HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թամարայի վարդերը

Թամարայի մի ձեռքին երեք կարմիր վարդեր են, մյուսին էլ՝ տոպրակի մեջ դարսած վարդերը։ 27-ամյա ծաղկավաճառն արդեն տասներկու տարի է՝ Հյուսիսային պողոտայում և Մոսկվա կինոթատրոնի դիմաց վարդեր է վաճառում:

Թամարան պատմում է, որ մինչև վեցերորդ դասարան է սովորել` Երևանի N2 հատուկ (օժանդակ) դպրոցում: Այնուհետեւ մայրը Թամարային դպրոցից հանել է: «Մայրս չթողեց սովորեմ, եսիմ, չգիտեմ... Ասեց ավելի լավ ա կողքիս լինես»,-ասում է Թամարան:

Մոր այս քայլը Թամարայի համար ճակատագրական եղավ: Երազում էր սովորել, ուսուցչուհի դառնալ:

Տասներկուսից տասնհինգ տարեկանում Սովետաշենի հոգեբուժարանում է բուժվել. «Մայրս տարավ, ինձ գցեց հոգեբուժարան: էնտեղից էլ ծխելուս սովորությունը մնաց, որից մինչև հիմա էլ չեմ կարողանում հրաժարվել»:

Հոգեբուժարանից դուրս է գրվել ու սկսել փողոցում ծաղիկներ վաճառել: Ասում է՝ ուրիշ գործ չկա, դրա համար է այս աշխատանքով զբաղվում:

Թամարան ասում է, որ ինքը կակաչներ է սիրում։ Բայց կակաչներ առնողները քիչ են, դրա համար վարդեր է վաճառում։ Ասում է, որ իր նախկին ամուսինը իրեն տասը տարի առաջ վարդեր էր նվիրել։

Թամարան ամուսնացել է տասնութ տարեկանում։ Ութ տարի հետո բաժանվել է ամուսնուց, իր հետ մնացել է որդին՝ 1 տարեկան 8 ամսեկան Գոռը։

Ապրում են վարձակալած տանը։ Երեխային, մորն ու եղբոր ընտանիքին կարողանում է պահել ամսական մոտ 40 հազար դրամի վարդեր վաճառելով, հաշմանդամության թոշակով և միայնակ մայրության գումարով: Տան ամբողջ հոգսը Թամարայի վրա է։

Մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին Թամարան կանանց անվճար ծաղիկներ է նվիրում՝ փոխադարձաբար ստանալով պատահական անցորդներից:

Ասում է՝ ամբողջ օրը ուշքն ու միտքը երեխայի կողմն է: Ցանկանում է գնալ, հետը խաղալ, բայց գիտի, որ տանն իր աշխատածին են սպասում:

Ոստիկանների հետ հաճախ է խնդիրներ ունենում: Ասում է ՝ ամեն օրվա համար 1000 դրամ են ուզում: Վերջին անգամ ոստիկանի հետ տասն օր առաջ է վիճել, գործը մինչև ոստիկանություն է հասել:

Այլ ծաղկավաճառների հետ հարաբերություններ չի պարզում, չի վիճում. «Աջս քաշած աշխատում եմ: Ո՛չ կռիվ, ո՛չ էլ․․․»:

Զրուցում է, բայց հայացքը կինոթատրոնի կողմն է: Դրսում -7 աստիճան ցուրտ է, հարցնում եմ՝ ինչպես է կարողանում 14:00-ից գիշերվա 24:00-ն աշխատել: «Դժվար ա, բա ի՞նչ ա: Ինձ էս պայմանները հաճելի չեն: Մարդ կա՝ գնում ա, մարդ էլ կա՝ չի գնում, հարվածում, հայհոյում ա»,- ասում է Թամարան:

Կորցրած  տարիների, արած սխալների և այսօրվա իր վիճակի համար Թամարան մեղադրում է միայն ծնողներին: «Նրանց մեղադրում եմ,  որ տանջվելու համար բերեցին, քցին ինձ էս աշխարհ»: Բայց հետո ասում է, որ իր երազանքն է մորն իր կողքին առողջ տեսնել․ «Մամաս որ վատանում ա, շտապ օգնություն եմ զանգահարում, նենց եմ խառնվում իրար: Պատկերացրեք՝ երեխուս թողնում, մամայով եմ զբաղվում: Լինում ա՝ գործի եմ լինում, զանգում ասում ա՝ վատ եմ, արի: Թափով նստում եմ տաքսի, ճանապարհից զանգում շտապ օգնություն, տեղ հասնում, տան դիմաց սպասում, որ իրանց դիմավորեմ»:

Ասում է՝ Գոռին դաստիրակելու է այլ կերպ, չի թողնելու ծխի ու այնպես է անելու, որ սովորի։

Կինոթատրոնից դուրս եկող զույգին տեսնելով՝ Թամարան քայլեց նրանց կողմ՝ վարդեր առաջարկելու։

Դիանա Ղազարյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter