HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Գործ տվող» իտալուհին Հայաստանում

Իտալուհի Էսթեր Վիոլանտեն Հայաստան է ժամանել մոտ 5 ամիս առաջ՝ Եվրոպական կամավորական ծրագրով: Մի օր, բացելով բնակարանի դուռը, տեսել է, որ իր դռան դիմաց կղանք է դրված: Հարևանները չեն հանդուրժում, քանի որ կարծում են, որ վերջինս «գործ տվող» է:

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Էսթերը, լսելով վերևի հարկի հարևանների տանը տեղի ունեցող բռնության ձայները, զանգահարել է ոստիկանություն: Նա պատմում է, որ հարվածների, դխկոցների, տղամարդու գոռոցի և կնոջ բարձր լացի ձայն է լսել:

«Քանի որ այդ բղավոցի ու հարվածի ձայները շատ երկար տևեցին, ես անհանգստացա: Մտածեցի շատ վտանգավոր բան կարող է կատարվել: Սկզբում բարձրացա վերևի հարկ, մոտեցա իրենց դռանը, բայց չթակեցի: Ես լսում էի անընդհատ կնոջ լացի, տղամարդու գոռոցի ու հարվածի ձայները. այդ ամենն արդեն մեկ ժամ շարունակվում էր: Որոշեցի զանգել ոստիկանություն»,- պատմում է Էսթերը:

Ոստիկանությունում որևէ անգլերեն հասկացող աշխատակից չի գտնվել, նրան հայերենով ինչ-որ բան են ասել ու անջատել: Էսթերն այնուհետև զանգել է ընտանեկան բռնության արձագանքման թեժ գիծ, որտեղ նրան խոստացել են ոստիկանություն կանչել: Մոտ 10-15 րոպե անց ժամանել են 4 ոստիկան: Նրանք նախ այցելել են Էսթերի բնակարան, նրա հետ չեն կարողացել հաղորդակցվել՝ անգլերենին չտիրապետելու պատճառով: Այնուհետև ոստիկաններից երկուսը բարձրացել են վերևի հարևանի բնակարան: Քիչ անց նրանք հետ են վերադարձել՝ Էսթերին հասկացնելով, թե ոչինչ էլ չի եղել:

«Նրանք ինձ մի կերպ հասկացրին, թե ամուսնուն հարցրել են, նա պատասխանել է, որ կնոջը չի ծեծել: Ասացին ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացիր, հիմա իրավիճակը շտկված է: Ոստիկանները մի անգամ էլ գնացին նրանց տուն ու եկան, որից հետո հեռացան»,- պատմում է Էսթերը:

Ոստիկանների հեռանալուց 5 րոպե անց Էսթերի դուռը ծեծել է իրենց շենքում միակ անգլերեն խոսող հարևանուհին և սկսել ամոթանք տալ՝ ասելով, թե չէր կարելի ոստիկանություն զանգել, այն, ինչ կատարվում է ընտանիքի ներսում, այդ ընտանիքի խնդիրն է:

«Նա ասում էր, որ Հայաստանում նորմալ է, որ ամուսինը ծեծում է կնոջը: Ես ստիպված եղա բացատրել, որ եթե իրենց համար նորմալ է կնոջը ծեծելը, ինձ համար նորմալ չէ՝ անկախ իմ գտնվելու վայրից: Բռնություն ամեն տեղ կա, դա միայն Հայաստանի խնդիրը չէ, բայց իրավապահներին այդ մասին տեղյակ պահելը, օրինական ճանապարհը, փաստորեն, այստեղ ընդունված չէ»,- ասում է կամավորը:

Էսթերի հարևանները նրան անընդհատ անհանգստացնում են, զրպարտում շքամուտքում աղբ թափելու մեջ, այնինչ Էսթերը մի օր առավոտյան տեսել է իր դռան դիմաց դիտավորյալ դրված կղանքը: Շենգավիթ համայնքում գտնվող այս շենքի բնակիչներն աղջկան անընդհատ հիշեցնում են, որ պետք չէր ոստիկանություն զանգել, և ինքը միակն է այդ շենքում, որ իրեն այդ կերպ է պահել:

«Ես համոզված եմ, որ ոստիկաններից մեկն է տեղեկացրել ամուսնուն, որ զանգողը ես եմ: Դա է պատճառը, որ բոլորը գիտեին այդ մասին: Բայց իմ անձի մասին տվյալները պետք է գաղտնի մնային. Իտալիայում գոնե այդպես է: Ես շոկի էի ենթարկվել, երբ հասկացա, որ ոստիկանները կարող են հայտնել հաղորդում տվողի ինքնությունը, բայց թքած ունենալ իրական հանցագործության վրա»,- զարմանում է Էսթերը:

Հարևանուհիներից մեկն էլ Էսթերին ոստիկանություն զանգելու համար հանդիմանելիս ասել էր, որ վերևի հարկում ապրող ամուսիններից կինն այնքան համեստ և ամոթխած աղջիկ է, որ չէր համարձակվի ամուսնուն պատասխանել, իսկ եթե պատասխաներ, ամուսինը նրան կսպաներ:

«Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ փաստորեն իսկապես վտանգավոր ավարտ կարող էր ունենալ այդ ամենը: Իսկ եթե պատասխանե՞ր»,- ասում է Էսթերը:

Էսթեր Վիոլանտեին ոստիկանության Շենգավիթի բաժնից հրավիրել են հաղորդում տալու մասին արձանագրությունը լրացնել, վերջինս խնդրել է իրեն թարգմանչով ապահովել, սակայն ապարդյուն: Ոստիկանությունում անգլերենի իմացությամբ որևէ մեկը չի գտնվել: Վիոլանտեն ստիպված տեղացի ընկերոջ ուղեկցությամբ է այցելել ոստիկանության բաժին և լրացրել արձանագրությունը:

Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է  հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու ընթացակարգն ու պահանջները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:

Իտալացի Էսթեր Վիոլանտեն կամավորություն է անում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ում: Նա աշխատում է Հայաստանում ազգային փոքրամասնություն հանդիսացող երիտասարդների հետ, փորձում օգնել նրանց ինտեգրմանը հայ հասարակություն:

Էսթերը կարծում է, որ իրեն պատահած դեպքը կամավորական ծառայության մաս է, քանի որ իր նպատակն է դրական փոփոխություններ մտցնել հասարակությունում՝ անկախ երկրից ու ազգային պատկանելությունից:

«Ինձ համար սա իրականում շատ մեծ խնդիր չէ: Ես այս դեպքը չեմ ուզում կապել հենց Հայաստանի հետ կամ բողոքել Հայաստանից: Աշխարհի բոլոր տեղերում փոփոխությունների կարիք կա: Ընդամենը մարդ է պետք, ով քաջություն կունենան այդ փոփոխությունն իրականացնել: Սա փոքրիկ միջադեպ է, որը պետք է բարձրաձայնվի, որ մաս դառնա մեծ դրական փոփոխությանը»,- եզրափակում է Էսթերը:

Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի

Այսօր խմբագրություն է զանգել Էսթեր Վիոլանտեն եւ խնդրել իր նախկինում ասած խոսքերում ճշտումներ կատարել։ Ստորեւ ներկայացնում ենք նրա գրած տեքստը.

«Ես կուզեի մի քանի ուղղում մտցնել՝ ավելի արդար գտնվելու համար: Նախ երբ լսեցի մեր հարևանի բնակարանից եկող ձայները, զանգեցի ոչ թե մեր համայնքի ոստիկանություն, այլ արտակարգ իրավիճակների ծառայություն (911,-Հետք): Երբ զանգեցի այդ համարին, ինչպես դուք գրել եք, մենք չկարողացանք հասկանալ միմյանց՝ լեզվի պատճառով: Այնուհետև ես զանգեցի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա», և նրանք իմ փոխարեն զանգեցին ոստիկանություն և բացատրեցին իրավիճակը:

Երկրորդ, ուզում եմ նշել, որ երբ ոստիկանները եկան իմ տուն այդ գիշեր, նրանք անգլերեն չէին կարողանում խոսել, ինչպես գրված է, բայց քիչ հետո նրանք զանգեցին մեկ այլ անձի, ով խոսում էր անգլերեն: Այսպիսով՝ նա թարգմանում էր իմ և ոստիկանի միջև խոսակցությունը:

Ավելի ուշ, երբ ես գնացի ոստիկանության բաժանմունք՝ իմ փաստաթղթերը տանելու, ես գնացել եմ այնտեղ միայնակ (ոչ թե ընկերոջս հետ), և այնտեղ ոստիկանները թարգմանիչ են գտել ինձ համար»,- գրել է Էսթերը:

Մեկնաբանություններ (28)

teona
Ester you are excellent person! Best wishes to you darling. Greetings from Georgia!
Մարատ
Եթե մարդկային կարեկցանքը դատապարտելի է, ուրեմն մնացեք ձեր դրած կղանքի մեջ:
mahmouzian
Ester I forgot to tell you you have a beautifull smile. keep the good work thank you
Լուսինե
ազգային փոքրամասնությունը ուրիշ է, սեռականն ուրիշ, էս աղջիկը ազգային փոքրամասնություններին է օգնում, մի քիչ ուշադիր կարդացեք
Կարինե Հարությունյան
Ցավոք, սա է իրականությունը։ Շատ ընտանիքներում է այս երեւույթը տարածված, կնոջը ծեծելը համարվում է իսկական հայ տղամարդ լինելու չափանիշ։ Իսկ մեր պապերը իրենց կանանց իսկապես հարգում եւ մեծարում էին եւ ոչ թե ծեծով էին ինքնահաստատվում։
Արմենակ Եղիայեան
Անշուշտ ցաւալի է, որ Հայաստանի մէջ ամուսինները կը շարունակեն տ կաւին իրենց կիները ծեծել: Իսկ շատ աւելի ցաւալի է, որ ներքեւի մեկնաբանութիւնները միայն լատինատառ կը կատարուին, եւ խմբագրութիւնը այդպէս ալ կը հրապարակէ զանոնք: Հայաստանի մէջ ամէն բան մռայլ ըլլալ կը թուի:
Amy L. Sandridge
At AUA in the School of Public Health there is a thesis from 2012 that goes into this topic in detail with examples. It's available on the web if you are interested in seeing it.
Eileen
Thank you for risking your comfort to speak up and raise this issue. I am sorry the police was unprofessional to release your name to the neighbors and risk your safety.
Bart
Thank you Ester for your courage and motivation to change what is a very corrupt and flawed government we have there in Armenia. I was touched by this story, and I was very happy to hear that you're strong enough to see the forest for the trees and did not buckle or be intimidated by the pressure of your (ignorant) neighbours and the (clearly incompetent) police force. This I doubt is ever an isolated incident, probably a very common occurrence in day to day Hyastan. And this is exactly how change can begin, it starts with the simple details, like understanding the respect of a human right against violence and continues with respect of one's anonymity and safety to report said violence. We can only make changes if all parties are educated about what is wrong and what is unacceptable behaviour by a civilized human being. All parties should be educated about violence, and IT IS indeed ALL OF OUR BUISNNESS. I tip my hat and applaud you for this one incident and of course for your noble abd hard work there in Armenia. As people from the Diaspora (and even locals from Armenia); if we succeed in changing one small social behaviour/law to the positive. I think we'd be doing a lot more for the county than someone pumping millions of $$$ to run a business there. Thank you agian!
Mkrtchyan Nune
Ինչևէ, ես հիմնվում և վստահում եմ այդ շենքի բնակիչ իմ հայրենակիցների հակազդման վրա և հստակ տեսնում այդ օտար ծրագրերի գաղութայնացնելու միտումները։ Որոնք հիմնվելով ոչ միայն հայ ազգի այլ, առհասարակ, միջանձնային փոխհապաբերության ցավոտ կետերի վրա՝ սյուն և այլ պարագաներում ցանկանում են ազգին բերել ինքնատելության, ինքնաժխտման, թերագնահատման, մազոխիզմի։ Համոզված եմ նաև, որ դռան դեմի դրվածն էլ է այդ օտարների ձեռագիրը, այլ ոչ թե իմ հայրենակիցների։ Եթե ոչ՝ ինչ որ անտեր շան։ Դե ուրեմն, ով որ է, ինչ որ է թո՛ղ գնան այնտեղ, որտեղից որ եկել են և հետները տանեն՝ ինչ, որ բերել են։
Tigran
Ողբալի է, երբ կամավորի գործունեության մեջ ազգային անվտանգության խնդիր են տեսնում մարդիկ։ Աղջիկը Հայաստանում է Եվրոպական կամավորական ծառայության շրջանակներում և Հայաստանի Կառավարության կողմից կամավորներին աջակցելու համաձայնագիրը վաղուց ստորագրված է։ Իսկ Կամավորությունը սպառնալիք համարողներով իրոք պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը։ Բազմաթիվ հայ կամավորներ ել Եվրոպայում են գործունեություն ծավալում այնպես որ սուտի հայրենասերները թող իրենց չերեվակայեն։
Աննա
Օրենքն ու ոստիկանությունը չեն գործում հայաստանում, մենք՝ կանայքս, հույսներս պիտի դնենք ինքնապաշտպանության և ապահով տարածքներ ստեղծելու վրա, մինչև հաստատվի արդարություն ու իրավունքի գերակայություն։
Աննա
(շարունակությունը) Ես կարծում եմ, որ ծեծը եթե շարունակվեր այդ գիշեր, նա պարզապես կենդանի չէր մնա, ինչպես բազմաթիվ կանայք։ Ես կուզեի իր հետ խոսել հիմա, վստահ եմ՝ հենց ինքն է վերանայել իր հայացքները «խառնվելու» կապակցությամբ, ԲՈԼՈՐԻՍ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է միջամտել ու պաշտպանել։ Մեկնաբանություններից շատերի հեղինակները ուղղակի գոյություն չէին ունենա, եթե իրենց տատեր պապերին մեկը ցեղասպանությունից փրկած չլիներ, այնպես որ մի քիչ մտածել է պետք։ Շնորհակալություն Էսթե՛ր․․․ հգ․ ոստիկանության ոչ կոմպետենտության մասին խոսք լինել չի կարող, նրանք ուղղակի մի փոր մարմին են և վերջ։
Աննա
Շնորհակալ եմ, որ Էսթերի պես կանայք կան Հայաստանում, ում համար մարդկային կյանքը թանկ է ու չի չափվում էթնիկությամբ (ֆաշիզմի, ռասիզմի, սեքսիզմի ու դրանց հետևանք՝ ցեղասպանության հիմքը)։ Կուզեմ, որ նա չվհատվի, ինձ էլ են փորձել պարսավել ճիշտ նման կերպ։ Մի օր փողոցից բղավոցներ լսեցի, պատուհանից նայելով՝ տեսա, որ մի կին ու տղամարդ են, կինը փորձում է փախչել, տղամարդը հետևից, նստում է մեքենան, հետո փորձում դուրս գալ մեքենայից, քաշքշոցներ, լացուկոծ։ Ես կանչեցի ոստիկանություն, պարզվեց շենքի բնակիչները կրկեսասերների պես ուղղակի նայում էին պատուհանից, լսում ու հասկանում, բայց ոչինչ չէին անում։ Երբ ոստիկանությունը եկավ, հարևան տղամարդը սկսեց հայհոյել, թե «էս ո՞վ քուչեն փչացրեց»։ Ասացի՝ ես, հիմա էլ կինը շուռ եկավ, բա՝ իրավունք չունես, իրենց անձնական գործերն են, ինչու՞ ես խառնվում և այլն։ Ասացի լսիր, իրավունք ունեմ (և այլն) ու որ հանկարծ տեսնես ինձ մեկը փողոցում ծեծում ա կամ նույնիսկ տանը, հաստատ զանգիր ոստիկանություն, նույնն էլ ես եմ անելու։ Մի տարի անց, այս նույն տղամարդը կնոջը ծեծում էր, նույն ձայները, շրխոցները, երեխաների լացուկոծը, բարձրացա ու ծեծեցի դուռը, առաջարկեցի, որ կինը դուրս գա երեխաների հետ տնից ու գա ինձ մոտ ու չենթարկվի ծեծին։ Կինը լացով շնորհակալ եղավ, բայց իմ տուն չեկավ, բայց հագնվեց, տաքսի կանչեց ու դուրս եկավ տնից։
Մինաս Գոճայեան
Հասարակութեան մը առողջութիւնը կը դատեմ ու կ՚արժեւորեմ տուեալ հասարակութեան մէջ ապրող իգական սեռի ունեցած դիրքով, անոր հանդէպ ցոյց տրուած յարգանքով ու վերաբերմունքով։ Մեր հայրենի հասրակութիւնը այս իմաստով լուրջ կերպով հիւանդ է։ «Հայ էրիկ մարդը» իր «ես»ը, ոյժը և տիրապետողի բարդոյթը թող ուրիշ բնագաւառներու մէջ ցոյց տայ։ Հիմա կը հասկնա՞ք թէ ինչո՞ւ մեր կանայք օտար ափեր կը վազեն և օտար ափերէ կ՚ընտրեն կողակիցներ։ Եսթերը օրինակ պէտք է ծառայէ հայ լրագրողներուն, իսկ հայ կանայք ու աղջիկներ մէկ ձայնով պէտք է արդարութիւն ու խոր յարգանք պահանջեն հայ հասարակութենէն։
Արշակ
Հայաստանում ընդունված չէ բռնությունը կնոջ հանդեպ և կինը միշտ էլ հարգանք է վայելել մեր հասարակության մեջ: Գոնե իմ շրջապատում այդպես է եղել ու կա: Եվ այդ հարգանքը փոխադարձ է միմյանց՝ կանանց ու տղամարդկանց միջև: Իսկ նման երևույթները, թեև բավականին տարածված են հիմա, բայց, ինչպես շատ ճիշտ գնահատել է իտալուհին, չի արտահայտում ամբողջ Հայաստանի նկարագիրը: Դա մահմեդական աշխարհի հետ երկար դարեր հաղորդակցվելու արդյունք է, որիից էլ թափանցել է մեր մեջ: Երբ տղամարդն իր էությամբ, իր բնավորությամբ թույլ է և հարգանք չվայելելու վախ ունի, դիմում է բռունցքներին, որ գոնե վախի միջոցով հարգանքի պատրանք ստեղծի: Ես հիշում եմ մի դեպք, որը Թիֆլիսի մի հայ ընտանիքում էր եղել. հայրը միշտ պարբերաբար, երեխաների աչքի առաջ ծեծել է մորը: Երեխաներն ահավոր ծանր են տարել այդ իրողությունը: Տարիներ հետո, երբ նրանց տղան արդեն 20-ամյա պատանի էր, այլևս չի հանդուրժել հոր վերաբերմունքը մոր հանդեպ և մի օր էլ, երբ հայրը հերթական անգամ ձեռք է բարձրացրել մոր վրա, շան ծեծ է տվել հորը, այն աստիճան, որ հարևանները մի կերպ են փրկել «խեղճ» մարդուն: Իսկ երբևէ փորձե՞լ են սիրով և քաղցրությամբ համաձայնության գալ իրենց կնոջ հետ, թե՞ ընտանիքի մեջ ամեն տղամարդ մի իմպերատոր է, և ոչ ոք իրավունք չունի նրանից տարբերվող կարծիք ունենալ: Հենց նման ընտանիքներում է, որ աղջիկ երեխաների ծնունդը տխրություն է և ձգտում են վայրկյան առաջ ազատվել «ամոթաբեր» սեռի երեխայից: Ուշքի եկեք և վերջ տվեք այդ հիվանդ մտածելակերպին:
Գեւորգ
Ժողովուրդ ջան, նախ մի պարզ բան պետք է հասկանանք - ՄԵՐ ԳԼՈՒԽՆԵՐԸ ԹԱՐՍ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ շատ ուրիշների համեմատ: Պետք չի իտալացուն կամ ուրիշին մեղավոր տեսնել, որովհետեւ նա արել է այն ինչը ճիշտ ու ազնիվ է համարել՝ իր դաստիարակությամբ ու բարոյականությամբ: Պետք է ՄՏԱԾԵԼ ՄԵՐ ՄԱՍԻՆ - թե ինչու՜ ենք այսպիսին (դարձել), եւ ինչ անենք, որպիսզի ա) ուրիշ շատերի հետ համատեղվենք, կամ էլ՝ բ) այնպես խոր ու ապահով մեկուսանանք, որպիսզի մեկը մեզ մոտիկ չգա ու ,,չհառամի,, մեր ,,բարձրաարժեք ինքնությունը,, ...
Գալուստ Ենոքյան
Ցավալին նա է որ մեր ժողովրդի մի մասը դեռ ապրում է ոնց որ «ավղանստանում», տղամարդկանց մենակ մորուքներն է պակասում...հենց դրանք էլ երկրում «ռեժիմի» հիմնական հենարանն են, փողոցի «խուժանը», 5000 դրամով ընտրողները...արտագաղթի հիմնական պատճառ էլ դրանք էին...վազգէնները, գեներալ մանվելները
Arka Gatyan
Thank you Ester for volunteering for Armenia, You are a kind and caring person and there many Armenians, in Armenia & Diaspora that appreciate your positive contribution to the Armenian Society. Your character & principals is highly commendable.
mahmouzian
esther I am with you all the way those guys are like animals will they do it to a men sure no. and. the neighbor are a piece of crap .tanto grazie
Սիրանույշ
Eduard Aratta, նախակենդանու տրամաբանությամբ կոմենտար գրելը հայրենասիրություն չէ։ Ինչու՞ պիտի երիտասարդ իտալուհին նպատակ ունենա՝ վարկաբեկել Հայաստանը։ Կեղծ հայրենասիրությունը հավասար է դավաճանության, քանի որ այն սադրիչ է։
Սահակ
Eduard Aratta երևի լսած կլինես , որ ասում են քո աչքի գերանը թողած ուրիշի աչքի փուշն ես տեսնում: Ես մի քիչ ձևափոխեմ: Մեր երկրի իշխանությունների թույլտվությամբ Հայաստանի ընդերքի հարստությունները անխնա թալանող օտար կորպորացիաները հեչ, էս մի հատ իտալուհին մեջ հա՞: Այդքան քեզ որ մտահոգում է, երկրի ազգային անվտանգություն, ապա նույն ակտիվությամբ ԱԱԾ-ին կոչ արա Սերժիկի ախպեր Սաշիկով զբաղվել, որը Հայաստանի տնտեսությունը տեռորի է ենթարկում: Իսկ գիտե՞ս, որ որքան տնտեսությունը զարգացած է, այնքան երկիրն է զարգացած: Այնպես, որ դինոզավրը թողած մրջյունի հետևից մի ընկի: Դա նույնն է, ինչ ասես Հայաստանի թիվ մեկ խնդիրը համասեռամոլներն են:
Տիգրան
Ֆեյսբուքով մեկնաբանություն թողած Eduard Aratta-ին: Աբեր արի հեքիաթներ մի մատմի էլի: Մի՞թե այս աղջիկը Լֆիկ Սամոյից ավելի շատ ապօրինություններ է անում կամ սպառնում ՀՀ ազգային անվտանգությանը: Քո սիրասուն ԱԱԾ-ն ավելի լավ է զբաղվի Լֆիկ Սամոյով ու նրա նմաններով, իսկ հետո վերջում կարելի է արդեն զբաղվել իտալուհիով: Իսկ դու որ ականատես լինեիր, թե ոնց է քո հարևանը իր կնոջը ծեծում երևի մի հատ փայտ էլ դու չէ՞ կվերցնեիր ու միանայիր ծեծին: Արատտա անունն էլ դրել ես, իբր թե հայրենասեր տղա եմ:
Տիգրան
Հոդվածը շատ տեղին էր և դիպուկ. ոստիկանության գովազդային տեսանյութերը որ նայես, կմտածես նման արդար ու պրոֆեսիոնալ կառույց չկա այլ տեղ, բայց տարրական բան է, որ եթե մեկը՝ այն էլ միայնակ ապրող օտարազգի երիտասարդ աղջիկ ահազանգում է վերևի հարկում տեղի ունեցող բռնությունների մասին ոստիկանություն, ապա այդ ոստիկանները եթե բռնությունը կանխելու ոչ մի քայլ չեն ձեռնարկում, ապա գոնե պետք է տեղեկատվության աղբյուրը չհայտնեին, սա տարրական եզություն է: Մի՞թե չգիտեին, որ իր կնոջը ծեծող քլունգը հետո գալու է ներքևի հարևանից հաշիվ պահանջի: Մի խոսքով քյալ մեռնում են էս ոստիկանները: Մեկ-մեկ գլխով մտածեք, ոչ թե ոռով:
Արեն
Հայ կանանց բռնությունը առկա հայ բազմաթիվ ընտանիքներում, ամոթ
Հայ մարդ
Դուք ճիշտ եք Ժաննա, հոդվածը շատ «պրովոկատիվ» է, հոդվածագրի հարցը պիտի դնել շրջկոմի նիստում...
Գրիգոր Երիցյան
Պետք է սովորենք ընդունել մեր նկատմամբ քննադատությունը ու դադարենք մտածել, թե Հայաստանը ինչ գույներով ու բառերով են ներկայացնում։ Պետք է կարողանանք ընդունել դառը ճշմարտությունը ու պայքարենք մեր հասարակությունում առկա բացասական երևույթների նկատմամբ։ Եթե լռենք, Հայաստանը ավելի լավ երկիր հաստատ չի դառնա։
Ժաննա Հակոբջանյան
Հոդվածը պրովոկատիվ է և անիմաստ: Հայաստանը ներկայացված է տգեղ գույներով՝ ներկայացնելով որպես բռի արևելք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter