HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ի 6 մլն դոլարի գործով նիստը նորից հետաձգվեց

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով ձերբակալված ընկերության տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի մասով դատական նիստը: Այն, սակայն, կրկին չկայացավ: Նիստերի քարտուղարը հայտնեց, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը խորհրդակցական սենյակում է: Այդ պատճառով դատական նիստը հետաձգվում է մինչև փետրվարի 19-ը:

Այս գործով նիստ չլինելու հանգամանքը, ըստ ամենայնի, արդեն հայտնի էր, քանզի datalex.am համակարգի նիստերի ժամանակացույցում այն այսօր ընդգրկված էլ չէր: Մինչդեռ Արմեն Բեկթաշյանն այսօր երկու այլ դատական գործեր ուներ:

Նախորդ նիստին հայտարարվել էր, որ այսօրվա նիստը նշանակված է 12:30-ին: Վկաները և Վլադիմիր Սաչկովի պաշտպան Արմեն Բաղդասարյանը ներկայացել էին, սակայն դատախազ Ա. Փանոսյանը նույնպես չէր ներկայացել: Հավանաբար նա էլ էր տեղյակ, որ նիստը տեղի չի ունենալու: Դատարան չէր բերվել նաև մեղադրյալ Վ.Սաչկովը: 

Հիշեցնենք՝ Վ.Սաչկովի կինը իր ամուսնու գործը ձգձգելու կապակցությամբ դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և խնդրել վերահսկել այս գործի օրինականությունը: Եկատերինա Ազյոման դժգոհություն էր արտահայտել, որ անընդհատ ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են դատական նիստերը, ինչի հետևանքով իր ամուսինը մնում է անազատության մեջ:

«Ստացվում է, որ օրինականությանը պահպանելու իմ խնդրանքն անտեսվել է: Դատարանում գիտեն, որ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստ է երաշխավորել Սաչկովի համար, բայց չգիտեն՝ այս դեպքում ինչպես վարվեն»,-ասում է Եկատերինա Ազյոման:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին գործն ընդունվել էր դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթ:  Սակայն դեռևս ոչ մի նիստ չի կայացել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter