HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քանդվելու է նաև 1840-ականների մառանը

2008 թվականին կառավարության որոշմամբ Երևանի Պուշկինի 8 և 10 հասցեում գտնվող տարածքները ճանաչվել է  գերակա շահ: Տարածքները տրվել է «Լոքըլ դիվելոփերս» ընկերությանը։ Վերջինս դիմել է դատարան՝ պահանջելով պարտադրել սեփականատերերին փոխհատուցման դիմաց իրենց հանձնել տարածքը: Դատարանը փետրվարի 3-ին կհրապարակի Պուշկինի 8 և 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի և հարակից կառույցների օտարման հարցով դատավճիռը: Վերջին օրերին սոցցանցերում ակտիվ քննարկվում էր «Դոլմամայի» եւ հարակից շինությունների քանդման հարցը։  Այսօր այդտեղ էին հավաքվել արվեստագետներ, ճարտարապետներ, տուր-օպերատորներ, հին երեւանով մտահոգ քաղաքացիներ։  

Տիկին Հերմինեի նկուղը երևանյան ամենահին նկուղներից է: Այն  կառուցվել է 1840 թվականին:  Կարեն Գրիգորյանը՝ տիկին Հերմինեի փեսան, պատմում է, որ պատերազմի տարիներին նկուղային նման հարկերում տագնապային ազդանշաններ են դրվել, դրանց ձայնը հասել է մինչ Մոսկվա կինոթատրոն: Մինչ վերջերս էլ իրենց նկուղի այդ ազդանշանը սարքին է եղել, սակայն հրշեջները այն որպես հուշ են խնդրել, եւ ինքը տվել է նրանց:  

Նկուղի հաջորդ սրահում մառանն է: Մառանը, նկուղը ուսումնասիրելուց և լուսանկարելուց հետո հյուրերը դրսում քննարկում էին Երևանի  այս հին տարածքը փրկելու քայլերը։

Նունե Մանուկյան, «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն

Մենք դեմ չենք բիզնեսին, խնդիրն այն է, որ մենք՝ տուր-օպերատորներս, պետք է ունենանք հետաքրքիր արտադրանք, որը կկարողանանք «վաճառել»: Երևանում մենք այդ պրոդուկտը արդեն չունենք: Չենք կարողանում կազմակերպել տուր, որի շնորհիվ հյուրը գոնե չորս ժամ քաղաքում կշրջի, գումար կծախսի: Կարելի է այն քանդած տարածքում նոր շենքեր կառուցել՝ միացնելով հնին: Այս հին շենքերը կարելի է շատ լավ վերականգնել: Տուր-օպերատորներն ուզում են իրենք էլ բիզնես ունենան, իրենք էլ կարողանան գումար վաստակել: Չի կարելի այդպես: Նրանք մեզ զրկում են բիզեսնից և քաղաք զբոսաշրջիկ բերելու հնարավորությունից:

Հովակիմ Սաղաթելյան, «Տրինիտի Կանյոն Այգիների» տնօրեն

Ինձ թվում է՝ այս շենքերը քանդվում են քիչ տեղեկություն ունենալու պատճառով: Համեմատենք մեր հարևանների հետ, էնտեղ ամեն մի մառան պահպանվում է, և դրանք միջոց են, որով կարող ես ապացուցել՝ գինու բիզնեսով տասը տարի չես զբաղվում: Այս մառանով կարող ենք ցույց տալ, որ դեռ 150 տարի առաջ զբաղվել ենք գինեգործությամբ: Էս մառանի հետ շշմելու նախագծեր կարելի է անել, արդեն գլխումս երեք միտք եկավ: Նման տարածքներ Երևանում գրեթե չկան: Սա քանդելը նույնն է, թե Կալիֆոռնիայում Ռոբերտ Մոնդավիի տունն ու մառանը մեկը քանդի, ասի՝ ես դրա տեղը տասը հարկանի շենք պիտի կառուցեմ: Այն Հայաստանի գինեգործության պատմության եզակի նմուշ է:

Սևան Նագաշյան, նկարչուհի

Այս մառանը արժեքավոր հնություն է: Երևանում չկան նման վայրեր, ափսոս է: Տակառը խորը, պատերը՝ հաստ, քարից կառուցված: Ոնց որ մեզնից մի բան խլեն, որը մեզ է պատկանում: Որպես հասարակ քաղաքացի՝ կցանկանայի իմանալ, որ իմ քաղաքում նման հնություններ կան: Եթե այդ տեղը կառուցվեր, կգայի, մի անկյունում սուս ու փուս, թաքուն կնստեի, կխոկայի ու կնկարեի: Պատկերացնում եմ՝ այս տեղում կիթառով, սրինգով երաժշտություն կհնչեր:

Լուսինե Ազարյան, օպերային երգչուհի

Արցունքներս հազիվ եմ զսպել:  Մոտս հայրենի տան զգացողությունն էր: Սա երևի մեր վերջին բռնվելու տեղն է: Տեսանք՝ ինչ անփութորեն ամբողջ հին քաղաքը հավասարեցվեց հողին: Չեմ հիշում մի երկիր, որտեղ տեսած չլինեմ հին քաղաք: Այս հատվածում կարող էր լիներ մեր հին քաղաքը: Ուզում եմ հարց տալ՝ որտե՞ղ են այն համարակալած քարերը, որոնք պիտի դառնային հին քաղաք: Բիզնեսմենը, ով հաշվել գիտի, կարող է պատկերացնել՝ այս տարածքը կարող է ներկայացնել որպես հին քաղաքը՝ ունենալով բիզնեսի լուրջ աղբյուր: Խելացի մոտեցում պետք է լինի: Մարդ պետք է հասկանա՝ բիզնես կարող է անել պահպանելով, չվնասելով և օրհնվելով ազգի կողմից: Ինձ վախ է պատել, զգում եմ ինչ-որ չկանգնող գազանի թաթ, որը ավիրում է ամբողջը:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter