HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեկ տարվա ընթացքում ի՞նչ արդյունքի է հասել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը

Գրիշա Բալասանյան

Արդեն մեկ տարի է Հայաստանում ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի նախագահ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ գումարվել է ընդամենը երկու նիստ: Խորհուրդը հրապարակել է հակակոռուպցիոն ռազմավարության՝ ՀՀ կառավարության աշխատակազմի 2015թ. և 2015-2016թթ. հակակոռուպցիոն միջոցառումների կատարողականի վերաբերյալ իր տարեկան հաշվետվությունը, որտեղ չկան կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող էական արդյունքներ:

Ասենք՝ պետական միջոցները փոշիացնելու մեղադրանքով քանի՞ պաշտոնյա է ենթարկվել քրեական պատասխանատվության, քանի՞սն են պաշտոնանկ արվել, կոռուպցիոն սկանդալներում հայտնված քանի՞ պաշտոնյա է այս ընթացքում ավելի բարձր պաշտոն ստացել, նրանցից քանի՞սն են «չոր» պետական աշխատավարձով միլիոնատեր դարձել, քանի՞սն են դղյակներ ու ամառանոցներ կառուցել Հայաստանում ու երկրի սահմաններից դուրս, քանի՞սն են պետական գնումներով մրցույթներում հաղթել ու անորակ աշխատանքի դիմաց կլորիկ գումարներ ստացել, քանի՞սն են «հողագործությամբ» տարեկան 30-40 մլն դրամի եկամուտ ստացել, ինչպես ամեն տարի լինում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի ու նրա կնոջ դեպքում, որքա՞ն գումար է վերադարձվել պետական բյուջե և այլն: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը հաշվետվությունը չի տալիս:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտահոգված էր, որ հաշվետվության մեջ չի գտել կոնկրետ տվյալներ, փաստեր, ինչը տեսնելու միտումով է ընթերցել 19 էջից բաղկացած հաշվետվությունը:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորը հարց ուղղեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին, թե ինչու չկան կոնկրետ արդյունքներ:

Հարցին պատասխանեց խորհրդի անդամ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա ընդամենը հորդորեց վատատես չլինել և սպասել արդյունքներին, քանի որ ծրագրերը նոր են կյանքի կոչվում: Իսկ որպես աշխատանքի «փայլուն օրինակ» նշեց, որ օրենսդրական փոփոխության արդյունքում վարչական պատասխանատվության կենթարկվեն այն բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր սխալ կամ կեղծ տվյալներ կհայտարարագրեն իրենց գույքի ու եկամուտների հայտարարագրերում:

Ըստ նախարար Ա. Հովհաննիսյանի՝ քննարկվում է նաև քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Անշուշտ, այս «սպառնալիքը» ամենևին էլ պաշտոնյաներին չի մտահոգելու, քանի որ լուրջ բացահայտումների սպասում չկա: Պարզապես նրանք իրենց գործարքները կիրականացնեն ընտանիքի այն անդամների անուններով, ովքեր հայտարարագիր չեն ներկայացնում: Այսօր էլ այդ պրակտիկան տարածված է:

 Թվեր, դեպքեր…

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, սակայն դրանց մեջ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները չնչին տոկոս են կազմում:

2015թ. 17,043 գրանցված հանցագործությունների մեջ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը կազմել է 616 դեպք՝ 2014թ. 599-ի փոխարեն:

Մեկ տարվա կտրվածքով աճը կազմել է 17 միավոր: Տպավորություն կարող է ստեղծվել, թե կոռուպցիոն երևույթները քիչ են, այդ իսկ պատճառով գրանցված հանցագործությունների թիվն էլ է պակաս, սակայն իրականում հակառակն է: Հայաստանում չկա քաղաքական կամք` կոռուպցիայի դեմ պայքարելու, կամ կոռուպցիայի դեմ «պայքարում» են այն պաշտոնյաները, ովքեր ևս թաթախված են կոռուպցիայի մեջ: Այդ մասին իր տարեկան զեկույցներում նշել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, այլ իրավապաշտպան կազմակերպություններ ևս բարձրաձայնել են այդ մասին:

Hetq.am
Create pie charts

Էլեկտրոնային կառավարում

Հաշվետվության մեջ զգալի տեղ է հատկացվել էլեկտրոնային կառավարմանը, որով պետք է բարելավվի հանրային ծառայությունների մատուցումը: Այն պետք է հասանելի ու հարմարավետ լինի յուրաքանչյուր քաղաքացու համար, ապահովվելու է էլեկտրոնային ծառայությունների հասանելիությունը յուրաքանչյուրի համար և թույլ է տրվելու մուտք գործել համակարգ շուրջօրյա` 24/7, այլ քաղաքներից, գյուղերից կամ նույնիսկ երկրից դուրս:

«Էլեկտրոնային կառավարման համակարգի հետագա ընդլայնումը և կատարելագործումը նպաստելու է հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը, ընձեռելու է որոշումների կայացման գործընթացներին հետևելու հնարավորություն»,- նշված է հաշվետվության մեջ:

Խորհուրդը նշել է, որ 2014թ. իրականացված համազգային հարցման համաձայն Հայաստանում էլեկտրոնային պատրաստությունը գնահատվում է բարձր: Հայաստանի տնային տնտեսությունների 82% ունի ինտերնետ հասանելիություն, իսկ անհատների 62% դրանից օգտվում է ամեն օր:

Բնակչության կեսից ավելիի համար ինտերնետը կարևոր է դարձել ամենօրյա կյանքի, կրթության, աշխատանքի և հասարակական կյանքի համար: «Ուստի կարող ենք ենթադրել, որ մոտակա տարիներին կառաջանա կատարելագործված էլեկտրոնային ծառայությունների ավելի մեծ պահանջարկ, և կառավարությունը պետք է ջանքեր գործադրի համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար»,- ասված է հաշվետվության մեջ:

Հակակոռուպցիոն պատասխանատուներ

Հաջորդ «գերական» հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների նշանակումն է և գործառույթների ամրագրումը համապատասխան փաստաթղթերում, հակակոռուպցիոն ծրագրերի իրականացումը համակարգող պաշտոնատար անձի նշանակումը:

2015 թվականի նոյեմբերի 20-ին բոլոր հանրապետական գործադիր մարմիններին տրվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարական՝ հանրապետական գործադիր բոլոր մարմիններում նշանակել հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատու ստորաբաժանումներ, իսկ պատասխանատու պաշտոնատար անձանց պաշտոնի անձնագրերում կատարել համապատասխան փոփոխություններ և ամրագրել հակակոռուպցիոն ծրագրերի իրականացումից բխող գործառույթներ:

2015թ. դեկտեմբերի 1-ին կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնում տեղի է ունեցել քննարկում, որի արդյունքում ձեռք են բերվել փոխհամաձայնեցված լուծումներ: Գործադիր բոլոր մարմիններում նշանակվել են հակակոռուպցիոն ծրագրերի իրականացումն համակարգող պաշտոնատար անձինք՝ աշխատակազմի ղեկավարի կամ մարմնի ղեկավարի տեղակալի մակարդակով, իսկ համապատասխան պաշտոնատար անձանց պաշտոնների անձնագրերում կատարվել են սահմանված փոփոխություններ:

Կոռուպցիայի դեմ պայքարի հաջորդ «անզիջում» պայքարը կառավարությունը մղում է բրիտանական «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության հետ: Մասնավորապես՝ կառավարության աշխատակազմի և «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության միջև կնքվել է 46 հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման և մշտադիտարկման իրականացման մասին համաձայնագիր:

Բարեխղճության դասեր աշակերտների, ուսուցիչների ու ծնողների համար

Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը նպատակ ունի նպաստել ՀՀ-ում կոռուպցիայի նվազեցմանը և կարևոր նշանակություն ունեցող հանրային ծառայությունների ոլորտում ինտեգրացման գործընթացի բարձրացմանը: Ծրագրի տևողությունը 3 տարի է, որի ընթացքում 46 հանրակրթական դպրոցներում «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը կանցկացնի բարեխղճության վերաբերյալ դասընթացներ աշակերտների, ուսուցիչների, աշակերտների ծնողների, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Նպատակն այն է, որպեսզի նրանք հետագայում հետադարձ կապով կարողանան գնահատել համայնքի բավարարվածությունը և շինարարական աշխատանքների համապատասխանությունը շինարարական  պահանջներին՝ իրականացնելով հակակոռուպցիոն մոնիթորինգ:

 750.000 դոլար՝ մեկ տարվա համար

Նշենք, որ 2015թ. հուլիսի 28-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը, որտեղ հավանություն է տրվել ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գրասենյակի հետ կնքվելիք համաձայնագրի և դրան կից փաստաթղթերի նախնական տարբերակներին: Համաձայնագրով նախատեսվում է մեկ տարվա համար ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրել 750.000 դոլարի ֆինանսական օժանդակություն, որը հնարավորություն կտա ձևավորելու փորձագիտական հանձնախումբ:

2015թ. փետրվար 19-ին ՀՀ կառավարության կողմից արդեն ընդունվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» որոշումը, որը վերաբերում է նաև փորձագիտական հանձնախմբի ձևավորման սկզբունքներին և  գործառույթներին:

 

 

Մեկնաբանություններ (2)

mahmouzian
they will steal it .you know it
Վեհարի
Խեղկատակություն,՝ մկանը մուկ բռնելու արտոնություն են տվել, ու սպասում են մուկն ինքն իրեն բռնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter