HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան. բահրեյնցի ակտիվիստը պատմել է, թե ինչպես է անցել Հայաստանի սահմանը

Մարինե Մադաթյան

Հայաստանում ձերբակալված, այնուհետև «անհետացած» բահրեյնցի ակտիվիստ Ֆադհել Ռադհին, նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանի հաղորդմամբ, գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Ռադհին անձամբ չի կապվել Տիգրան Սաֆարյանի հետ: Վերջինս տեղեկացնում է, որ Ռադհին նամակ է գրել Լոնդոնում Բահրեյնի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությանը և հայտնել, թե ինչպես է անցել Հայաստանի սահմանը:

Արդյոք համո՞զված է, որ Ռադհին հիմա Իրանում է, փաստաբան Տ. Սաֆարյանը պատասխանում է. «Համոզված եմ այնքանով, որքանով այդ տեղեկություններն ունեմ»:

Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 1-ին ոստիկանությունը օդանավակայանից բերման ենթարկեց Բահրեյնի քաղաքացի, 1990թ. ծնված Ֆադհել Ռադհիին, ով 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր ԲԳ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով` սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական և մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն և ահաբեկչություն:

Ռադհին տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ինչի մասին տեղյակ պահվեց գլխավոր դատախազությանը և Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին` հետախուզումը նախաձեռնողին, այսինքն` Բահրեյնի Թագավորությանը տեղեկացնելու համար:

Մի քանի օր անց` հունվարի 4-ին, դատարանի որոշմամբ Ռադհիի նկատմամբ կիրառվեց կալանավորում` 30 օր ժամկետով: Ժամկետի ավարտից հետո, փաստաբանի խոսքով, արդարադատության նախարարությունը պետք է ընդուներ արտահանձնումը ընդունելու կամ մերժելու որոշում: Որոշումներից որևէ մեկն այդպես էլ չկայացվեց: Կիրակի օրը` Ռադհիի կալանքի ժամկետը լրանալուց հետո լուրեր տարածվեցին, որ նա անհետացել է:

Փաստաբան Տիգրան Սաֆարյանի խոսքով' Ռադհիին կալանքի տակ պահելու ժամկետը լրանում էր 2016թ. հունվարի 31-ին' ժամը 23:00-ին:

«Մենք իր հետ նախօրոք պայմանավորվել էինք, որ իրեն կդիմավորենք, որովհետև ինքը ոչ մեկը չունի այստեղ: Պետք է մեկ օրով տեղավորեինք ինչ-որ հյուրանոցում կամ հոսթելում, որպեսզի աշխատանքային շաբաթը բացվեր, ու այստեղ ժամանակավոր կացարան ստանար»,- պատմում է Տիգրան Սաֆարյանը:

Կիրակի օրը` նախատեսված ժամին, Ռադհիին դիմավորելու է գնացել ոչ թե Տիգրանը (նշում է, որ քաղաքում չի եղել), այլ գործով զբաղվող մյուս փաստաբանը:

Վերջինս, ըստ Տիգրանի, «Նուբարաշեն» է հասել 23:30-ին, որովհետև քրեակատարողական հիմնարկից իրենց ասել էին, որ փաստաթղթային գործերը կավարտեն մոտավորապես այդ ժամին: 

Չգտնելով Ռադհիին` փաստաբանը մոտեցել է աշխատողներին, հարցրել, թե ուր է, և տեղեկացել, որ նա մենակ դուրս է եկել և գնացել:

Փաստաբանները հետո պարզել են, որ Ռադհին խցակիցների միջոցով, ապահովության համար, նաև տաքսի էր կանչել, որը ժամանել է 23:15 և պետք է նրան տեղափոխեր հյուրանոց: Սակայն, տաքսու վարորդը փաստաբաններին պատմել է, որ ինքն էլ չի հանդիպել Ռադհիին, ապա աշխատողներից հետաքրքրվել է, թե ուր է նա և իմացել, որ Ռադհիին իրենից առաջ դիմավորելու է եկել մի մեքենա, որից դուրս են եկել չորս հոգի և տարել նրան:

«Այս ամենը մեզ մոտ կասկած առաջացրեց, որ կարող է իշխանությունները, իրավապահ մարմինները կազմակերպած լինեն իր դե ֆակտո արտահանձնումը, այսինքն` իրավական մեխանիզմենրով որևէ գործողություն չեն կատարում, ֆորմալ ազատ է արձակվում և ինչ-որ ճանապարհով երկրից դուրս է գալիս: Նման պրակտիկա, ցավոք սրտի, կա: Անմիջապես սկսեցինք ճշտել, որևէ մեկը չուներ տեղեկություն իր մասին»,- պատմում է Տիգրան Սաֆարյանը:

Հաջորդ օրը Տ. Սաֆարյանը միջնորդություն է ներկայացրել Եվրոպական դատարան` կիրառել կանոնագրքի 39-րդ կանոնը` պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին պարզել, թե որտեղ է Ռադհին, երկրորդ` որևէ կերպ չհանձնել Բահրեյն: Միայն այժմ Լոնդոնի նշված կազմակերպությունից ստացած տեղեկություններով` Տիգրան Սաֆարյանը նշում է, որ նա Իրանում է:

«Ֆադհելը մեզ Իրանից տեղյակ պահեց, որ դուրս է եկել, և իրեն մոտեցել են, իր ասելով, ոստիկանության աշխատակիցները: Բայց ինքը չգիտի, իր համար բոլորը ոստիկանության աշխատակից են՝ լինի անվտանգության ծառայություն, թե ոստիկանություն, լեզվին էլ չի տիրապետում: Նստեցրել են ավտոմեքենան, տարել են օդանավակայան, էդտեղ էլի ոստիկաններ են սպասել իրեն` իր ասելով, ու էդտեղ ասել են, որ ուղարկում են Բահրեյն:

Խնդրել է թույլ տալ զանգել փաստաբաններին, թույլ չեն տվել, ասել են` ուղարկում են Բահրեյն, էդպես մի քանի ժամ անազատության մեջ են պահել: Ռադհին նրանց բացատրել է, թե Բահրեյնում իրեն ինչ է սպասվում, ասել են` եթե չես ուզում, գնա այն երկիրը, որտեղից եկել ես՝ Իրան: Ստիպված համաձայնել է, տարել են ու սահմանը անցկացրել»,- պատմում է փաստաբանը:

Ռադհիի ձերբակալությունից օրեր անց` հունվարի 4-ին, «Մարդու իրավունքների Եվրոպական-բահրենյան կազմակերպությունը» հայտարարություն էր տարածել միջազգային իրավապաշտպան 11 կազմակերպությունների ստորագրությամբ:

Կազմակերպությունները վստահեցնում էին, որ Բահրեյնի Թագավորությունը հայտնի է մարդկանց նկատամամբ անհիմն մեղադրանքներ առաջադրելու փորձով, և որ դա արվում է ծանր խոշտանգումների և կեղծ խոստովանությունների  միջոցով:

«Մենք հորդորում ենք Հայաստանի իշխանություններին և Ինտերպոլին` հաշվի առնել սա: Պարոն Ռադհին և Ինտերպոլի քրեական հանցագործների ցանկում գտնվող Բահրեյնի շատ այլ քաղաքացիներ այդ ցանկում ներառվել են Բահրեյնի իշխանությունների խնդրանքով` միջազգային չափանիշներին հակասող միջոցներով Բահրեյնի դատական իշխանությունների կողմից հետապնդվելուց հետո», - հայտարարության մեջ նշել էին կազմակերպությունները:

Մինչ կլարանար Ռադհիի կալանքի 30-օրյա ժամկետը` հունվարի 15-ին, հայտարարություն տարածեց նաև «Մարդու իրավունքների Բահրեյնի կենտրոն» կազմակերպությունը` ներկայացնելով նոր մանրամասներ Ռադհիի` Բահրեյնի քրեական գործից:

Կազմակերպությունը նորից հիշեցնում էր, որ Բահրեյն արտահանձնվելու դեպքում Ֆադհել Ռադհին միանշանակ խոշտանգումների է ենթարկվելու: Իսկ որպես ապացույց մեջբերում Ռադհիի ընկերոջ` բահրեյնցի քաղաքական ակտիվիստ Ալի Հարունի պատմությունը:

Ռադհիի` Հայաստան ժամանելու նպատակը, իրավապաշտպանների հաղորդմամբ, Գերմանիա մեկնելն էր, որտեղ նա պատրաստավում էր քաղաքական ապաստան խնդրել:

Մինչև Հայաստանում ձերբակալվելը Ռադհին ընկերների հետ եղել էր Թայլանդում, որտեղ իշխանությունները ձերբակալել էին նրա ընկերոջը` Ալի Հարունին և արտահանձնել Բահրեյն:

Կազմակերպությունը հայտնում էր, որ Ալի Հարունը արտահանձնվելուց հետո դաժան խոշտանգումների է ենթարկվել, նույնը սպառնում է նաև Ռադհիին:

Տիգրան Սաֆարյանի խոսքով` առաջին անգամ Ռադհին Բահրեյնում ձերբակալվել է 2011թ., խոշտանգման հետքերը մինչև հիմա մարմնի վրա կան: Երկրորդ ձերբակալությունը տեղի է ունեցել 2013թ.:

«Աշխատավայրից նրան տարել են անհայտ ուղղությամբ, հարազատներին չեն հայտնել, այնտեղ նորից խոշտանգման են ենթարկել, որի արդյունքում ինքը խոստովանություն է գրել, որ ինքը մի քանի ցուցարարների հետ կատարել է իրեն մեղսագրվող արարքը, ռետինե անվադողերն են վառել և վնասել են ոստիկականական ավտոմեքենաները: Մոտավորապես մեկուկես օր իրեն պահելուց հետո բաց են թողել, դրանից հետո հասկացել է, որ շարունակվելու են ճնշումները ու եղբոր հետ դիմել են փախուստի Բահրեյնից»,- մանրամասնում է Տ. Սաֆարյանը:

«Մարդու իրավունքների Բահրեյնի կենտրոն»-ը իր տարածած հայտարարության մեջ նշում էր, որ Ռադհիին հարցաքննության ժամանակ նույնիսկ չեն թույլատրել պաշտպան ունենալ:

«Արդեն իր փախած ժամանակ, առանց իր ներկայության Բահրեյնի դատարանը նրան դատապարտել է յոթ տարվա ազատազրկման` հիմքում դնելով խոշտանգման արդյունքում ձեռք բերված խոստովանությունը»,- նշում է Տիգրան Սաֆարյանը:

Կազմակերպությունը հայտարարությունում մեջբերում էր 2015թ. իր զեկույցը` որպես Բահրեյնում քաղաքական այլախոհների իրավունքների ոտնահարման և խոշտանգումների պատմություն և դարձյալ կոչ անում հայաստանյան իշխանություններին` որևէ գնով Ռադհիին չարտահանձնել Բահրեյն:

«Մարդկանց արյունը, ովքեր չեն համագործակցում»,- այսպես է վերնագրված զեկույցը: Նշվում է, որ սկսած 2011թ.-ից Բահրեյում քաղաքական ճնշումներ են սկսվել այն բանից հետո, երբ հազարավոր բահրեյնցիներ խաղաղ ցույցերի միջոցով պահանջում էին դեմոկրատական բարեփոխումներ:

Իշխանությունները, ըստ զեկույցի հեղինակների, ի պատասխան՝ մահացու ուժ են կիրառել` պատճառելով 20 մահ, որոնցից հինգ հոգին մահացել են կալանքի ընթացքում` խոշտանգումների ենթարկվելուց հետո: Ձերբակալել է 1600 հոգի, ովքեր մասնակցել են ցույցերին կամ կասկածվել են ցուցարարներին աջակցելու մեջ: Մեծ մասը, հրապարակած տվյալներով, ամիսներով պահվել է կալանքի մեջ: 

«Իրավիճակը Բահրեյնում ընդհանուր առմամբ ահավոր է` կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Մեծ տեղ է տրվում խոստովանությանը, և գրեթե բոլորը, նունիսկ իրենց ընդդիմության ղեկավարները, խոսոտվանել են իրենց առաջադրված մեղադրանքները, այսինքն` այնպիսի միջոցներ են կիրառել, որ համարյա մարդ չկա, որ չխոստովանի այն, ինչում մեղադրվում է»,- նշում է Տիգրան Սաֆարյանը:

Ֆադհել Ռադհիի եղբայրը, ով նրա հետ փախել է Բահրեյնից, Տիգրան Սաֆարյանի տեղեկություններով, այժմ նույնպես Իրանում է:

Մեկնաբանություններ (3)

hrach
Ըստ հոդվածի նպատակը Գերմանիա գնալն եր, եթե ՀՀ թույլ տա դա արվի ապա մի քանի հարյուր հազարանոց հոսկ է սկսելու դեպի Հայաստան: Այդ հոսկը իր հետ մեծ խնդիրներ է բերելու ընդամենը 3 միլլիոն բնակչություն ունեցող երկրի համար: Թե ով ինչ է ստորագրել որտեղ դա այդկանել կարեւոր չի որովհետեւ այս փախստականների հարցով Եվրասիայում չկա մի երկիր որ իր պարտականությունները կատարում է , բացարցակապես որչ մի երկիր իր ստորագրածներյ չի կատարում, ինչու պտի ՀՀ դա կատարի?
Անի
անհավատալի հեքիաթ է թվում՝ հեշտորեն ազատվեց, փաստաբանին չհանդիպեց, տարան օդանավակայան, ապա ճանապարհեցին Իրան... ինչպիսի՜ մարդասիրություն...
Լուսինե
http://news.am/arm/news/309408.html

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter