HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սպասում են օտարերկրյա փորձագետների եզրակացությանը

Լեւոն Գուլյանը մայիսի 12-ին ոստիկանության շենքում կասկածելի հանգամանքներում մահացել է: Մահվան բուն պատճառը պարզելու համար Գերմանիայից եւ Դանիայից ժամանել են անկախ փորձագետներ: Նրանք արդեն Հայաստանում չեն, բայց մինչ մեկնելը` մայիսի 19-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ծրագրված էր նրանց հանդիպումը լրագրողների հետ: Փորձագետները պետք է ներկայացնեին իրենց եզրակացությունը: Սակայն ասուլիսին վերջիններս ներկա չէին:

«Խնդիրն այն է, որ որոշ լաբորատոր հետազոտությունների արդյունքները պատրաստ կլինեն 3-ից 7 օրվա ընթացքում: Բացի այդ, փորձագետները Գլխավոր դատախազությունում ինչ-որ պարտավորագիր են ստորագրել` նախաքննության գաղտնիության հետ կապված»,- ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Ի պաշտպանություն Լեւոն Գուլյանի» նախաձեռնող խմբի անդամ Կարեն Հակոբյանը: Ըստ նրա, սակայն, փորձաքննության արդյունքները կարող են հրապարակվել մինչեւ նախաքննության ավարտը:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Լ. Գուլյանի մահվան երեւույթը, անկախ ամեն ինչից, համարեց դատապարտելի, նույնիսկ եթե դա եղել է ինքնասպանություն:

«Ինչ-որ վարկածներ են բաց թողում, թե ջուր է խնդրել, հետո պատուհանից թռել: Նույնիսկ եթե այդպես է եղել, ինքնակամ ոստիկանություն եկած մարդուն ի՞նչ վիճակի պետք է հասցնես, որ նա ստիպված երկրորդ հարկից թռնի»,- ոստիկանության հայտարարության առթիվ տարակուսեց օմբուդսմենը: Նա նշեց նաեւ, թե օբյեկտիվ գործընթացի մասին վկայող չափանիշ կարելի է դիտարկել այն, որ արտասահմանցի փորձագետներին հնարավորություն է տրվել զբաղվել այս գործով:

Կ. Հակոբյանի կարծիքով էլ` գործում օտարերկրյա փորձագետների ներգրավվածությունը կարող է բեկումնային լինել այն առումով, որ նրանց եզրակացությունը կարեւոր դեր կխաղա դատավարության ընթացքում, ինչը կարող է շարունակվել մեր երկրից դուրս:

«Ես առանձնապես հույս չունեմ, որ հարցն այստեղ` Հայաստանում, լուծվելու է»,- ասաց նա:

Ի դեպ, տուժողի շահերի ներկայացուցիչներ Ռուբեն եւ Նարինե Ռշտունիներն ու Արթուր Գրիգորյանը հրաժարվել են այս գործից: Գուլյանները պատճառների մասին մեկնաբանություններ դեռ չեն տալիս:

Սգո երթ

Մայիսի 19-ի երեկոյան զոհվածի հարազատները եւ «Ի պաշտպանություն Լ. Գուլյանի» նախաձեռնող խումբը կազմակերպեցին Լռության ակցիա: Մարդկանց հոծ բազմությունը բազմաթիվ մոմերի ճրագների ներքո Հանրապետության հրապարակից շարժվեց դեպի ոստիկանության շենք` այնտեղ, ուր, ինչպես հարազատներն են ասում, ոստիկանների կողմից սպանվել է Լեւոն Գուլյանը:

Նալբանդյան փողոցով երկար ձգվում էր սգո թափորը: Բոլորը լուռ էին: Համենայնդեպս, խոսակցության ձայներ չէին լսվում: Ակցիան նվիրված էր 30-ամյա Լեւոնի մահվան 7-րդ օրվան:

Ոստիկանության շենքի դիմացը եւս մարդաշատ էր: Ոստիկաններն էին: Բարձրաստիճան ոստիկաններից այստեղ էր նաեւ Ներսես Նազարյանը: Հենց նրա հանձնարարությամբ, երբ սգո երթի մասնակիցները մոտեցան, ոստիկանները մայթի երկայնքով «շղթա» կազմեցին` թույլ չտալով որեւէ մեկին առաջանալ դեպի շենքը: Ի պատասխան` մարդիկ իրենց ձեռքի վառվող մոմերն ու ծաղիկները դրեցին ոստիկանների ոտքերի առաջ: Ինչպես նախաձեռնող խմբի անդամ Կ. Հակոբյանն ասաց` նրանք դարձան «կենդանի պատվանդան»:

Հանկարծ լսվեց ինչ-որ մեկի բարձր ձայնը: Երիտասարդ մի տղամարդ ոստիկաններին դիտողություն էր անում: Կանանցից մեկը փորձում էր լռեցնել նրան:

«Ճիշտ ա, մի թողեք խոսա. գլուխը կուտեն»,- հավանություն տվեց ակցիայի մասնակիցներից մի կին:

«Ախր, ո՞նց չխոսա. Լեւոնի քեռին ա: Թողեք, թող սրտի ուզածն ասի դրանց»,- հակադարձեց մեկ ուրիշը:

Զոհվածի հարազատը չէր լռում: Նա հենց Ն. Նազարյանի դեմ-դիմաց կանգնած` ի լուր ոստիկանների հայտարարեց. «Ինչ որ եղավ մեր հետ, թող ձեր հետ չլինի: Բայց կգա օրը, ու ձեր հետ էլ նույն բանը կկատարվի»:

Ոստիկանները, բարեբախտաբար, որեւէ կերպ չարձագանքեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter