HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւան. ինչո՞ւ ենք ուզում ազատվել հին շենքերից

-Ի՞նչ եք մտածում այսօրվա Երեւանի ճարտարապետական տեսքի, դիմագծի մասին, ինչո՞ւ ենք ուզում ազատվել հին շենքերից, կառուցո՞ւմ, թե՞ քանդում ենք քաղաքը:

Հովիկ Չարխչյան, գրականագետ- Մայրաքաղաքն այսպես կոչված հին շինություններից ազատելու փաստերը մեծամասամբ այլ անուն չունեն, քան պարզագույն բարբարոսություն: Ամեն կարգի հիմնավորումները, որ հնչեցվում են պատասխանատու կառույցների կողմից, ոչ իրավական, ոչ մասնագիտական եւ ոչ էլ բարոյական ատաղձ ունեն: Աշխարհում չկա այնպիսի մի կարգ, օրենք ու պատճառաբանություն, որը կարդարացնի պատմության ոչնչացումը:

Ոչ ոք երբեք չի ընդդիմացել քաղաքի նորօրյա դիմագիծը ձեւավորելու եւ կառուցապատման ծավալներն ընդլայնելու քայլերին: Երեւանն, ինչպես աշխարհի բոլոր քաղաքները, պիտի նորանա ու զարգանա: Սակայն նորը ոչ մի կերպ չի նշանակում հնի ոչնչացում: Արդիականը չի բացառում հնագույնը: Ներկան անցյալի թշնամին չէ:

Հակառակ պարագայում ու՞ր պիտի առաջնորդի այդ տրամաբանությունը: Համատարած արդիականացմա՞ն: Եկեք ուրեմն հողին հավասարեցնենք Էրեբունու միջնաբերդը եւ տեղում մի շքեղ հյուրանոց կառուցենք: Կամ եկեք ասենք, որ Կարմիր բլուրի տարածքը շատ հարմար է տեղում առեւտրի կենտրոն հիմնելու համար ու այդ գոտին մաքրենք հազարամյա քարակույտերից: Ի վերջո, ինչպես ճարտարապետ Իգիթյանը կասեր, դրանք «սարայ»-ից էլ վատն են:

Ահա հենց այս «ցախանոցային» մտածողությամբ էլ եկանք-հասանք նրան, որ 2004 թ. հոկտեմբերի 7-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից հաստատվեց Երեւան քաղաքի պատմական հուշարձանների պետական ցանկը: Եվ հանկարծ պարզվեց, որ բազմաթիվ շինություններ, որոնք խորհրդային տարիներին համարվել էին մշակույթի եւ պատմության հուշարձան, անկախության շրջանում ինչ-որ մի հրաշքով դադարեցին լինել այդպիսին: Իսկ հետո կատարվեց ավելի վատը. հուշարձան լինելու հանգամանքն այլեւս կարեւոր չէր, քանի որ հրապարակ եկավ նորին գերազանցության «հանրային գերակա շահ» թեզը: Հիմա այդ թեզի անվան տակ ջնջվում է մի ամբողջ մշակութային շերտ, հիշատակներ ու անուններ, դիմագիծ ու կոլորիտ:

Երեւանի պատմական միջավայրի ամեն պոկված քարի թիկունքում մի հանցագործ է նստած: Ամեն փլուզված պատ մի վանդալի ձեռքի գործ է: Ամեն կործանված պատմական շինություն մի շահամոլի չարանենգ արարք է:

Ուրեմն պիտի պատիժն անխուսափելի լինի: Պատիժը վերք չի բուժում, բայց սթափեցնում է անպատկառներին»:

Էդուարդ Զորիկյան, երաժիշտ, երգահան- Եթե փորձեմ հակիրճ լինել, ապա Երեւանի ժամանակակից ճարտարապետությունն ուղղակի կանվանեմ գենետիկորեն մոդիֆիկացված ճարտարապետություն:

Խոսելս չի գալիս: Ուղղակի կասեմ որ այն, ինչ կատարվում է, գողություն է:

Արա Շիրինյան, ռեժիսոր- Մի բան կարող եմ ասել. հանրային տարածքները, պատմական հուշարձանները բոլորի աչքի առաջ հանձնվում են մասնավորին՝ կաշառքի դիմաց: Սա ճարտարապետական հարց չէ, սա իշխանության ղեկին գտնվող մարդկանց բարոյական եւ մասնագիտական որակի հարց է: Բավական է լսել, թե ինչ է խոսում Երեւանի մասին ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը, որպեսզի պարզ դառնա, որ քաղաքը դատապարտված է վերաձեւման, որի նպատակը առանձին անհատների հարստացումն է: Այն, ինչ կատարվում է այսօր քաղաքաշինության բնագավառում, ինքնիրավչություն է, հանրային սեփականության յուրացում:

Վահան Արծրունի, երաժիշտ, երգահան- Մեր քաղաքի իրականության մեջ հսկայական քանակի հարցեր կան, որոնք որ հարցեր են մնում: Այսինքն՝ պարզ տրամաբանելով կամ թեկուզ փորձելով հասկանալ ինչ է կատարվում, պատասխանը չես գտնի: Ներքին տրամաբանություն չկա, թե ինչպիսին է քաղաքի դեմքը, ինչպիսին են քաղաքի ճարտարապետական լուծումները, հարցեր, որոնք որ ենթադրում են գլոբալ մոտեցում, այսինքն՝ ընդհանուր մի գաղափարի ներքո ձեւավորված որոշակի պլան: Մոտավորապես խոսում եմ այն կարգավիճակի մասին, որը տիրում էր Երեւանում 1920-ական թթ.-ին, երբ քաղաք դեռ չկար, բայց քաղաքի տեսլականը կար՝ հստակ գծած թղթի վրա: Քանի որ նման տեսլական չկա, եւ քաղաքի զարգացումը խայտաբղետ է, այսինքն՝ անհասկանալի սկզբունքներով է տրանսֆորմացվում, դրա պատճառով եւ՛ մեր տագնապներն են, եւ՛ մեր ապշահարությունը, եւ՛ նաեւ ցասումը, որովհետեւ Երեւանը բոլորիս աչքի առաջ փոխում է իր դիմագիծը:

Եթե հաշվի առնենք, թե ինչ է կառուցվում, ենթադրենք նույն Աբովյան փողոցը, վերեւից ներքեւ՝ մինչեւ հրապարակ, քայլելով անցնենք: Մենք կտեսնենք այն, ինչ հին է, ընդհանուր էսթետիկա, սկզբունք կա՝ հարկայնությունից սկսած, կառուցվածքով, ամեն ինչով վերջացած: Այն, ինչ նոր է կառուցված, ոչ հակաթեզ է, ոչ էլ մերժում է հին սկզբունքը: Էդ նոր ֆասադները, որոնք շատ հանգիստ կարելի էր նմանեցնել, նույն կանոններով ձեւավորել (վերջիվերջո, ներսի կառուցվածքը մեզ հետաքրքիր չէ՝ քանի հարկ է եւ այլն), դա չի արվում: Ըստ երեւույթիn, պատճառն այն է, որ չկա կոդ հասկացությունը, այսինքն՝ քաղաքի կոդը ո՞րն է: Յուրաքանչյուր քաղաքակիրթ քաղաք իր կոդն ունի, սա նշանակում է, որ նոր շինությունն էս հարկից ավել չի կարող կառուցվել, եթե դու կառուցում ես էս գծի, էս մայթի կամ էս փողոցի վրա, նշանակում է, որ ֆասադը պետք է լինի ընդհանուր կոնցեպտին համապատասխան: Համընդհանուր սկզբունքներ չկան եւ չեն գործում մեր քաղաքում՝ ով ինչ ուզում, անում է: Էս պարագայում միշտ քննադատում եմ ոչ թե հանրությունը, իշխող կառավարությունը կամ որեւէ մեկին, այլ կարծում եմ՝ խնդիրը պետք է փնտրել ճարտարապետների մեջ, որովհետեւ մի ճարտարապետ գծում է, մի ճարտարապետ հաստատում է, որովհետեւ առանց վերին ատյաններում կամ նույն քաղաքապետարանում հաստատելու հնարավոր չէ քաղաքում որեւէ շինարարություն անել, երրորդ ճարտապետն էլ կառուցում է: Այսինքն՝ բավական է՝ այս տրոյկայի մեջ որեւէ մեկը սկզբունք ունենա, այդ երեք ճարտարապետների կապը կընդհատվի, եւ էդ պրոցեսը տեղի չունենա:

Վիգեն Ավետիս, քանդակագործ- Մուսուլման թուրքերը վախենում էին մեր եկեղեցիներից ու պոկում խաչերը, ստորացնում մեր սրբավայրերը՝ վերածելով դրանք անասնատեղի՝ գոմի: Աթեիստ բոլշեւիկները մեր եկեղեցիները քանդում էին, փոխարենը կինոթատրոն կամ սոցմշակույթի շենք կառուցում: Այդպիսով, իդեալոգիական պարտադրանքով հավատազրկում էին մարդկանց: Գյուղերը վերածվեցին կոլխոզի, եկեղեցիները՝ գոմերի, քաղաքները՝ կոմկուսի առաջնորդ Լենինի ու Ստալինի մեծարման կենտրոնների: Երբ տապալվեց ԽՍՀՄ-ը, առաջինն ինչի՞ց ազատվեցինք. դա Լենինի պաշտամունքի արձաններն էին, չկա դիկտատորի արձան, չկա դիկտատուրա: Բայց եւ չկար ազգային եւ պետական դպրոց-հոգեբանություն: Հայտնվեցին կիսագրագետ եւ կիսահանցագործ միջակ արվեստագետներ եւ հաշվեհարդար տեսան մազապուրծ եղած Մեծ արվեստագետներից: Մտավորականներից եւ բարձր մասնագիտացված գործիչներից սկսվեց թալանն ու արժեզրկումը՝ ի պատիվ ստոր անառակության:

Չարացած ու անմիտ մտավորականներին փոխարինելու եկան նոր բոլշեւիկները՝ գեղի ինտելիգենտն ու կոմսոմոլացված գեղացին: Նրանց քանդածը սկսեցին կառուցել սրանք: Սովածները կառուցեցին ռեստորանները, իսկ կուշտերը՝ զուգարանները: Այսպիսով, ճաշակն ու արժեքային համակարգը ձեւավորվեց ըստ այսպիսինների, եւ ագահության մսի մեքենան աղաց մեր մազապուրծ կոթողները: Նախիջեւանում ադրբեջանցիները պատմություն են մոգոնում եւ այն սկսեցին մեր պատմությունը ջնջելուց՝ խաչքարերը փշրելով, ինչպեսեւ Երեւանի պատմական կառույցները սարսափեցնում են նոր բոլշեւիկներին:

Տիգրան Պասկեւիչյան, հրապարակախոս - Ճարտարապետությունը հասարակարգի արտացոլանքն է։ Ինչպիսին իշխանությունը, կառավարող վերնախավն է, այդպիսին էլ լինում է քաղաքի տեսքը։

Մեր հասարակարգը ձեւով ազատական է, բովանդակությամբ՝ լկտի գավառական։ Իսկ գավառցին, ազատականության բարիքներից հղփացած ու լկտիացած գավառցին, ինքնահաստատվելու մարմաջ ունի։

Եթե սովետական սոցիալիզմից մնացած սնապարծությունը չլիներ, դրանք հեշտությամբ «սարայ» կհամարեին Օպերայի, Մատենադարանի, կինո «Մոսկվայի» եւ այլ շենքեր, որպեսզի հայոց մայրաքաղաքը կայացնեին «ըստ պատկերի յուրում»։

Գլխավոր լուսանկարում՝ Արամի 30 հասցեի այլեւս գոյություն չունեցող շենքը (Ն. Ալեքսանյան)

Մեկնաբանություններ (1)

Մ.Գրիգորյան
Տիգրան Պասկեւիչյանի մեկնաբանության մեջ ամեն ինչ ասված է: Բոլոր մեկնաբանություններն էլ ճիշտ են: Լսողն ով է?: Դասակարգային պայքար է: Ասել Զորիկյանին խոսելս չի գալիս: Իսկ իրենց մտավորականի տեղ դնողները... Եզովպոսի կեցվածքով դատողություններ են անում, իրենց փայ լափը արդարացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter