HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի հանքարդյունաբերության աճը. որքան հարկ է վճարում այս ոլորտը

2015 թվականին Հայաստանի արդյունաբերությունը գրանցել է 5,2% աճ։ Սա ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալն է։  Երկրի տնտեսական վիճակի պատասխանատու պաշտոնյաների շուրթերից այս աճի մասին արդեն մի քանի անգամ լսել ենք։ Բայց պաշտոնական վիճակագրությանը հետևողները լավ գիտեն, որ այդ աճն ապահովվել է հանքարդյունաբերության ոլորտում գրանցված 50,4% աճի շնորհիվ, իսկ մշակող արդյունաբերությունում գրանցվել է 5,6% անկում։ Այսինքն՝ արդյունաբերության մի հատվածն աշխատել է մեծ թափով, իսկ մյուս հատվածը ոչ միայն չի պահպանել նախկին տեմպերն, այլև՝ ավելի է դանդաղել։ Հենց այս մասին տնտեսության պատասխանատուները նախընտրում են շատ չխոսել կամ ընդհանրապես լռել։ 

Հանքարդյունաբերության ցուցանիշները ներկայացնենք ավելի մանրամասն։ Նախորդ տարի, մասնավորապես, մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում գրանցվել է 51,5 % աճ, իսկ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերում՝ 5,7%:  Մետաղական հանքերի արդյունահանման ծավալը  կազմել է 216 մլրդ դրամ, իսկ վերը նշված երկրորդ ճյուղը՝ 5,147 մլրդ դրամ։ Կառանձնացնենք պղնձի խտանյութի ցուցանիշը, քանի որ այն Հայաստանի արտահանման մեջ մեծ ծավալ է զբաղեցնում. արտադրվել է 315,6 հազ. տոննա պղնձի խտանյութ՝ 2014-ի 192,3  հազ. տոննայի դիմաց։ Այստեղ մեծ դեր է ունեցել Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքը, որը մեկնարկել է 2014-ի դեկտեմբերից: Պղնձի արտահանմանը կանդրադառնանք առանձին հոդվածով։ 

Տնտեսագետները սկսել են մտահոգություն հայտնել և բարձրաձայնել այն մասին, որ հանքարդյունաբերության ոլորտում տնտեսական փուչիկ է գոյանում, ինչպես նախորդ տարիներին եղավ շինարարության ոլորտում, երբ գրանցված աճին հաջորդեց չկանխվող անկումը։ Մտահոգիչ այն, որ առաջիկա 2-3 տարիների համար համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գնաճ չի կանխատեսվում, իսկ նվազման դեպքում Հայաստանի կորուստները մեծ ու անդառնալի կլինեն։ Տնտեսության մյուս ճյուղերն էլ այնքան աճ չեն գրանցում, որ հույս ունենանք, թե կլրացնեն հանքարդյունաբերության առաջացրած բացը։ 

Հանքարդյունաբերության ընկերությունների դիրքը՝ խոշոր հարկատուների ցուցակում 

Հիմա փորձենք հասկանալ, թե հանքարդյունաբերության գրանցած աճի պայմաններում ինչ փոփոխությունների են ենթարկվել այս ոլորտում աշխատող ընկերությունների վճարած հարկերը։ ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրում է այդ տվյալները։ 

2015  թվականի Հայաստանի  1000 խոշոր հարկատուների առաջին 100-յակում հանդիպում ենք հանքարդյունաբերությամբ զբաղվող 6 ընկերությունների անուններ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Թեղուտ»,  «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Դանդի փրիշս մեթալս Կապան», «Պղնձամոլիբդենային Կոմբինատ», «Մաքուր երկաթի գործարան»։ 

Այսպիսով, 2015-ի հունվար-դեկտեմբերին հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններից ամենաշատ հարկերը վճարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ (ԶՊՄԿ, Քաջարանի կոմբինատ)։ Այս ընկերությունը Հայաստանի երկրորդ ամենախոշոր հարկատուն է, որը նախորդ տարի վճարել է  27,505 մլրդ դրամ։ 2014-ի համեմատ վճարել է 7,565 դրամով ավելի շատ հարկ ու խոշորների ցանկում բարձրացել երկու հորիզոնականով։ 

Հաջորդը «Թեղուտ» ՓԲԸ-ն  (Շահագործում է  Թեղուտի հանքավայրը):  Այն 21-րդ հորիզոնականում է։ Վճարել է 4,673 մլրդ դրամի հարկ՝ 1,427 մլրդ դրամով ավելին, քան 2014-ին։ 

Մյուս հարկատուն այս ոլորտում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն է: Այն պատկանում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբին: Շահագործում է  «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» և ունի երկրի ամենախոշոր՝ Սոթքի ոսկու հանքի մշակման իրավունքները: Այս անգամ  28-րդ տեղում է՝ 3,861 մլրդ դրամի հարկերով։ Հարկերի չափը նվազեցրել է 35 մլն դրամով։

Կապանի պղնձահանքերը շահագործող «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն էլ 36-րդ տեղում է։  2014-ի համեմատ վճարել է 1,842 մլրդ դրամով ավելի քիչ հարկ։ Արդյունքում 3,372 մլրդ դրամով 16-րդ տեղից  իջել է 36-րդ։ 

Հաջորդ խոշոր հարկատուն «Ագարակի պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ն է։  Այն 44-րդ տեղում է և վճարել է 2,935 մլրդ դրամի հարկ։ 2014-ին 3,193 մլրդ դրամով 40-րդ տեղում էր։ 

«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն այս անգամ 56-րդ տեղում է։ Վճարել է 2,18 մլրդ դրամի հարկ։ 2014-ին ևս այս ընկերությունը 56-րդում էր՝ 2,271 մլրդ դրամով։ 

Այս ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Արմենիան Քափըր Փրոգրամ» («ԷՅ-ՍԻ-ՓԻ») ՓԲԸ-ն է։ Չնայած այն  ներառված չէ առաջին 100 հարկատուների շարքում, սակայն 1000-ում տեղ է զբաղեցրել։ Այս ընկերությունը մոտ  988 մլն դրամով 166-րդ տեղում է։ Դատելով տվյալներից՝ 2015-ը «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ի համար այնքան էլ հաջող տարի չի եղել, որովհետև մեկ տարում պետությանը վճարած հարկերի չափը նվազեցրել է 1,6 մլրդ դրամով։ 2014-ին 49-րդ տեղում էր։ 

2015-ի ցուցակում վերը նշված ընկերությանն անմիջապես հաջորդում է «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ն՝ 177-րդ տեղում, 986 մլն դրամով։ Գրանցել է 80 մլն դրամի աճ։ 

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն այս անգամ 145-րդ տեղում է։ Վճարել է 804 մլն դրամ, 2014-ին՝ 860: 

«Գեոթիմ» ՓԲԸ-ն նախորդ տարի վճարել է 622 մլն դրամ և հայտնվել 188-րդ տեղում։ Հարկերի չափն ավելացրել է 377 մլն դրամով։

Իսկ հանքարդյունաբերության ոլորտում գործող մնացած ընկերությունների, ինչպիսիք են  «Սագամար» ՓԲԸ-ն է, «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն, «Քրոնիմետ Մայնինգ» ՍՊԸ-ն, «Քրոնիմետ մեթալ-թրեյդինգ Սի-Այ-Էս» ՍՊԸ-ն, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն և այլն, հարկերի չափը 2015-ին չեն գերազանցել 600 մլն դրամը։ Նրանք ևս հայտնվել են    1000 խոշոր հարկատուների ցանկում, բայց՝ ոչ բարձր հորիզոնականներում։ 

Մեկնաբանություններ (1)

Narek
Ձեր նշած ընկերություններից մի քանիսը դեռևս չեն սկսել հանքարդյունահանումը: Այսինքն այդքան հարկ վճարում են՝ դեռևս որևէ բան չարդյունահանելով, զուտ աշխատակազմ պահելով և դատելով դեռևս եկամուտ չունեցող ընկերության համար ահռելի հարկերից՝ պատշաճ հարկ վճարելով: Դա կարևոր է՝ հասկանալու համար, որ եթե դրանք արտարդեն, հարկային եկամուտները բոլորովին այլ կլինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter