HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտորդները ստացել են նախարարություն ուղարկված հրատապ հաշվետվության պատասխանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2016 թվականի հունվարի 22-ին հրատապ հաշվետվություն էր ուղարկել արդարադատության նախարարություն: Այս մասին տեղեկացնում են դիտորդները` նշելով, որ նախարարությունից պատասխան են ստացել.

«Հրատապ հաշվետվությամբ խումբը հայտնել էր իր մտահոգությունը Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների, իր կողմից ներկայացված բռնության դեպքի, անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հաշվետվությունում ներկայացվել էին նաև խմբի անդամների կողմից կատարված 2 այցելությունների ընթացքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև Գ. Սաֆարյանի կողմից ներկայացված մանրամասները:

Հրատապ հաշվետվություններում ներկայացվել էին քրեակատարողական ծառայությունում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Խումբը հրատապ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ԱՆ՝ խնդրելով հրատապ քայլեր ձեռնարկել Գ․ Սաֆարյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Հրատապ հաշվետվության գրավոր պատասխանը Խումբը ստացել է փետրվարի 2-ին, սակայն, գրության մեջ նշված է 26.01.16, որպես ելքի ամսաթիվ: Հրատապ հաշվետվության մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է, որ ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը 2016 թվականի հունվարի 18-ից 22-ը կատարել ուսումնասիրություններ և բժշկական զննություն, որոնց արդյունքում՝ որևէ մարմնական վնասվածք կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին և 21-ին Խմբի անդամները այցելություններ են կատարել «Նուբարաշեն»՝ ՔԿՀ Գ. Սաֆարյանի և այլ ազատությունից զրկված անձանց խնդիրների վերաբերյալ ահազանգեր ստանալով: Այցելությանընթացքում արձանագրված խնդիրներն անմիջականորեն քննարկվել են՝ ՀՀ ԱՆ և ՀՀ ԱՆ Քրեակատարողական(ՔԿ) վարչության ներկայացուցիչների հետ: Գրության և քննարկման արդյունքում՝ Գ. Սաֆարյանին տեղափոխել են այնպիսի խուց, որտեղ բարձրաձայնված խնդիրներն այլևս առկա չեն։

Սույն թվականի փետրվարի 1-ին, Խումբը կրկին այցելություն է կատարել«Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում դիտորդները հանդիպել են Գ. Սաֆարյանին, վերջինս շարունակում է գտնվել նույն խցում: Գ․Սաֆարյանը այցելության պահին, որևէ դժգոհություն չի հայտնել խցի և պահման պայմաններից՝ նրա խոսքերով վերը նշված խցում ապահովված է իր անվտանգությունը:

Խումբը գնահատում է՝ Գ. Սաֆարյանի բարձրաձայնած խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ ԱՆ, ՀՀ ԱՆ ՔԿ վարչության և քրեակատարողական հիմնարկի կողմից ձեռնարկած միջոցառումները:

Խումբը վստահ է, որ հետագա խնդիրների ծագման կանխարգելման հիմնական երաշխիքը ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանվածության ապահովումն է, ինչպես նաև՝ այն անձանց պատասխանատվության ենթարկելը, որոնց գործունեության և/կամ անգործության պատճառներով ոտնահարվում են մարդու իրավունքները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter