HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սրանից բարձր էլ ո՞րդի գնանք, ունե՞նք ղեկավար, թե՞ չէ, ո՞վ ա տերը էս երկրի»

Գայանե Սարգսյան

Քիմպրոմցիները կրկին իրենց աշխատավարձն են պահանջում

2011 թ.-ից կուտակված 5 ամսվա աշխատավարձի պարտքն ստանալու վերջին հույսը «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցներին կրկին բերել էր Լոռու մարզպետարան: Փակուղու առաջ հայտնված «Ռեջիոն Էներջի» ընկերության շուրջ 140 աշխատող չորս տարուց ավել է, ակնկալում է  ստանալ հասանելիք աշխատավարձը: Հարցը սակայն, ոչ մի կերպ չի լուծվում:

Չնայած նրան, որ «Վանաձոր-Քիմպրոմի» կազմից որոշ ժամանակով դուրս եկած «Ռեջիոն Էներջին», կամ որ նույնն է՝ ՋԷԿ-ը, այժմ կիկին Քիմպրոմի կազմում է, դատական ատյաններում դատը շահած շուրջ 100 աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվում:

Գառնիկ Մարտիրոսյանը

«2011թ.-ից ՋԷԿ-ն առանձնացավ Քիմպրոմից, «Ռեջիոն Էներջի» դառավ, սկզբից նորմալ փողերը վճարում էին, հետո վերջին 5 ամիսը «Ռեջիոնը» կորավ, անհետացավ, չքվեց, չգիտենք ինչ եղավ: Մեր 5 ամսվա փողը հիմա ոչ մեկը տիրություն չի անում: Դատի ենք տվել, դատարանը որոշել է ի օգուտ մեզ, բայց դատարանի որոշումն ո՞վ ա բանի տեղ դնում ստեղ:  Ուզում ենք իմանանք՝ ո՞վ պտի էս հարցերը լուծի»,- ասում է որպես պահակ աշխատող Գառնիկ Մարտիրոսյանը:

Շուրջ 100 մլն դրամի աշխատավարձի սպասող 140 աշխատակիցներին հիմա միայն իրենց աշխատավարձերն են մտահոգում, Քիմպրոմի հետագա ճակատագրի մասով նրանք այլևս սպասելիքներ չունեն:

Լենդրուշ Կիրակոսյանը ևս ՋԷԿ-ի աշխատակից է: «Գեներալնի դիրեկտորին դիմում ենք, ասում ա՝ չունեմ, չեմ կարող ու վերջ: Հիմի էլ գնաք՝ տեղում չի: Երբ գնաք, կամ հիվանդ ա, կամ Մոսկվայում: Մինչև ե՞րբ պետք ա էդ պարտքը մնա, մենք ո՞ւմ ներկայացնենք, ո՞ւմից պահանջենք: Էդ ԴԱՀԿ ա, ինչ ա, եղբա՛յր, ձեր պարտականությունը ինչի՞ չեք կատարում, ի վերջո եթե ի վիճակի չեք, ասեք՝ միանգամից հրաժարվենք, հույսներս կտրենք, ախր»,- դժգոհում է նա:

Լենդրուշ Կիրակոսյանը

«Մնում ա հիմա էլ ԴԱՀԿ-ին դատի տանք, որ մեր փողերը հանեն,- կես կատակ, կես լուրջ վրա է բերում աշխատակիցներից Սեդրակ Գիշյանն ու հավելում,- սրանից բարձր էլ ո՞րդի գնանք, ունե՞նք ղեկավար, թե՞ չէ, ո՞վ ա տերը էս երկրի»:

ՋԷԿ-ի աշխատակիցների վերջին հույսը Լոռու մարզպետն է:   

«Արդարադատությունը երկու տարի առաջ վճիռ է կայացրել: Խնդրում ենք միջնորդեք գնանք արդարադատության նախարարությանը մեր խնդիրը ներկայացնենք»,- մարզպետին դիմեցին ցուցարարները:

«Եթե զգում եք, որ արդարադատության նախարարությունը ձեզ օգնելու է, էն, ինչ գիտեք, ներկայացրու, Հրաչիկ, մենք նամակը տեղ կհասցնենք, թող զբաղվեն: Ուղղակի դա ժամանակատար պրոցես է»,-արձագանքեց մարզպետը:

Անդրադառնալով դատական կարգով  վճարվելիք աշխատավարձի պարտքին՝ Ա. Նալբանդյանը նշեց. «Ես դեռ տարիներ առաջ ասացի՝ ժողովուրդ, ինչը դատարանի հետ է կապված, իմ ուժերից վեր է, ես չեմ կարող: Դատական պրոցես է եղել, դատարանը վճիռ է կայացրել, հիմա որ «Ռեջիոն Էներջին» գույք չունի, ես ի՞նչ կարամ անեմ…

Մտածում էինք, որ Քիմպրոմի վիճակը կարող է  լավանա, օտար, նոր սեփականատեր հայտնվի, ով ցանկություն ունենա աշխատեցնելու կամ գույքը կամաց օտարելու, մտածում էինք, որ ձեր 100 մլն աշխատավարձի պարտքն էլ կտան ու կզրոյացնեն: Բայց ի՞նչ անենք, որ չի ստացվում…»:

«Պայմանագիր ենք ստորագրել, որ ամեն ամսի 15-ին մեր աշխատվարձերը տան, բա ո՞ւր ա»,- վրդովվեց աշխատողներից մեկը:

«Այդ կազմակերպությունը եթե հող, շենք-շինություն ունի, օտարումից պետք է ձեր աշխատավարձը մարեին: Իրավահաջորդը եթե համարվում է Քիմպրոմը, ուրեմն նույն գործողությունը պետք է անի Քիմպրոմը: Քանի որ «Ռեջիոն Էներջին» ընդհանրապես գույք չունի և գույքի օտարումից մենք հույս չունենք, միակ տարբերակը մնում է, որ Քիմպրոմի գույքի օտարումից ձեր աշխատավարձի պարտքն առաջնահերթ տան: Որքանո՞վ է Քիմպրոմը  «Ռեջիոն Էներջիի» իրավահաջորդ համարվում, ես անկեղծորեն չգիտեմ: Իրավաբանորեն ֆիքսվա՞ծ է որպես իրավահաջորդ, թե՞ չէ: Այ, դա ես տեղյակ չեմ»,- նկատեց մարզպետը:

Ընդառաջելով ցուցարարների խնդրանքին՝ մարզպետը խոստացավ հանդիպում կազմակերպել ՀՀ արդարադատության նախարարի հետ, որի ընթացքում աշխատողներից ընտրված պատվիրակությունը կներկայացնի առկա իրավիճակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter