գործել հիմնական տնտեսական ոլորտները:

Հարկ է նշել, որ ՀՀ ՏԱՑ-ի աճին մասնակցել են հետևյալ հիմնական տնտեսական ուղղությունները.

1. Արդյունաբերություն

Արդյունաբերության աճը կազմել է 4.6%: Այն տեղի է ունեցել հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման շնորհիվ (շուրջ 47%), որի տեսակարար կշիռն արդյունաբերության մեջ բավականին բարձր է և կազմում է մոտ 21%: Այնուհետև աճ է գրանցվել էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման և ջրամատակարարման, կոյուղի և թափոնների կառավարում և վերամշակում ճյուղերում` համապատասխանաբար շուրջ 4.5% և 10.4%-ով: Այս 3 ոլորտների աճը հանգեցրել է նշված 4.6% աճին` չնայած զգալի նվազում է գրանցվել մշակող արդյունաբերությունում (մոտ 5.3%), որն առավել զգալի է հատկապես խմիչքի արտադրության մեջ՝ կազմելով մոտ 20%:

2. Արտահանում

Արտահանումը կրճատվել է 4.7%-ով, ընդ  որում, դեպի ԱՊՀ երկրներ նվազել է մոտ 27%-ով, ԵՄ՝ 5.8%-ով: ԱՊՀ երկրների ցանկում արտահանումը հատկապես նվազել է դեպի ՌԴ` 28.1%-ով և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներ՝ Բելառուս՝ 41.9%-ով, Ղազախստան՝ 30.1%-ով, բացի այդ Ուկրաինա` մոտ 50%-ով: ՌԴ-ի դեպքում ցուցանիշը շատ որոշիչ է, քանի որ ՌԴ-ը  ՀՀ արտաքին առևտրում իր ծավալներով երկրորդ տեղում է գտնվում: ՌԴ-ի դեպքում հատկապես կրճատվել են ալկոհոլային խմիչքների, պահածոների և հյութերի արտահանման ծավալները:

3. Ներմուծում

Ներմուծումը 2015թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նվազել է 26.2%-ով, որից միայն ԱՊՀ երկրներից նվազել է մոտ 13% (ավելի փոքր, քան այլ երկրների դեպքում), ԵՄ-ից՝ 32.5% և այլ երկրներից՝ շուրջ 32%: Ծավալներըն ըստ երկրների նվազել են մոտավորապես հետևյալ բաշխվածությամբ ՝

  • Ռուսաստան՝ 9.8%, Ուկրաինա՝ 35.7%
  • ԵՄ երկրների նկատմամբ, Գերմանիա՝ 29.5%:
  • Իտալիա՝ 21.2% , Ֆրանսիա՝ 14.8%, Բելգիա՝ 45% :

Այլ երկրների ցանկում ներմուծման նվազումն առավել նկատելի է Չինաստանից՝ 25.8%, Իրանից՝ 4.0%, Թուրքիայից 42%, ԱՄՆ-ից՝ 23.7%: Ապրանքային տեսանկյունից կրճատումը տեղի է ունեցել բոլոր ապրանքային խմբերի համար` բացառությամբ «Սարքեր և ապարատներ» խմբի:

ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները 2015Թ. համար

ՀՀ-ի տնտեսական աճն արտաքին զարգացումների և ՌԴ-ի տնտեսության առկա խնդիրների պատճառով եղել է ավելի փոքր:

Համեմատության համար ներկայացնենք, որ 2014թ. ՀՀ ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ կազմել է 11.644 մլրդ դոլար` աճելով 3.5%-ով, իսկ մեկ քաղաքացուն բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3.864 դոլար:  Եվ, եթե 2014թ. ՀՆԱ-ի աճում հիմնականը բաժին էր ընկնում ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներին, իսկ արդյունաբերության և շինարարարության ճյուղերը բացասաբար են ազդել տնտեսական աճի վրա, ապա 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 2.9%, հիմնականում, ինչպես նշեցինք, գյուղատնտեսության և արդյունաբերության շնորհիվ:

ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցությունը կարող է ընդլայնվել դեպի այդ երկիր գյուղատնտեսական թարմ և մշակված արտադրանքների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և ինժեներական արտադրանքների, էլեկտրատեխնիկական արտադրանքի, հումքի, շինարարական նյութերի արտահանման շնորհիվ: ՌԴ-ից դեպի ՀՀ կմեծանան ձեթի, կարագի, ալյուրի, ցորենի, շոկոլադի և կոնֆետների, ինչպես նաև` ավտոտրանսպորտային միջոցների, էլեկտրոնային սարքերի և դեղորայքի ծավալները: Փոխհամագործակցության զարգացման պոտենցիալ պարունակող որոշ ոլորտներ  կարող են դառնալ կրթությունը, առողջապահությունը, գյուղատնտեսության համար թունաքիմիկատների և պարարտանյութերի արտադրությունը, էլեկտրատեխնիկական արտադրանքների համատեղ նախագծումը և արտադրությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության գործոնը արածաշրջանում

Իրանի նկատմամբ աստիճանաբար մեղմացվող սանկցիաների կիրառությունը, անշուշտ, կբարձրացնի վերջինիս քաղաքական և տնտեսական կշիռը տարածաշրջանում՝ ստեղծելով հավասարակշռություն հատկապես թուրք-ադրբեջանական առկա տանդեմի և Թուրքիա-ՌԴ կոնֆլիկտի տեսանկյունից:

ՀՀ տնտեսության վրա ՌԴ տնտեսության վատթարացման հետեւանքները

Հիմնական խնդիրները, որոնք նկատելի են արդեն 2014թ. սկսած, և որոնք ավելի ընդգծվեցին ԵՏՄ-ի շրջանակում 2015թ. ընթացքում, հետևյալն են՝

  1. ՀՀ արտաքին առևտրի ծավալների նվազումը ՌԴ-ի և ԵՏՄ անդամ երկրների հետ (Բելառուս և Ղազախստան):
  2. Արտաքին գործոնների և ՌԴ-ի տնտեսական թուլացման արդյունքում Բելառուսում և Ղազախստանում նույնպես վատացել է տնտեսական վիճակը:
  3. Դեպի ՌԴ Հայաստանի աշխատանքային միգրանտների քանակի նվազման միտումը:
  4. Աշխատանքային միգրանտների կողմից մասնավոր տրանսֆերտների նվազումը ՌԴ-ից դեպի ՀՀ. 2015թ. այն նվազել է շուրջ 43%-ով:
  5. Սոցիալական ազդեցություն. ՌԴ-ի տնտեսական վատացման արդյունքում կա վտանգ, որ գործազրկությունը կաճի և աղքատների թվաքանակը կավելանա ՀՀ-ում:

Եզրակացություն

Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ 2015թ. բազմաբնույթ քաղաքական և տնտեսական փոփոխությունների տարի էր հատկապես տարածաշրջանային երկրների համար, այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսությունը կարողացավ ապահովել 2.9% տնտեսական ակտիվության ցուցանիշ:  2015թ. ՀՀ-ի համար հատկանշական է նաև նրանով, որ մշակվեցին մի քանի ռազմավարական փաստաթղթեր` ՀՀ-ում ինովացիոն տնտեսության զարգացման, ՓՄՁ զարգացման, ինչպես նաև գործարար միջավայրի բարեփոխումների տեսանկյունից (մասնավորապես` հարկային օրենսգրքի նախագիծը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունը և այլ օրենքներ):

Իրականացվեցին որոշակի բարեփոխումներ, որոնք թույլ կտան 2016թ. ընթացքում պահպանել ձեռքբերված արդյունքները և ապահովել որոշակի տնտեսական աճ: Միաժամանակ, Միջազգային արժութային հիմնադրամի գնահատականներով` Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը 2016թ. ընթացքում կունենա առողջացման միտումներ, և ՀՆԱ-ի  բացասական ցուցանիշը կնվազի`  մոտենալով  0.6% - 0.7%-ի, իսկ 2017թ. այն կարող է դառնալ դրական` 1%: Այս ամենն էականորեն դրական ազդեցություն կունենա ՀՀ-ի տնտեսության վրա. հատկապես կաճեն արտահանման ծավալները ՀՀ-ից դեպի Ռուսաստան, կմեծանա աշխատանքային միգրանտների մասնավոր տրանսֆերտների ընդհանուր գումարը:

Այսպիսով, ըստ մեր կանխատեսման` ՀՀ-ի տնտեսության տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող է հասնել մինչև 4%-ի` ներկայումս 2016թ. համար պլանավորված 2.2%-ի փոխարեն:

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter