HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մոտ 113 մլն դոլարի վարկ՝ Երևանից սկսվող նոր ճանապարհների կառուցման համար

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագիրը, ինչը «Տրանշ 1»-ի շարունակությունն է:

Նոր վարկային ծրագրով շարունակվելու է կառուցապատել Նորագավիթ-Արգավանդ-Շիրակի փողոց Արգավանդի տրանսպորտային հանգույցը, այնուհետև, որպես շարունակություն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցից մինչև Աշտարակի խճուղի, իսկ երրորդ հատվածով՝ Դավթաշենի կամուրջից շարունակություն դեպի Աշտարակի խճուղին:

Այդ համաձայնագրով Ասիական զարգացման բանկը Հայաստանին է տրամադրում 112 մլն 960 հազար դոլար վարկային ռեսուրս՝ 22 տարի մարման ժամկետով, որից 15 տարին՝ արտոնյալ: Ծրագիրն իրականացվելու է մինչև 2020 թվականը: Հիմնական ճանապարհի երկարությունը 10.4կմ է, իսկ իջատեղերով և ուղետարներով՝ 17 կմ:

Ազգային ժողովում համաձայնագիրը ներկայացնում էր Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նրա խոսքերով՝ առաջին բաղադրիչ ճանապարհաշինությանը բաժին է հասնում 65 մլն դոլարը, որից հետո առանձին բաղադրիչ է կազմում վերաբնակեցման ծրագիրը՝ 13 մլն դոլար, որն իրնենից ներկայացնում է ճանապարհահատվածին գտնվող անշարժ գույքի փոխհատուցման ծրագիր: Իսկ 12.6 մլն դոլար էլ հատկացվում է խորհրդատվության համար:

«Իրականում այդ խորհրդատվությունն իրենից ներկայացնում է աշխատանքներ, որոնք կապիտալ շինարարության օրգանական բաղկացուցիչ մասն են կազմում»,- ասում է Երևանի առաջին փոխքաղաքապետը: Ըստ նրա՝ խորհրդատվության գումարի մեջ են մտնում «Տրանշ 3»-ի նախագծա-նախահաշվային ծախսերը, ինչպես նաև նոր ծրագրի տեխնիկական վերահսկողությունը և Երևան քաղաքի նոր տրանսպորտային մոդելի ստեղծումը:

Ճանապարհի ամբողջ երկայնքով տեղադրվելու է էլեկտրախնայող LED լուսային համակարգ, հագեցած է լինելու բոլոր ենթակառուցվածքներով, նշաններով:

Պատգամավոր Մհեր Շահգելդյանը հետաքրքրվեց, թե վերաբնակեցումը քանի մարդու է վերաբերում և ինչ երաշխիքներ կան, որ այդ տարածքի բնակիչները չեն կանգնի նույն խնդրի առջև, ինչ տարիներ առաջ եղավ Հյուսիսային պողոտայի և Բուզանդի փողոցի բնակիչների հետ:

Կամո Արեյանն ասաց, որ «Տրանշ 1»-ի փորձառությունն արդեն ունեն, այն արդարացված մոտեցում է եղել: Մոտ 200 գույքի փոխհատուցում է տեղի ունեցել և որևէ չլուծված խնդիր առայսօր չունեն: Ըստ նրա՝ հանրային գերակա շահը կարգավորող օրենսդրության հիման վրա կատարվելու է գույքագրում: Նախնական հաշվարկներով արձանագրվել է 220 օրինական և 300 չգրանցված գույք, որը ևս ենթակա է փոխհատուցման: Գույքագրումից հետո արդեն կիրականացվի փոխհատուցում:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ վարկային համաձայնագրերը սնկի պես աճում են: Իհարկե, գումար բերել, զարգացնելը լավ բան է, բայց պատգամավորի խոսքերով՝ ցուցանիշը չեն տեսնում և հաճախ վարկերը դանդաղեցնում են տնտեսության զարգացումը: Այնուհետև պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ դրական արդյունք է ունենալու համաձայնագրի իրագործումը:

Կամո Արեյանն ասաց, որ այս պահին չի կարող կապիտալ բնույթի որևէ տնտեսական էֆեկտ, ցուցանիշ ասել, բայց այն բազմաբնույթ է, որով իրականացվում է գլխավոր հատակագիծը, Կենտրոնը բեռնաթափվում է և այլն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter