HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զբոսաշրջիկներին դիմավորում ենք ևս մեկ աղբանոցով

Զարուհի Մուրադյանն առաջին անգամ երեք տարի առաջ է ահազանգել «Զվարթնոց» օդանավակայանի հարակից հողամաս-աղբանոցի մասին: 2015-ին Զարուհին նորից լուսանկարներ է հրապարակել, որտեղ պատկերված է, թե ինչպես են կովերը սնվում այդ աղբանոցում:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ավագանու նիստում ներկայացրել է այդ վիճակը։

«Մի քանի օր անց տկն Բախշյանը զանգահարում է և հայտնում, որ ավագանու նիստին հայտարարվել է՝ տարածքը մաքրվել է: «Զվարթնոցում» ազգականինս դիմավորելիս նկատեցի, որ ընդամենը շորով փակվել է ցանկապատի այն հատվածը, որտեղից երևում էր աղբանոցը»,- նշում է Զարուհի Մուրադյանը:

Այս միջոցով կարծես որոշել էին «թաքցնել» աղբանոցը: Սակայն հետագայում քամին պատռել է շորը և կրկին տեսանելի դարձրել աղտոտվածությունը:

Տարածքն այսօր էլ աղբանոցի է վերածված: Փոփոխությունը միայն մեկն է՝ ցրտի պատճառով կովեր չեն արածում:

Մայրուղին մաքրող աշխատակիցը, որը չցանկացավ իր անունը նշել, պատմում է, որ արդեն վեց տարի տարածքը չի մաքրվում։ «Մի երկու անգամ եկել, առուն մաքրել են, որ ջուրը հոսի, բայց դրան կից հողերի աղբին ձեռք չեն տվել: Միայն որոշ հատվածի աղբ կուտակել են, որը մինչ օրս չեն տարել: Էս տարածքը մաքրելը դժվար չի: Գյուղապետարանը աղբի մեքենա ունի, թող գա, մեկ-երկու օրում հավաքի աղբը, դուրս բերի: Մեկ-մեկ գալիս, տեսնում եմ տորպակով աղբը դրել են մայրուղու մոտ, ծառերի տակ կամ էլ գցել են էս տարածք: Էս աղբի մեջ հողաթափեր կան, դրանք էլ մոտակա հյուրանոցից են»,- նշում է աշխատակիցը:

Հյուրանոցի կից տարածքը ևս աղբաշատ է: Տարածքը լուսանկարելիս մեզ մոտեցավ երթուղայինի մի վարորդ: Հարցրեց. «Ի՞նչ խնդիր կա: Իմ տարածքն ա»: Ասում եմ՝ գիտե՞ք, այն աղբանոցի է վերածված։ Վարորոդը, ոչինչ չպատասխանելով, նստեց մեքենան և հեռացավ:

Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը տեղյակ է այդ տարածքի կարգավիճակից: «Էն որ ջրի հետ շշեր-մշեր են եկել»,- այսպես է նկարագրում աղբանոցը:

Նշում է, որ մինչև եղանակները չկայունանան, ոչինչ անել չեն կարող: Դեկտեմբերին որոշ հատվածներ մաքրել, աղբը կուտակել են: Հետագայում տեխնիկայով պետք է դրանք բեռնեին, տեղափոխեին, բայց չեն կարողացել: Ասում է՝ մարտին նոր կանդրադառնանք այդ հարցին: Թեև արդեն դիմել են հողամասերի սեփականատերերին՝ իրենց տարածքները մաքրելու համար:

Վարդանյանը չի հիշում, որ այս խնդրով իրեն դեռևս ապրիլ ամսին են դիմել, բայց պարզվում է՝ հոկտեմբերին օդանավակայանից, վերջերս էլ մարզպետարանից են գրել:

Հարցին՝ տեղյա՞կ եք, որ տարածքում կովեր են արածում, գյուղապետը պատասխանում է. «Դրանք սեփական հողեր են, մարդիկ իրենց կովերը որտե՞ղ արածացնեն, արոտավայրեր չունեն: Որտեղ կովերն արածում են, էնտեղ միայն շշեր են: Կովերն էլ շշեր չեն ուտում: Ցանկապատի մոտ երկու-երեք տեղ է կուտակված աղբը»:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter